Մատանիների տիրակալը (ֆիլմաշար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատանիների տիրակալը (այլ կիրառումներ)
«Մատանիների տիրակալը» ֆիլմաշար (անգլ.՝ The Lord of the Rings, 2001-2003), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի եռագրությունը, որն ունի մեկ ընդհանուր սյուժե և ստեղծված է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա։
Մատանիների տիրակալը անգլ.՝ The Lord of the Rings | |
---|---|
Երկիր | Նոր Զելանդիա ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, մարտաֆիլմ և ադապտացիա |
Հիմք | Մատանիների տիրակալը |
Թվական | 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փիթեր Ջեքսոն |
Պրոդյուսեր | Փիթեր Ջեքսոն |
Սցենարի հեղինակ | Ֆրեն Ուոլշ |
Դերակատարներ | Էլայջա Վուդ, Վիգգո Մորտենսեն, Իեն ՄակՔելլեն, Օրլանդո Բլում, Շոն Օսթին, Հյուգո Ուիվինգ, Քեյթ Բլանշետ, Լիվ Թայլեր, Շոն Բին, Էնդի Սերքիս, Քրիստոֆեր Լի և Ջոն Ռիս-Դևիս |
Օպերատոր | Էնդրյու Լեսնի |
Երաժշտություն | Հովարդ Շոր |
Կինոընկերություն | New Line Cinema և ՎինգՆութ Ֆիլմզ |
Բյուջե | 281 000 000 $ |
Շահույթ | 2 964 327 076 $[1] |
Հաջորդ | Հոբիթ ֆիլմ |
Պաշտոնական կայքէջ | |
The Lord of the Rings film trilogy Վիքիպահեստում |
Եռագրության ֆիլմերն են.
- 2001 - Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն (անգլ.՝ The Lord of the Rings: The Fellowship of the Ring)
- 2002 - Մատանիների տիրակալը. երկու ամրոց (անգլ.՝ The Lord of the Rings: The Two Towers)
- 2003 - Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը (անգլ.՝ The Lord of the Rings: The Return of the King)
«Մատանիների տիրակալը» հանդիսանում է համաշխարհային կինոյի ամենամեծ նախագծերից մեկը։ Նրա իրականացումը տևել է 8 տարի, բոլոր երեք ֆիլմերը միաժամանակ նկարահանվել են Նոր Զելանդիայում` Ջեքսոնի հայրենիքում։ Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր ընդլայնված տարբերակը, որը դուրս է եկել DVD տարբերակով՝ օրիգինալ ֆիլմից մեկ տարի հետո։ Ֆիլմերը հետևում են գրքի սյուժեին, բայց բաց են թողնում որոշ դրվագներ։
Եռագրության գլխավոր հերոսը հոբիթ Ֆրոդո Բեգինսն է, որը գնում է արշավի Մատանու եղբայրության հետ՝ Մատանին ոչնչացնելու նպատակով։ Դա անհրաժեշտ է Սաուրոնի դեմ լիարժեք հաղթանակ տանելու համար։ Եղբայրությունը բաժանվում է, և Ֆրոդոն ճանապարհը շարունակում է իր հավատարիմ ընկեր Սեմի և Գոլլումի հետ։ Միաժամանակ Գոնդորի գահի ժառանգորդ Արագորնը և կախարդ Գենդալֆը միավորում են Միջերկրի ազգերին՝ Մատանու ճակատամարտին մասնակցելու և Սաուրոնի զորքերին հաղթելու համար։
Ֆիլմաշարը ունեցավ մեծ ֆինանսական հաջողություն և այժմ համարվում է ամենաահաջողված ֆիլմաշարերից մեկը։ Քննադատները դրականորեն ընդունեցին այն և եռագրությունը ստացավ «Օսկար»ի 17 մրցանակ և առաջադրվեց 30 անվանակարգում։ Վերջին ֆիլմը՝ «Թագավորի վերադարձը», ստացավ բոլոր 11 օսկարները, որոնց առաջադրվել էր։ Սա մեկ ֆիլմի համար ռեկորդային ցուցանիշ է (կինոյի ամբողջ պատմության մեջ այդքան օսկար ստացել են միայն «Բեն-Հուր» և «Տիտանիկ» ֆիլմերը)։ Ֆիլմաշարը նաև հայտնի է իր նորարական վիզուալ էֆեկտներով[2][3][4], որոնք հիմնականում կապված են Գոլլումի կերպարի ստեղծման հետ։
Սյուժե
խմբագրելՆախապատմություն
խմբագրելՖիլմերի իրադարձություններն սկսվեցին Իշխանության մատանիների բաժանումից։ Երեքը հանձնվեցին անմահ էլֆերին, յոթը՝ թզուկներին, իսկ ինը՝ մարդկային ցեղի արքաներին։ Բայց Օրոդրուինի հրաբխի մեջ խավարի տիրակալ Սաուրոնը գաղտնի ստեղծեց ևս մեկ՝ Համիշխանության մատանի, որի միջոցով պետք է տիրանար ամբողջ Միջերկրին։ Այս Մատանու մեջ էր դրված Սաուրոնի ողջ չարությունն ու հզորությունը։ Մարդկանց և էլֆերի վերջին դաշինքը կանգնեցին Մորդորի բանակի դեմ։ Մարդկանց արքայի որդուն՝ Իսիլդուրին հաջողվեց կտրել Սաուրոնի մատը և տիրանալ Մատանուն։ Սակայն Մատանին նրան մահվան հասցրեց և 2500 տարի այն մնաց գետի ջրերի մեջ։ Հետո այն ընկավ Գոլլում անունով արարածի ձեռքը, որը տիրացավ նրան մոտ 100 տարի, մինչև Բիլբո Բեգինսի հայտնվելը և նրա կողմից Մատանու գողացումը։
Մատանու եղբայրություն
խմբագրել60 տարի անց Բիլբոն թողնում է Մատանին իր զարմիկ Ֆրոդո Բեգինսին։ Իմանալով, թե դա ինչ Մատանի է, կախարդ Գենդալֆը զգուշացնում է Ֆրոդոյին, որ Սաուրոնը կփորձի գտնել այն։ Ֆրոդոն իր այգեպան Սեմի հետ լքում է Շիրը։ Գենդալֆը մասնակցում է կախարդների ժողովին, որի գլխավոր Սարումանը հայտարարում է, որ Մինաս Մորգուլ ամրոցից Սև հեծյալները՝ Նազգուլները, որսի են դուրս եկել՝ գտնելու համար Մատանին։ Ինքը Սարումանը անցել էր Մորդորի կողմը։ Գենդալֆը հրաժարվում է միանալ նրան և գերի է ընկնում։
Բրիի ճանապարհին Ֆրոդոն և Սեմը պատահաբար հանդիպում են հոբիթներ Մերրիին և Պիպինին։ Նրանք հազիվ են կարողանում ազատվել Սև հեծյալների ձեռքից և դուրս գալ Շիրից։ «Ցատկոտող պոնի» պանդոկում Ֆրոդոն հանդիպում է հետախույզ Արագորնին, որը խոստանում է նրանց ուղեկցել դեպի Ռիվենդել։ Ճանապարհորդության ժամանակ նազգուլները հարձակվում են հոբիթների վրա։ Արագորնը վռնդում է նրանց, սակայն Ֆրոդոն մահացու վիրավորվում է։ Էլֆուհի Արվենին հաջողվում է Ֆրոդոյին հասցնել Ռիվենդել և բուժել նրան։ Այդ ժամանակ Գենդալֆը փախչում է գերությունից և գալիս Ռիվենդել։ Խորհրդի ժամանակ Էլրոնդն առաջարկում է ոչնչացնել Մատանին՝ տանելով այն Մորդոր։ Ֆրոդոն խոստանում է անել դա։ Նրան որոշում են ուղեկցել Սեմը, Մերրին, Պիպինը, Գենդալֆը և Արագորնը, որոնց միանում են էլֆ Լեգոլասը, թզուկ Գիմլին և Բոռոմիրը՝ Գոնդորի արքայի որդին։ Էլրոնդն այս խումբն անվանում է Մատանու եղբայրություն։
Քարանձավներից դուրս գալով եղբայրությունը հայտնվում է Լորիենում, որտեղ նրանց ընդունում են Քելեբորնը և Գալադրիելը։ Էլֆերը նրանց ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով և ուղարկում առաջ։ Կանգառի ժամանակ Բոռոմիրը հրամայում է Ֆրոդոյին Մատանին տալ իրեն, սակայն Ֆրոդոն հրաժարվում է։ Բոռոմիրը փորձում է խլել այն, սակայն հոբիթը հագնում է այն, դառնում անտեսանելի և փախչում։ Այդ ժամանակ խմբի վրա են հարձակվում օրկերը։ Բոռոմիրը, հոբիթներին պաշտպանելու ժամանակ, նետահարվում է և մահանում։ Օրկերը գերի են վերցնում Մերրիին և Պիպինին։ Արագորնը, Գիմլին և Լեգոլասը որոշում են հետևել օրկերին և ազատել ընկերներին։ Ֆրոդոն և Սեմը անցնում են Անդուին գետը և ուղևորվում են դեպի Մորդոր։
Երկու ամրոց
խմբագրելԵղբայրությունը քայքայվեց և յուրաքանչյուրին տրվեց իր սեփական ճանապարհը։ Մատանու պահապան Ֆրոդոն իր հավատարիմ ընկեր Սեմի հետ շարունակում է ճանապարհը դեպի Մորդոր։ Ընկերներին է հետևում Գոլլումը՝ մի արարած, որը տարիներ առաջ տիրել էր Մատանուն։ Նրա հիմնական նպատակը Մատանուն նորից տիրանալն էր։ Սեմին և Ֆրոդոյին հաջողվում է բռնել չարագործին և ստիպել նրան երդվել, որ իրենց չի վնասի և կուղեկցի դեպի Մորդոր։
Արագորնը, Լեգոլասը և Գիմլին շարունակում են փնտրել Մերրիին և Պիպինին, որոնց առևանգել էին Սարումանի օրկերը։ Նախկին սպիտակ մոգը, անցնելով Խավարի տիրակալի կողմը, ստեղծել էր իր սեփական մարտիկների ցեղը՝ ուրուկ-հայերին։ Առանց քուն ու դադարի մարդը, էլֆը և թզուկը հետևում են նրանց՝ հույս ունենալով, որ հոբիթները դեռ ողջ են։ Ոչ ոք չի մտածում, որ նրանք ընկնելու են կախարդական անտառ՝ Ֆանգորն, որտեղ հանդիպելու են նրան, ում մահը սգացել են։
Ռոհանը պատրաստվում է մարտի։ Կանայք, երեխաները և ծերերը թաքնվում են քարայրներում, իսկ տղամարդիկ պատրաստվում են մարտի։ Սակայն նրանցից շատ քչերն էին տիրապետում զենքին և ոչ ոք չէր մտածում, որ նրանք կհաղթեն ուրուկ-հայերի դեմ մարտում։
Մոտենում էր Միջերկրի վերջին մարտի ժամը։ Սարումանի տասհազարանոց բանակը պատրաստվում էր գրավել սպիտակ քաղաքը՝ Մինաս-Տիրիթը, Գոնդորի մայրաքաղաքը։ Գենդալֆը և Արագորնը զգուշացնում են Ռոհանի արքա Թեոդենին մոտալուտ վտանգի մասին։ Մոգը ուղևորվում է Գոնդոր, իր հետ տանելով Պիպինին։ Գոնդորի արքա Դենեթորը՝ Բոռոմիրի հայրը, չի պատրաստվում մարտին, չնայած որ կրտսեր որդի Ֆարամիրը բազմիցս հայտնել էր մոտեցող զորքի մասին հորը։ Եվ երբ մարտը սկսվում է, այն ղեկավարում է Գենդալֆը։ Ռոհանցիները հաղորդագրություն են ստանում մարտի սկզբում և շտապում են օգնության։
Տեսնելով, որ մարտում մարդիկ պարտվում են՝ Արագորնը՝ Լեգոլասի և Գիմլիի ուղեկցությամբ գնում է դեպի Մեռյալների հովիտ և օգնություն է խնդրում նրանցից։
Բայց չարի հետ իրական մարտն այդտեղ չէր ընթանում։ Այն ընթանում էր երկու փոքրիկ հոբիթների մոտ, որոնք Գոլլումի ուղեկցությամբ գնում էին դեպի իրենց նպատակը։ Ֆրոդոն, ընկնելով մատանու ազդեցության տակ, Գոլլումի չարախոսմամբ սկսում է կասկածել Սեմի հավատարմությանը և վռնդում է նրան։ Շուտով պահապանը հայտնվում է մի մեծ քարայրում, որը հսկում էր Շելոբ սարդը։
Թագավորի վերադարձը
խմբագրելՍեմին հաջողվում է վերադառնալ և վնասազերծել սարդին։ Սակայն Ֆրոդոն արդեն վիրավոր էր, և Սեմը, կարծելով, որ նա մահացել է, վերցնում է մատանին և շարունակում է ճանապարհը։ Ֆրոդոն գերվում է օրկերի կողմից, և Սեմը, հասկանալով, որ նա ողջ է, գնում է նրանց ետևից, որպեսզի ազատի իր տիրոջը։ Հոբիթներին հաջողվում է ազատվել և Սեմը ետ է վերադարձնում Մատանին։
Ֆարամիրը պատմում է հորն իր Ֆրոդոյի և Սեմի հետ հանդիպման մասին; Դենետորն, իմանալով, որ որդին ձեռքից բաց է թողել մատանին, ուղարկում է նրան օրկերի դեմ փոքր զորախմբով։ Ամբողջ զորախումբը ջախջախվում է, իսկ Ֆարամիրը վերադառնում է լուրջ վնասվածքներ ստացած։ Կարծելով, որ որդին մեռած է, Դենետորը փորձում է այրել իրեն և որդուն։ Սակայն, ի շնորհիվ Պիպինի և Գենդալֆի, Ֆարամիրը փրկվում է, բայց Դենետորը՝ մահանում։ Շուտով օգնության են հասնում Ռոհանի զորքերը, Թեոդենի գլխավորությամբ։ Արքան զոհվում է այդ մարտում։ Մինաս-Տիրիթին օգնության են հասնում նաև մեռյալների զորքը՝ Արագորնի, լեգոլասի և Գիմլիի գլխավորությամբ։ Նրանց շնորհիվ մարդիկ հաղթում են այդ ճակատամարտում։ Արագորնը ազատում է նրանց և հոգիներն անհետանում են։
Հաղթողները խորհրդի են նստում և որոշում են գնալ և Սաուրոնի հետ մարտի բռնվել Մորդորի դարպասների մոտ, որպեսզի նրա ուշադրությունը շեղեն Ֆրոդոյից։ Իսկ այդ ընթացքում Ֆրոդոն և Սեմը կարողանում են հասնել լեռան գագաթ և ոչնչացնել Մատանին։ Վերջինիս հետ Օրոդրուինի խառնարան է ընկնում և մահանում նաև Գոլլումը։ Սեմին և Ֆրոդոյին փրկում են արծիվները։
Արագորնը դառնում է Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության արքան և ամուսնանում է էլֆերի արքայադուստր Արվենի հետ։ Հոբիթները վերադառնում են Շիր։ Սեմն ամուսնանում է Ռոզի Քոթնի հետ և ունենում երկու երեխա։ Ֆրոդոն հասկանում է, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ՝ երկար ժամանակ Մատանու հետ շփվելու պատճառով։ Հասկանալով, որ չի կարող շարունակել իր սովորական կյանքը, նա Բիլբոյի և էլֆերի հետ մեկնում է արևմուտք։ Մերրին, Պիպինը և Սեմը ճանապարհում են նրանց (նույն նավով արևմուտք էին ուղևորվում նաև Գենդալֆը, Գալադրիելը և Էլրոնդը)։
Նախագծի զարգացումը
խմբագրել«Մատանիների տիրակալ»-ի հետ Փիթեր Ջեքսոնի առաջին ծանոթությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա դիտեց Ռալֆ Բաքշիի համանուն մուլտֆիլմը։ Գիրքը նա կարդաց Վելինգտոնից Օքլենդ 12-ժամանոց ուղևորության ժամանակ[5][6]։
Ջեքսոնինն նախագիծը հետաքրքրում էր դեռևս 1995 թվականից։ «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի ստեղծումից հետո Ջեքսոնը որոշեց ստեղծել ֆենտեզի ֆիլմ, որը կլիներ լուրջ և իրականին մոտ։ Հոկտեմբերին նա և իր կինը՝ Ֆրենսիս Ուոլշը միացան Miramax Films կազմակերպության տնօրեն Հարվի Վայնշտեյնի հետ, որպեսզի էկրանավորեն «Հոբիթ»-ը (մեկ ֆիլմում) և «Մատանիների տիրակալը» (երկու ֆիլմում)։ Նրանք որոշեցին քննարկել դա Սաուլ Զեյնցի հետ, որին էլ պատկանում էր գրքի հեղինակային իրավունքները՝ սկսած 1970-ականներից։ Քննարկումները դադարեցվեցին, քանի որ Universal Studios-ը առաջարկեց Ջեքսոնին նկարահանել Քինգ-Քոնգ ֆիլմի ռիմեյքը[7]։ Հետագայում պարզվեց, որ Զեյնցը իրավունքներ չունի «Հոբիթ»-ի վրա։ Մինչև 1996 թվականի ապրիլը դեռևս որոշված չէր իրավունքների հարցը[7]։
Երբ Universal-ը չեղարկեց «Քինգ-Քոնգ»-ի նախագիծը, Ջեքսոնն անմիջապես ստացավ Վայնշտեյնի օգնությունը և անցավ գործի։ Նա խնդրեց իր ընկերոջը՝ ռեժիսոր Քոսթ Բոութսին գրել վեպի համառոտագրված տարբերակը, իսկ ինքը սկսեց վերընթերցել այն։ Երկու-երեք ամիս անց Ջեքսոնը կնոջ հետ սկսեց աշխատել ֆիլմի սցենարի վրա[8]։ Առաջին ֆիլմը նախատեսվում էր ավարտել Սարումանի մահվամբ և Գենդալֆի ու Պիպինի Մինաս-Տիրիթ մեկնելով։ Այս տարբերակում Բիլբոն մասնակցում էր Էլրոնդի խորհրդին, Գոլլումը հարձակվում էր Ֆրոդոյի վրա, երբ եղբայրությունը դեռ չէր քայքայվել, Սեմը նայում է Գալադրիելի հայելուն, բացակայում էին Մեգգոթը, Գլորֆինդելը, Ռադագաստը, Էլլադանը և Էլրոհիրը և այլն[8]։ Նրանք ցույց տվեցին իրենց նախագիծը Հարվի և Բոբ Վայնշտեյններին և հավանության արժանացան։ Որոշվեց նկարահանել երկու ֆիլմ՝ 75 միլիոն դոլար բյուժեով[8]։
1997 թվականին[9] Ջեքսոնը և Ուոլշը՝ Սթիվեն Սինկլերի հետ սկսեցին սցենար գրել[8]։ Սինկլերի գործընկեր Ֆիլիպպա Բոյենսը միացավ հեղինակներին, երբ ծանոթացավ նախագծի հետ[9]։ 13-14 ամիս պահանջվեց երկու ֆիլմի սցենար գրելու համար։
Խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ պարզվեց, որ Miramax ընկերությունը չի կարող ֆինանսավորել նախագիծն ամբողջությամբ (արդեն ծախսվել էր մոտ 15 միլիոն դոլար)։ Որոշվեց երկու ֆիլմը միացնել և նկարահանել մեկ ֆիլմ։ 1998 թվականի հունիսի 17-ին Բոբ Վայնշտեյնը ներկայացրեց մեկ՝ երկուժամանոց ֆիլմի համար իր գրած սցենարը։ Նա առաջարկում էր հանել Բրին, միացնել Ռոհանը և Գոնդորըև այլն[8]։ Այս ծրագիրը չեղարկվեց Ջեքսոնի կողմից և Miramax-ը հայտարարեց, որ յուրաքանչյուր աշխատանք՝ կատարված Weta Workshop-ով, պատկանում է իրեն[8]։ Որոշ ժամանակ անց, Ջեքսոնը հանդիպեց Մարկ Օրդեսկիի հետ՝ New Line Cinema-ից[10]։ Այնտեղ պրոդյուսեր Ռոբերտ Շեյը հարցրեց, թե ինչու են նրանք աշխատել երկու ֆիլմի վրա, եթե գրքերը երեքն են. նա ցանկանում էր եռագրություն նկարահանել։ Եվ Ջեքսոնը, Ուոլշը և Բոյենսը սկսեցին աշխատել նոր սցենարի վրա[9]։
Երեք ֆիլմի առկայությունը հնարավորություն ընձեռեց սցենարիստներին իրենց գաղափարներին ազատություն տալ։ Երեք ֆիլմերն ամբողջությամբ չեն համապատասխանում գրքերին, այլ ներկայացնում են երեքմասանոց ադապտացիա։ Ֆրոդոյի ճամփորդությունը ֆիլմերի գլխավոր սյուժետային գիծն է, իսկ Արագորնը՝ մյուս գլխավոր գիծն է[11], և մնացած դեպքերը, որոնք կապված չեն այս երկու կերպարների հետ, տեղ չեն գտել ֆիլմերում։ Նույնիսկ նկարահանումների ժամանակ ֆիլմի սյուժեն հաճախ փոփոխվում էր շնորհիվ դերասանների, որոնք սովորում էին իրենց կերպարի առանձնահատկությունները[9]։ Այդպիսի վառ օրինակ դարձավ Արվենի կերպարը, որը պետք է լիներ մարտատենչ-արքայադուստր, սակայն այն վերադարձավ իր գրքային կերպարին[12]։
Դերասաններին սրից օգտվել սովորեցնելու համար հրավիրվեց հայտնի սուսերամարտիկ Բոբ Անդերսոնը։ Նրա դերը ֆիլմում ցուցադրված է «Reclaiming the Blade» վավերագրական ֆիլմում, որտեղ սրից օգտվելու արվեստին տիրապետում են նաև դերասաններ Վիգգո Մորտենսենը և Կարլ Ուրբանը, ֆիլմի նկարիչ Ջոն Հոուն և Weta Workshop-ի ղեկավար Ռիչարդ Թեյլորը։
Նախարտադրություն
խմբագրելՍտեղծում
խմբագրելՋեքսոնը հրավիրեց իր նախկին համախոհ Ռիչարդ Թեյլորին՝ նրա Weta Workshop ընկերության ծառայություններից օգտվելու համար։ Դրա շնորհիվ ֆիլմում պետք է ստեղծվեր դիզայնի հինգ տարրերը՝ զենքերը, զրահները, գրիմը, արարածները և մանրանկարները։ 1997 թվականի նոյեմբերին[9] Թոլքինի հայտնի նկարազարդողներ Ալան Լին և Ջոն Հոուն միացան նախագծին։ Ֆիլմի կերպարներից շատերը ստեղծվել են հենց նրանց կողմից[13]։ Աշխատանքներին միացան նաև Հրանտ Մեյջորը և Դեն Հաննան՝ ֆիլմի համակարգչային ձևավորման նպատակով։
Միջերկիրը ռեժիսորների կողմից ստեղծվեց որպես իրական և ռացիոնալ աշխարհ։ Այսպես, օրինակ, Հոբիթոնը ստեղծվեց նորզելանդական բանակի օգնությամբ՝ նկարահանումներից մոտ մեկ ամիս առաջ, իսկ բույսերը հասցրին աճել աննկարագրելի արագությամբ[14]։ Կենդանի արարածները ստեղծվեցին իրականին մոտ, մասնավորապես մեծ թռչուններն ունեին իրենց մարմնին համապատասխան թևեր և այլն[15]։ Weta Workshop-ը ստեղծեց 48000 զրահի կտոր, 500 աղեղ և 10000 նետ[16]։ Նաև ստեղծվեց 1800 ոտնաթաթ հոբիթների համար, մեծ քանակությամբ ականջներ, քթեր և գլուխներ։ Կարվեց և օգտագործվեց մոտ 19000 հագուստ[9]։
Նկարահանումներ
խմբագրելԲոլոր երեք ֆիլմերի նկարահանման աշխատանքները սկսվեցին միաժամանակ, Նոր Զելանդիայի տարբեր հատվածներում, այդ թվում նաև երկրի տարբեր ազգային պարկերում։ Նկարահանման աշխատանքները տևեցին 438 օր (1999 թվականի հոկտեմբերի 11-ից՝ մինչև 2000 թվականի դեկտեմբերի 22-ը)։ Լրացուցիչ նկարահանումները անցկացվեցին ամեն տարի՝ 2001 թվականից մինչև 2004 թվական։ Եռագրությունը նկարահանում էին 7 նկարահանող խմբեր, երկրի ավելի քան 150 տարբեր վայրերում[16], նաև՝ Վելինգտոնի և Քուինսթաունի մոտակայքում գտնվող տաղավարներում։ Որոշ վայրերի վտանգավորության և անմատչելիության պատճառով անձնակազմն իր հետ վերցնում էր առաջին անհրաժեշտության և գոյատևման պարագաներ, քանի որ ուղղաթիռը կարող էր չհասնել այդտեղ[9]։
Դերասաններ և կերպարներ
խմբագրելՍտորև բերված է այն դերասանների ցանկը, որոնք մարմնավորել կամ հնչյունավորել են ֆիլմի կերպարներին ընդլայնված տարբերակում։
Կերպար | Ֆիլմ | ||
---|---|---|---|
Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն[17] | Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց[18] | Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը[19] | |
Մատանու եղբայրությունխմբագրել | |||
Ֆրոդո Բեգինս | Էլայջա Վուդ | ||
Արագորն | Վիգգո Մորտենսեն | ||
Սեմուայզ Գեմջի (Սեմ) | Շոն Էսթին | ||
Գենդալֆ | Յան Մաքկելեն | ||
Բոռոմիր | Շոն Բին | ||
Պերեգրին Տուկ (Պիպին) | Բիլի Բոյդ | ||
Մերիադոկ Բրենդիբակ (Մերրի) | Դոմինիկ Մոնահան | ||
Լեգոլաս | Օրլանդո Բլում | ||
Գիմլի | Ջոն Ռիս-Դևիս | ||
Շիր և Բրիխմբագրել | |||
Բիլբո Բեգինս | Յեն Հոլմ | Յեն Հոլմ | |
Բարլիման Բաթերբուր | Դեվիդ Ուիթերլեյ | ||
Միսսիս Բրեսգայրդլ | Լորի Դունգեյ | ||
Ռոզի Քոթն | Սառա Մաքլեոդ | Սառա Մաքլեոդ | |
Հեմֆասթ Գեմջի | Նորման Ֆորսի | ||
Էլեանոր Գեմջի | Ալեքսանդրա Էսթին | ||
Բրիի դռնապան | Մարտին Սենդերսոն | ||
Ֆերմեր Մեգգոտ | Քեմերոն Ռոուդս | ||
Ծեր Նոուկս | Բիլ Ջոնսոն | ||
Էվերարդ Փրուոդֆութ | Նոել Էփլեբի | Նոել Էփլեբի | |
Միսսիս Փրուոդֆութ | Մեգան Էդվորդս | ||
Օթո Սաքվիլլ-Բեգինս | Փիթեր Քորիգան | ||
Լոբելիա Սաքվիլլ-Բեգինս | Էլիզաբեթ Մուդի | ||
Թեդ Սենդիման | Բրայան Սերգենտ | ||
Ռիվենդել և Լոթլորիենխմբագրել | |||
Արվեն | Լիվ Թայլեր | ||
Էլրոնդ | Հյուգո Ուիվինգ | ||
Գալադրիել | Քեյթ Բլանշետ | ||
Քելեբորն | Մարտոն Չոկաշ | Մարտոն Չոկաշ | |
Հալդիր | Կրեյգ Փարկեր | ||
Կիրդան Կորաբել | Մայքլ Էլսվորթ | Մայքլ Էլսվորթ | |
Ռումիլ | Ջորն Բենզոն | ||
Ֆիգվիթ | Բրետ Մաքկենզի | Բրետ Մաքկենզի | |
Ռոհան և Գոնդորխմբագրել | |||
Թեոդեն | Բերնարդ Հիլ | ||
Էովին | Միրանդա Օթո | ||
Ֆառամիր | Դևիդ Ուենեմ | ||
Դենեթոր | Ջոն Նոուբլ | ||
Էոմեր | Կարլ Ուրբան | ||
Հնամորուք | Ջոն Ռիս-Դևիս (ձայնը) | ||
Ալդոր | Բրյուս Օլպրեսս | ||
Բերեգ | Ռեյ Թրիկեթ | ||
Գամլինգ | Բրյուս Հոփկինս | ||
Գրիմբոլդ | Բրյուս Ֆիլիպս | ||
Դամրոդ | Էլիստեր Բրաունինգ | ||
Իրոլաս | Յեն Հյուգս | ||
Մեռյալների արքան | Փոլ Նորելլ | ||
Մադրիլ | Ջոն Բախ | ||
Մորվեն | Ռոբին Մալքոլմ | ||
Թեոդրեդ | Փերիս Հոու Սթրյու | ||
Ֆրեդա | Օլիվիա Թեննեթ | ||
Համա | Ջոն Լի | ||
Հալեթ | Քալում Գիթինս | ||
Էլդարիոն | Սեդվին Բրոֆի | ||
Էոթայն | Սեմ Քոմերի | ||
Իզենգարդ և Մորդորխմբագրել | |||
Գոլլում/Սմեագոլ | Էնդի Սերկիս | ||
Սարուման | Քրիստոֆեր Լի | ||
Օձալեզու Գրիմա | Բրեդ Դուրիֆ | ||
Սաուրոն | Սալա Բեյքեր | Սալա Բեյքեր | |
Անգմարի կախարդ-արքա | Շեյն Ռանգի Բրենտ Մակինթայր (փոխարինող) Էնդի Սերկիս (ձայնը) |
Լոուրենս Մակոր Էնդի Սերկիս (ձայնը) | |
Գորբագ | Ստեֆան Ուրե | ||
Գոթմոգ | Լոուրենս Մակոր Էնդի Սերկիս (ձայնը) | ||
Գրիշնակ | Ստեֆան Ուրե | ||
Համիշխանության մատանի | Ալան Հովարդ (ձայնը) | Ալան Հովարդ (ձայնը) | |
Լուրտց | Լոուրենս Մակոր | ||
Մաուհուր | Ռոբբի Մագասիվա | ||
Սնագա | Ջեդ Բրոֆի | ||
Ուգլուկ | Նետանիել Լիս | ||
Սաուրոնի ձայնը | Բրյուս Սպենս | ||
Շահրաթ | Փիթեր Տեյթ | ||
Շարկու | Ջեդ Բրոֆի | ||
Պատմական անձնավորություններխմբագրել | |||
Դեագոլ | Թոմաս Ռոբինս | ||
Էլենդիլ | Փիթեր Մաքկենզի | ||
Գիլ-Գալադ | Մարկ Ֆերգյուսոն | ||
Իսիլդուր | Հարրի Սինկլեր | Հարրի Սինկլեր |
Ստեղծագործական կազմ
խմբագրելՍտորև բերված է ֆիլմի ստեղծագործական գլխավոր անձնակազմը.
Դերը | Ֆիլմ | ||
---|---|---|---|
Մատանու եղբայրություն | Երկու ամրոց | Թագավորի վերադարձը | |
Ռեժիսոր | Փիթեր Ջեքսոն | ||
Պրոդյուսեր | Փիթեր Ջեքսոն, Ֆրենսիս Ուոլշ, Մայքլ Լինն | ||
Սցենարիստ | Ֆրենսիս Ուոլշ, Փիթեր Ջեքսոն | ||
Կոմպոզիտոր | Հովարդ Շոր | ||
Օպերատոր | Էնդրյու Լեսնի |
Հետարտադրություն
խմբագրելՄոնտաժ
խմբագրելՋեքսոնը ֆիլմերի մոնտաժի համար հրավիրեց շատ մոնտաժորների։ Ջոն Գիլբերտն աշխատեց առաջին ֆիլմի վրա, Մայքլ Հորթոնը՝ երկրորդ, իսկ Ջեմի Սելկիրկը՝ երրորդ։ Ըստ մասնագետների, երկրորդ ֆիլմի մոնտաժն ամենից բարդն էր, քանի որ այն չուներ սկիզբ և ավարտ և կար խնդիր միացնել տարբեր սյուժետային գծերը։ Մոնտաժին տրված ժամանակահատվածից հետո Ջեքսոնը դեռ շարունակում էր խմբագրել ֆիլմը, մասնավորապես՝ Գոլլումի մասին պատմող հատվածը և Սարումանի մահվան հատվածը, որոնք հետագայում կցվեցին երրորդ ֆիլմին։ Իսկ Սարումանի մահվան հատվածը տեղ չգտավ ֆիլմի օրիգինալ տարբերակում, այլ ընդգրկվեց միայն ընդլայնված տարբերակում, քանի որ Ջեքսոնը կարծում էր, որ այն շատ է ձգձգում ֆիլմի սկիզբը[20]։ Երրորդ ֆիլմի մոնտաժը ևս շատ քաոսային ստացվեց և ռեժիսորը վերջնական ֆիլմն առաջին անգամ տեսավ միայն Վելինգտոնում՝ պրեմիերայի ժամանակ։
Նկարահանված մի քանի հատվածներ նույնիսկ չընդգրկվեցին ընդլայնված տարբերակում։ Հանվեցին նաև որոշ հատվածներ, որոնք հիշատակվում էին գրքում[9]։ Հետագայում Փիթեր Ջեքսոնը հայտարարեց, որ կցանկանար տեսնել այդ հատվածներից որոշները ապագա «վերջնական հրատարակության» մեջ[21]։
Երաժշտություն
խմբագրելԵրաժշտության գրման համար 2000 թվականի օգոստոսին հրավիրվեց կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորը[22]։ Նա ստեղծեց շատ տարբեր երաժշտություններ ֆիլմի տարբեր կերպարների և դրվագների համար, օրինակ՝ երաժշտություններ Շիրի, Գոնդորի, Ռոհանի դրվագների համար, Մատանու եղբայրության համար և այլն։ Դրանք կատարվեցին Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, այնպիսի կատարողների մասնակցությամբ, ինչպիսիք են՝ Բեն Դել Մաեստրոն, Էնիան, Ռենե Ֆլեմինգը, Ջեյմս Գոլուեյը, Էննի Լենոքսը և Էմիլիանա Թորրինին։ Երգեր կատարեցին նաև դերասաններ Բիլի Բոյդը, Վիգգո Մորտենսենը, Յեն Հոլմը, Դոմինիկ Մոնահանը, Յան Մաքկելենը, Լիվ Թայլերը և Միրանդա Օթոն։ Ֆրենսիս Ուոլշը և Ֆիլիպպա Բոյենսը երգերի համար բառեր գրեցին, որոնք Դեվիդ Սալոն թարգմանեց Թոլքինի լեզվով։ Երրորդ ֆիլմի երաժշտությունը՝ «Into the West» վերնագրով, նվիրված էր երիտասարդ ռեժիսոր Քեմերոն Դունկանին, որը մահացել էր քաղցկեղից՝ 2003 թվականին[23]։
Վիզուալ էֆեկտներ
խմբագրելՎիզուալ էֆեկտներով համեմված տեսարանների քանակը ավելանում է ֆիլմերի հետ միասին. առաջին ֆիլմում դրանք 540-ն են, երկրորդում՝ 799-ը, իսկ երրորդում՝ 1488 (ընդամենը՝ 2730)[24]: Ֆիլմի ընդլայնված տարբերակում վիզուալ էֆեկտներով տեսարանները 3420-ն են։ Սկզբում ֆիլմի վիզուալ էֆեկտների վրա աշխատում էին 260 նկարիչ[25], իսկ երկրորդ ֆիլմի հետ նրանց թիվը կրկնապատկվեց[26]։ Խումբը՝ Ջիմ Ռիգելի և Ռենդի Կուկի գլխավորությամբ մեծ ջանքեր գործադրեցին ֆիլմը ավարտին հասցնելու համար[27]։
Տարածում
խմբագրել2000 թվականի ապրիլի 17-ին դուրս եկավ ֆիլմի տրեյլերը, որը ներբեռնումների նոր ռեկորդ սահմանեց՝ 1.7 միլիոն ներբեռնում 24 ժամում[28]։ 2001 թվականին Կաննի կինոփառատոնում ցուցադրեցին առաջին ֆիլմից 24-րոպեանոց մի հատված, որը գերազանցապես բաղկացած էր իրադարձություններից, որոնք կատարվում էին Մորիայում[29]։ Ցուցադրությունը կատարվեց Միջերկրին բնորոշ կահավորված տաղավարում[16]։
«Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2001 թվականի դեկտեմբերի 19-ին և առաջին ուիք-ենդին ԱՄՆ-ում աշխատեց $47 միլիոն, իսկ ընդհանուր հավաքեց $871 միլիոն։ Կինոթատրոններում տիտրերին էր միացված նաև «Երկու ամրոցի» նախադիտումը[30]։ Ավելի ուշ դուրս եկավ երկրորդ մասի թրեյլերը, որտեղ հնչում էր «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմի երաժշտությունը[31]։ «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին։ Առաջին ամերիկյան ուք-ենդին ֆիլմը ստացավ $62 միլիոն և գերազանցեց իր նախորդին՝ համաշխարհային վարձույթում հավաքելով $926 միլիոն։ «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմի թրեյլերն առաջին անգամ ցուցադրվեց New Line Cinema ընկերության «Օգտագործված առյուծներ» ֆիլմի սկզբում՝ 2003 թվականի սեպտեմբերի 23-ին[32]։ Ֆիլմի պրեմիերայից հետո (2003 թվականի դեկտեմբերի 17-ին) այն առաջին ամերիկյան ուիք-ենդին հավաքեց $72 միլիոն և դարձավ իր ժամանակների երկրորդ ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան 1 միլիարդ դոլար։
Գնահատականներ և ընդունում
խմբագրելՇահույթ
խմբագրելՍտորև բերված է ֆիլմերի ունեցած եկամուտը.
Ֆիլմ | Լայն տարածման ամսաթիվ | Բյուջե | Շահույթ | Դիրքը ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
«Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» | դեկտեմբերի 19, 2001 | $93 000 000 | $871 530 324 | № 41 | [33] |
«Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» | դեկտեմբերի 18, 2002 | $94 000 000 | $926 047 111 | № 34 | [34] |
«Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» | դեկտեմբերի 17, 2003 | $94 000 000 | $1 119 929 521 | № 12 | [35] |
Ընդամենը | $281 000 000 | $2 917 506 956 |
Քննադատների և հանդիսատեսի արձագանք
խմբագրելԸնդհանուր առմամբ հավաքելով մոտ 2,92 միլիարդ դոլար՝ «Մատանիների տիրակալը» համարվում է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր եռագրությունը։ Ֆիլմաշարը կրկնեց «Բեն-Հուր»-ի և «Տիտանիկ»-ի ռեկորդները՝ «Թագավորի վերադարձը» ֆիլմի համար ստանալով 11 օսկար[36]։
Քննադատների մեծ մասը եռագրությունը դրական գնահատեց։ Los Angeles Times-ից Քեննեթ Թուրանի կարծիքով՝ «եռագրությունը եթե ոչ երբեք, ապա շուտ չի գտնի իր հավասարը»[37]։ Յան Մաքկելենի, Շոն Էսթինի, Վիգգո Մորտենսենի և Էնդի Սերկիսի դերասանական խաղը բարձր գնահատվեց IMDb-ում՝ տարբեր հարցումերի ժամանակ[38][39], նաև դրական արձագանքներ գտան մարտերի էֆեկտները և Գոլլումի կերպարը։ Որոշ քննադատներ միջին մակարդակի գնահատեցին ֆիլմը։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմին միջին գնահատական տվեց (3/4՝ առաջին և երկրորդ ֆիլմերին և 3,5/4՝ երրորդ ֆիլմին), բարձր գնահատեց էֆեկտները, սակայն բացթողումներ նկատեց սյուժեում[40], և ֆիլմերից ոչ մեկը չհայտնվեց նրա 10 լավագույն ֆիլմերի ցանկում[41]։
Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացավ դրական՝ միջինում 94% գնահատական քննադատների կողմից, համապատասխանաբար՝ 92%, 96% և 94% գնահատական, որը նրան դասեց լավագույն եռագրությունների շարքին՝ «Խաղալիքների պատմության» (առաջին երկու ֆիլմերը ստացան 100%, իսկ երրորդը՝ 99% գնահատական), Ապուի մասին պատմող ֆիլմերի (97%, 93% և 100%), Դոլարային եռագրության (98%, 93%, 97%) և «Աստղային պատերազմներ»-ի օրիգինալ եռագրության (94%, 97% և 79%) հետ միասին։ Metacritic-ը հիմնվելով ամեն ֆիլմի իր սեփական գնահատականի վրա (92%, 88%, 94%), «Մատանիների տիրակալը» համարում է քննադատների կողմից ամենաընդունված եռագրությունը։ Յուրաքանչյուր ֆիլմը ներառված է կայքի լավագույն հարյուրյակի մեջ։
Եռագրությունն ընդգրկված է շատ «լավագույն ցանկերում», ինչպես օրինակ՝ «Դալլաս - Ֆորթ-Ուերտի կինոքննադատների ասոցիացիայի լավագույն ֆիլմերի տասնյակ»-ում, Time ամսագրի «բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմեր»-ում, կինոքննադատ Ջեյմս Բերարդինելիի 100 լավագույն ֆիլմերի ցանկում և այլն[42]։ 2007 թվականին USA Today-ը ֆիլմաշարն անվանեց նախորդ 25 տարիների ամենակարևոր ֆիլմերը[43]։ Entertainment Weekly-ն այն տեղադրեց իր «վերջին 10 տարիների լավագույն ֆիլմերի ցանկ»-ում[44]։ Paste ամսագիրն «Մատանիների տիրակալ»-ն ընդգրկեց «վերջին 10 տարվա լավագույն 50 ֆիլմերի ցանկ»-ում (2000-2009), որտեղ ֆիլմաշարը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[45]։
Թոլքինի հարազատները և ժառանգները հենց սկզբից գրքի էկրանավորմանը բացասական էին վերաբերվում։ Բայց քանի որ 1968 թվականին հեղինակը գրքի հեղինակային իրավունքները վաճառել էր $15 000-ով, նրանք չկարողացան դեմ գնալ նկարահանումներին։ Միայն Թոլքինի թոռը՝ Սայմոնը փորձեց օգնել նկարահանող խմբին, ինչը հանգեցրեց նրա և մյուս հարազատների հարաբերությունների վատացմանը։
Ստորև բերված է ֆիլմերի ստացած գնահատականները տարբեր կայքերում.
Ֆիլմ | Rotten Tomatoes | Metacritic | Yahoo! Movies | |
---|---|---|---|---|
Ընդամենը | Լավագույն քննադատներ | |||
«Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» | 91% (219 ձայն)[46] | 92% (39 ձայն)[46] | 92% (34 ձայն)[47] | A (15 ձայն)[48] |
«Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» | 96% (235 ձայն)[49] | 100% (39 ձայն)[49] | 88% (38 ձայն)[50] | A- (16 ձայն)[51] |
«Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» | 94 % (254 ձայն)[52] | 98 % (44 ձայն)[52] | 94 % (41 ձայն)[53] | A- (15 ձայն)[54] |
Մրցանակներ
խմբագրելԸնդհանուր առմամբ ֆիլմը առաջադրվել է Օսկարի 30 մրցանակի, որոնցից շահել է 17-ը, ինչը ռեկորդ է եռագրության համար։ «Թագավորի վերադարձը» հաղթեց բոլոր անվանակարգերում, որոնցում առաջադրված էր, այն հավասարվեց «Բեն-Հուր» և «Տիտանիկ» ֆիլմերի հետ, որոնք նույնպես ստացել էին 11 օսկար։ Դերասան Յան Մաքկելենը միակն էր, ով առաջադրվեց օսկարի որպես լավագույն դերասան՝ «Մատանու եղբայրության» համար։
- «Մատանու եղբայրություն» - առաջադրվել է 13, ստացել՝ 4 օսկար
- «Երկու ամրոց» - առաջադրվել է 6, ստացել՝ 2 օսկար
- «Թագավորի վերադարձը» - առաջադրվել է 11, ստացել՝ նույնքան օսկար
Ստորև բերված է ֆիլմաշարի յուրաքանչյուր ֆիլմի Օսկար կինոմրցանակին առաջադրված և հաղթած անվանակարգերի ցանկը.
Մրցանակ | Արդյունք | ||
---|---|---|---|
«Մատանու եղբայրություն» | «Երկու ամրոց» | «Թագավորի վերադարձը» | |
Լավագույն ֆիլմ | Առաջադրված | Առաջադրված | Հաղթանակ |
Լավագույն ռեժիսոր | Առաջադրված | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Առաջադրված | ||
Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | Հաղթանակ | |
Լավագույն երաժշտություն | Հաղթանակ | Հաղթանակ | |
Լավագույն երգ | Առաջադրված
|
Հաղթանակ («Into the West») | |
Լավագույն օպերատորական աշխատանք | Հաղթանակ | ||
Լավագույն մոնտաժ | Առաջադրված | Առաջադրված | Հաղթանակ |
Լավագույն բեմադրող նկարիչ | Առաջադրված | Առաջադրված | Հաղթանակ |
Լավագույն հանդերձանքի դիզայն | Առաջադրված | Հաղթանակ | |
Լավագույն հնչյունավորում | Առաջադրված | Առաջադրված | Հաղթանակ |
Լավագույն վիզուալ էֆեկտներ | Հաղթանակ | Հաղթանակ | Հաղթանակ |
Լավագույն ձայնային մոնտաժ | Հաղթանակ | ||
Լավագույն դիմահարդարում | Հաղթանակ | Հաղթանակ |
Յուրաքանչյուր ֆիլմ ստացավ «Հյուգո» մրցանակ լավագույն արտադրության համար, MTV կինոմրցանակ լավագույն ֆիլմի համար և «Սատուրն» մրցանակ՝ լավագույն ֆենտեզի-ֆիլմի համար։ Առաջին և երրորդ ֆիլմերը ստացան նաև BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար։ «Երկու ամրոց»-ի երաժշտությունը չառաջադրվեց օսկարի, քանի որ չէր թույլատրվում երաժշտության մեջ ներառել այլ ֆիլմերից երաժշտական հատվածներ, իսկ այն պարունակում էր հատվածներ նախորդ ֆիլմի սաունդրեքից։ Այդ կանոնը հանվեց «Թագավորի վերադարձը» ֆիլմի ժամանակ և այն ստացավ օսկար լավագույն երաժշտության համար։ Վերջին ֆիլմը ստացավ նաև 4 «Ոսկե գլոբուս» մրցանակ, այդ թվում՝ լավագույն դրամատիկական ֆիլմի համար։
«Հոբիթ»
խմբագրելՆերկայումս ռեժիսոր Փիթեր Ջեքսոնն արդեն ավարտել է իր աշխատանքը «Հոբիթ» եռագրության վրա, որը հիմնված է Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» (1937) վեպի վրա։
Ֆիլմաշարի ֆիլմերն են.
- «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (անգլ.՝ The Hobbit: An Unexpected Journey) - լայն տարածում ստացավ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին,
- «Հոբիթ։ Սմոգի պարապուտը» (անգլ.՝ The Hobbit: The Desolation of Smaug) - լայն տարածում ստացավ 2013 թվականի դեկտեմբերի 13-ին,
- «Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը» (անգլ.՝ The Hobbit: The Battle of the Five Armies) - լայն տարածում ստացավ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին։
Նոր ֆիլմերում իրենց դերերը կրկնեցին Յան Մաքկելենը, Էնդի Սերկիսը, Հյուգո Ուիվինգը, Էլայջա Վուդը, Յեն Հոլմը, Քրիստոֆեր Լին, Քեյթ Բլանշետը և Օրլանդո Բլումը։
Տարբերակներ
խմբագրելՖիլմի այն տարբերակը, որը ցուցադրվել է կինոթատրոններում, միակը չէ։ Գոյություն ունի նաև ֆիլմերի, այսպես կոչված, «ընդլայնված տարբերակը» (Extended Edition), որոնք ավելի մանրամասնորեն են ներկայացնում սյուժեն և հերոսներին։
Հարկ է նշել, որ Փիթեր Ջեքսոնը ռեժիսորական տարբերակ է ընդունում այն տարբերակը, որը ցուցադրվել է կինոթատրոններում[55]։ Ըստ նրա, հանդիսատեսի համար ձանձրալի կլիներ այդքան երկար ֆիլմը։ Սակայն ֆիլմի երկրպագուների և լավ ստացված հատվածների օգտագործման համար յուրաքանչյուր ֆիլմի համար ստեղծվեց նաև «ընդլայնված տարբերակը»։
Ստորև բերված է ֆիլմերի տարբերակների տևողությունը.
Ֆիլմ | Օրիգինալ տարբերակ | Ընդլայնված տարբերակ* |
---|---|---|
«Մատանու եղբայրություն» | 178 րոպե | 208 րոպե (228 րոպե լրացուցիչ տիտրերի հետ միասին) |
«Երկու ամրոց» | 179 րոպե | 223 րոպե (235 րոպե լրացուցիչ տիտրերի հետ միասին) |
«Թագավորի վերադարձը» | 201 րոպե | 251 րոպե (263 րոպե լրացուցիչ տիտրերի հետ միասին) |
*Լրացուցիչ տիտրերը ներառում են նաև ֆիլմաշարի պաշտոնական երկրպագուների խմբի հիմնադիր-անդամներին, որոնց ստեղծողները հայտնում են իրենց շնորհակալությունը։
Ազդեցություն
խմբագրել- 2002-2004 թվականներին ռեժիսոր Ն. Վ. Պալյանսկին նկարահանեց ֆիլմաշարի պարոդիան՝ «Ունայնություն մատանիների շուրջ» վերնագրով (անգլ.՝ «The Trouble of the Rings»)։
- 2009 թվականին երկրպագուների կողմից նկարահանվեցին երկու ֆիլմ՝ «Որս Գոլլումին բռնելու համար» և «Հույսի ծնունդ» վերնագրերով։ Երկու ֆիլմերի ստեղծմանը չեն աջակցել ո՛չ Փիթեր Ջեքսոնը, ո՛չ New Line Cinema ստուդիան։
- Ֆիլմաշարը հիշատակվում է «Շատ էպիկական ֆիլմ» ամերիկյան կինոկատակերգությունում։
- «Հարավային այգի» մուլտսերալի էպիզոդներից մեկում ևս հիշատակվում է եռագրությունը։ Էպիզոդը կոչվում է «Մատանու եղբայրության վերադարձը երկու ամրոց»։
- «Մատանիների տիրակալը» հիշատակվում է նաև «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 7-րդ սերիայում։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմաշարի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հաճախ հայտնվում է ֆիլմերում որպես կամեո. առաջին ֆիլմում որպես գազար ուտող պատահական անցորդ, երկրորդ ֆիլմում խաղում էր քաղաքի պաշտպանի դեր, իսկ երրորդ ֆիլմում (ընդլայնված տարբերակում) նա ծովահեն է, որին վիրավորում է Լեգոլասը։ Ծովահենների դերերը Ջեքսոնի հետ կատարում էին նկարահանող անձնակամի մյուս անդամները՝ Ռիք Պորրասը, Ռիչարդ Թեյլորը, Էնդրյու Լեսնին և Ջինո Ասեվեդոն։
- Բոլոր երեք ֆիլմերում խաղում են նաև Ջեքսոնի փոքրիկ որդին և դուստրը։ «Մատանու եղբայրության» մեջ, երբ Բիլբոն իր ծննդյան տոնակատարության ժամանակ հավաքված երեխաներին պատմում է իր արկածների մասին, առաջին շարքում նստած հոբիթները իր երեխաներն են։ Երկրորդ ֆիլմում նրանք արդեն Ռոհանի մարդկանց դեր են կատարում, իսկ երրորդում՝ նրանք Մինաս-Տիրիթի բնակիչներ են։
- Այն դերասանները, որոնք կատարում էին Մատանու եղբայրության անդամների դերերը, դաջվածքներ են արել էլֆական 9 թվի տեսքով։ Դաջվածք անել հրաժարվել է միայն Ջոն Ռիս Դևիսը։ Էլայջա Վուդի դաջվածքը փորի տակ է։ Շոն Էսթինը և Բիլի Բոյդը իրենց դաջվածքներն արել են կոճերի վրա՝ ի հիշատակ հոբիթական ոտքերի, իսկ Դոմինիկ Մոնահանը՝ աջ ձեռքի վրա։ Օրլանդո Բլումի դաջվածքը նախաբազկի վրա է, որը երևում է «Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը» ֆիլմի կադրերից մեկում։ Յան Մաքկելենի և Շոն Բինի դաջվածքները թիակի վրա են։ Իսկ Վիգգո Մորտենսենի դաջվածքը ձախ թիակին է, որը երևում է նրա ֆիլմերից մեկում։
- Սարումանի դերի կատարող Քրիստոֆեր Լին դժգոհեց, երբ իմացավ, որ Սարումանի մահվան տեսարանը հանվել է ֆիլմի օրիգինալ տարբերակից. այն միացվել էր ընդլայնված տարբերակին։ Ի դեպ, Քրիստոֆեր Լին միակ դերասանն էր, որն անձամբ ճանաչում էր Թոլքինին և մտերիմ էր նրա հետ։ Հաճախ նա ուղղություն էր ցույց տալիս բեմադրող-նկարիչներին և մոնտաժորներին, թե այս կամ այն կերպարն ինչպիսի տեսք պետք է ունենա։
- Երբեմն նկարահանումների ժամանակ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը քնում էր ընդամենը 4 ժամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt0120737/
- ↑ «The Lord of the Rings: The Fellowship of the Ring». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «The Lord of the Rings: The Two Towers». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The Lord of the Rings: The Return of the King». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Ian Nathan (2003 թ․ նոյեմբերի 28). «Peter Jackson». Empire. էջ 90.
- ↑ Brian Sibley (2001). The Lord of the Rings: The Fellowship of the Ring Insider's Guide. Houghton Mifflin. էջեր 11–12. ISBN 0618195599.
- ↑ 7,0 7,1 Brian Sibley (2006). «Cheats, Spooks, Hobbits and Apes». Peter Jackson: A Film-maker's Journey. London: Harper Collins. էջեր 310–328. ISBN 0-00-717558-2.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Brian Sibley (2006). «Quest for the Ring». Peter Jackson: A Film-maker's Journey. London: Harper Collins. էջեր 329–87. ISBN 0-00-717558-2.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «Властелин Колец: Братство Кольца» (дополнительные материалы) (DVD). New Line Cinema. 2002.
- ↑ Sibley (2006), pp.388-92
- ↑ Head, Steve (2002 թ․ դեկտեմբերի 13). «An interview with Peter Jackson». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Властелин колец: Две крепости» (дополнительные материалы) (DVD). New Line Cinema. 2003.
- ↑ Braun, J.W. (2009). The Lord of the Films. ECW Press. ISBN 978-1-55022-890-8.
- ↑ «Hobbiton is being built». The One Ring.net. 2006 թ․ ապրիլի 12.
- ↑ French, Lawrence (2005). Peter Jackson From Gore to Mordor – Ray Harryhausen visits Middle-earth. Nexus. էջեր 149–150. ISBN 978-0-85965-356-5.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ 16,0 16,1 16,2 Sibley, Brian (2002). The Making of the Movie Trilogy. Harper Collins. ISBN 978-0-618-26022-5.
- ↑ «Lord of the Rings: The Fellowship of the Ring cast». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «The Lord of the Rings: The Two Towers cast». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «The Lord of the Rings: The Return of the King cast». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Hey, what happened to Saruman?». CNN. 2003 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Peter Jackson talks of Lord of the Rings Ultimate Box Set». The Movie Blog.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Davidson, Paul (2000 թ․ օգոստոսի 15). «Lord of the Rings Composer Confirmed». IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Властелин колец: Братство Кольца» (DVD) - превью «Двух крепостей» (2002)
- ↑ Weta Digital (DVD). New Line Cinema. 2004.
{{cite AV media}}
:|format=
requires|url=
(օգնություն) - ↑ Weta Digital (DVD). New Line Cinema. 2002.
{{cite AV media}}
:|format=
requires|url=
(օգնություն) - ↑ Weta Digital (DVD). New Line Cinema. 2003.
{{cite AV media}}
:|format=
requires|url=
(օգնություն) - ↑ The End Of All Things (DVD). New Line Cinema. 2004.
{{cite AV media}}
:|format=
requires|url=
(օգնություն) - ↑ «Lord of the Rings News | LoTR movie internet trailer preview». Xenite.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Davidson, Paul (2001 թ․ մայիսի 15). «IGN: LOTR Footage Wows Journalists». Uk.movies.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Davidson, Paul (2002 թ․ հունվարի 25). «A Longer Fellowship Ending?». IGN. News Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Movie Answer Man». rogerebert.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «MovieWeb.com's News for 23 September 2003, last retrieved on 5 August 2006». Movieweb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The Fellowship of the Ring (2001)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The Two Towers (2002)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The Return of the King (2003)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Remaking King Kong an honor for Jackson by John Horn. Retrieved 5 August 2006
- ↑ Return of the King review at CalendarLive.com by Kenneth Turan. Retrieved 5 August 2006
- ↑ Daily Poll Results
- ↑ Daily Poll Results
- ↑ «Review of The Lord of the Rings: The Return of the King from http». //rogerebert.suntimes.com/. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Ebert's 10 Best Lists: 1967–present». Rogerebert.suntimes.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ James Berardinelli. «Berardinelli's All-Time Top 100». Reelviews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Susan Wloszczyna (2007 թ․ հուլիսի 2). «Hollywood highlights: 25 movies with real impact». USA Today.
- ↑ 11 December 2009, «THE 100 Greatest MOVIES, TV SHOWS, ALBUMS, BOOKS, CHARACTERS, SCENES, EPISODES, SONGS, DRESSES, MUSIC VIDEOS, AND TRENDS THAT ENTERTAINED US OVER THE PAST 10 YEARS». Entertainment Weekly. (1079/1080):74-84
- ↑ «The 50 Best Movies of the Decade (2000–2009)». Paste Magazine. 2009 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 46,0 46,1 «The Fellowship of the Ring». Rotten Tomatoes.
- ↑ «The Fellowship of the Ring (2001): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The Fellowship of the Ring – Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 49,0 49,1 «The Two Towers». Rotten Tomatoes.
- ↑ «The Two Towers (2002): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The Two Towers – Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 52,0 52,1 «The Return of the King». Rotten Tomatoes.
- ↑ «The Return of the King (2003): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The Return of the King – Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The theatrical versions are the definitive versions. I regard the extended cuts as being a novelty for the fans that really want to see the extra material» (Interview: Peter Jackson Արխիվացված 2015-10-09 Wayback Machine. 8 Dec 2003 // IGN Entertainment).
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատանիների տիրակալը (ֆիլմաշար)» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |