Միլիմետրական ալիքներ 1—10 մմ ալիքի երկարության էլեկտրամագնիսական տատանումներ։ Կրող մեծ հաճախականության (30—300 Գհց) շնորհիվ միլիմետրական ալիքների օգտագործումը հնարավորություն է տալիս խիստ մեծացնել հաղորդման ինֆորմացիոն տարողությունը։ Միլիմետրական ալիքների ուղղագիծ տարածման պատճառով նրանցով ռադիոկապ կարելի է ապահովել միայն ուղիղ տեսանելիության սահմաններում։ Միլիմետրական ալիքներով մեծ տարածությունների վրա կայուն կապ ապահովելու համար օգտվում են ռադիոռելեային գծերով հաղորդման սկզբունքից։ Մթնոլորտի բացասական ազդեցությունը ալիքների տարածման, վրա վերացնելու համար կարելի է միլիմետրական ալիքներ հաղորդել չոր ազոտով լցված մետաղական խողովակներով՝ ալիքտարներով, քանի որ ազոտը, ի տարբերություն թթվածնի և ջրային գոլորշիների, միլիմետրական ալիքներ չի կլանում։ Մարումը չափազանց փոքր է լինում (1 դբ/կմ), երբ միլիմետրական ալիքները հաղորդվում են պարուրաձև․ ալիքատարներով՝ TE01 տիպի ալիքով։ Միլիմետրական ալիքների կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ համեմատաբար փոքր չափերի անտենայով հնարավոր է ճառագայթումը կենտրոնացնել շատ նեղ փնջում և զգալի մեծացնել ուղղորդվածությունը։ Այս սկզբունքով կառուցված ռադիոլոկատորները կարող են հայտնաբերել փոքր չափերի օբյեկտներ և որոշել նրանց տարածական կոորդինատները։ Միլիմետրական ալիքներն օգտագործվում են ոչ միայն ռադիոտեխնիկական նպատակներով, այլև ֆիզիկայի ու տեխնիկայի տարբեր բնագավառներում, ինչպես նաև աստղագիտության, բժշկության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 537