Մել Բրուքս
Մել Բրուքս (անգլ.՝ Mel Brooks, ի ծնե՝ Մելվին Ջեյմս Կամինսկի,հունիսի 28, 1926[1][2][2][…], Brownsville, Նյու Յորք[3]), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան և պրոդյուսեր, որը հայտնի է իր պարոդիաներով և ֆարս ֆիլմերով։ 1969 թվականին իր ռեժիսորական «Պրոդյուսերները» դեբյուտի համար արժանացել է «Օսկար»֊ի։
2001 թվականին, նախկինում ստանալով Էմմի, Գրեմմի և Օսկար, նա միացել է ԷԳՕՏ֊ի սակավաթիվ հաղթողների ցանկին՝ «Պրոդյուսերները» մյուզիքլի համար պարգևատրվելով նաև Տոնիի մրցանակով։
Կենսագրություն
խմբագրելՄել Բրուքսը ծնվել է Նյու Յորքում (ԱՄՆ)՝ Վիլնյուսի նահանգից ներգաղթածների ընտանիքում։ Ապագա դերասանի առաջին լեզուն իդիշն է, որը նա հետագայում օգտագործել է իր կատակերգություններում (իր կատարմամբ ամենահայտնին՝ հնդկական ցեղի իդիշախոս առաջնորդն է՝ «Շողշողացող թամբեր» կինոնկարում)։ Նրա մանկությունն անցել է Բրուքլինում՝ Ուիլյամսբուրգի շրջանում։ Երեկոյան հաճախել է կինոթատրոններ, որտեղ Չարլի Չապլինի մասնակցությամբ համր կատակերգություններ են ցուցադրվել։
Բանակում ծառայելուց հետո նա աշխատել է Լաս Վեգասում՝ որպես խաղատան հավաքարար, մինչև մի օր, ռեժիսորի խնդրանքով, բարձրացել է բեմ՝ սթենդ֊ափ արտիստի փոխարեն։ Սկզբում ելույթ է ունեցել մոր ազգանունով` Բրուքման, հետագայում այն կրճատել և դարձրել է Բրուքս։ Նա նաև թմբուկ է նվագել Բադի Ռիչի մոտ, ավելի ուշ դարձել դերասան, ապա՝ ռեժիսոր, այնուհետև աշխատել հեռուստատեսությունում, ստեղծել իր սեփական հեռուստածրագիրը, մի քանի սցենարներ է գրել «The Muppet» շոուի և «Խելացի՛ եղիր» սերիալի համար (ինչպես նաև հնչյունավորել է տիկնիկներից մեկի՝ պրոֆեսոր Կրասմանի կերպարը)։
Ստեղծագործություն
խմբագրելԱռաջին կինոնկարը` «Պրոդյուսերներ» (1968)՝ խարդախ պրոդյուսերների մասին, նրան «Օսկար» է բերել՝ լավագույն սցենարի համար։ Հաջորդ կինոնկարը՝ «Տասներկու աթոռ»֊ը (1970), որը նկարահանվել է Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով վեպի մոտիվների վրա, հաջողություն չի ունեցել։ Դրանից հետո նա այլևս դասական ոճով ֆիլմ չի նկարահանել։
Հաջողությունը նրա դուռը թակել է չորս տարի անց. «Շողշողուն թամբեր» կատակերգությունը (1974) Մել Բրուքսին հավերժացրել է համաշխարհային կինոյի գանձարանում՝ որպես տաղանդավոր պարոդիստ։ Հաջորդ պարոդիական ֆիլմը՝ «Երիտասարդ Ֆրանկեշտեյն»-ն է (1975), որը նկարահանվել է Ջին Ուայլդերի սցենարով։ Այդտեղ Բրուքսը խաղացել է դոկտոր Ֆրանկենշտեյնի դերը, ինչն էլ ամրապնդել է նրա հեղինակությունը որպես կատակերգու։ Ֆիլմը նկարահանվել է սև ու սպիտակ կինոժապավենով (կանխատեսել են, որ այն կձախողվի, բայց դա տեղի չի ունեցել)։
Հաջորդ փորձը՝ կապված ձայնի հետ` «Համր ֆիլմ»֊ն է եղել (1976): Այն ստեղծվել է համր ֆիլմի կանոններին համապատասխան, որը մանուկ ժամանակ այդքան սիրել է Բրուքսը։ Այնուհետև նա նկարահանել է ևս մի քանի պարոդիա՝ «Վախ բարձունքից» (1977) (Ալֆրեդ Հիչքոքի թրիլերների հիման վրա), «Համաշխարհային պատմություն, մաս 1» (1981) (պատմական ֆիլմերի հիման վրա), «Տիեզերական ձվեր» (1987) (Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների», Ջին Ռոդդենբերիի «Աստղային ճանապարհի», և «Օտարը» ֆիլմի հիման վրա), «Ռոբին Հուդ։ Զուգագուլպաներով տղամարդիկ» (1993) («Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» բլոկբասթերի հիման վրա) և «Դրակուլա։ Մեռած և գոհ» (1995) (Կոմս Դրակուլայի մասին ֆիլմերի և Բրեմ Սթոքերի վեպի հիման վրա)։
Մել Բրուքսը նկարահանել է նաև ոչ պարոդիական ֆիլմ՝ «Կյանքը զզվանք է» (մեկ այլ թարգմանությամբ՝ «Փողը չի հոտում» 1991):
Ռեժիսորն իր ֆիլմերում հանդես է եկել նաև որպես դերասան՝ խաղալով փոքր դերեր. «Տասներկու աթոռներում»՝ հավաքարար Թիհոն, «Շողշողացող թամբերում»՝ առաջնորդ և նահանգապետ, «Ռոբին Հուդ. Զուգագուլպաներով տղամարդիկ»՝ Ռեբե։ Երբեմն խաղացել է նաև գլխավոր դերեր. բժիշկ Վան Հելսինգի դերը՝ «Դրակուլա. մեռած և գոհ» կինոնկարում, Մել Ֆանի դերը՝ «Համր կինոնկարում»։ «Տիեզերական ձվեր» կատակերգության մեջ խաղացել է նախագահ Դրիստի և Մեծն Յոգուրտի դերերը, իսկ «Կյանքը զզվանք է» ֆիլմում՝ Գոդդարթ Բոլթի (Պեպտո) դերը։
Մել Բրուքսի անունը բազմիցս հիշատակվում է «Սիմփսոններ» մուլտիպլիկացիոն սերիալում։ «Homer vs. Patty and Selma» սերիայում Հոմերը եղել է Բրուքսի տաքսու վարորդը։
Նա նաև երգեր է գրել՝ իր իսկ կինոնկարների համար։ «Ռոբին Հուդը. Զուգագուլպաներով տղամարդիկ» և «To be or not to be» ֆիլմերի ռեփերը, «Վախ բարձրությունից» երգը՝ նույնանուն ֆիլմում։ Այսպիսի բազմակողմանի զարգացվածության շնորհիվ Բրուքսը (ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, դերասան) երկրպագուների շրջանում ստացել է «Մարդ֊Նվագախումբ» մականունը։
Մել Բրուքսը «Brooks Film» կինոստուդիայի տնօրենն է։ Դեյվիդ Լինչի «Փիղ֊մարդը» ֆիլմը նկարահանվել է այս ստուդիայում (ժամանակին անգամ կատակել են այն մասին, թե ինչպես կարող են դրաման նկարահանել կատակերգու ռեժիսորի ստուդիայում)։ Բրուքսը հեղինակել է ևս մի քանի կինոնկար՝ «Լինել, թե չլինել» (1983), «Ճանճը» (1986), «Ճանճը 2» (1989), «Պրոդյուսերները» (վերափոխում՝ 2005 թվականին)։
Այժմ վարպետն այլևս չի նկարահանում, բայց ակտիվորեն դերեր է ստանձնում կինոնկարներում և հեռուստասերիալներում, ինչպես նաև հնչյունավորում է անիմացիոն կերպարներ։ 2007 թվականին թողարկվել է «Տիեզերական ձվերի» մուլտիպլիկացիոն տարբերակը, որը բաղկացած է 25 րոպեանոց սերիաներից։
2013 թվականի հունիսին Բրուքսը արժանացել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի մրցանակին` համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած կարևոր ավանդի համար՝ դառնալով ամենատարեց մարդը, որը Լիլիան Գիշից հետո ստացել է այդ մրցանակը։ 2016 թվականի սեպտեմբերին նա արժանացել է Արվեստի ոլորտի ազգային մեդալով՝ «ամբողջ կյանքում աշխարհին ծիծաղել սովորեցրելու» համար։
Անձնական կյանք
խմբագրել1951-1961 թվականներին Բրուքսը ամուսնացած է եղել Ֆլորենս Բաումի հետ. նրանք ունեցել են երեք երեխա՝ Ստեֆանին, Նիկկին և Էդին։ Երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Էն Բանկրոֆթի հետ, որը մահացել է 2005 թվականին։ Նրանց միակ ընդհանուր երեխան՝ Մաքս Բրուքսը, դարձել է գրող և սցենարիստ։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1968 — «The Producers»
- 1970 — «The Twelve Chairs»
- 1974 — «Blazing Saddles»
- 1974 — «Young Frankenstein»
- 1976 — «Silent Movie»
- 1977 — «High Anxiety»
- 1981 — «History of the World, Part I»
- 1983 — «To Be Or Not To Be»
- 1987 — «Spaceballs»
- 1991 — «Life Stinks»
- 1993 — «Robin Hood: Men in Tights»
- 1994 — «The Little Rascals»
- 1995 — «Dracula: Dead and Loving It»
- 1999 — «Screw Loose»
- 2007 — «Spaceballs»
- 2015 — «Hotel Transylvania 2»
- 2018 — «Hotel Transylvania 3: Summer Vacation»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Barson M., Erickson H. L. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ https://peabodyawards.com/award-profile/mel-brooks/
Գրականություն
խմբագրել- Adler, Bill, and Jeffrey Feinman. Mel Brooks: The Irreverent Funnyman. Chicago: Playboy Press, 1976. .
- Crick, Robert A. The Big Screen Comedies of Mel Brooks. Jefferson, N.C: McFarland, 2002. 978-0-7864-1033-0. .
- Holtzman, William. Seesaw, a Dual Biography of Anne Bancroft and Mel Brooks. Garden City, N.Y: Doubleday, 1979. 978-0-385-13076-9. .
- Patrick McGilligan (biographer)|McGilligan, Patrick. Funny Man: Mel Brooks. Harper, 2019, 978-0062560995
- Parish, James Robert. It's Good to Be the King: The Seriously Funny Life of Mel Brooks. Hoboken, N.J: Wiley, 2007. 978-0-471-75267-7. .
- Symons, Alex. Mel Brooks in the Cultural Industries: Survival and Prolonged Adaptation. Edinburgh: Edinburgh University Press, 2012. 978-0-7486-4958-7. .
- Yacowar, Maurice. Method in Madness: The Comic Art of Mel Brooks. New York: St. Martin's Press, 1981. 978-0-312-53142-3. .
Արտաքին հղումներ
խմբագրել- Hitler Rap — Մել Բրուքսի երաժշտական տեսահոլովակը, որը 1983 թվականին ներկայացված «To be or not to be» ֆիլմի սաունդթրեքի մի մասն է։
- Պաշտոնական կայք
- Mel Brooks – Box Office Data Movie Director Արխիվացված 2012-04-02 Wayback Machine at The Numbers
- Mel Brooks – Box Office Data Movie Star Արխիվացված 2012-04-02 Wayback Machine at The Numbers
- "The Films of Mel Brooks" ՅուԹյուբում, video compilation of film clips, 5 minutes
- Interview with Brooks on National Public Radio|NPR's Fresh Air (March 16, 2005)
- TonyAwards.com Interview with Mel Brooks at Tony Awards site
- Interview with Mel Brooks biographer James Robert Parish
- Photographs and literature
- Mel Brooks at Emmys.com
- Mel Brooks interview on BBC Radio 4 Desert Island Discs, July 4, 1978
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մել Բրուքս» հոդվածին։ |