Կուսակրոնություն
Կուսակրոնություն, կուսական առաքինությունը կրող կրոնավորների՝ կուսակրոնների ամբողջությունը: Որոշ կրոններում հանդիսանում է հոգևորականների պարտադիր կարգավիճակ, որի համաձայն անձը ձեռնադրվել կամ երդվել է ճգնավորական, կուսական կյանք վարել և պահպանել ամուրիություն։
Ենթակատեգորիա | • վիճակ • condition • Կուսակրոնություն | |
---|---|---|
Ով է կիրառում | Նվիրապետություն |
Կուսակրոնությունը վերաբերում է միայն նրանց, ում համար ամուրիությունը սրբանվեր երդման, ճգնավորության կամ կրոնական համոզմունքների արդյունք է, կամ՝ պահանջվում է հոգևորական կանոնադրությամբ, և, որպես այդպիսին, գոյություն է ունեցել այս կամ այն ձևով մարդկության կրոնական պատմության ամբողջ ընթացքում և աշխարհի գրեթե բոլոր խոշոր դավանանքներում։
Պատմություն
խմբագրելԿուսակրոնությունը գոյություն է ունեցել նաև նախաքրիստոնեական շրջանում, սակայն առավել տարածվել է քրիստոնեության մեջ: Առաքելական շրջանում կուսակրոնության համար հատուկ կարգադրություն և օրենք չի եղել. առաքյալների, նաև եկեղեցու սպասավորների, ավետարանչական և քարոզչական աշխատանքներին լծվածների մեջ կային և՛ ամուսնացյալներ, և՛ ամուրիներ: Հետագայում Կուսակրոնությունը մենակեցության, անապատականության և ճգնական կյանքի հիմքի վրա զարգացել է, ստեղծվել են վանքեր, առաջացել միաբանություններ, և կուսակրոնությունը պարտադիր է դարձել վանականների համար: Վանքերում բնակություն հաստատած կուսակրոնները տրվել են առանձնության, աղոթքի, սուրբ Գրքի ընթերցանության, պահքի և հոգևոր խորհրդածությունների՝ Աստծուն և հավատին նվիրվածության, զգաստության և ժուժկալության օրինակ դառնալով եկեղեցու մյուս անդամների համար:
Կուսակրոնությունը մեծ տարածում է գտել և պարտադիր դարձել հատկապես կաթոլիկ եկեղեցում, որտեղ բոլոր հոգևորականները կուսակրոններ են: Կուսակրոնությունը պարտադիր չէ Անգլիկան եկեղեցում, եպիսկոպոսներն անգամ ազատ են կուսակրոնության և ամուսնանալու հարցում: Բողոքականությունը մերժում է կուսակրոնությունը:
Կուսակրոնությունը հայ եկեղեցում
խմբագրելՀայ եկեղեցում կուսակրոնությունը մուտք է գործել տիրող սովորության համաձայն և հաստատվել ավանդությամբ: Գրիգոր Ա Լուսավորչից մինչև Սահակ Ա Պարթևը հայոց կաթողիկոսներն ամուսնացած են եղել, սակայն կաթողիկոս ձեռնադրվելուց հետո դարձել են կուսակրոն: 5-րդ դարից սկսած հայ եկեղեցում վարչական և քարոզչական իշխանությունը վերապահվել է բացառապես կուսակրոններին, և բարձրաստիճան հոգևորականությունը (կաթողիկոս, եպիսկոպոս, վարդապետ) ընտրվում է կուսակրոն քահանաներից: Նրանք ստանձնում են նաև եկեղեցական պատասխանատու պաշտոններ: Կուսակրոն են ոչ միայն վանականները, այլև Մայր աթոռի միաբանները:
Հայ եկեղեցում գոյություն ունի ամուսնացյալ և կուսակրոն սարկավագություն և քահանայություն: Կուսակրոնությունը նվիրապետության մեջ առանձին կարգ չէ, այլ սարկավագության և քահանայության դասերից մեկը, քանի որ մեկ է սարկավագական ձեռնադրությունը և մեկ է քահանայական ձեռնադրությունն ու օծումը: Ձեռնադրվելուց հետո քահանան, եթե ամուրի է, ընդունում է կուսակրոնություն, կոչվում աբեղա, որին մասնավոր արարողությամբ, ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարվելու, տրվում է վեղար: Ամուսնացյալ եկեղեցականները քահանայությունից բարձր կարգ չեն կարող ընդունել:
Հնում վանականների և անապատականների մեջ եղել են քահանայական ձեռնադրություն և օծում չունեցող կուսակրոն աշխարհականներ, որոնց ևս տրվել է վեղար: Ներսես Շնորհալին իր «Թուղթ ընդհանրական» աշխատությունում կուսակրոններին արգելել է դուրս գալ վանքերից և հաստատվել քաղաքներում ու գյուղերում: Հետագայում կուսակրոնները թեմերում զբաղեցրել են պաշտոններ, շփվել ժողովրդի հետ, զբաղվել քարոզչությամբ:
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |