Կուժ
Կուժ, կավից, պղնձից, հախճապակուց, երբեմն՝ փայտից պատրաստված երկար վզով, ուռուցիկ բերանով, ձվաձև փորով, երկարավուն անոթ։ Օգտագործվում է իբրև ջրաման, գինի, հյութ, թան և այլ ըմպելիք պահելու և մատուցելու համար։ Նախնական կժերը հայտնի են էնեոլիթյան-բրոնզեդարյան ժամանակաշրջանից։ Առավել շատ գործածվում է ուրարտական շրջանից (մեծ քանակությամբ կժերեր են հայտնաբերվել Կարմիր բլուրից և ուրարտական այլ հնավայրերից)։ Հայաստանի մի շարք շրջաններում (Սիսիան, Գորիս, Ղափան և այլն) այժմ էլ օգտագործում են գլանաձև իրանով պղնձե կուժեր, որոնք սովորաբար բարձում են գրաստներին։ Կուժերը երբեմն ծառայել է չափի միավոր։ Ժողովրդական պատկերացմամբ՝ երբ որևէ մեկի ետևից կուժ են կոտրում, նշանակում է ցանկանում են, որ նա այլևս չվերադառնա։ Կուժի փոքր տեսակը կոչվում է կուլա կամ գավ։
Ընթերցե՛ք «կուժ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 714)։ |