Պորտասար (Գյոբեքլի թեփե)
Մեծ Հայք
ՏեսակԲլուր
Աշխարհագրական
տեղադրություն
Ուրֆայի սարահարթ
ԼեռնաշղթաՄասիուս լեռնաշղթա
Տրամագիծ300 մետր

Պորտասարի առեղծվածը Ուրֆայի (պատմական` Ուռհա) սարահարթում, որը մինչև առաջին դարը գտնվել է Մեծ Հայքի Միջագետք Հայոց նահանգի կազմում, Մասիուս լեռնաշղթայի արևմտյան կողմի բլուրներից մեկը կրում է Պորտասար (Գյոբեքլի թեփե) անունը: Շուրջ երեք հարյուր մետր տրամագծով այս բլուրն արտաքինից ոչնչով չէր տարբերվում մերձակա լերկ և արևախանձ բլրակներից: Սակայն 1995 թվականին Պորտասարում գերմանական հնագիտական ինստիտուտի արշավախմբի սկսած պեղումները գիտնականների առջև բացեցին մարդկային քաղաքակրթության մեծագույն գաղտնիքներից, Քարի դարի հանելուկներից մեկը: Հողի բարակ շերտի տակ հնագետները հայտնաբերեցին աշխարհի ամենահին պաշտամունքային տաճարային համալիրը, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 11 - 10 հազարամյակներով և որը յոթ հազար տարով ավելի հին է, քան Սթոունհենջի հռչակավոր սրբարան - աստղադիտարանը կամ Ջոսերի եգիպտական բուրգը

Հնագիտական պեղումներ

խմբագրել

Առայժմ բացվել են չորս կլոր շինություններ, որոնց տրամագիծը 15 - 20 մետր է: Դրանց պատերի երկայնքով, ինչպես նաև սրահների կենտրոնում տեղադրված են զանգվածեղ 39 կրաքարե սյուներ, որոնց բարձրությունը հասնում է երեքից հինգ մետրի և կշռում քսանից քառասուն տոննա: Երկրամագնիսական հետազոտությունները պարզել են, որ ամբողջ բլուրը պատված է ևս մեկուկես տասնյակ շրջանաձև կառույցներով, որոնք սպասում են պեղումների: Գիտնականների կարծիքով` հողի տակ գտնվում է շուրջ երկու հարյուր քարե սյուն: Բացառված չէ, որ դրանց մեջ լինեն ավելի մեծ չափերով քարակոթողներ, քանի որ մոտակա քարահանքում գտնվել է յոթ մետր բարձրությամբ և հիսուն տոննա քաշով վերջնականապես չմշակված ցից մի քարազանգված: Այս քարակոթողները նշանակալի են նրանով, որ դրանց հարթ մակերեսները խնամքով մշակված են, և ամեն մեկը կրում է որևէ կենդանու բարձրաքանդակ: Այստեղ կարելի է տեսնել ցուլի, վայրի ոչխարի, էշի (ցիռ), վարազի, վիթի, ընձառյուծի, աղվեսի, կռունկի, բադի, սողունների և միջատների պատկերներ, երկրաչափական մարմիններ հիշեցնող նախշազարդեր: Պորտասարում գտնվել է նաև տղամարդու երկու արձան, որոնց գլուխները բավականին վարպետորեն են քանդակված և, ըստ հնագետների, ունեն արմենոիդի ակնհայտ նշաններ: Այս հնավայրի պեղումները ստիպում են Գիտնականներին նորովի դիտարկել մարդկային վաղ պատմության հայտնի էջերը, մասնավորապես` նորքարեդարյան հեղափոխության սկզբնավորման խնդիրները:

Նորքարեդարյան հեղափոխություն

խմբագրել

«Նորքարեդարյան հեղափոխություն» հասկացությունը գիտական շրջանառության համար առաջարկել է անգլիացի հնագետ Գորդոն Վիր Չայդլը (1892 - 1957)` նկատի ունենալով նախնադարյան տնտեսության երկու կարևոր նվաճումները` երկրագործությունն ու անասնապությունը: Այդ հեղափոխության ժամանակաընթացքում էր, որ մարդը քոչվորական կյանքից անցավ նստակյացության, պտուղների, արմտիքի, զանազան կերաբույսերի հավաքչությունից` բույսերի մշակությանը, որսորդությունից` կենդանիների ընտելացմանը կամ անասնապահությանը: Գիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ Փոքր Ասիայում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում նորքարեդարյան հեղափոխությունը ծագել է Քրիստոսից առաջ ութերրորդ հազարամյակում և տևել է երեքից չորս հազարամյակ: Սակայն Պորտասարի արտասովոր գտածոն ստիպում է վերանայել շրջանառվող հայեցակետը: Հայտնի է, որ ծիսական և պաշտամունքային կառույցները հայտնվել են այն ժամանակ, երբ մարդն անցել էր նստակյաց կյանքի, ստեղծել էր իր հավատալիքների համակարգը և սրբարաններում աստվածներից գթություն և պտղաբերություն էր հայցում ոչ միայն իր, այլև իր աճեցրած բերքի ու անասունների համար: Պորտասարի համալիրի առանձնահատկությունների վերլուծությունն ապացուցում է, որ այդտեղ երկար ժամանակ աշխատել են որոշակի փորձ ու հմտություն ունեցող քարտաշներ և քարագործներ. մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղված են եղել նույն աշխատանքով` չմտածելով այն համատեղել հանապազօրյա սնունդ ձեռք բերելու քրտնաջան որոնումներով: Ուրեմն, այդ ժամանակ արդեն հանրության մեջ տեղի էր ունեցել աշխատանքի բաժանում, և տաճարի շինարարները սնվել են ուրիշների հաշվին: Գիտնականների հաշվարկով տաճարի շինարարությանը մասնակցել է ամենաքիչը հինգ հարյուր մարդ: Իսկ նրանց բոլորին անհրաժեշտ էր սնվել: Գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը, ով ղեկավարել է Պորտասարի պեղումները, այդ առիթով գրել է. «Միայն որսով հնարավոր չէր այդքան մարդու կերակրել: Շրջակայքի բնակիչները արդեն իսկ աճեցնում էին կերաբույսեր և խնամում անասուններ»: Այս ամենը ստիպում է մտածել, որ նոր և քարեդարյան հեղափոխությունը Առաջավոր Ասիայում տեղի է ունեցել մի քանի հազարամյակ ավելի վաղ, քան մինչ այժմ ենթադրվում էր:

Տաճարի պահպանությունը

խմբագրել

Քրիստոսից առաջ յոթ հազար հինգ հարյուր թվականին պորտասարն անսպասելի կորցնում է իր նախկին նշանակությունը, և տաճարն ամայանում է: Նախքան բլրից հեռանալը, հավանաբար տաճարը սպասարկող քուրմերը, սրահներում բարձրաքանդակ սյուները քողարկելու նպատակով, նախ լրացուցիչ պատեր են շարում, ապա քիչ ավելի ուշ` համալիրը ծածկում հողով: Բլուրը դառնում է արգելված գոտի: Այդպես «պահածոյացված» տեսքով տաճարը շուրջ տասը հազար տարի պահպանվում է հողի տակ և անխաթար ներկայանում հնագետներին: Եթե չլիներ անհայտ կրոնի սպասավորների շրջահայացությունն ու հեռատեսությունը, ապա հազարամյակների ընթացքում տաճարից հետք չէր մնա, ինչպես հավանաբար թալանվել ու ոչնչացվել են քարեդարյան այլ սրբավայրեր: Պորտասարում չի հաջողվել գտնել բնակելի սենյակներ և թաղումներ: Մարդիկ այստեղ երբեք չեն բնակվել: Նրանք բլուր են բարձրացել միայն աստվածներին երկրպագելու համար: Սակայն, թե ինչ կրոն են նրանք դավանել, ինչ աստվածությունների են երկրպագել, առայժմ հայտնի չէ և հազիվ թե հաջողվի իմանալ:

Պորտասարի խորհրդանշանները (Պատկերագրերը)

խմբագրել

Աշխարհում հնագույն տաճարի պատերը, ինչպես նաև քարակոթող սյուները զարդարված են խորհրդանշաններով, որոնք կրկնվում են կամայական հերթականությամբ: Դրանք ոչ միայն մեզ հայտնի կենդանիների, այլև երկրաչափական տարբեր մարմինների պատկերներ են, որոնց զուգակցությունը թողնում է տողերի տպավորություն: Այսպես, թիվ երեսուներեք քարակոթողի վրա պատկերագիր նշանները շարված են շղթայակերպ: Երկու անգամ հանդիպում է լատինական H տառը հիշեցնող խորհրդանշանը օձակծիկի, սարդերի և ոչխարների պատկերների հետ: Թվում է, թե մենք գործ ունենք ծածկագիր տեղեկատվական համակարգի հետ: Գիտնականները խուսափում են այս դեպքում խոսել նախագրի և գրչության մասին, որովհետև հարկ կլինի վերանայել մարդկային մշակույթի վերաբերյալ ավանդական բոլոր պատկերացումները: Այդուհանդերձ, Շմիդտը ստիպված է խոստովանել, որ «Գյոբեքլի թեփեի շինարարներն օգտվել են հաղորդագրություններ կազմելու և դրանք մարդկանց փոխանցելու բարդ խորհրդանշաններից»: Ի մի բերելով տասը տարվա ընթացքում Պորտասարում կատարած իր հետազոտությունները` 2006 թվականին գերմանիայում լույս տեսած «Նրանք կառուցել են առաջին տաճարները» մենագրությունում Կլաուս Շմիդտը գրում է. «Հազիվ թե մոտիկ ապագայում հաջողվի բացատրել Գյոբեքլի թեփեի խորհրդանշանների ամբողջ իմաստը: Այդտեղ ապրած մարդիկ օժտված էին բառամթերքի հարուստ պաշարով, որը նրանց թույլ է տվել կազմել այնպիսի իմաստային միավորներ, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս սոսկ պտղաբերությանն առնչվող պատկերացումների արմատացած շրջանակներից»: Նման պատկերագրերով քարեր հնագետները հայտնաբերել են Պորտասարից հարյուր հիսուն կիլոմետր շառավղով հեռավորության վրա: Ավելին, նշանավոր բլրից հարյուր կիլոմետր հեռու գտնվող Սաբի Աբիադ հնավայրի բնակիչները, որոնք ապրել են Քրիստոսից առաջ յոթից վեցերրորդ հազարամյակներում, իրենց պատրաստած կավե ամանները կնքել են Պորտասարի տաճարից հայտնի խորհրդանշաններով: Հնագետները համոզված են, որ այդ խորհրդանշանները ևս երեք հազար տարի անց արտացոլվել են Ուրուկի շումերական գրչության մեջ: Ինչպես «Գիտության պատկեր» (Գերմ. - BILD DER WISSENCHAFT) ամսագրում գերմանական հնագիտական ինստիտուտի աշխատակից Հարալդ Հաուպրմանն է գրել, «Միանգամայն հնարավոր է, որ Քրիստոսից առաջ չորորդից երրորդ հազարամյակների միջագետքյան աստվածների պանթեոնն ուներ իր նախորդները: Կարծում եմ, որ Գյոբեքլի թեփեում արդեն այն ժամանակ ձևավորվել էր մի պատկերացում, որը հետագայում իր անդրադարձն ունեցավ շումերական մշակույթում»:

Գրականություն

խմբագրել

Հայոց սրբազան լեռները/ Ս. Դանիելյան, Երևան Էդիթ Պրինտ հրատարակչություն, 2012 թվական էջ 15