Մոսկվայի միջազգային կինոփառատոն
Մոսկվայի միջազգային կինոփառատոն (ռուս.՝ Моско́вский междунаро́дный кинофестива́ль), միջազգային կինոփառատոն, որն ի սկզբանե անց էր կացվում ԽՍՀՄ-ում, իսկ հետո նաև Ռուսաստանի Մոսկվա քաղաքում։ Այն անց է կացվում հունիսի վերջերին և տևում է 10 օր։ Վենետիկի կինոփառատոնից հետո, այն աշխարհում անց կացվող ամենահին կինոփառատոնն է[1]։ Գլխավոր մրցանակը, որը հաստատվել է 1989 թվականին՝ «Ոսկյա Սուրբ Գեորգի» պարգևն է։
Մոսկվայի միջազգային կինոփառատոն | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Վայր | Մոսկվա |
Կայք | 44.moscowfilmfestival.ru(ռուս.)(անգլ.) |
Moscow International Film Festival Վիքիպահեստում |
Նախապատմությունը
խմբագրելԱռաջին անգամ Մոսկվայի կինոփառատոնը անց է կացվել 1935 թվականին։ Ի սկզբանե այն կոչվում էր Մոսկվայի խորհրդային կինոփառատոն։ Կինոնկարները ուղարկվել էին 19 երկրներից։ Բացումը տեղի է ունեցել փետրվարի 21-ին` «Ուդարնիկ» կինոթատրոնում, իսկ ժյուրիի նախագահը Սերգեյ Էյզենշտեյնն էր։
Մրցույթին մասնակցում էին դասական ռեժիսորների ֆիլմեր` Քինգ Վիդորի «Հաց մեր հանապազօրյա», Սեսիլ Բլաունտ դե Միլլի «Կլեոպատրա», Ջորջ Կյուկորի «Փոքրիկ կանայք», Ալեքսանդր Կորդայի «Հենրիխ VIII-ի մասնավոր կյանքը» և այլն։ Մրցութային ծրագիրը բացել է Վասիլև եղբայրների «Չապաև» կինոնկարը։ «Լենֆիլմ» կինոստուդիային շնորհվել է առաջին մրցանակը` «Չապաև», «Մաքսիմի պատանեկությունը» և «Գյուղացիները» կինոնկարների համար։ Փառատոնի պարգևին արժանացել են նաև ֆրանսիացի ռեժիսոր Ռենե Կլերը` «Վերջին միլիարդատերը» կինոնկարի համար, ինչպես նաև Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերը[2]։ Մրցանակ է ստացել նաև Ալեքսանդր Պտուշկոյի «Նոր Գուլիվեր» ֆիլմը, որը բարձր է գնահատվել Չարլի Չապլինի կողմից[3]։
Պատմությունը
խմբագրելԿինոփառատոնը կրկին վերաբացվել է 1959 թվականին՝ պետական գործիչ Եկատերինա Ֆուրցևայի ջանքերով և անց էր կացվում երկու տարին մեկ անգամ։ 1972 թվականին կինոփառատոնը ստացել է կինոպրոդյուսերների կազմակերպության միջազգային ֆեդերացիայի (FIAPF) հավաստագիրը[1][4]։ Մոսկվայի կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մասնաբաժինը 1988 թվականին առանձնացել է և վերակազմավորվել Լենինգրադի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի` «Ուղերձ մարդուն» անվանումով։
1997 թվականին հայտարարվել էր, որ փառատոնը անցկացվելու է ոչ թե երկու տարին մեկ անգամ, այլ` տարին մեկ անգամ, սակայն 1998 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով այն չկայացավ։ 1999 թվականից մինչ այժմ կինոփառատոնի նախագահը հանդիսանում է Նիկիտա Միխալկովը[1]։ 2011 թվականից վերականգնվել է վավերագրական ֆիլմերի մրցույթը։
Մրցանակները
խմբագրելՄինչև 1989 թվականը, շնորհվում էին մեծ և ոսկյա մրցանակներ, ոսկյա և արծաթյա մեդալներ։ Կինոփառատոնի գլխավոր մրցանակը արձանիկ է, որը պատկերում է Սուրբ Գեորգիին` արծաթե ձիուն նստած և տեգով վիշապին հարվածելիս։ «Մրցութային ծրագրի լավագույն ֆիլմ» և «Համաշխարհային կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար» պարգևները պատրաստված են ոսկեզօծված արծաթով։ Մնացած յոթ անվանակարգերի մրցանակակիրները պարգևատրվում են արծաթե «Սուրբ Գեորգի»-ով։
- Հիմնական մրցույթի պարգևներ («Սուրբ Գեորգի»-ի արձանիկներ).
- Լավագույն ֆիլմի համար
- Ժյուրիի հատուկ մրցանակ
- Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
- Տղամարդու լավագույն դերակատարման համար
- Կանացի լավագույն դերակատարման համար
- «Հեռանկարներ» մրցույթի պարգևները.
- «Հեռանկարներ» մրցույթի լավագույն ֆիլմի համար
- Կազմակերպչական կոմիտեի և Մոսկվայի կինոփառատոնի տնօրինության կողմից շնորհվող մրցանակներ.
- Համաշխարհային կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար
- Դերասանական վարպետության բարձունքները հաղթահարելու համար տրվող մրցանակ և Կոնստանտին Ստանիսլավսկու դպրոցի սկզբունքներին հավատարիմ լինելու համար տրվող մրցանակ` «Հավատում եմ. Կոնստանտին Ստանիսլավսկի»
- Այլ մրցանակներ.
- Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) կողմից ժյուրիի մրցանակը` հիմնական մրցույթի լավագույն ֆիլմի համար
- Հիմնական մրցույթի և «Հեռանկարներ» մրցույթի լավագույն ֆիլմի համար ժյուրիի կողմից տրվող ռուսական կինոքննադատների մրցանակները
- Հանդիսատեսների համակրանքի համար տրվող մրցանակը` հիմնական մրցույթի լավագույն ֆիլմին
- Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիայի մրցանակը` հիմնական մրցույթի լավագույն ֆիլմի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Корнацкий Н. Московский кинофестиваль будет короче // Известия. — 2015. — № 43 (29289). — С. 7.
- ↑ «Летопись. ТРК «Глас»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Программа Первого Международного кинофестиваля ArtoDocs, 3—5 ноября 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «IMDb». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.