Մարդկային վահան, հայտնի է նաև որպես Կենդանի վահան, միջազգային մարդասիրական իրավունքում պաշտպանվող սուբյեկտներից, այդ թվում՝ քաղաքացիական անձանցից և ռազմագերիներից բաղկացած մարդկանց խումբ, որը կամավոր կերպով կամ հարկադրված զբաղեցնում է նույն տարածությունը, որտեղ որ գտնվում են ռազմական թիրախները և կոմբատանտները[1]՝ այդ տարածքը ռազմական գործողություններից անձեռնմխելի դարձնելու նպատակամղմամբ։

1949 թվականի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրության համաձայն արգելվում է մարդկային վահանների օգտագործումը զինված հակամարտությունների ընթացքում։ Միևնույն ժամանակ, մարդկային վահանների ստեղծումը նաև հատուկ դիտավորությամբ պատերազմական հանցագործություն է, որն ամրագրված է 1998 թվականին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում[2]։ Հռոմի ստատուտի հոդված 8(2)(b)(xxiii)-ի համաձայն՝ արգելվում է քաղաքացիական անձի կամ այլ պաշտպանյակ անձի ներկայության օգտագործումը՝ որոշակի վայրեր, տարածքներ կամ զինված ուժեր ռազմական գործողություններից անձեռնմխելի դարձնելու համար[3]։

Միջազգային մարդասիրական իրավունքի (jus in bello)՝ պատմականորեն միայն ինքնիշխան պետությունների միջև ծագած զինված հակամարտությունների պարագայում կիրառվելու տրամաբանությամբ պայմանավորված՝ մարդկային վահանների օգտագործումը միջազգային քրեական իրավունքում որպես միջազգային հանցագործություն արգելվում է միայն միջազգային զինված հակամարտությունների համատեքստում[4]։

Պատմություն

խմբագրել

Պատերազմի օրենքները (jus in bello) դեռևս վաղ ժամանակներից պաշտանում են զինված ընդհարումների ընթացքում այն անձանց, ովքեր չեն մասնակցում կամ դադարել են մասնակցել ռազմական գործողություններին[1]։

Զինված ընդհարումների իրավունքում (ներկայումս՝ միջազգային մարդասիրական իրավունք) առաջին անգամ խոսվում է ռազմական և քաղաքացիական թիրախների միջև տարբերակման սկզբունքի մասին 1907 թվականի Հաագայի երկրորդ խաղաղության վեհաժողովում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «ամբողջական պատերազմի» հայեցակարգը թույլ էր տալիս համապատասխան գործողությունների իրականացում, եթե այն թույլ կտար հասնել ռազմական գերակայության։ «Տոտալ պատերազմում» թույլատրվում էր թիրախավորել խաղաղ բնակչությանը, եթե դա կնպաստեր թշնամուն բարոյալքելու ռազմական նպատակին։ Անխտիր ռմբակոծությունը համարվում էր ընդունելի մեթոդ՝ թշնամուն բարոյալքելու համար։ Քաղաքացիական անձանց որպես հատուկ պաշտպանված խմբի պաշտպանելու վաղ փորձերը․ այսպիսով, անհաջող էին։ Առաջին աշխարհամարտին բնորոշ ամբողջական պատերազմի տրամաբանությունը պահպանվում է նաև Երկրորդ համաշխարհայինի ժամանակահատվածում[5]։

1949 թվականի Ժնևի կոնվենցիաների ընդունումը պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության առաջին կարևոր նախաձեռնությունն էր։ Կոնվենցիաները հետագայում՝ 1977 թվականին, ընդլայնվում են նաև լրացուցիչ արձանագրություններով։ Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրությունը պահանջում է, որ հարձակումները սահմանափակվեն հստակ ռազմական թիրախներով։ Այսպիսով, առաջին արձանագրության հոդված 52(2)-ը սահմանում է, որ «Հարձակումները պետք է խստագույնս սահմանափակվեն օբյեկտներով։ Ինչ վերաբերում է օբյեկտներին, ապա ռազմական օբյեկտները սահմանափակվում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթի, տեղադրման, նշանակության կամ օգտագործման բերումով արդյունավետ բաժին են ներդնում ռազմական գործողությունների մեջ, և որոնց լրիվ կամ մասնակի խարխլումը, գրավումը կամ չեզոքացումը տվյալ պահին առկա հանգամանքներով տալիս են բացահայտ ռազմական առավելություն։»[6]։

Իրավական դոկտրին

խմբագրել

Հարձակումները պետք է խստագույնս սահմանափակվեն օբյեկտներով։ Ինչ վերաբերում է օբյեկտներին, ապա ռազմական օբյեկտները սահմանափակվում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթի, տեղադրման, նշանակության կամ օգտագործման բերումով արդյունավետ բաժին են ներդնում ռազմական գործողությունների մեջ, և որոնց լրիվ կամ մասնակի խարխլումը, գրավումը կամ չեզոքացումը տվյալ պահին առկա հանգամանքներով տալիս են բացահայտ ռազմական առավելություն։

—Լրացուցիչ արձանագրություն 1[7]

Ռազմական անհրաժեշտությունը կարող է արդարացնել ուժի կիրառումը որոշակի հանգամանքներում, երբ կա ռազմական առավելության անհրաժեշտություն, որը կարելի է ձեռք բերել բացառապես հարձակման միջոցով։ Երբ ուժի կիրառումը չափազանցված է իր ակնկալվող ռազմական առավելությունների համեմատ, այն որակվում է որպես անհամաչափ ուժի կիրառում, իսկ անհամաչափ ուժն արգելված է միջազգային իրավունքով։

Հռոմի ստատուտի համաձայն՝ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ պաշտպանված անձանց որպես վահան օգտագործելը պատերազմական հանցագործություն է[8]։ Ներկայումս իրավաբան գիտնականների միջև բանավեճ կա այն մասին, թե արդյոք ավանդական համաչափության վերլուծությունը պետք է փոփոխվի՝ հաշվի առնելով այն դերակատարների մեղավորությունը, ովքեր օգտագործում են մարդկային վահանները ռազմավարական առավելություններ ձեռք բերելու համար։ Ժամանակակից ասիմետրիկ պատերազմում դժվար է դարձել տարբերակել ռազմական թիրախները քաղաքացիական անձանց միջև, սակայն պետական դերակատարները դեռևս հիմնվում են հումանիտար իրավունքի ավանդական սկզբունքների վրա։ Ոչ պետական միավորները, ինչպիսիք են օրինակ՝ պարտիզանները, անջատողականները կամ ահաբեկիչները, շատ հաճախ հակամարտությունների ընթացքում թաքնվում են խաղաղ բնակչության շրջանում և կարող են օգտվել այս դիրքից՝ հարձակումներ իրականացնելու համար։ Երբ այս ոչ սովորական մարտիկների դեմ ուղղված ռազմական գործողությունները հանգեցնում են քաղաքացիական անձանց մահվան, պետական դերակատարները կարող են մեղադրել թշնամու ուժերին, որոնք օգտագործում են կենդանի վահաններ։

Կամավոր և հարկադրված կենդանի վահաններ

խմբագրել

Միջազգային զինված հակամարտությունում մարտիկներին արգելվում է պաշտպանված քաղաքացիական անձանց օգտագործել որպես մարդկային վահան՝ ռազմական առավելության հասնելուն աջակցելու համար։ Պաշտպանված անձինք (hors de combat), որոնք ապօրինի մարտիկների կողմից օգտագործվում են որպես կենդանի վահաններ, չեն կորցնում իրենց հիմնական իրավունքները։ Հարկադրված կենդանի վահանների օգտագործումը չի ազատում մյուս կողմին պաշտպանված քաղաքացիական անձանց թիրախ չդարձնելու կամ ավելորդ կողմնակի վնաս չպատճառելու իրավական պարտավորություններից։

Կամավոր կենդանի վահանները կարող են համարվել «ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներ»։ Այնուամենայնիվ, եթե վերջիններս պաշտպանում են պաշտպանված անձնակազմ կամ օբյեկտ, ապա նրանք դեռ կարող են պահպանել իրենց hors de combat-ի կարգավիճակը։ Միջազգային սովորութային իրավունքում այս հանգամանքը բազմաթիվ քննարկումների առարկա է։

Կենդանի վահանների կիրառումը շատ հաճախ կատարվում է այլ նպատակադրումներով ևս։ 2003 թվականին արևմտյան որոշ իրավապաշտպանները մեկնեցին Բաղդադ՝ ծառայելու որպես կենդանի վահան ի նշան Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրաք ներխուժման նկատմամբ իրենց ունեցած բացասական վերաբերմունքի։ Նույն տարում ամերիկացի խաղաղության ակտիվիստ Ռեյչել Քորին սպանվեց իսրայելական բանակի բուլդոզերի կողմից Ռաֆահում, երբ որպես կամավոր միացել էր Միջազգային համերաշխության շարժման կենդանի վահանին՝ Պաղեստինում տների քանդումման գործընթացը կանխելու համար։

Միջազգային մարդասիրական իրավունքի ներկայիս սահմանափակումները

խմբագրել

Թեև միջազգային մարդասիրական իրավունքը (ՄՄԻ) արգելում է հարձակումները պաշտպանված քաղաքացիական անձանց վրա, նախազգուշական միջոցները, որոնք հարձակվող պետությունը պետք է ձեռնարկի նախքան հարձակումը, մնում են անորոշ։ Համաչափությունը շարունակում է մնալ անորոշ չափորոշիչ, որը տալիս այն հարցի պատասխանը, թե երբ ռազմական գործողությունը կենդանի վահանի դեմ կհամարվեն օրինական։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Gordon, Neve; Perugini, Nicola (2020). Human Shields: A History of People in the Line of Fire. University of California Press. ISBN 9780520301849.
  2. Rome Statute of the International Criminal Court (ICC), art. 8(20)(f) July 17, 1998, 2187 U.N.T.S. 3.
  3. International Criminal Court, Elements of Crimes, art. 8(2)(b)(xxiii), U.N. Doc. PCINICC/2000/1/Add.2 (2000).
  4. International Criminal Court, Elements of Crimes, art. 8(2)(b)(xxiii), U.N. Doc. PCINICC/2000/1/Add.2 (2000)
  5. See, e.g., Horst Boog et al., Germany and the Second World War 10 (2006) (quoting the Casablanca Directive, which described Allied strategy as "the progressive destruction and dislocation of the German military, industrial, and economic system, and the undermining of the morale of the German people to a point where their capacity for armed resistance is fatally weakened").
  6. Protocol I, art. 52(2)
  7. Protocol Additional to the Geneva Conventions of August 12, 1949, and Relating to the Protection of Victims of International Armed Conflicts (Protocol I), opened for signature December 12, 1977, 1125 U.N.T.S. 3, art. 52(2) [hereinafter Protocol I].
  8. International Criminal Court, Elements of Crimes, art.8(2)(b)(xxiii), U.N. Doc. PCINICC/2000/1/Add.2 (2000).