Հաճախասրտություն
Հաճախասրտություն (այլ կերպ՝ տախիառիթմիա), սրտի ռիթմի խանգարում է, որի դեպքում սրտի կծկումների հաճախականությունը գերազանցում է ընդունված նորման։ Չափահասների մոտ սրտի կծկումների հաճախականության (ՍԿՀ) գերազանցումը 100 զ/ր համարվում է հաճախասրտություն[1]։ Նորմայից բարձր սրտի կծկումների հաճախականությունը կարող է համարվել նորմալ (օրինակ՝ ֆիզիկական ակտիվության ժամանակ) կամ ոչ նորմալ (օրինակ՝ սրտի էլեկտրական խանգարումների ժամանակ)։
Հաճախասրտություն | |
---|---|
Տեսակ | բժշկական եզրակացություն և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
Tachycardias Վիքիպահեստում |
Պատճառներ
խմբագրելՀաճախասրտության պատճառներից են․
- Ադրեներգիկ փոթորիկ
- Ալկոհոլ
- Ամֆետամին
- Սակավարյունություն
- Հակաառիթմիկ դեղամիջոցներ
- Տագնապ
- Նախասրտերի շողացում
- Նախասրտերի թրթռում
- AV հանգուցային ռեենտրանտ հաճախասրտություն
- Բրուգադա համախտանիշ
- Կոֆեին
- Կանեփ
- Շոկի սկզբնական փուլ
- Կոկաին
- Աուտոնոմ դիսֆունկցիա
- Աբստինենտային համախտանիշ
- Ֆիզիկական աշխատանք
- Վախ
- Տենդ
- Հիպոգլիկեմիա
- Հիպովոլեմիա (շրջանառող արյան ծավալի նվազում)
- Հիպերթիրեոզ
- Հիպերվենտիլյացիա
- Ինֆեկցիա
- Հանգուցային հաճախասրտություն
- Մեթամֆետամին,
- Մեթիլֆենիդատ
- Բազմաօջախային նախասրտային հաճախասրտություն
- Նիկոտին
- Արհեստական ռիթմավարով միջնորդավորված
- Ցավ
- Ֆեոքրոմացիտոմա
- Սինուսային հաճախասրտություն
- Վերփորոքային հաճախասրտություն
- Եռցիկլիկ հակադեպրեսանտներ
- Փորոքային հաճախասրտություն
- Վոլֆ-Պարկինսոն-Վայթ համախտանիշ
Ախտորոշում
խմբագրելՄարդու սրտի կծկումների հաճախության նորմայի վերին սահմանը կախված է տարիքից։ Տարբեր տարիքային խմբերի համար սահմանված են հետևյալ սահմանները[2]․
- 1-2 օրական․ հաճախասրտություն > 159 զ/ր
- 3-6 օրական․ հաճախասրտություն >166 զ/ր
- 1-3 շաբաթական․ հաճախասրտություն > 182 զ/ր
- 1-2 ամսական․ հաճախասրտություն > 179 զ/ր
- 3-5 ամսական․ հաճախասրտություն > 186 զ/ր
- 6-11 ամսական․ հաճախասրտություն > 169 զ/ր
- 1-2 տարեկան․ հաճախասրտություն > 151 զ/ր
- 3-4 տարեկան․ հաճախասրտություն > 137 զ/ր
- 5-7 տարեկան․ հաճախասրտություն >133 զ/ր
- 8-11 տարեկան․ հաճախասրտություն >130 զ/ր
- 12-15 տարեկան․ հաճախասրտություն >119 զ/ր
- >15 տարեկան-մեծահասակ․ հաճախասրտություն > 100 զ/ր
Սրտի կծկումների հաճախականությունը դիտարկվում ըստ կլինիկական վիճակի, օրինակ՝ սեպսիսի դեպքում հաճախասրտություն է համարվում ՍԿՀ >90 զ/ր։ Սրտամկանի արագ կծկման դեպքում, կծկումները քիչ էֆեկտիվ են լինում և քիչ արյուն է հասնում տարբեր օրգաններ և հյուսվածքներ, այդ թվում և սրտամկանին։ Սրտի կծկումների հաճախացումը հանգեցնում է սրտամկանի կողմից թթվածնի պահանջի մեծացման, որը կարող է բերել ռիթմ կախյալ իշեմիայի[3]։
Հարաբերական հաճախասրտության դեպքում սրտի կծկումների հաճախականությունը ավելին է, քան բնորոշ է տվյալ հիվանդությանը։
Տարբերակիչ ախտորոշում
խմբագրելՀաճախասրտության տեսակը որոշելու համար կիրառվում է էլեկտրասրտագրություն։ QRS կոմպլեքսի լայնությամբ պայմանավորված տարբերում ենք նեղ կոմպլեքսային և լայն կոմպլեքսային հաճախասրտություն[4]։ Ստորև հաճախասրտությունները դասակարգված են ըստ հանդիպման հաճախականության[4]․
- Նեղ կոմպլեքսային հաճախասրտություն
- Սինուսային հաճախասրտություն, որը ծագում է սինոատրիալ հանգույցից՝ վերին սիներակի հիմքի մոտ
- Նախասրտերի շողացում
- Նախասրտերի թրթռում
- AV հանգուցային ռեենտրանտ հաճախասրտություն
- Հավելյալ ուղով պայմանավորված հաճախասրտություն
- Նախասրտային հաճախասրտություն
- Բազմաօջախային նախասրտային հաճախասրտություն
- Հանգուցային հաճախասրտություն
- Լայն կոմպլեքսայիին հաճախասրտություն
- Փորոքային հաճախասրտություն (ցանկացած հաճախասրտություն, որը ծագում է փորոքներից)
- Ցանկացած նեղ կոմպլեքսային հաճախասրտություն, որը զուգակցված է սրտի հաղորդչական համակարգի խանգարումների հետ, հաճախ անվանում են «վերփորոքային հաճախասրտություն աբերացիայով»
- Նեղ կոմպլեքսային հաճախասրտություն հավելյալ անցուղով (օրինակ՝ Վոլֆ-Պարկինսոն-Վայթ համախտանիշ)
- Արհեստական ռիթմավարով պայմանավորված հաճախասրտություն
Հաճախասրտությունները դասակարգվում են ըստ էլեկտրասրտագրի վրա QRS կոմպլեքսի լայնության՝ նեղ կոմպլեքսայինի (վերփորոքային հաճախասրտություն) կամ լայն կոմպլեքսայինի։ Նեղ կոմպլեքսային հաճախասրտությունները որպես կանոն ծագում են նախասրտերից, մինչդեռ լայն կոմպլեքսայինները՝ փորոքներից։ Հաճախասրտությունները կարող են դասակարգվել նաև որպես կանոնավոր կամ անկանոն։
Սինուսային հաճախասրտություն
խմբագրելՄարդու օրգանիզմն ունի մի շարք մեխանիզմներ ադեկվատ արյան հոսք և զարկերակային ճնշում ապահովելու համար։ Զարկերակային ճնշման անկման դեպքում դիտվում է սրտի կծկումների հաճախացում՝ ճնշման բարձրացման նպատակով։ Այս երևույթը կոչվում է ռեֆլեկտոր հաճախասրտություն։ Այն կարող է դիտվել ի պատասխան շրջանառող արյան ծավալի նվազման (ջրազրկմամբ կամ արյունահոսությամբ պայմանավորված) կամ արյունահոսքի կտրուկ փոփոխության դեպքում։ Վերջինիս ամենահաճախ հանդիպող պատճառը օրթոստատիկ հիպոտենզիան է (այլ կերպ կոչվում է նաև պոստուրալ հիպոտենզիա)։ Տենդը, հիպերվենտիլյացիան, դիարեան (փորլուծությունը) և ծանր ինֆեկցիաները նույնպես կարող են հաճախասրտության պատճառ հանդիսանալ, հիմնականում մետաբոլիկ պահանջների բարձրացման պատճառով։
Սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումը հանգեցնում է սրտի կծկումների հաճախացման, պայմանավորված ինչպես սիմպաթիկ նյարդաթելերի անմիջական ազդեցությամբ սրտամկանի վրա, այնպես էլ էնդոկրին համակարգի հորմոններով միջնորդավորված, ինչպիսին է ադրենալինը, որն ունի նույն ազդեցությունը։ Սիմպաթիկ համակարգի ակտիվացումը սովորաբար պայմանավորված է լինում ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսով։ Սա համարվում է այսպես կոչված «կռվիր կամ փախիր» պատասխանի հիմքը։ Սիմպաթիկ նյարդային համակարգը կարող է խթանվել նաև էֆեդրինով, ամֆետամինով կամ կոկաինով։ Որոշ էնդոկրին խանգարումների դեպքում ինչպիսին է օրինակ ֆեոքրոմացիտոման, դիտվում է ադրենալինի գերարտազատում, որը կարող է հանգեցնել հաճախասրտության՝ անկախ նյարդային համակարգի խթանումից։ Հիպերթիրեոզը նույնպես կարող է հաճախասրտության պատճառ հանդիսանալ[5]։ Սինուսային հաճախասրտության վերին սահման է համարվում 220 զ/ր-ից հանած հիվանդի տարիքը։
Փորոքային հաճախասրտություն
խմբագրելՓորոքային հաճախասրտությունը փորոքներից ծագող և կյանքին պոտենցիալ վտանգ ներկայացնող հաճախասրտություն։ Այն սովորաբար կանոնավոր, լայն կոմպլեքսային հաճախասրտություն է, որի դեպքում սրտի կծկումների հաճախությունը կազմում է 120-250 զ/ր։ Փորոքային հաճախասրտության կլինիկորեն կարևոր ենթատիպ է համարվում Torsades de Pointes հաճախասրտությունը, որը կարող է առաջանալ երկար QT համախտանիշի դեպքում։ Այս առիթմիաները սովորաբար տևում են վայրկյաններ կամ րոպեներ, (պարոքսիզմալ հաճախասրտություն), ավելի երկար տևող փորոքային հաճախասրտությունը խիստ վտանգավոր է և կարող է հանգեցնել փորոքների ֆիբրիլյացիայի։
Վերփորոքային հաճախասրտություն
խմբագրելՀաճախասրտության այս տեսակը ծագում է փորոքներից վեր, օրինակ՝ նախասրտերից։ Երբեմն այն անվանում են պարոքսիզմալ նախասրտային հաճախասրտություն։ Գոյություն ունեն վերփորոքային հաճախասրտության մի քանի ձևեր։
Նախասրտերի շողացում
խմբագրելՆախասրտերի շողացումը ամենահաճախ հանդիպող առիթմիաներից է։ Այն անկանոն, նեղ կոմպլեքսային ռիթմ է։ Եթե միաժամանակ առկա է Հիսի խրձի ոտիկի պաշարում, էլեկտրաստրտագրի վրա կարող ենք տեսնել լայն կոմպլեքսային առիթմիա։ Աշմանի ֆենոմենի դեպքում նույնպես կարող ենք ունենալ լայն կոմպլեքսներ։ Ռիթմի կանոնավորության որոշելը կարող է դժվար լինել, եթե սրտի կծկումների հաճախությունը(ՍԿՀ) գերազանցում է 150 զ/ր։ Կախված հիվանդի վիճակից, ինչպես նաև նրա կողմից ռիթմի հսկողության համար կիրառվող դեղորայքից, ՆՇ դեպքում ՍԿՀ-ն կարող է լինել 50-250 զ/ր (հավելյալ ուղու դեպքում նույնիսկ ավելի շատ)։ Այնուամենայնիվ, նոր սկսվող նախասրտերի շողացմանը բնորոշ է 100-250 զ/ր ՍԿՀ։
AV հանգուցային ռեենտրանտ հաճախասրտություն
խմբագրելAV հանգուցային ռեենտրանտ հաճախասրտությունը ամենահաճախ հանդիպող ռեենտրանտ հաճախասրտությունն է։ Այն կանոնավոր, նեղ կոմպլեքսային հաճախասրտություն է, որը լավ է պատասխանում Վալսալվայի փորձին կամ ադենոզինի կիրառմանը։ Երբեմն անկայուն հիվանդների դեպքում կիրառվում է սինխրոնիզացված կարդիովերսիա։ Վերջնական բուժումը ենթադրում է կաթետերային աբլացիա։
AV ռեէնտրանտ հաճախասրտություն
խմբագրելAV ռեենտրանտ հաճախասրտության առաջացման համար անհրաժեշտ է հավելյալ ուղի։ AV ռեենտրանտ հաճախասրտության դեպքում հաղորդումը կարող է լինել ինչպես օրթոդրոմ (երբ իմպուլսը հաղորդվում է փորոքներին AV հանգույցով, իսկ հետո վերադառնում է նախասրտեր հավելյալ ուղիով), այնպես էլ անտիդրոմ (երբ իմպուլսը իջնում է հավելյալ ուղիով, իսկ վերադառնում է նախասիրտ AV հանգույցի միջոցով)։ Օրթոդրոմ հաղորդման դեպքում դիտվում է նեղ կոմպլեքսային հաճախասրտություն, իսկ անտիդրոմի դեպքում՝ լայն կոմպլեքսային, որը նմանվում է փորոքային հաճախասրտությանը։ AV ռեենտրանտ հաճախասրտության բուժման մեջ հակաառիթմիկ դեղամիջոցների մեծ մասը հակացուցված են, քանի որ կարող են պարադոքսալ կերպով բարձրացնել հավելյալ ուղիով հաղորդականությունը։
Հանգուցային հաճախասրտություն
խմբագրելՀաճախասրտությունը ծագում է AV հանգույցից։ Այն նեղ կոմպլեքսային, կանոնավոր հաճախասրտություն է, կարող է լինել դիգիտալիսային թունավորման նշան։
Բուժում
խմբագրելՀաճախասրտության բուժումը կախված է նրա տեսակից (նեղ կամ լայն կոմպլեքսային), հիվանդի վիճակից՝ հեմոդինամիկորեն կայուն է թե ոչ, և արդյո՞ք անկայունությունը պայմանավորվաված է հաճախասրտությամբ։ Անկայուն ասելով նկատի է առնվում կենսական կարևոր օրգանների վնասման կամ սրտի կանգի վտանգի առկայությունը[4]։
Անկայուն հեմոդինամիկա
Անկայուն հեմոդինամիկայով և նեղ կոմպլեքսային հաճախասրտությամբ հիվանդների դեպքում կարելի է կիրառել ներերակային ադենոզին[4]։ Մյուս բոլոր դեպքերում անմիջապես ցուցված է կարդիովերսիա[4]։
Տերմինաբանություն
խմբագրելՏախիկարդիա բառը ծագում է լատիներենից և կազմված է tachy (արագ) + cardia (սիրտ) բառերից։ Բժշկական գրականության մեջ սովորաբար տախիկարդիա (հաճախասրտություն) և տախիառիթմիա տերմինները փոխարինում են միմյանց։ Որոշ հեղինակներ փորձել են գտնել տրամաբանական տարբերակում այս տերմինների միջև, որն արտացոլվել է մի շարք կարևոր բժշկական[6][7][8] և ընդհանուր բառարաններում[9][10][11]։ Տարբերությունն այն է, որ տախիկարդիան (հաճախասրտությունը) արտացոլում է սրտի ռիթմի հաճախացումը անկախ պատճառից, այսինքն թե′ ֆիզիոլոգիականը, թե′ պաթոլոգիկը (այսինքն, տարբերակումը ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ սրտի պատասխանի և սրտային առիթմիայի միջև), մինչդեռ տախիառիթմիան արտացոլում է միայն սրտի կծկումների պաթոլոգիկ հաճախացումը։ Ահա թե ինչու նշված բառարաններց 5-ը այս երկու բառերի միջև չեն տալիս խաչաձև հղումներ։ Բայց այս հասկացությունների նման տարբերակումը հավանաբար երբեք չի կիրառվի հաջողությամբ, քանի որ բժշկական տերմինաբանության մեջ տախիկարդիան գերադասելի, ընդհանրական և ավելի գործածելի հասկացություն է։ Այսպիսով, SVT-ն (վերփորոքային հաճախասրտություն) 2 անգամ ավելի հաճախ անվանվում է վերփորոքային տախիկարդիա, քան վերփորոքային տախիառիթմիա, ավելին՝ այս երկու տերմինները կիրառվում են որպես հոմանիշներ՝ առանց ընդգծելու առիթմիայի ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիկ լինելը։ Նույնը վերաբերվում է նաև AVRT և AVNRT-ին։ Թեև ներկայումս այս բառերի իմաստային տարբերակման վրա շեշտ դրված չէ, այնուամենայնիվ, հաճախասրտության ֆիզիոլոգիական բնույթը շեշտելու դեպքում տախիկարդիա արտահայտությունը պատշաճ կերպով փոխանցում է այն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Awtry, Eric H.; Jeon, Cathy; Ware, Molly G. (2006). Blueprints cardiology (2nd ed.). Malden, Mass.: Blackwell. էջ 93. ISBN 9781405104647.
- ↑ Custer JW, Rau RE, eds. Johns Hopkins: The Harriet Lane Handbook. 18th ed. Philadelphia, PA: Mosby Elsevier Inc; 2008. Data also available through eMedicine: Pediatrics, Tachycardia.
- ↑ Harrison's Principles of Internal Medicine, 17th Edition
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Neumar RW, Otto CW, Link MS, և այլք: (2010 թ․ նոյեմբեր). «Part 8: adult advanced cardiovascular life support: 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 122 (18 Suppl 3): S729–67. doi:10.1161/CIRCULATIONAHA.110.970988. PMID 20956224.
- ↑ Barker RL, Burton JR, Zieve, PD eds. Principles of Ambulatory Medicine. Sixth Edition. Philadelphia, PA: Lippinocott, Wilkins & Williams 2003
- ↑ Elsevier, Dorland's Illustrated Medical Dictionary, Elsevier, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին, Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Merriam-Webster, Merriam-Webster's Medical Dictionary, Merriam-Webster.
- ↑ Wolters Kluwer, Stedman's Medical Dictionary, Wolters Kluwer.
- ↑ Houghton Mifflin Harcourt, The American Heritage Dictionary of the English Language, Houghton Mifflin Harcourt.
- ↑ Merriam-Webster, Merriam-Webster's Collegiate Dictionary, Merriam-Webster, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Merriam-Webster, Merriam-Webster's Unabridged Dictionary, Merriam-Webster, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին, Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.