Միսաք Ճևահիրճյան
Միսաք Սարգսի Ճևահիրճյան (գրվել է նաև Ճևեհիրյան, 1858, Կեսարիա, Թուրքիա - 1924, Ստամբուլ, Թուրքիա), հայ բժիշկ-մանկաբարձ։
Ծնվել է | 1858 |
---|---|
Ծննդավայր | Կեսարիա |
Մահացել է | 1924 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ-մանկաբարձ |
Ամուսին | Աղավնի Քեչյան |
Կենսագրություն
խմբագրելՄիսաք Սարգսի Ճևահիրճյանը ծնվել է 1858 թվականին, Կեսարիայում` գոհարավաճառ Սարգիս Ճեվահիրճյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի թաղային դպրոցում։ 1877-1882 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում։ Մասնագիտացել է կանանց հիվանդությունների, մանկաբարձության, գինեկոլոգիայի և վիրաբուժության գծով։ Սիրիայում և Իրաքում` որպես քաղաքապետական բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ է աշխատել։ 1895-1898 թվականներին Փարիզում անցել է կատարելագործման դասընթաց։ Եղել է նաև Թունիսում (1897-1898 թվականներ ?)։ 1898 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Կումկափու թաղամասում։ Եղել է Կումկափուի ծերանոցի բժիշկը, 1908-1909 թվականներին` Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի Դատաստանական խորհրդի անդամ։
1903 թվականի սկզբին, բարվոք ծառայության և Մաղաքիա արք. Օրմանյան պատրիարքի դեմ մահափորձից հետո նրա նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար արքունիքից արժանացել է «Սանիյե»-ի աստիճանին և «Մեջիդիե»-ի Գ կարգի պատվանշանին։
1905 թվականի սկզբներին մի հայի մատնության պատճառով ձերբակալվել է և 3 ամիս բանտարկվել, սակայն Օրմանյան պատրիարքի՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ին կատարած դիմումով ազատ է արձակվել։ Ամուսնացել է «Բիւզանդիոն» օրաթերթի խմբագիր Բյուզանդ Քեչյանի դստեր՝ Աղավնու հետ։
Հայտնի է եղել որպես փորձված ու հեղինակավոր բժիշկ-մանկաբարձ։ Իր բժշկական ծառայությունները հավասարապես մատուցել է ինչպես վերնախավին, այնպես էլ չքավորներին։ 1908-1909 թվականներին եղել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի դատաստանական, Կումկափու թաղամասի Սբ. Աստվածածին մայր եկեղեցու թաղական խորհուրդների անդամ, Կումկափուի 4 թաղերի Աղքատախնամի բժիշկը։
Եղել է Ազատ որմնադիրների (մասոնների) «Թուրքիայի Մեծ Արևելք» օթյակի անդամ և ունեցել «Մեծ վարպետի» (33-րդ) աստիճան։ 1915 թվականին ընտրվել է Կ. Պոլսի քաղաքային (քաղաքապետարանի) վարչական ժողովի անդամ։
1915 թվականի ապրիլի 24-ին մայրաքաղաքի բազմաթիվ հայ մտավորականների թվում ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը, որտեղից էլ՝ Այաշի բանտը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։
Այաշի բանտից ազատվել է արքունիքի թուրք կանանց (քանի որ նրանց անձնական գինեկոլոգն էր) և իր գործընկեր թուրք Բեսիմ Էոմեր (Օմեր) փաշայի բարեխոսությամբ և դոկտոր Մեհմեդ Ալի բեյի անմիջական ջանադրությամբ։
Մահացել է 1924 թվականի փետրվարի 5-ին, Կ. Պոլսում՝ 66 տարեկանում։ Թաղվել է Կ. Պոլսի Բալըքլըի ազգային գերեզմանոցում։
Ժառանգներ
խմբագրելՈւնեցել է երեք որդի։ Լևոնը մահացել է մանուկ հասակում։ Սարգիսը եղել է անվանի ճարտարապետ և բնակվել Լոզանում, ապա՝ Ժնևում։ Սարգիսը ունեցել է դուստր Սոնային, որը եղել է բալետի պարուհի և ապրել Փարիզում։ Սա ունեցել է դուստր, որը մանկական տարիքում հիվանդացել է մանկական պարալիչով և մահացել 18 տարեկանում։
Հայկը եղել է բանկիր և Կ. Պոլսում ունեցել օճառի գործարան։ Ունեցել է մեկ որդի՝ Ճևեհիրճյան Միսաքին (Կ. Պոլիս, 22-11-1922 - Երևան, 24-06-2009)։ Սա մասնագիտությամբ եղել է մեխանիկ և 1958 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան և բնակվել Երևանում։ Ունեցել է Հայկին (Երևան, 30-031962), որը մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ Սա ունեցել է երկու որդի՝ Միսաքին և Սարգսին, որոնք բժիշկ Միսաք Ճևեհիրճյանի կոռներն են և 2010 թվականի դրությամբ ծնողների հետ բնակվում են Ռուսաստանի Դոնի Ռոստով հայաշատ քաղաքում։
Միսաքը (1989) ուսանում է Դոնի Ռոստովի բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետում, իսկ Սարգիսը (1991)` Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում։ Բժշկի թոռը` Միսաքի կինը՝ Նինան, 2010 թվականի ապրիլի 18-ին տողերիս հեղինակի հիմնած Հայ բժշկության թանգարանին նվիրել է բժշկին պատկանած երկու փոքրիկ մկրատ, իսկ թոռների համար, որպես մասունք, պահել բժշկի բնօրինակ լուսանկարը և նրա ձեռքով պատրաստված, ուլունքակար կազմ ունեցող դրամապանակը, որի երեսին ուլունքներով գործված է. «Կեցցե Սահմանադրութիւնը, 1909 թ., Մ. Ճ.»։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է մի քանի պատվանշաններով։
Գրականություն
խմբագրել- Ընդարձակ օրացոյց Ս.Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
- Պալաքեան Գրիգորիս ծ.վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ, Գահիրէ, 1937։
- Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975։
- Մազմանեան Վրոյր, Յուշեր Եւ Վկայութիւններ, Անթիլիաս, 1991, 345 էջ
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավա գե ան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12
- Բժշկիթոռ Միսաք Ճևեհիրճյանի կնոջ՝ Նինայի հայտնած տեղեկությունները, 18-042010։
- Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ
Աղբյուրներ
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։