Մկրտիչ Հարությունյան (Մգրո)

հայ զինծառայող, մայոր, հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Հարությունյան (այլ կիրառումներ)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (հայտնի է մարտական Մգրո անունով, նոյեմբերի 15, 1989(1989-11-15), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2023(2023-04-11), Տեղ, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ զինծառայող, ՀՀ ԶՈՒ մայոր, հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ (հետմահու)։

Մկրտիչ Հարությունյան
նոյեմբերի 15, 1989(1989-11-15) - ապրիլի 11, 2023(2023-04-11) (33 տարեկան)
ԾննդավայրԹալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՏեղ, Սյունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և Գարեգին Նժդեհ մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Վաղ կյանք

խմբագրել

Մկրտիչ Արմենի Հարությունյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում[1]՝ արմատներով սասունցի զինծառայողի ընտանիքում։ Ծնողների նախնիները գաղթել են Սասունի Շենիկ և Գրմավ գյուղերից։ Նրա հայրը ծառայել է որպես զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ[2]։ 1996 թվականին ընդունվել է ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոց, հետագայում ուսումը շարունակել է նույն քաղաքի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցում, որը բարձր առաջադիմությամբ ավարտել է 2006 թվականին[1]։

Բարձրագույն կրթություն և զինվորական ծառայություն

խմբագրել

2006 թվականին ընդունվել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որում ուսումն ընդհատվել է 2007 թվականին, երբ Մկրտիչը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Նա ծառայել է Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության զորամասում[1]։

Երկու տարի անց նա զորացրվել է և շարունակել կրթությունը՝ ստանալով բակալավրի աստիճան[1]։

2013 թվականին որոշել է վերադառնալ Հայաստանի զինված ուժեր. նա հորից թաքուն նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով իրեն ծառայության վերցնել այն զորամասում, որտեղ անցկացրել է ժամկետային ծառայությունը[2]։ Մկրտիչը պայմանագրային ծառայության է անցնել հատուկ նշանակության զորամասում որպես սերժանտ։ Այնուհետև, մեկ տարի անց, բարեխիղճ ծառայության համար ստացել է ՀՀ ԶՈՒ լեյտենանտի կոչում՝ զբաղեցնելով հատուկ նշանակության խմբի հրամանատարի պաշտոնը։ Եվս երկու տարի անց նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։ 2017 թվականից Մկրտիչը զբաղեցրել է հատուկ նշանակության զորամասի սպա-հրահանգչի պաշտոնը[1]։

2016-2018 թվականներին, զինծառայությանը զուգահեռ, սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան[1]։

Մասնակցություն մարտական գործողություններին

խմբագրել

2016 թվականին Մկրտիչ Հարությունյանը մասնակցել է քառօրյա պատերազմին՝ զինակիցների հետ կանխելով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի գրավումը և թշնամու հատուկ նշանակության զորքերին («Յաշմա») պատճառելով զգալի կորուստներ[1]։

Առաջին օրվանից ակտիվորեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ առաջնագծում մարտնչելով ամենաթեժ կետերում[1]։

2021 թվականին Հարությունյանը ստացել է մայորի կոչում, իսկ հաջորդ տարի նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում և միաժամանակ կատարել գումարտակի հրամանատարի պարտականությունները[1]։

2022 թվականին Հարությունյանի գումարտակը մասնակցել է Իշխանասարում տեղի ունեցած սեպտեմբերյան մարտերին՝ հաջող իրականացնելով հատուկ առաջադրանքները[1]։

2023 թվականի փետրվարին Մկրտիչը նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար[1]՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև կյանքի վերջ։

Թշնամին նրան ճանաչում էր դեմքով և անվանում էր Մեկո[2]։

Մայոր Մկրտիչ Հարությունյանը զոհվել է 2023 թվականի ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս[2]։ Հուղարկավորվել է ապրիլի 14-ին Եռաբլուր պանթեոնում։

Մասնակցություն ռազմական միջոցառումներին

խմբագրել

Ծառայության ընթացքում Մկրտիչը գերազանց է իրականացրել հրամանատարի պարտականությունները, աչքի է ընկել սխրանքներով։ Որպես հմուտ հետախույզ գործուղվել է տարբեր օտարերկրյա պետություններ, որտեղ մասնակցել է ռազմական միջոցառումներին՝ լինելով ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

Պարգևներ

խմբագրել
  • Գարեգին Նժդեհ մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ
  • Ռազմական հետախուզության «Ծառայության համար» կրծքանշան
  • ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության N զորամասի Պատվո գրքում զետեղվելու հավաստագիր, մի շարք գերատեսչական պատվոգրեր և շնորհակալագրեր
  • Մարտական ծառայության մեդալ (44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար)[1]
  • «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (հետմահու)[3]
  • Ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշան (հետմահու)

Ընտանիք

խմբագրել

Մկրտիչ Հարությունյանն ամուսնացած էր Անի Տոնոյանի հետ, նրանք ունեն երկու դուստր[2]։

Հիշատակ

խմբագրել

2023 թվականի հուլիսի 22-ին Թալին քաղաքի այն փողոցը, որտեղ բնակվել ու դպրոց է հաճախել Մկրտիչ Հարությունյանը, անվանակոչվել է նրա պատվին[4][5]։

2023 թվականի հուլիսին Երևանի կենտրոն վարչական շրջանի Իսահակյան և Թամանյան փողոցների հատվածում բացվել է նոր մարզագույքով համալրված բակային հատված, որը նվիրված է հերոսներ Մկրտիչ Հարությունյանի և Հովիկ Սիմոնյանի հիշատակին։

2024 թվականի հունիսի 4-ին Թալինի Աղասի Խանջյան և Մկրտիչ Հարությունյան փողոցների խաչմերուկում բացվել է Մգրոյի հուշարձան-կոթողը։ Այն կառուցվել է Հատուկ նշանակության զորամասի հրամանատար Արգիշտի Վարդանյանի, մարտական ընկերների ջանքերով և Թալինի համայնքապետարանի աջակցությամբ[6][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Նվիրյալ, անպարտելի հրամանատար, բացառիկ տեսակ… Տեղ գյուղի սահմանագծում զոհված Մկրտիչ Հարությունյանը կամ լեգենդար Մգրոն». shantnews.am. Շանթ ՀԸ. 21:20 10.05.2023.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Թադևոսյան, Քնար (19/06/2023). «ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆԸ. ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՄԳՐՈ)». Hay Zinvor. Հայ զինվոր. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԶՈՀՎԱԾ 4 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ».
  4. «Թալինի փողոցներից մեկն անվանակոչվել է պատերազմում զոհված Մկրտիչ Հարությունյանի անունով». www.panorama.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «Թալինի փողոցներից մեկն անվանակոչվեց հետախույզ Մկրտիչ Հարությունյանի անունով».
  6. «ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ». ՀՀ Պաշտպանության Նախարարություն, «Հայ Զինվոր» պաշտոնաթերթ.
  7. «Մգրոն միշտ մեր կողքին է լինելու. տեղի ունեցավ հետախույզ Մկրտիչ Հարությունյանի հուշարձան-կոթողի բացման արարողությունը». news.am. 2024 թ․ հունիսի 9. Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել