Հրանտ Դինք հիմնադրամ
Հրանտ Դինք հիմնադրամ (արմտ. հայ.՝ Հրանդ Տինք հիմնարկ, թուրքերեն՝ Hrant Dink Vakfı, անգլ.՝ Hrant Dink Foundation), Թուրքիայում գրանցված ու գործող հիմնադրամ, որի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում։
Հրանտ Դինք հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | հիմնադրամ |
Երկիր | Թուրքիա |
Հիմնադրված | 2007 թվականին |
Գլխադասային գրասենյակ | Ստամբուլ, Թուրքիա |
Պաշտ. լեզու(ներ) | արևմտահայերեն, արևելահայերեն, թուրքերեն, անգլերեն |
Ղեկավար | Ռաքել Դինք |
Կայք | hrantdink.org/hy/ |
Պատմություն
խմբագրելՀիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին՝ «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր, հայտնի թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ընտանիքն ու բարեկամները որոշում են սպանված մտավորականի առաքելության ու գաղափարների մարմնավորման ու դրանց իրականացման համար գործել որևէ կառույցի միջոցով։
Ինչպես նշված է կազմակերպության պաշտոնակայքում, կառույցը հիմնադրվել է, «որպեսզի կյանքի կոչի Հրանտի երազանքները, պայքարը, լեզուն ու սիրտը»[1]։
Կազմակերպության հատուկ նպատակներն են խտրականության դեմ պայքարը, հայ ու թուրք ժողովուրդների միջև նախապաշարմունքների վերացումը, Թուրքիա-Հայաստան բնականոն հարաբերությունների հաստատմանը նպաստելը, Թուրքիայի բազմազգ ու բազմաշերտ հասարակությունում երկխոսության և խաղաղության լեզու հաստատելը, տարբեր ինքնությունների մերձեցումը, մշակութային ժառանգությունների պաշտպանությունը, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների զարգացմանը նպաստելը։
Գրասենյակը
խմբագրելԻ սկզբանե Հիմնադրամի գրասենյակը տեղակայվում է Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյ թաղամասի Հալասկարգազի պողոտայում գտնվող «Սեբատ» շենքում՝ «Ակոսի» խմբագրության հարևանությամբ։ 2015 թվականին Հիմնադրամի գրասենյակն ու «Ակոսի» խմբագրությունը «Սեբատ» շենքից տեղափոխվում են նոր տարածք՝ Ստամբուլի Շիշլի շրջանի Հարբիյե թաղամասի Ռոնքալի Պապ փողոց 128 հասցեում գտնվող «Անարատ Հղիության» շենք։ 2019 թվականի ապրիլի 23-ին Հիմնադրամը նախկին տարածքում գործարկում է «Հրանտ Դինք 23,5 հուշավայրը»[2]։
Գործունեությունը
խմբագրելՈրպես իր գործունեության հիմք՝ Հիմնադրամը հռչակել է երկխոսության մշակույթի, ապրումակցման ու խաղաղության զարգացումը՝ կիզակետում պահելով հետևյալ ոլորտները․
- աշխատել երեխաների ու երիտասարդների հավասար հնարավորությունների ուղղությամբ, սատարել նրանց ստեղծարարությունը,
- ապահովել, որ մշակութային բազմազանությունը ճանաչվի իբրև հարստություն, իսկ տարբերությունները՝ իբրև իրավունք,
- զարգացնել մշակութային հարաբերություններ Թուրքիայի, Հայաստանի ու Եվրոպայի ժողովուրդների միջև,
- աջակել Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին,
- սատարել ազգայնականությունից ու ռասիզմից զերծ պատմագրության ստեղծմանը,
- կազմել Հրանտ Դինքի հոդվածների, լուսանկարների ու փաստաթղթերի ժողովածուներ։
Սրանց շրջանակում Հիմնադրամը վարում է հրատարակչական գործունեություն[3], ստեղծել է արխիվներ[4][5], կազմակերպում է ամառային դպրոցներ, արևմտահայերենի դասընթացներ[6], կազմակերպում է ֆիլմերի, երաժշտական, տեսողական արվեստների, պարի ու գրականության փառատոներ, քննարկումներ[7], իրականացնում է պատմական ուսումնասիրություններ[8]։
Գրադարան
խմբագրելՄասնավոր արխիվներից և հավաքածուներից ամբողջացրած նյութերով Հիմնադրամը բացել է հայագիտության ու Թուրքիայի փոքրամասնություններին առնչվող թեմաներով գրադարան՝ բաղկացած 6 000 գրքից, տարատեսակ DVD-ներից, քարտեզներից ու պարբերական հրատարակություններից[5][9]։
«Հայաստան-Թուրքիա ծրագիր»
խմբագրելԿազմակերպությունն իրականացնում է «Հայաստան-Թուրքիա ծրագիր», որի ներքո գործում են «Հայաստան-Թուրքիա փորձագետների երկխոսության խումբ», «Ճանապարհորդական դրամաշնորհ», «Փորձի փոխանակման նախագիծ», «Երկխոսության ծրագրեր», «Թուրքիա-Հայաստան սահմանի սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտություն» նախագծերը[10]։
Գիտական գործունեություն
խմբագրելՀիմնադրամը կազմակերպել է մի քանի ակադեմիական կոնֆերանսներ, այդ թվում՝ 2015 թվականի «Քանդված քաղաքակրթություն. ոչ մուսուլմանների հարստությունը ուշ օսմանյան ժամանակաշրջանում և վաղ հանրապետական դարաշրջանում» համաժողովը Բողազիչի համալսարանի, Ստամբուլի Բիլգի համալսարանի և Սաբանջի համալսարանի հետ համագործակցությամբ։
Կազմակերպությունը նաև խթանել է ցեղասպանության ժամանակ փրկարարական գործողությունների հետազոտություն իր Պատմության և հիշողության հետազոտական հիմնադրամի միջոցով[11]։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում է նաև բանավոր պատմության հետազոտությունը, որը ներառում է «Լռության հնչյուններ» գրքերի շարքի հրատարակումը, որտեղ մանրամասն ներկայացված են Թուրքիայի տարբեր մասերից եկած հայերի բանավոր պատմությունները[12]։ Կազմակերպությունը նաև հովանավորել է հանրապետական ժամանակաշրջանում հայկական հիմնադրամների գրավման պատմական ուսումնասիրությունը[13]։
2019 թվականի հոկտեմբերին թուրքական դատարանն արգելել է կազմակերպության «Կայսերիի և տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական պատմությունը» խորագրով համաժողովը՝ ոչ մի պատճառ չներկայացնելով[14]։
Հիմնադրամը հավաքում, դասակարգում, թարգմանում ու հրատարակում է նաև Հրանտ Դինքի հոդվածները, իրեն վերաբերող գրավոր, տեսողական և այլ նյութերը, գիրքերը։
Լրագրողական միջազգային մրցանակաբաշխություն
խմբագրելՀիմնադրամն ամեն տարի, Հրանտ Դինքի տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 15-ին շնորհում է «Հրանտ Դինք» միջազգային մրցանակը։
Մրցանակներ
խմբագրել2017 թվականին Հրանտ Դինք հիմնադրամը Ֆրանսիայի նակին նախագահ Ժակ Շիրակի հիմնադրած «Շիրակ» հիմնադրամի կողմից արժանացել է Հակամարտությունների կանխարգելման մրցանակի։ Մրցանակը ստացել է Ռաքել Դինքը, որը նրան հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հրանտ Դինք հիմնադրամ». Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Sights Unseen: Hrant Dink's Site of Memory». The Armenian Weekly. Eric Nazarian. 2019 թ․ մայիսի 9. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Արխիվ». Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 5,0 5,1 «Hrant Dink Vakfı Kütüphanesi açıldı». 2016.05.10. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Արևմտահայերենի ծրագիր». Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Զեկույցներ, քննարկումներ». Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Պատմության ծրագիր». Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Գրադարան». Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Հայաստան-Թուրքիա ծրագիր». Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Daglioglu, Emre Can (2015). «A door from the past to the future». Turkish Review. 5 (5): 452–454.
- ↑ Elmas, Esra (2015). «Toward the 100th anniversary of 1915». Turkish Review. 5 (2): 106–110.
- ↑ Seferian, Nareg (2015). «The shifting focus of the Armenian Cause». Turkish Review. 5 (2): 98–104.
- ↑ «Turkish Authorities Ban Hrant Dink Foundation Conference». 2019 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Rakel Dink'e Chirac Vakfı Ödülü». Hurriyet. 2017.11.24. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.