Կռունկ (երգ)

ուշ միջնադարի անհայտ հայ հեղինակի ստեղծած երգ

«Կռունկ», ուշ միջնադարի անհայտ հայ հեղինակի ստեղծած երգերը։

«Կռունկ (երգ)»
ի երգը

Պատմություն

խմբագրել

«Կռունկ»-ը ժողովրդականացել է, դարձել հայրենիքի կարոտի, պանդխտության և հայրենասիրության խորհրդանիշ։ «Կռունկ»-ը քնարական և քնարադրամատիկական տաղ է։ Բանաստեղծական բարձր արվեստով հորինված խոսքերը պահպանվել են XVII դ. ձեռագիր տաղարաններում։ Ազատ իմպրովիզացիոն շարադրանքով հավաք ձևում հոսող մեղեդին, որ ներկայացնում է հայ միջնադարյան աշխարհիկ տաղերի ժանրը (հավանաբար ծագում է Ակնա երգարվեստից), բազմաթիվ տարբերակներով գրառված է ժողովրդական կատարումից։ Բազմիցս մշակվել է ձայնի և դաշնամուրի (առաջիններից է Ն. Կլենովսկու մշակումը, կատարվել է Մոսկվայի I ազգագրական համերգում, 1893 թ.-ին, առավել տարածվածը և գեղարվեստականը Կոմիտասի մշակումն է, XIX դ. վերջ), երգչախմբի, ջութակի, թավջութակի համար։ Օգտագործվում է հայ հեղինակների սիմֆոնիկ երկերում և կինոերաժշտության մեջ։ «Կռունկ»-ի կատարումը հաճախ գնահատվում է որպես հայ երգի կատարողական վարպետության չափանիշ։ «Կռունկ»-ը թարգմանվել է եվրոպական լեզուներով, մեղեդին, որպես ժողովրդական արվեստի կատարյալ նմուշ, համաշխարհային ճանաչում է վայելում։

 
Երգի հրատարակությունը

Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՛ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՛խ կանեմ, կը քաղվի հոգիս,
Կռո՛ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացի՛ր։

Հիշատակություններ

խմբագրել

«Կռունկ» տաղին են անդրադարձել մի շարք բանաստեղծներ և երաժշտագետներ՝ Կոմիտասը, Քրիստափոր Քուշնարյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Ռոբերտ Աթայանը, Նիկողոս Թահմիզյանը, Շուշանիկ Նազարյանը և ուրիշներ։ 1977 թվականին Շուշանիկ Նազարյանը գրել է ««Կռունկ» երգը և նրա պատմությունը» աշխատությունը։ Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյանի կազմած «Ցուցակ հայերեն ձեռագրաց Հալեպի» առաջին հատորում (Երուսաղեմ, 1935, էջ 334) պահպանվում է «Կռունկ»-ի ամենահին ձեռագիրը՝ գրված 1679 թվականին։ 1847 թվականին Վենետիկում հրապարակվող «Բազմավեպում» լույս է տեսել «Կռունկ» տաղը՝ որպես տպագրված առաջին անտունի։ Առաջին ձայնագրությունը մշակել է երաժշտագետ Գրիգոր Գալաֆյանը և հայերեն-ֆրանսերեն տարբերակը տեղադրել է «Կռունկ» երկլեզվյա ամսագրի մեջ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լուսինե, Հարությունյան (https://yerazhshtakanhayastan.am/index.php/ma/issue/view/11/8). ««Կռունկ» տաղի հետքերով». Երաժշտական Հայաստան. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 668