Մոաի, քարե մոնոլիտ արձաններ խաղաղօվկիանոսյան Զատկի կղզում[1]։ Պատրաստվել են պոլինեզյան բնիկների կողմից 1250-1500 թվականների միջակայքում[2][3]։ Ներկայումս հայտնի է 900 արձան[4][5]։

Տոնգարիկի հարթակի (ահու) մոաիներ

Նյութ և քարաբեկորներ

խմբագրել
 
Ամենամեծ մոաին` Հոա-Հակա-Նանա-Իա
 
Հոա-Հակա-Նանա-Իան հետևից

Մոաիների մեծամասնությունը (834 կամ 95 %) կերտված է Ռանո Ռարակու (Rano Raraku) հրաբխի ամբողջական հսկա բազալտային տուֆից[6]։ Բացառված չէ, որ արձանների մի մասը կերտված է ավելի մոտ գտնվող այլ հրաբուխների համանման քարաբեկորներից։ Այդպիսի նյութ չկա Պոիկե թերակղզում։ Այդ պատճառով այնտեղ գտնվող մի քանի փոքր արձաններ պատրաստված են տեղի քարատեսակներից։ 22 քանդակ պատրաստված է տրախիտից, 17-ը` Օխիո հրաբխի կարմիր պեմզայից, 13-ը` բազալտից, 1-ը` Ռանո Կաո հրաբխի մուջիերիտից։ Վերջինը հատուկ պաշտամունք ունեցող քանդակ է 2,42 մ բարձրությամբ, որ հայտնի է Հոա-Հակա-Նանա-Իա անունով։ 1868 թվականից այն գտնվում է Բրիտանական թանգարանում։ Մազափնջի (պուկաո) գլանաձև մասը կերտված է Պունա Պաո հրաբխի (հնարավոր է նաև մոտակայքում գտնվող այլ հրաբխի) բազալտային պեմզայից[7][8]։

Չափ և կշիռ

խմբագրել

Շատ հրապարակումներում մոաիների քաշը ուռճացված է։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվարկների համար հիմք է ընդունվում բազալտը (ծավալը` 3-3,2 գ/սմ³), ոչ թե վերոնշյալ ավելի թեթև քարատեսակները (ծավալը` 1,4 գ/սմ³-1,7 գ/սմ³)։ Ավելի փոքր բազալտե, տրախիտային և մուջիերիտային քանդակները, իրոք, պատրաստված են ավելի կարծր ու ծանր նյութից։

Մոաիների սովորական չափը 3-5 մ է։ Հիմքի միջին լայնությունը 1,6 մ է։ Այդպիսի քանդակի միջին քաշը 5 տոննայից պակաս է կշռում։ 10-12 մ բարձրությամբ քանդակներ հազվադեպ են հանդիպում։ 30-40 քանդակ ունեն 10 տոննայից մեծ քաշ։

Ամենաբարձրը 9,8 մ բարձրությամբ Պարո (Paro) մոաին է, որ կշռում է 82 տոննա[9] և գտնվում է Տե-Պիտո-Տե-Կուրա (Ahu Te Pito Te Kura) հարթակին (ահու)։ Ամենածանրը Տոնգարիկի հարթության մոաին է։ Նրանց քաշը երբեմն խիստ չափազանցված նշում են 82-86 տ, չնայած այդպիսի արձանները հեշտությամբ բարձրացնում է 15 տ քաշ բարձրացնող կռունկը։

Ամենաբարձր քանդակները գտնվում են Ռանո Ռարակու հրաբխի թեք լանջին։ Նրանցից ամենամեծը Պիրոպիրոն է` 11,4 մ։

Ամենամեծ մոաին (El Gigante) ունի 21 մ բարձրություն և 145-165 տ քաշ։ Այն քանդակված է հենց քարաբեկորի վրա և առանձնացված չէ հիմքից։

Քարե գլանների քաշը 500-800 կգ է, երբեմն` 1,5-2 տ։ Սակայն, օրինակ, 2,4 մ բարձրությամբ գլանով Պարո մոաին կշռում է մոտ 11,5 տ[10]։

Դասավորություն

խմբագրել
 
Քարազանգված և մոաիներ Ռանո Ռարակուի թեք լանջին

Առավել վաղ շրջանի մոաիները տեղադրված են թաղումների ծիսական հարթությունում կղզու տրամագծով կամ ուղղակի բաց տեղանքում։ Հնարավոր է, որ այդ քանդակները դեռևս վերջնական տեղը չեն դրվել։ Այժմ հաշվվում է մոտ 255 ահու (հարթակ), որոնք մի քանի մետրից մինչև 160 մ երկարություն ունեն։ Նրանցից ամենամեծ` Տոնգարիկի ախուն պարունակում է 15 մոաի։ Ի տարբերություն Ռանո Ռարակուի քանդակների, որոնց հայացքն ուղղված է սարալանջի թեքությամբ ներքև, մոաիների հայացքն ուղղված է կղզու խորքը, որտեղ նախկինում եղել է գյուղը։ Հարթակներին տեղադրված ոչ բոլոր մոաիներն են գլանաձև կարմիր մազափնջով։ Դրանք առկա են միայն այն տարածքներում, որտեղ մոտակա հրաբուխների տարածքում եղել է պեմզա։

Շատ քանդակներ ջարդվել և հայտնվել են հարթակի տակ, իսկ որոշ մոաիներ դեռ թաղված են հողի տակ։ Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում շատ քանդակներ ապամոնտաժվել և տեղափոխվել են։

Մոաիների գրեթե կեսը (394-397 կամ բոլոր մոաիների 45 %-ը) մնացել է Ռանո Ռարակուում։ Նրանցից 117-ը կանգնած են ներքին լանջին։ Նախկինում կարծում էին, որ բոլոր այդ քանդակները մնացել են անավարտ, կամ էլ չեն հասցրել դրանք տեղափոխել ուրիշ տեղ։ Ներկայումս կա կարծիք, որ դրանք հենց այդ տեղի համար էլ քանդակվել են, ինչպես նաև չեն պատրաստվել աչքեր քանդակել։

19-րդ դարի կեսին Ռանո Ռարակուից դուրս շատ քանդակներ ընկել են բնական պատճառներով (երկրաշարժ, ցունամի)։ Ներկայումս 50 քանդակ վերականգնվել է ուրիշ հարթակում կամ տեղափոխվել թանգարան։ Ներկայումս մեկ քանդակ ունի աչքեր, քանի որ պարզվել է, որ մոաիների ակնակապիճների խորքում նախկինում եղել են սպիտակ մարջանից և սև օբսիդիանից ներդրված մասեր, ընդ որում վերջինս կարող էր փոխարինվել սև, ժամանակի ընթացքում կարմրած պեմզայով։

Գեղարվեստական ոճ

խմբագրել
 
Վաղ շրջանի մոաի

Զատկի կղզու քանդակներին բնորոշ ոճը միանգամից ի հայտ չի եկել։ Նրան նախորդել են վաղ շրջանի քանդակները, որոնք բաժանվում են 4 տեսակի.

  • 1-ին տեսակ - քառաբաժան քարե գլուխներով ուղղանկյուն քանդակներ` առանց մարմնի։ Պատրաստված են Ռանո Ռարակուի դեղնագորշավուն տուֆից։
  • 2-րդ տեսակ - ուղղանկյունաձև երկար սյուներ` ամբողջ հասակով ներկայացված քիչ իրապաշտական կերպարներ` անհամաչափ կարճ ոտքերով։ Գտնված է ավարտուն տեսքի միայն մեկ քանդակ Վինապա ահուում։ Պատրաստված են կարմիր պեմզայից։
  • 3-րդ տեսակ - ծնկի իջած ռեալիստական միակ քանդակը։ Պատրաստված է Ռանո Ռարակուի տուֆից։ Գտնվել է նույն տեղում։
  • 4-րդ տեսակ - ներկայացված է մեծ քանակությամբ իրաններով։ Պատրաստված են ամուր, կարծր սև կամ մոխրագույն բազալտից, կարմրավուն պեմզայից, Ռանո Ռարակուի տուֆից և մուջիերիտից։ Աչքի են ընկնում սուր հիմքով, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք նախատեսված չեն եղել հարթակների վրա դրվելու, այլ, ամենայն հավանականությամբ, հողի մեջ պետք է թաղվեին։ Նրանք չունեն մազափունջ և երկարացված ականջներ։ Երեք օրինակ դուրս են բերվել կղզուց և պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Դանիդինի Օտագո թանգարանում և Բրյուսելի Հիսնամյակի թանգարանում[11]։
 
Միջին շրջանի մոաի` վերականգնված աչքերով

Միջին շրջանի քանդակները նախորդ շրջանի առավել խոշոր քանդակների կատարելագործված տարբերակներն են։ Ի հեճուկս տարածված կարծիքի` դրանց դեմքերը ոչ թե եվրոպական են, այլ պոլինեզական։ Փոքր-ինչ երկարացված գլուխները ի հայտ են եկել` ավելի բարձր դիրքում դրվելու միտումից ելնելով։ Չնայած դրան` քթի երկարության և լայնության հարաբերությունը տիպիկ ասիական է։

Սկսած Հոա-Հակա-Նանա-Իա քանդակից` միջին շրջանի որոշ քանդակներ ծածկված են կտրվածքներով, որոնց թվում է մեջքի պատկերը` մարոն (maro)։ Զատկի կղզու բնակիչները պնդում են, որ պատկերը ներկայացնում է արևը, ծիածանն ու անձրևը։ Սա բնորոշ է շատ քանդակների։ Մյուս պատկերները բազմազան են։ Դիմացից թվում է, որ քանդակված են օձիքներ, չնայած պատկերները մերկ են։ Հոա-Հակա-Նանա-Իա քանդակը հետևից ունի այլ պատկերներ ևս` թռչուններ և երկու թռչնամարդ։ Կա կարծիք, որի համաձայն` պատկերները վերաբերում են թռչնամարդու պաշտամունքին և արվել են միջին շրջանում։ Ռանո Ռարակուի քանդակներից մեկի մեջքին և կրծքին կան եռակայմ նավի պատկերներ, որ նման են եվրոպական նավի։ Սակայն մեկ ուրիշ վարկածով դրանք կարող են լինել քայքայված այլ պատկերի հետքեր։ Պատկերներ կան նաև որոշ քանդակների մազափնջերին։

Ստեղծման պատմություն

խմբագրել
 
Մոաիի քանդակման փուլեր

Ակնհայտ է, որ մոաիների ստեղծումն ու տեղադրումը հսկայական աշխատանք ու ջանքեր է պահանջում, այնպես որ երկար ժամանակ եվրոպացիները չէին կարողանում կռահել, թե ով է պատրաստել քանդակները, ինչ գործիքների օգնությամբ, և ինչպես են դրանք տեղաշարժել։

Կղզու լեգենդների համաձայն` Խոտու Մատուա ցեղի առաջնորդը նոր տուն գտնելու հույսով լքել է հինը` արդյունքում հայտնվելով Զատկի կղզում։ Երբ նա մահանում է, կղզին բաժանվում է նրա չորս որդիների, հետագայում` թոռների ու ծոռների միջև։ Կղզու բնակիչները հավատում են, որ քանդակներում ամփոփված է իրենց այդ նախնիների գերբնական ուժը։ այդ ուժն է ապահովում լավ բերք, անձրևներ։ Այս լեգենդները մշտապես փոփոխվում են և հատվածաբար փոխանցվում։ Այդ պատճառով էլ իրականությունը դժվար է վերականգնել։

Հետազոտողները նաև այնպիսի կարծիք են առաջ քաշել, ըստ որի` մոաիները տեղադրել են Պոլինեզիայի բնակիչները 11-րդ դարում` հավանաբար ներկայացնելով մահացած նախնիներին, ինչպես նաև կարող էին ցեղախմբերի խորհրդանիշերը լինել;

1955-1956 թվականներին նորվեգացի նշանավոր ճանապարհորդ Թուր Հեյերդալը կազմակերպում է հնագիտական գիտարշավ Զատկի կղզի։ Ծրագրի հիմնական նպատակն էր պարզել քանդակների ստեղծման, տեղադրման առեղծվածը։ Հետազոտությունների արդյունքում հնագետը առաջ քաշեց տեսակետ, որի համաձայն մոաիները ստեղծվել են տեղի «երկարականջ» ցեղի բնիկների կողմից։ Ցեղը այդ անունն է ունեցել, քանի որ սովորություն է եղել երկարացնել ականջները ծանր զարդերի միջոցով։ Նրանք գաղտնի են պահել քանդակների ստեղծման եղանակը «կարճականջներից», այդ պատճառով էլ վերջիններս պարուրել են քանդակների ստեղծման պատմությունը առասպելական շղարշով։ Հեյերդալը քանդակների ոճի նմանություններ գտավ հարավամերիկյան մշակույթում, ինչը բացատրեց այն հանգամանքով, որ հնարավոր է` «երկարականջները» ծագել են Պերուի հնդկացիներից։

 
Տապալված մոաի

Թուր Հեյերդալի խնդրանքով կղզում ապրող «երկարականջների» հետնորդները Պեդրո Ատանայի գլխավորությամբ ցույց են տվել քանդակների պատրաստման բոլոր փուլերը։ Քարհատները քարե մուրճերով առանձնացրել են 12 տ կշռող հսկա քարաբեկոր, ապա այն պառկած դիրքով գետամիջի քարշավայրով բազմաթիվ օգնականների մասնակցությամբ տեղափոխել են անհրաժեշտ վայրը և հետաքրքիր եղանակով կանգնեցրել (երեք գերաններով լծակի օգնությամբ քիչ-քիչ բարձրացրել են` տակը քարեր նետելով)։ Այն հարցին, թե ինչու մինչ այդ բնիկները գաղտնի են պահել քանդակների ստեղծման եղանակը եվրոպացիներից, նրանք պատասխանել են, որ մինչ այդ իրենց ոչ մեկը ոչինչ չի էլ հարցրել[12]։ Գիտափորձի մասնակից բնիկները ասել են, որ արդեն մի քանի սերունդ է, ինչ չեն պատրաստում քանդակներ, սակայն մեծերը, անընդհատ պատմելով այդ մասին, ստիպել են, որ երիտասարդները կրկնեն պատրաստման ձևը այնքան ժամանակ, մինչև համոզվել են, որ նրանք չեն մոռանա պատմությունը։ Առանցքային հարցերից մեկը գործիքն է. ինչո՞վ են պատրաստվել քանդակները։ Պարզվել է, որ քանդակների պատրաստմանը զուգընթաց պատրաստվում են նաև քարե մուրճեր. դրանք անընդհատ կոտրվել են` փոխարինվելով նորերով։

Հետաքրքիր է, որ «կարճականջների» լեգենդներում պատմվում է, որ մոաիները ուղղահայաց դիրքով են հասել իրենց տեղերը։ Չեխ հետազոտող Պավել Պավելը առաջ է քաշել տեսակետ, ըստ որի` մոաիները «քայլել» են գլխի վրա շրջված։ Որպես ապացույց Պավելը 1986 թվականին Թուր Հեյերդալի հետ փորձ է կատարել, որի ընթացքում 17 մարդ պարաններով բավական արագ տեղափոխել են 10 տ կշռող արձանը ուղղահայաց դիրքով[13]։ Հնագետները կրկնել են փորձը 2012 թվականին՝ տեսագրելով այն[14]։

Կղզու քարերի անվանումները բնիկների լեզվով

խմբագրել
 
Բրիտանական թանգարանի բազալտե մոաին Լիվերպուլի ցուցահանդեսում

Քարատեսակները դասավորված են կարծրության նվազման կարգով.

  1. Մաեա մատաա (մաեա` քար, մատաա` ծայրակալ) - օբսիդիան
  2. Մաեա նեվխիվե - սև, ծանր քար։ Օգտագործվել է խոշոր մասերի համար։
  3. Մաեա տոկի - բազալտային քսենոլիտ։ Օգտագործվել է գործիքներ պատրաստելու համար։
  4. Անդեզիտային, բազալտային լավա և մուջիերիտ, հնարավոր է նաև տրախիտ։ Օգտագործվել է մի քանի ոչ մեծ քանդակների համար։
  5. Մաեա պուպուրա - անդեզիտային բազալտային տուֆի սալաքար։ Օգտագործվել է տների պատերի, ախուների հարթակների համար։
  6. Մաեա մատարիկի - մեծ կտորներով բազալտային տուֆ։ Օգտագործվել է մոաիի հիմնական զանգվածի համար։ Քարաբեկորի չափով պայմանավորված է մոաիի չափը։
  7. Կիրիկիրի-տեա - փափուկ, գորշ բազալտային տուֆ, որ օգտագործել են ներկեր տանալու համար։

Մաեա խանե-խանե - սկզբում սև, ժամանակի ընթացքում կարմրող բազալտային պեմզա։ Օգտագործվել է քանդակների մազափնջի, ինչպես նաև ներկեր ստանալու համար։ Պախոեխոե - անդեզիտային բազալտից պեմզա[15]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Այսպես են կոչվում նաև մարդկանց այլ կերպարները, օրինակ` փայտե քանդակները։
  2. Steven R Fischer. The island at the end of the world. Reaktion Books 2005 ISBN 1-86189-282-9
  3. The island at the end of the world. Reaktion Books 2005 ISBN 1-86189-282-9
  4. «Easter Island Statue Project». 2009 թ․ մայիսի 11. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. Carl P. Lipo, Terry L. Hunt, Sergio Rapu Hao; Hunt; Haoa (2013). «The 'Walking' Megalithic Statues (Moai) of Easter Island». J. Archaeol. Sci. 40 (6): 2859. doi:10.1016/j.jas.2012.09.029.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Տուֆիտ։ Լեռնային հանրագիտարան // Под ред. Е. А. Козловского. — М.: Советская энциклопедия, 1984—1991.
  7. Ֆ. Կրենդելև, Ա. Կոնդրատով, Գաղտնիքի լուռ վկաներ։ Զատկի կղզու հանելուկները — Новосибирск: «Наука», Сибирское отделение, 1990. — 181 с. — (Серия «Человек и окружающая среда»). — ISBN 5-02-029176-5.
  8. Jo Anne Van Tilburg. — 1994. — P. 24.
  9. «New Scientist, 29 July, 2006, pp. 30-34». Newscientist.com. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  10. Ֆ. Կրենդելև, Ա. Կոնդրատով, Գաղտնիքի լուռ վկաներ։ Զատկի կղզու հանելուկները — Новосибирск: «Наука», Сибирское отделение, 1990. — 181 с. — С. 124, 142. — (Серия «Человек и окружающая среда»). — ISBN 5-02-029176-5.
  11. Թուր Հեյերդալ, Զատկի կղզու արվեստը— М.: Искусство, 1982. — 527 с. — С. 99, 100.
  12. Թուր Հեյերդալ, Ակու-Ակու Արխիվացված 2013-05-09 Wayback Machine.
  13. Պավել Պավել Մոաիները սովորում են քայլել // Вокруг света. — 1990. — № 3. — С. 12—16; — № 4. — С. 38—42.
  14. Հնագետները կրկնօրինակել են Զատկի կղզու քանդակների քայլքը. (Lenta.ru, 25.10.2012).
  15. Ֆ. Կրենդելև, Ա. Կոնդրատով, Գաղտնիքի լուռ վկաներ։ Զատկի կղզու հանելուկները — Новосибирск: «Наука», Сибирское отделение, 1990. — 181 с. — С. 110—112, 174—176. — (Серия «Человек и окружающая среда»). — ISBN 5-02-029176-5.

Գրականություն

խմբագրել
  • Ֆ. Կրենդելև, Ա. Կոնդրատով, Գաղտնիքի լուռ վկաներ։ Զատկի կղզու հանելուկները — Новосибирск: «Наука», Сибирское отделение, 1990. — 181 с. (Серия «Человек и окружающая среда»). — ISBN 5-02-029176-5.
  • Ֆ. Կրենդելև, Զատկի կղզի (Աշխարհագրություն և խնդիրներ). — Новосибирск: «Наука», Сибирское отделение, 1976.
  • Թուր Հեյերդալ, Նորվեգական հնագիտական գիտարշավի` Զատկի կղզու հաշվետվություն (2 հատոր)
  • Թուր Հեյերդալ, Զատկի կղզու արվեստը — М.: Искусство, 1982. — 527 с.
  • Хейердал Т. Аку-Аку Արխիվացված 2013-05-09 Wayback Machine.
  • Թուր Հեյերդալ, Զատկի կղզի։ Բացահայտված գաղտնիք — Random House, 1989.
  • Ջո Էնն վան Տիլբուրգ Արևելյան կղզիների հնագիտություն։ Բնապահպանություն և մշակույթ — London and Washington: D. C. British Museum Press and Smithsonian Institution Press, 1994. — ISBN 0-7141-2504-0

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոաի» հոդվածին։