Հովսեփ Արղության (իշխան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովսեփ Արղության (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովսեփ Արղության (1863, Սանահին, Երևանի նահանգ - 1925, Փարիզ), հայ ազգային ազատագրական շարժման առաջամարտիկ, ռազմական և պետական գործիչ, Դաշնակցության հիմնադիրներից։ Հայտնի է նաև Իշխան կամ Խանասորի Իշխան մականուններով։ Արղության իշխանական տոհմից[1]։
Հովսեփ Արղության | |
---|---|
Ծնվել է | 1863 |
Ծննդավայր | Սանահին, Երևանի նահանգ |
Մահացել է | 1925 |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | դիվանագետ, ֆիդայի և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Hovsep Arghutyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1863 թվականին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ։ 1890 թվականին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև։
Աքսորից վերադառնալով՝ անցել է Թավրիզ, որտեղ հսկել ու կարգավորել է ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արևմտյան Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան։ 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ եղել է հրամանատարի` Խանասորա Վարդանի օգնականը։ Դրանից հետո Իրանյան իշխանությունները ձերբակալել են նրան, ու որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը։ Բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա որտեղ մնացել է մինչև 1903։
1905-1906 թվականներին, կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը թաթար ջարդարարների դեմ։
1916-1917 թվականներին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմաճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար։
1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո եղել է Վիրահայոց ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Իրանում՝ 1919-1920 թվականներին։
Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։
Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանն անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից.[2]
"Կոտուրից դէպի Վան անցնել շտապով
Աջից Վարդանը,
Ձախից Իշխանը..."
Հետաքրքրաշարժ փաստեր
խմբագրել18-19 դարերում հայ ազգային-ազատագրական պայքարն ուղեկցվել է նոր խորհրդանիշների և բազմազան դրոշների ու զինանշանների մշակմամբ։ Հովսեփ Արղությանը հայկական պետականության վերականգնմանն ուղղված ջանքերին զուգընթաց աշխատել է նաև ապագա հայկական թագավորության պետական խորհրդանիշների մշակման ուղղությամբ։
Հովսեփ Արղությանն առաջարկել է Հայաստանի զինանշանի մի տարբերակ, որում պատկերված էր հայկական ազգային և հոգևոր մի շարք խորհրդանշաններ` Անձեռակերտ Փրկչի, Արշակունիների խորրդանիշ արծվի, գառան ու խաչվառի, Արարատ լեռան ու Նույան տապանի, ինչպես նաև առյուծի ու վիշապի պատկերներով[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Հովսեփ Արղությանը նախքան 1925 թվականը
-
Հովսեփ Արղությանը 1910-ական թվականներին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Յովսէփ Արղութեան (Իշխան, 1863-1925). Հայ յեղափոխական շարժման ասպետական շունչն ու կամքը մարմնաւորած Խանասորի Իշխանին ծննդեան 150ամեակին առիթով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Խանասորի Իշխանը (Յովսէփ Արղութեան, 1863-1925)(չաշխատող հղում)
- ↑ Հայկ Դեմոյան Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան 2012, էջ 220
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հովսեփ Արղության (իշխան) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 86)։ |