Միջազգային տնտեսական համագործակցություն

Միջազգային տնտեսական համագործակցություն, առանձին երկրների, երկրների խմբերի, համաշխարհային սոցիալիստական ու կապիտալիստական համակարգերի միջև ու դրանց ներսում զարգացող տնտեսական կապերի ամբողջություն։ Իրականացվում է անկախության, իրավահավասարության և կողմերի փոխադարձ շահավետության սկզբունքներով։ Հիմքը աշխատանքի միջազգային բաժանման խորացումն է։ Կապիտալիստական երկրների միջազգային տնտեսական համագործակցությունը առանձին մոնոպոլիաների և մոնոպոլիստական միությունների միջև միջազգային արտադրական կապերի, միջպետական տնտեսական միավորումների (օրինակ՝ Եվրոպական տնտեսական համագործակցություն) բարդ ու համակողմանի համակարգ է։ Տնտեսական կապերն իրագործվում են կապիտալների միջազգային շարժի, արտաքին առևտրի, աշխատուժի միջազգային արտագաղթի և արժութային հարաբերությունների ձևերով՝ երկրների մրցապայքարի, անհաշտելի հակասությունների խորացման, անհամաչափ զարգացման, համաշխարհային սոցիալիստական համակարգի հզորացման, զարգացող երկրների տնտեսության վերելքի պայմաններում։ Արդյունաբերությամբ զարգացած կապիտալիստական երկրները հարստանում են կախյալ և նախկին գաղութային պետությունների շահագործման հաշվին։ Զարգացած կապիտալիստական և զարգացող երկրների տնտեսական կապերը ձևավորում են մի կողմից ներգաղութատիրության, զարգացող երկրները մոնոպոլիստական կապիտալիզմի ազդեցության ոլորտում պահելու, մյուս կողմից՝ գաղութային համակարգի մնացորդներից, տնտեսական կախվածությունից ազատագրվելու և սեփական արդյունաբերություն ստեղծելու համար մղվող պայքարում։ Համաշխարհային տնտեսության երկու համակարգերը զարգանում են միջազգային տնտեսական կապերի մեջ, որոնք իրագործվում են այդ համակարգերի միջև դասակարգային և գաղափարական անհաշտելի հակասությունների պայմաններում։ Նրանց տնտեսական համագործակցության գլխավոր ձևն արտաքին առևտուրն է, կապված են նաև շինարարական, գիտատեխնիկական, արժութավարկային և այլ հարաբերություններով։ Հասարակական տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության քաղաքականությունը նպաստում է տնտեսական կապերի բարենպաստ զարգացմանը։ Իր հերթին այդ կապերի զարգացումը երաշխիք է դառնում կայուն և երկարատև խաղաղության համար։ Միջազգային տնտեսական համագործակցության կարևորագույն ոլորտ են սոցիալիստական և զարգացող երկրների տնտեսական կապերը, որոնք ընդգրկում են արտաքին առևտուրը, վարկերի տրամադրումը, շինարարությունը, որակյալ կադրերի պատրաստումը և այլն։

Խորհրդային Հայաստանը մասնակցել է Ասուանի (Եգիպտոս) հիդրոհամալիրի, Նաղլուի (Աֆղանստան) հիդրոէլեկտրակայանի, Հինդիկուշի (Հնդկաստան) բարձր լեռնային ավտոճանապարհի, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի այլ երկրներում բազմաթիվ օբյեկտների կառուցմանը։ Հայաստանում արտադրված տրանսֆորմատորները, մետաղահատ հաստոցները, սինթետիկ կաուչուկը, գորգերը, կոնյակները, աղանդերային գինիները և այլ արտադրատեսակներ լայն ճանաչում ունեին համաշխարհային շուկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 581