Մելիքություն, 16-18-րդ դարերի ավատատիրական իշխանության վարչաձև Արևելյան Հայաստանում։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Ամենահայտնի և հզոր պետական կազմավորումները Արցախի և Սյունիքի մելիքություններն էին, որոնք երբեմն ձևականորեն ներառված էին իրանական գերիշխանության տակ։ Մելիքություններ կային նաև Երևանի, Նախիջևանի, Գանձակի խանություններում, Հյուսիսարևմտյան Պարսկաստանում և այլ վայրերում։ Նշանավոր են եղել Մելիք-Շահնազարյանների Վարանդայի[en], Գեղարքունիքի, Մելիք-Բեգլարյանների՝ Գյուլիստանի, Մելիք-Իսրայելյանների՝ Ջրաբերդի, Հասան-Ջալալյանների՝ Խաչենի, Մելիք-Եգանյանների՝ Դիզակի մելիքությունները։

Արցախի մելիքություններից յուրաքանչյուրում կային սեփական կայազոր, զորքեր և ամրոցներ («սղնախներ»)։ Մելիքներն իրենց տարածքում դատական վեճերի վերաբերյալ որոշումներ էին կայացնում և հարկեր էին հավաքում։ Ղարաբաղի մելիքներն իրենց համարում էին տարածաշրջանում հայոց պետականության վերջին հենակետը։ 18-րդ դարի 20-ական թվականներին գործուն մասնակցություն են ունեցել Սյունիքի և Արցախի ազատագրական կռիվներին։ 1724-1735 թվականներին Արցախի մելիքությունները հերոսական պայքար են մղել Անդրկովկաս ներխուժած թուրքական զորքերի դեմ, ինքնաբերաբար դաշնակից դառնալով Իրանին։ Հաշվի առնելով այդ, Իրանի Նադիր շահը ճանաչել է Արցախի մելիքությունների ինքնիշխան վիճակը և հաստատել նրանց դաշնակցային ինքնավարությունը՝ «մահալ-ե խամսե» (հինգ մահալ՝ «Խամսայի մելիքություններ») անունով։ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրությանը միանալուց հետո մելիքները հիմնականում ճանաչվել են ոչ թե որպես իշխաններ, այլ միայն անտիտղոս ազնվականներ։ Նրանցից շատերը, հատկապես արցախցի մելիքները ներգրավվեցին ցարական բանակի կազմում։

Անվանում

խմբագրել

«Մելիքություն» բառը ծագում է «մալիք» (արաբ․՝ ملك‎‎՝ թագավոր) տիտղոսից։ Վերջինս հայկական ժառանգական ազնվական տիտղոս էր, որն օգտագործվում էր Արևելյան Հայաստանում՝ ուշ միջնադարից մինչև տասնիններորդ դարի առաջին քառորդը։ Մելիքները ներկայացնում էին հայ ազնվականության վերջին մնացորդները։

Պատմություն

խմբագրել

Հայոց մելիքությունների պատմական ժամանակաշրջանի սկիզբն ընդունված է համարել XVI դ. վերջերը և XVII դ. սկզբները, երբ իր պետականությունը կորցրած հայ ժողովրդի բնօրրանը՝ Հայաստան երկիրը, բաժանվեց Թուրքիայի և Իրանի միջև։ 1600-ական թթ. Սեֆյան Իրանի շահ Աբբաս I-ը, չվստահելով իր իշխանությանը ենթակա Արևելյան Հայաստանում տնօրինություն անող՝ թուրքական ծագում ունեցող ցեղապետերին (որոնք հարկ եղած դեպքում աջակցում էին Իրանի ախոյան՝ Օսմանյան Թուրքիային) հատուկ հրովարտակով Մելիքական (ֆեոդալական մանր իշխանության վարչաձև) իրավունք շնորհեց՝ ոչնչացված հայ իշխանական տների շառավիղների ներկայացուցիչներին, որոնք դարձան պարսից շահի հուսալի հակաուժն ընդդեմ Օսմանյան թուրքերի։ Նույն թվականներին Օսմանյան կայսրության սուլթան՝ Մուրադ IV-ը, վախենալով Ջալալիների (ապստամբած քրդական ցեղեր) շարժումից, և հայերին իրեն կողմը գրավելու նպատակով, կիսաանկախության հրովարտակ (ֆերման) տվեց, իր իշխանության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի լեռնային վայրերում բնակվող հայկական համայնքներին (որոնք փաստական չէին ենթարկվում Արևմտյան Հայաստանը գրաված Օսմանյան թուրքերին), այդ կիսաանկախ արևմտահայկական մելիքությունները կոչվում էին «հյուքումեթություններ» (թուրքերեն՝ hükûmet)։ Դրանք, ըստ էության, օսմանյան սուլթանների քուրդ բեկերին, ցեղապետներին սեփականատիրական իրավունքով շնորհած խոշոր կալվածք։ Հյուքումեթություն ստացողներն ունեին զինվորական և վարչական ինքնուրույնություն, կատարում էին ռազմաավատատիրական ծառայություն և իրենց զորքով մասնակցում սուլթանի ռազմարշավներին։ Նման ժառանգական տիրակալության տարատեսակներից էին նաև ղերեբեյությունը, յուրտլուկը և այլն։ 17-րդ դարի թուրք պատմաբան-աշխարհագրագետ Քյաթիբ Չելեբին իր «Ջիհաննյումա»-ում («Աշխարհի հայելի») Արևմտյան Հայաստանում հիշատակում է Հաքյարիի, Ամադիեի, Սեհրանի, Խոշաբի, Բերկրիի և այլ hյուքումեթություններ։

Արևելյան Հայաստանի հայ ժողովուրդը և մելիքները համախմբված էին Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսության, հոգևոր առաջնորդության (երբեմն պայմանական կոչում են «Արարատյան կրոնամելիքություն»՚) շուրջ, որից գտնվում էին իրավական և փաստական կախվածության մեջ։ Հայոց այս հատվածի մելիքություններից հատկապես աչքի էին ընկնում Սյունիքի և Արցախի մելիքությունները, որոնց դաշնությունը կոչվում էր «Խամսայի մելիքություններ» (Նադիր շահը ճանաչել է այդ մելիքությունների ինքնիշխան վիճակը և հաստատել նրանց դաշնակցային ինքնավարությունը՝ «մահալ-ե խամսե» անունով)։ Այս մելիքություններն էին, որ գլխավորում էին արևելահայոց ազատագրական պայքարը, և 1720-ական թթ.՝ Դավիթ Բեկի գլխավորությամբ գրեթե անկախություն ձեռք բերեցին Պարսից շահի ենթակայությունից։ Արևելահայոց մելիքությունները գոյատևեցին մինչև 19-րդ դարի կեսերը, և երբ Արևելյան Հայաստանի հիմնական տարածքները Իրանի իշխանությունից  անցան Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ, վերջիններս  վերացրեցին մելիքությունները, իսկ մելիքական տների մեծամասնությանը ռուս ցարերի կողմից շնորհվեց ազնվականի կոչումներ, ու զինվորական ծառայության անցան ռուսական բանակում։

Այլ էր Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի ու մելիքությունների (հյուքումեթությունների) վիճակը, որոնք տարաբաժանված էին գրեթե երկու մասի՝

  1. հյուսիսային հատվածում հայ ժողովուրդը և մելիքները (հյուքումեթությունները) համախմբված էին հիմնականում Ախթամարի կաթողիկոսության շուրջ (պայմանական՝ «Ախթամարի կրոնամելիքություն»), որը գոյատևեց մինչև 1895 թ., և կաթողիկոսության աթոռի շուրջ ծայր առած պայքարի, Էջմիածնի կաթողիկոսության հետ ունեցած վեճերի հետևանքով լրիվ հեղինակազրկվեց ու վերացավ
  2. հարավային  հատվածում հայ ժողովուրդը և մելիքները (հյուքումեթությունները) համախմբված էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (պայմանական «Կիլիկիայի կրոնամելիքության») շուրջ, որի նստավայրը Սիս քաղաքն էր, և գոյատևեց (որպես Սիս քաղաքի կաթողիկոսություն) մինչև 1920-1922 թթ., ու Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաշատ այլ վայրերի նման Կիլիկիայի հայաթափ լինելու հետ, տեղափոխվեց աթոռանիստ Սիս քաղաքից։

Արևմտահայոց հյուսիսային հատվածի մելիքություններից (հյուքումեթություններից) աչքի էր ընկնում Սասունի մելիքությունը (հյուքումեթությունը), որը հայ մելիք Հոլոյի որդի Գաբով Արտցու (1605 թ.) օրոք (հարևան Բիթլիսի քրդական խանության իշխանավոր՝ Ավդալ խանի դեմ պայքարում) ձևավորվեց որպես մի կուռ մելիքական կազմավորում՝ հյուքումեթություն։ Վերջինս երբեմն դաշնակցելով հարևան քրդական ցեղերի հետ, գլխավորում էր հայության այդ հատվածի ազատագրական պայքարը Օսմանյան կայսրության դեմ և XIX դ. վերջերին դարձավ հայ հայդուկային շարժման հիմնական օջախներից մեկը։

Արևմտահայության հարավային հատվածի ամենահզոր մելիքությունը (հյուքումեթությունը) դա Զեյթունի իշխանությունն էր, որը ղեկավարում էին գավառի չորս մելիքական (իշխանական) տները՝ Շովրոյաններ, Յաղուբյաններ, Ենի-Դունյաններ և Սուրենյաններ։ Վերջիններիս հուժկու ապստամբությունները (հատկապես 1878 թվականին Պապիկ Ենի-Դունյանի գլխավորած ապստամբությունը) գրեթե ցնցեցին Օսմանյան կայսրությունը։

Արևմտահայության մելիքությունները (հյուքումեթությունները) վերացան XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին. Թուրքական կառավարության կողմից պետականորեն ծրագրավորված և արևմտահայության դեմ  պարբերաբար իրագործվող կոտորածների հետևանքով։

Այրարատի մելիքություններ

խմբագրել

Գեղարքունիք

խմբագրել

Սյունիքի մելիքություններ

խմբագրել

Զանգեզուր

խմբագրել

Քաշաթաղ

խմբագրել

Արցախի մելիքություններ

խմբագրել

Հյուսիսային Արցախ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Լեո, երկ. Ժող., հ. 3, Ե. 1973 թ.
  • Րաֆֆի, Խամսայի մելիքությունները, երկ. Ժող., հ.10 Ե. 1964 թ.
  • Ա. Միրզոյան, Հայ ազատագրական շարժումները Սյունիքում /1722-1730 թթ/, ՀՍՍՌ ԳԱ հրատարակություն, Ե. 1950 թ.
  • Վ. Մելիքսեթյան, Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, ՀՍՍՌ ԳԱ հրատարակություն, Ե. 1950 թ.
  • Կ. Թառոյան, Ժողովրդական շարժումները Սասունում /1890-1894 թթ/, Ե. 1966 թ.
  • А.Р. Иоанисян, Иосиф Эмин, Е. 1946
  • Ա․ ե․ Մխիթարյան, Հաբեթի սերունդները, Հեղինակային հրատարակություն, Ե․ 2002թ․, ISBN 99930-4-060-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 393