Յուդենրատ
Յուդենրատ (գերմ.՝ Judenrat, հոգն.՝ Judenraete, Judenräte – «հրեական խորհուրդ»), հրեական ինքնակառավարման վարչական մարմին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների գերմանական օկուպացիոն իշխանությունների նախաձեռնությամբ բռնի կերպով հիմնադրվել է յուրաքանչյուր գետտոյում՝ ապահովելու համար նացիստների՝ հրեաներին վերաբերող հրամանների կատարումը[1][2]։
Առաջին յուդենրատներ
խմբագրելՀրեական «ինքնակառավարման» առաջին խամաճիկային մարմինները նացիստական ղեկավարությունն ստեղծել է Գերմանիայում՝ Վիեննայում ու Պրահայում, սակայն դրանք կոչվել են տարբեր կերպ ու ենթարկվել են տարբեր ատյանների (առավել հաճախ՝ գեստապոյին)։ Միայն Լեհաստանի օուպացիայից հետո են հիտլերականները միասնականացրել քաղաքականությունը յուդենրատների նկատմամբ, իսկ տերմինն առաջին անգամ օգտագործվել է գեստապոյի ղեկավար Ռեյնհարդ Հեյդրիխի՝ այնզացխմբերի ղեկավարներին ուղղված 1939 թվականի սեպտեմբերի 21-ի գաղտնի հրահանգում. «Հրեական բոլոր համայնքներում պետք է ստեղծի հրեա նշանավոր անձանց խորհուրդ՝ հնարավորինս կազմված ազդեցություն ունեցող անձանցից ու ռադդիներից։ Խորհուրդը պետք է կազմված լինի 24 հրեա տղամարդկանցից (թիվը կախված է համայնքի թվաքանակից)։ Այն պետք է լիովին պատասխանատու լինի (բառի ուղղակի իմաստող) այն բոլոր հրահանգների ստույգ ու պարտադիր կատարման համար, որոնք արդեն մշակվել են կամ դեռ պետք է մշակվեն»[1][3]։
Առաջին յուդենրատներն ստեղծվել են օկուպացված Լեհաստանի տարածքում 1939 թվականի աշնանը՝ Երկրրոդ համաշխարհային պատերազմի սկսվելուց մի քանի շաբաթ հետո, Հեյդրիխի հրամանով[2]։ Գերմանական օկուպացիայի ընդլայնմանը զուգահեռ նոր յուդենրատներ են ստեղծվել օկուպացված բոլոր երկրներում, բացառությամբ Ֆրանսիայի, Բելգիայի ու Հունաստանի. ենթադրվում է, որ դրա պատճառը եղել է այն, որ Գերմանիան չէր պատրաստվում անեքսիայի ենթարկել այդ երկրները։ Սակայն այդ տարածքներում նույնպես նացիստները հրեաներին հրահանգել են նշանակել ավագ՝ ապահովելու համար օկուպացիոն ուժերի հրամանների կատարումը[1]։
Յուդենրատների պատասխանատվության տարածքն ու ենթակայությունը տատանվել է առանց որոշակի համակարգվածության։ Յուդենրատը կարող էր պատասխանատու լինել ինչպես քաղաքի կամ բնակավայրի, այնպես էլ մի ամբողջ շրջանի համար։ Գերմանիայում, Նիդերլանդներում, Սլովակիայում, Ռումինիայում և Բոհեմիայի ու Մորավիայի պրոտեկտորատում յուդենրատի իրավազորությունը տարածվել է ամբողջ երկրի վրա[2]։
Առանձին դեպքերում հրեաներն ինքնուրույն են ստեղծել իրենց ինքնակառավարման մարմինները նախքան յուդենրատների ստեղծման վերաբերյալ հրամանի ստացումը։ Այդ գործողությունների դրդապատճառը եղել է համայնքի կյանքը կազմակերպելու, իշխանությունների հետ բանակցելու համար ներկայացուցչական մարմին ունենալու և հրեաներին փրկելու համար պաշտոնյաներին կաշառելու, թալանն ու անկարգությունները կանխելու, ինչպես նաև հրեաներին հարկադիր աշխատանքի ուղարկելը կարգավորելու անհրաժեշտությունը։ Կամեն-Կաշիրսկիում, օրինակ, ինքնակառավարման նման մարմինը գոյություն է ունեցել երեք ամիս[3]։
Կառուցվածք և լիազորություններ
խմբագրելՅուդենրատներ, ըստ Հեյդրիխի հրահանգի, պարտադիր կարգով ստեղծվել են նացիստների կողմից օկուպացված տարածքների՝ հրեական բնակչություն ունեցող բոլոր բնակավայրերում։ Եթե տվյալ վայրում հրեաների թվաքանակը գերազանցել է 10 հազարը, յուդենրատի կազմում ընդգրկվել է 24 մարդ, եթե հրեաների թվաքանակը եղել է 10 հազարից քիչ՝ 12 մարդ։ Յուդենրատի ղեկավարը հաճախ կոչվել է «յուդենէլտեստեր» (գերմ.՝ Judenältester) — հրեաների ավագ[1]։
Բամզաթիվ հրեաների մոտ գոյություն է ունեցել պատկերացում, թե յուդենրատում աշխատելն ինչ-որ չափով երաշխավորում է, որ տվյալ անձը չի սպանվի, այդ պատճառով էլ յուդենրատի աշխատակիցների թիվն արհեստականորեն ավելացվել է։ Դրանից բացի, յուդենրատի ու հրեական ոստիկանության աշխատակիցներն ստացել են մեծ պարգևատրումներ և ավելի մեծ մթերաբաժին, քան գետտոյի մյուս կալանավորները[1]։
Յուդենրատի նախագահը (հրեաների ավագ) միայնակ է հաղորդակցվել գերմանական իշխանությունների հետ, ինչից գետտոյի բնակչությունը ենթադրել է, որ գերմանացիները հաշվի են նստում նրա հետ, սակայն իրականում ավագը միայն փոխանցել է ու իրականացրել օկուպացիոն ուժերի հրամանները։ Յուդենրատի վրա դրված պարտականությունների մեծ քանակի հետ միաժամանակ հրեական խորհուրդները ոչ մի իրական իշխանություն չեն ունեցել, գերմանական օկուպացիոն ուժերը նրանց հետ ընդհանրապես հաշվի չեն նստել, և առավելագույնը, ինչ հաջողվել է յուդենրատներին, եղել է կալանավորների հերթական զանգվածային սպանության կամ հրեաներին մահվան ճամբարներ ուղարկելու ժամանակավոր հետաձգումը[1]։
Յուդենրատների անդամներ և կազմ
խմբագրելԵվրոպայում յուդենրատների անդամ են նշանակվել հրեա հայտնի հասարակական գործիչներ, հրեական քաղաքական կուսակցությունների, կրոնական ու բարեգործական կազմակերպությունների ակտիվիստներ։ Օկուպացված Խորհրդային Միությունում նույնպես գերմանացիները ձգտել են ստեղծել յուդենրատներ՝ դրանց կազմում ընդգրկելով այդ համայնքի ազդեցիկ հրեաների։ Մասնավորապես կրոնական գործիչներից ակնկալվում էր, որ նրանք առաջին հերթին լավ կճանաչեն տեղացի բոլոր հրեաներին, և երկրորդ՝ լավ կծառայեն յուդենրատում կամ որպես հրեաների ավագ, որովհետև դժգոհություններ կունենան խորհրդային վարչակարգի կողմից հուդայականության նկատմամբ ծավալած հալածանքների պատճառով։ Այնտեղ, որտեղ չեն գտնվել կրոնական հեղինակություններ, նացիստները հաճախ այդ պաշտոնում նշանակել են հարգված ուսուցիչների կամ բժիշկների[1][2]։
Յուդենրատի կազմում հայտնի հրեա գործիչների ընդգրկելու գերմանացիների ձգտումը պատմաբանները բացատրել են մի քանի պատճառներով։ Առաջին հերթին՝ դա հնարավորություն է տվել իրենց հրամաններն ամրագրել գետտոյի ղեկավարության հեղինակությամբ և դրանով իսկ խուսափել հնարավոր անհանգստություններից։ Մյուս կողմից՝ նացիստների հրամանների կատարումն այդ անձանց ստորացրել է մյուս կալանավորների աչքում և նվազեցրել է նրանց կողմից դիմադրությունը գլխավորելու հնարավորությունը։ Երրրոդ՝ համայնքի նախկին ղեկավարության պահպանումն բթացրել է հրեաների աչալրջությունն ու թույլ է տվել ձգել ժամանակը մինչև գետտոների վերջնական ոչնչացումը։ Չորրորդ՝ յուդենրատի հարգված անդամներն առավել հարմար էին պատանդի կարգավիճակում հայտնվելու համար, որովհետև եթե գերմանացիներն առանց տատանվելու սպանում էին նույնիսկ այդպիսի հարգված մարդկանց, ապա շարքային կալանավորները կհասկանային, որ իրենք գերմանացիների համար ընդհանրապես ոչ մի նշանակություն չունեն[3]։
Մեծ մասամբ հրեաները չեն ցանակցել աշխատել յուդենրատում։ Դրա հիմնական պատճառը եղել է այն, որ նրանք չեն ցանկացել գործել մյուս հրեաների դեմ և խայտառակել իրենց անունը, իսկ մի մասը հրաժարվել է, որովհետև վտանգն ավելի շատ է եղել, քան ենթադրյալ օգուտը։ Ինչպես նաև ոչ բոլորն էին պատրաստ կրել մշտական ստորացումները, որոնք անխուսափելի էին յուդենրատում աշխատելու ընթացքում։ Օրինակ՝ Վելիկիե Լուկի քաղաքում յուդենրատի նախագահ է նշանակվել 65-ամյա Լաբասը, որն ամեն օր պարտավոր էր գերմանացիներին ասել հետևյալ արտահայտությունը. «Ես՝ ջհուդ Լաբասը, զեկուցում եմ ձեզ... որ բոլոր ջհուդները տեղում են...», և եթե հրեաների որևէ մեկը պակասել է, Լաբասին դաժանորեն ծեծել են։ Սակայն ինչ-որ մեկը պետք է հոգ տաներ իր ազգակիցների մասին գետտոյի անմարդկային պայմաններում, և հրեաները սովորաբար վերջիվերջո համաձայնել են աշխատել յուդենրատում՝ հույս ունենալով օգնել հրեաների փրկությանը[2][3][4]։
Մեծ մասամբ յուդենրատի անդամներին, նախագահին ու նրա տեղակալին ընտրել են տեղացի հրեաները, սակայն նացիստները միշտ վերահսկել են այդ գործընթացը, և հրեաների որոշումը պարտադիր կերպով հաստատվել է նացիստական վարչության կողմից[2]։ Երբեմն յուդենրատի ղեկավար են նշանակվել պատահական մարդիկ։ Օրինակ՝ Վիլնյուսում գերմանացիները, չգտնելով ռաբբիների, յուդենրատի կազմակերպումը հանձնարարել են առաջին պատահած սինագոգի ծառայողին, Եվպատորիայում յուդենրատի անդամներ նացիստները նշանակել են առաջին պատահած տասը հրեաներից[3]։
Յուդենրատի անդամների սպանություններ
խմբագրելԲոլոր յուդենրատների կազմերն արագ փոխվել են։ Յուդենրատի անդամների մեծ մասին նացիստներն սպանել են կամ ուղարկել մահվան ճամբարներ գետտոյի շարքային կալանավորիների հետ հավասար։ Արևմտյան Եվրոպայում գերմանացիների կողմից սպանվել է գետտոների ղեկավարության գրեթե 90 %-ը, իսկ ԽՍՀՄ օկուպացված տարածքներում զոհվել են գրեթե բոլորը։ Սպանվել են նրանք, որոնք առաջացել են նացիստների դժգոհությանը կամ կասկածին, անմիջապես սպանվել են նրանք, որոնք բավականաչափ հնազանդություն չեն ցուցաբերել։ Արդյունքում սկզբնական շրջանում յուդենրատի կազմում ընդգրկված հրեական համայնքների հեղինակավոր գործիչներին ժամանակի ընթացքում փոխարինել են մարդիկ, որոնց միակ արժանիքը եղել է անվերապահ հնազանդությունը։ Օրինակ՝ 1942 թվականի հուլիսի 3-ին գերմանացիները Բարանովիչիի գետտոյի ավագ Բ. Իսակսոնին հրամայվել է կազմել այն հրեաների ցանկը, որոնք պետք է ուղարկվեն ոչնչացման, ինչին նա պատասխանել է. «Ես Աստված չեմ, որ որոշեմ, թե ով ապրի, և ով մեռնի», և սպանվել այն մարդկանց հետ, որոնք ընտրվել են առանց նրա մասնակցության։ Լվովի գետտոյի ղեկավար Յոզեֆ Պառնեսը հրաժարվել է ներկայացնել ցանկեր աշխատանքային ճամբարների համար. «Համայնքն ու նրա մարմինները չեն ստեղծվել նրա համար, որ հրեաներին ուղարկեն մահվան»,– ասել է նա ու սպանվել նացիստների կողմից, իսկ նրան հաջորդած Ադոլֆ Ռատֆելդը, Էդուարդ Էբերզոնն ու Լանդսբերգն արդեն խոչընդոտել գերմանական իշխանությունների հրամանների կատարմանը[1][3]։
Չհնազանդվելու դեպքում յուդենրատի անդամներն սպանվել էին առանց հապաղման։ Լվովի գետտոյի յուդենրատի չորս անդամներից իր մահով մահացել է միայն մեկը, իսկ մյուս երեքն սպանվել են գերմանացիների կողմից։ Մինսկի գետտոյում գնդակահարվել են յուդենրատի երկու նախագահներ, Վիլնյուսի գետտոյում՝ յուդենրատի երկու նախագահների ու ևս մի քանի անդամների։ Լիդայի գետտոյում և Մոնաստիրշչինայի ու Խիսլավիչիի գետտոյում առաջին յուդենրատները գնդակահարվել են ամբողջ կազմով[3]։
Հաճախ յուդենրատի անդամները հուսահատությունից ինքնասպանություն են գործել, որովհետև չեն կարողացել խանգարել կալանավորների սպանությանը կամ նրանց տեղափոխմանը մահվան ճամբարներ։ Օրինակ՝ իմանալով տեղափոխման մասին՝ ինքնասպան է եղել Վարշավայի գետտոյի գլխավոր Ադամ Չերնյակովը։ Յուդենրատի որոշ անդամներ սպանվել են հրեական դիմադրության մարտիկների կողմից։ Միայն Հունաստանում ու Նիդերլանդներում է ավագի կարգավիճակը եղել կենդանի մնալու երաշխիք[1][3]։
Գործառույթներ և գործունեություն
խմբագրելՍկզբում յուդենրատները պատասխանատու են եղել ոչ մեծ բնակավայրերից հրեաներին գետտոյի տարածք տեղափոխելու, կալանավորների տեղավորման, ինչպես նաև գետտոյի սահմաններից հրեաների դուրս գալու դեպքում նրանց հավաքելու համար[1]։
Ժամանակի ընթացքում յուդենրատների գործառույթներն ավելացել են, և նրանք կրել են պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվել է գետտոյի ներսում, ինչպես նաև հրեաների դեմ ուղղված վարչական ու տնտեսական միջոցառումների իրականացման համար։ Դա ներառել է կենցաղային կյանքի ու կարգի պահպանումը, մաքսանենգության վերացումը, սննդամթերքով ապահովելը, հարկադիր աշխատանքների համար աշխատողներ նշանակելը, դրամական միջոցների ու ռազմատուգանքների հավաքումը, աշխատանքային ճամբարներում աշխատելու և նացիստների հանձնարարությունները կատարելու համար թեկնածուների ընտրությունը։ Յուդենրատը վերահսկել է նաև գետտոյի ներսում գործող այլ վարչական ենթակառուցվածքներ՝ հրեական ոստիկանությունը, հրշեջ բաժանմունքը, առողջապահությունը, սոցիալական ծառայությունները, վիճակագրական հաշվարկը, կրթական կառույցների ու սինագոգների աշխատանքը[1][2]։
Սննդամթերքի ապահովում
խմբագրելՅուդենրատները բաժանել են սննդի չնչին մասնաբաժինները, որ նացիստները հատկացնում էին գետտոյի կալանավորներին, սակայն եղել են գետտոներ, որտեղ ընդհանրապես ուտելիք չի հատկացվել։ Գերմանացիներին հաջողվել է սովը դարձնել հրեաների ոչնչացման մասշտաբով երկրորդ միջոցը (ուղղակի սպանությունից հետո)։ Օրինակ՝ Լոի գետտոյում 200000 կալանավորներից կեսը մահացել է սովից։ Կաունասի գետտոյի՝ հարկադիր աշխատանքներ կատարող հրեաները շաբաթական ստացել են 1400 գրամ հաց և 250 գրամ ձիու միս, չաշխատողները՝ դրա կեսը։ Բորիսովի գետտոյում միայն աշխատողներին տրվել է 150 գրամ հաց, Շպոլայի գետտոյում ու Վելիժում կալանավորներին ընդհանրապես չեն կերակրել, իսկ Սմոլենսկի գետտոյում սովից մահացել են հարյուրավոր մարդիկ[2][3]։
Բազմաթիվ գետտոներում յուդենրատները մեծ ջանքեր են գործադրել կազմակերպելու համար կալանավորների համար սննդի ապահովումը՝ կատարելով անօրինական գնումներ կամ փոխանակելով մթերք և այն գաղտնի գետտո հասցնելով։ Սննդի «մաքսանենգության» համար մեծ մասամբ պատիժը եղել է գնդակահարությունը։ Օրինակ՝ Վիլնյուսի գետտոյում յուդենրատը հաճախ գետտո է տարել լիտվացիներից գնված սննդամթերքով բեռնված սայլեր՝ ներկայացնելով, իբր դուրս են տանում աղբ կամ մեռած կալանավորների դիակներ։ Շատ հազվադեպ յուդենրատներին հաջողվել է գերմանացիներից ստանալ գետտոյից դուրս ուտելիք գնելու թույլտվություն։ Սակայն այդ դեպքում էլ քիչ բան է հասել գետտո։ Օրինակ՝ Լվովի գետտոյում յուդենրատը մեծ ջանքերի գնով կարողացել է ձեռք բերել մեկուկես տոննա ուտելիք ու դեղամիջոցներ, սակայն դրա մեծ մասը վերցրել են գերմանացիներն ու ոստիկանները[3]։
ուդենրատները հնարավորության դեպքում կազմակերպել են բույսերի աճեցում փոքր տարածքներում, սովի մատնվածների համար ստեղծել հասարակական ճաշարաններ, օրինակ՝ Բրեստի գետտոյի կալանավորների գրեթե 25 %-ը գոնե ինչ-որ բան կերել են յուդենրատի հոգատարության շնորհիվ։ Վարշավայում, Բելոստոկում ու այլ գետտոներում յուդենրատները կարողացել են գոնե ինչ-որ ժամանակով մարդկանց ապահովել սննդով, ջերմությամբ ու հագուստով[3]։ Շչուչինի գետտոյում յուդենրատը հիվանդներին ապահովել է տաք ապուրով ու կազմակերպել նվազագույն սնունդ ամենաանապահովների համար[5]։
Բժշկություն և հիգիենա
խմբագրելՀրեաներն ստիպված են եղել գետտոյում ապրել լիակատար հակասանիտարական պայմաններում. կալանավորները տառապել են կուտակվածությունից, սովից, ցրտից, կոյուղու և ջրմուղի բացակայությունից, ոջիլներից, թարախային վերքերից, իրենց ուժից վեր աշխատանքից։ Հիվանդությունները գետտոյում եղել են սովորական երևույթ, ոչ թե բացառություն։ Բժիշկները եղել են քիչ, իսկ դեղամիջոցներ ընդհանրապես չեն եղել։ Այդպիսի պայմաններում բժշկական թեկուզ չնչին օգնության կազմակերպումն ու հիգիենայի որոշակի մակարդակի պահպանումը եղել է յուդենրատի հոգսը։ Հիգիենայի ամենահասարակ միջոցը եղել են բաղնիքները, և բազմաթիվ գետտոներում յուդենրատները կարողացել են կազմակերպել դրանք։ Հայտնի են նույնիսկ դեպքեր, երբ առանց բաղնիք այցելելու տեղեկանքի գետտոներում մարդկանց չեն տվել սննդի չափաբաժինը[3]։
Որոշ խոշոր գետտոներում յուդենրատները կարողացել են գերմանացիներից ստանալ հիվանդանոց բացելու թույլտվություն, սակայն մեծ մասամբ օկուպացիոն ուժերը հրեաներին թույլ չեն տվել կազմակերպել բժշկական օգնություն։ Օրինակ՝ Կալուգայում գետտոյի ղեկավար Ֆրենկելը խնդրել է թույլատրել բացել բուժարան, սակայն մերժում է ստացել։ Իսկ Վիլնյուսի գետտոյում հվանդանոցը (ունենալով դեղերի չնչին քանակ) ունեցել է չորս բաժանմունք, ռենտգենի սենյակ, լաբորատորիա և 150 աշխատակից։ Գետտոյում մահացության աստիճանը եղել է 4-10 անգամ բարձր, քան օկուպացիոն երկրների մնացած տարածքների բնակչության մոտ։ Համաճարակի տարածման վտանգի դեպքում գերմանացիները մեծ մասամբ ամբողջությամբ ոչնչացրել են գետտոն, սակայն գետտոների մեծ մասում յուդենրատները կարողացել են կանխել զանգվածային համաճարակները։ Վարակիչ հիվանդությունների ունեցողներին հիվանդանոցում տեղավորելը եղել է անհնար, որովհետև այդ մասին կարող էին իմանալ գերմանացիները։ Այդ պատճառով վարակիչ հիվանդություն ունեցող (հատկապես տիֆով հիվանդ) հրեաներին հաճախ հայտնել են սխալ ախտորոշում և նրանց բուժել գաղտնի[3]։
Երբեմն գետտոյի հիվանդանոցը դարձել է ծուղակ, օրինակ՝ 1941 թվականին Կաունասի գետտոյում գերմանացիները հրդեհել են հիվանդանոցը, որտեղ գտնվում էին 60 հիվանդներ ու բժշկական անձնակազմը։ Սակայն յուդենրատն ստիպված է եղել ռիսկի դիմել և բացել նոր հիվանդանոց, որովհետև նույնիսկ դեղամիջոցների ու բժշկական գործիքների լիակատար բացակայության պայմաններում հրեա բժիշկները կարողացել են բուժել բազմաթիվ հիվանդ կալանավորների[3]։
Գետտոյում յուդենրատի ու բժիշկների առաջ մշտապես ծառացած է եղել ծանրագույն բարոյական դիլեմա։ Օրինակ՝ ամեն օր նրանք ստիպված են եղել որոշել, թե կալանավորներից ում պետք է առաջին հերթին տալ եղած դեղամիջոցները։ Սարսափելի խնդիրներ են առաջացել գերմանացիների՝ գետտոյում ծննդաբերելու արգելքի պատճառով։ Գետտոյի ղեկավարությանը մահվան սպառնալիքով հրահանգված էր առանց հապաղման հայտնել հղիության ցանկացած դեպքի մասին, և այդ ժամանակ նացիստները սովորաբար սպանել են ամբողջ ընտանիքին։ Հղիության ու ծննդաբերության փաստը թաքցնելու դեպքում վտանգի է ենթարկվել ամբողջ գետտոն։ Ձեռք են առնվել միջոցներ ըննդել ծննդաբերության, և բժիշկներն ստիպված են եղել արհետսական ընդհատել հղիությունն անգամ ութերորդ ամսում, որպեսզի երեխայի կյանքի գնով (որին գերմանացիները պետք է սպանեին) փորձեն փրկել ապագա մայրերին ու նրանց ամուսիններին[3]։ Շյաուլյայի գետտոյի յուդենրատի քարտուղարն իր օրագրում գրել է[3].
Ի լրումն մեր բոլոր ստորացումներին ու բարոյալքման՝ մենք ստիպված էինք դառնալ մեր սեփական երեխաներին սպանողը։ Այդ սև օրերին գետտյում գտնվում էին երեք կանայք հղիության վերջին փուլում։ Ամենօրյա վերահսկողությունն այդ դժբախտներին թույլ չէր տալիս թաքնվելու և իրենց ապագա երեխաներին փրկելու հնարավորություն։ Հուսահատությունից նրանք բժիշկներին խնդրել են անցկացնել ժամանակից շուտ ծնունդ, և սպանել երեխաներին։ Դա արվել է մասնավոր բնակարանում։ Նրանք ծնվեցին կենդանի ու առողջ։ Մեկը անսովոր գեղեցկություն ուներ։ Նրանք բոլորը սպանվեցին ներարկիչի օգնությամբ և թաղվեցին նույնիսկ ոչ թե գերեզմանատանը, այլ գետտոյի խուլ նրբանցքներից մեկում։ Ավելի լավ է այդպես, քան գերմանացիների ձեռքից։
Պայքար անտունության դեմ
խմբագրելՅուդենրատները մեծ ջանքեր են գործադրել նաև անտուն կալանավորների հարցը լուծելու ուղղությամբ. նրանց բոլորին տեղավորել են, և գրեթե ոչ ոք չի մնացել առանց ապաստանի։ Դրան յուդենրատները հասել են ծանր գնով։ Օրինակ՝ Վարշավայի բնակչության մեկ երրորդը կազմող հրեաներին գետտո տեղափոխելուց հետո մեկ սենյակում տեղավորվել է 13-15 մարդ, իսկ նրանք բոլորը ստիպված են եղել բավարարվել քաղաքի տարածքի 5 %-ում։ Գրոդնոյի գետտոյի մեկ բնակչին հասել է մեկ քառ. մետրից ոչ ավելի տարածք, իսկ Օդեսայի մարզի Վելիժե բնակավայրում 500 հրեաների քշել են խոզանոց, որ նախատեսված էր 300 խոզի համար[3]։
Մշակույթն ու կրթությունը գետտոյում
խմբագրելԱկտիվ դիմադրությունից բացի յուդենրատները նացիստներին ցույց են տվել նաև հոգևոր դիմադրություն։ Նվազագույն հնարավորության դեպքում իսկ հրեական խորհուրդները փորձել են գետտոյում կազմակերպել ինչ-որ մշակութային միջոցառումներ։ Անխուսափելի մահվան պայմաններում համերգներն ու ներկայացումները բազմաթիվ կալանավորների փրկել են հուսահատությունից[3]։
Հրեաներին արգելվել է կրթել իրենց երեխաներին, սակայն գետտոներում կալանավորները յուրաքանչյուր հնարավորության դեպքում խախտել են այդ արգելքը։ Այդ հազվադեպ դեպքերում, երբ գերմանացիները թույլ են տվել կազմակերպել ուսուցում, դպրոցները դարձել են ծուղակ, որովհետև նացիստներն առաջին հերթին ձգտել են սպանել հրեա երեխաներին՝ որպես աշխատանքի համար ոչ պիտանի բեռ, իսկ դպրոցում հարմար էր միանգամից մեծ թվով երեխաների բռնելը։ Օրինակ՝ Կաունասի գետտոյում յուդենրատը երկար տատանումներից հետ որոշել է թույլ չտալ, որ երեխաները մնան անուսում, և շուրջ 500 երեխաներ սկսել են սովորել երկու դպրոցներում, որոնք բացվել են գետտոյի խիստ նեղության պայմաններում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ 1942 թվականի օգոստոսի 26-ին նացիստները կտրականապես արգելել են ցանկացած դասավանդում գետտոյում, Կաունասի հրեաները շարունակել են երեխաներին ուսուցանել գաղտնի[3]։
Ֆինանսական գործունեութուն
խմբագրելԳետտոյի կյանքի համար անընդհատ պայքար մղող յուդենրատներին մշտապես անհրաժեշտ է եղել փող։ Յուդենրատի աշխատողները պետք է ստանային աշխատավարձ, բնակության համար նախատեսված տարածքը պահանջել է վերանորոգում, հիվանդանոցները պետք է գնեին դեղամիջոցներ, մանկատներին գումար էր պետք երեխաներին պահելու, դպրոցներին՝ երեխաններին կրթելու համար, ինչպես նաև պետք է գնվեր սնունդ սովյալների համար։ Գումար էր անհրաժեշտ նաև վճարելու փողոցները մաքուր պահելու, ջրմուղի, էլեկտրականության ու կոյուղու համար։ Մշտապես առաջացել են չնախատեսված, սակայն կենսականորեն անհրաժեշտ ծախսեր գերմանացիներին ու ոստիկաններին կաշառելու՝ հերթական զանգվածային սպանությունից խուսափելու, ձերբակալվածներին կամ հարկադիր աշխատանքի ուղարկվողներին ազատելու համար[3]։
Յուդենրատները փող ստացել են միակ աղբյուրից՝ հենց գետտոյի կալանավորներից։ Նրանք գտնվել են կայնքի ու մահվան սահմանին, սակայն հանուն հասարակական անհրաժեշտության ստիպված են եղել յուդենրատին վճարել հարկեր։ Յուդենրատները նաև ստիպված են եղել մթերքը կալանավորներին վաճառել թանկ գնով, որպեսզի գումար հավաքվի դեղամիջոցների ու կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար։ Սովորաբար յուդենրատներն ստիպված են եղել ունենալ երկու դրամարկղ՝ պաշտոնական, որը ներկայացրել են գերմանացիների ստուգմանը, և գաղտնի, որում մահվան վտանգի ենթարկվելով գումար են հավաքել կաշառքների և անօրինական ճանապարհով մթերքներ ձեռք բերելու համար[3]։
Համագործակցություն օկուպացիոն իշխանությունների հետ
խմբագրելԷլիեզեր Բերկովիչ, Հավատն աղետից հետո «...Ամեն մի դաժանություն, որ կատարվել է կալանավորների կողմից.... իրենց ընկերների հանդեպ, գերմանացիների մեղքն է, նրանց մեծագույն հանցագործությունը... Գոյություն ունի հսկայական տարբերություն դահիճների դաժանության ու զոհերի դաժանության միջև։ Առաջինները, որոնք հավատացած են, որ իրենք աշխարհի տերերն են, և գիրանում են թալանածով, սեփական կամքով են ընտրել չարին ծառայելու ուղին։ Երկրորդները դժբախտ զոհեր են, որոնց բարոյականությունը կոտրվել է հրեշավոր բարբարոսությամբ։ Առաջինների դաժանությունը հակաբնական է։ Երկրորդների դաժանությունը մարդասպանների աներևակայելի անմարդկայնության բնական արդյունքն է։ Ընդհակառակը, անհնար է հասկանալ, թե ինչպես է կալանավորների ճնշող մեծամասնությանը հաջողվել պահպանել իրենց մարդկային կերպարը մինչև ամենավերջ և նույնիսկ հասնել ինքնազոհողության այդպիսի բարձունքների»։ |
Յուդենրատների ճակատագիրը անխուսափելիորեն եղել է սարսափելի։ Գերմանացիներն ստեղծել են յուդենրատները հրեաների ոչնչացմանն օգնելու և ոչ այլ ինչի համար։ Եթե յուդենրատները խոչընդոտել են գերմանացիների ծրագրերի իրականացմանը, դրանք ոչնչացվել են (ինչպես, օրինակ, Լվովի գետտոյում)։
Սկզբում յուդենրատի անդամները հույս են ունեցել ժամանակ շահել գերմանացիների հրամանները կատարելով, ինչի համար հավաքել են գումար, հանձնել մորթեղենն ու արժեքավոր իրերը, մարդկանց ուղարկել հարկադիր աշխատանքի։ Բայց յուդենրատների գործողություններից անկախ գերմանացիների սկզբունքային նպատակը մնացել է հրեաների լիակատար ոչնչացումը։ Այնուամենայնիվ, հրեական խորհուրդների բազմաթիվ աշխատողներ չէին հավատում, որ գերմանացիներն իսկապես ունեն «հրեական հարցի վերջնական լուծման» պլան, որը նախատեսում է բոլոր հրեաների ոչնչացումը։ Այդ պատճառով էլ նույնիսկ բազմակի «գործողություններից» այդ մեղմասացությամբ նացիստները կոչել են իրենց կազմակերպած զանգվածային սպանությունները) հետո յուդենրատի բազմաթիվ անդամներ փորձել են դա բացատրել միայն գերմանացիների՝ անաշխատունակ կալանավորներից ազատվելու և գետտոն պահելու ծախսերը կրճատելու ցանկությամբ։ Այդպես են վարվել բազմաթիվ յուդենրատների ղեկավարներ, օրինակ՝ Բարաշը Բելոստոկի գետտոյում, Հանսը Վիլնոյում, Չերնյակովը Վարշավայում, Հերշոն Լիբերմանը Գլոբոկոեում, որոնք չէին ուզում հավատալ, որ նացիստներն իրականում ձգտում են բոլոր հրեաների ոչնչացմանը[3]։
Գերմանացիների հրահանգները բացահայտ չկատարելու դեպքում յուդենրատի անդամներին սպառնում էր անհապաղ մահ, այդ պատճառով էլ առավելագույնը, որ կարող էին անել հրեական խորհուրդները, եղել է նացիստների հրամաններին հնարավորինս վատ կատարումը՝ փորձելով հետաձգել կամ մեղմացնել իշխանությունների հակահրեական գործողությունները։ Սակայն յուդենրատի անդամների մի մասը ենթադրել է, որ գերմանացիների հրամանների առանց հակաճառության կատարման դեպքում կարելի էր հասնել զիջումների։ Նաև յուդենրատների մի մասը ձգտել է ցույց տալ կալանավորների աշխատանքի կարևոր նշանակությունը պատերազմող Գերմանիայի տնտեսության համար («փրկություն աշխատանքի միջոցով» քաղաքականություն) և դրանով իսկ փրկել որքան հնարավոր է շատ հրեաների։ Լայն տարածում են ունեցել մի շարք պատրանքներ՝ «կապրենք, եթե պետք լինենք», «աշխատանք հանուն կյանքի»։ Այդ նպատակով յուդենրատներն ստեղծել և ամեն գնով պահպանել են նացիստների համար օգտակար արտադրություններ։ Օրինակ՝ Բարաշը Բոլեստոկի գետտոյում կազմակերպել է գերմանական բանակի համար աշխատող ֆաբրիկաներ և նույնիսկ կազմակերպել է ցուցահանդես, որպեսզի ցույց տա Գերմանիային գետտոյի տված օգուտը։ Սակայն ոչ մի գետտոյում դա առանձնակի նշանակություն չի ունեցել, և Բելոստոկում հրեաները, թեև մի քիչ ավելի ուշ, սակայն սպանվել են նույն ձևով, ինչ մյուս քաղաքներում[2][3]։
Լիակատար անելանելիության պայմաններում յուդենրատների մի մասը հրաժարվել է մատնել հրեաներին, մյուսները համայնքի փրկության համար զոհել է նրա մի մասն ու համաձայնել մասնակցել մոտակա ժամանակներում ոչնչացման ուղարկվելիք կալանավորների ընտրությանը, որպեսզի կանխի կամ գոնե հետաձգի հետագա սպանությունները։ Մասնավորապես Լոձի գետտոյի ղեկավար Խաիմ Ռումկովսկին կալանավորներին համոզել է չդիմադրել գետտոյի երեխաներին համակենտրոնացման ճամբար ուղարկելուն, որպեսզի այդ գնով փրկվեն մյուսները։
Այդ պատճառով յուդենրատները հաճախ կոնֆլիկտներ են ունեցել գետտոյում գործող հրեա ընդհատակայինների հետ։ Երբեմն դա ավարտվել է բախումով, օրինակ՝ Վարշավայում Żydowska Organizacja Bojowa (Հրեական ռազմական կազմակերպությունը) հարձակվել է հրեական ոստիկանության վրա, Վիլնյուսի գետտոյում տեղի է ունեցել ընդհարում՝ կապված Իցհակ Վիտենբերգի գործի հետ, իսկ Արևելյան Վերին Սիլեզիայում յուդենրատի նախագահ Մոշե Մերինը նույնիսկ պատերազմ է հայտարարել ընդհատակայիններին։ Նմանատիպ իրավիճակներ են եղել նաև Կրակովում և այլուր։
Մասնակցություն դիմադրությանը
խմբագրելՅուդենրատների ներկայացուցիչների մեծ մասը չի ընդունել փախուստների, անտառ գնալու և պարտիզանական զինված դիմադրությանը մասնակցելու գաղափարները։ Սակայն յուդենրատների անդամների ու գետտոների ղեկավարության մեծ մասը մասնակցել են նացսիտներիդեմ զինված պայքարի կազմակերպմանն իրականացմանը և ակտիվ կապ են պահել դիմադրության շարժման հետ, ինչպես, օրինակ, Մինսկի և Լախվայի գետտոներում։
Որոշ յուդենրատներ ուղղակիորեն մասնակցել են ընդհատակային կազմակերպություններին, մյուսները դրանց հետ համագործակցել են որոշակի չափով, սակայն մշտապես փորձելով միաժամանակ և՛ փրկել գետտոյի հրեաներին ու իրենց, և՛ պայքարել նացիստների դեմ։ Գետտոների ղեկավարներն այդ ուղղությամբ գործել են միմյանցից բոլորովին տարբեր. Ռումկովսկին Լոձի գետտոյում ամեն գնով պայքարել է ընդհատակայինների դեմ, Գ. Լանդաուն Քիշնևի գետտոյում չի օգնել, բայց և չի խանգարել ընդհատակայիններին, իսկ Շյաուլյայում ու Լուցկում յուդենրատների նախագահներն իրենք են փորձել զինել կալանավորներին ու սկսել ապստամբություն[3]։
Բելոստոկի գետտոյում յուդենրատի նախագահ Բարաշն սկզբում համագործակցել է դիմադրության շարժման հետ, ամեն կերպ օգնել ու աջակցել հրեական դիմադրության կազմակերպիչ և ղեկավար Մորդեխայ Տանենբաումին և նույնիսկ նրա միջոցով գումար ու ոսկի է փոխանցել Վարշավայի ընդհատակայիններին զենք գնելու համար։ Բարաշը դադարեցրել է դիմադրությանն օգնել միայն 1942 թվականի փետրվարին, երբ գերմանացիներն սպանել են Բելոստոկի գետտոյի ավելի քան 10 հազար հրեաների, և Բարաշը որոշել է գործել առավելագույն զգուշությամբ՝ փորձելով փրկել մնացածներին[3]։
Ընդհատակյա դիմադրության շարժման մասնակիցները նույնպես ակտիվորեն ընդգրկվել են յուդենրատների կազմում, որովհետև դա նրանց տվել է ավելի մեծ հնարավորություններ օկուպացիոն ուժերի դեմ պայքարելու համար[3]։
Մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ յուդենրատների ղեկավարների վերաբերյալ այն պատկերացումը, թե նրանք հրեաներին տարել են ինչպես «ոչխարներին սպանդանոց», չի համապատասխանում իրականությանը։ Հրեական խորհուրդների ղեկավարների գրեթե 30 %-ը գետտոյում դիմադրել է նացիստներին բոլոր հնարավոր միջոցներով, ինչն ավելի շատ է, քան օրինակ, օկուպացված երկրների ղեկավարությունների ներկայացուցիչներից դիմադրությանը մասնակցածների թիվը[3]։
Պատերազմից հետո
խմբագրելՀիտլերյան օկուպացիայի ընթացքում յուդենրատների անդամների ճնշող մեծամասնությունն սպանվել է նացիստների կողմից։ Սակայն օկուպացված տարածքների ազատագրումից հետո խորհրդային իշխանությունները յուդենրատների՝ կենդանի մնացած քիչ թվով անդամներին վերաբերվել են որպես «ֆաշիստական հանցակիցների», և կենդանի մնացածները ենթարկվել են բռնաճնշումների, առավել հաճախ՝ գնդակահարվել[1]։
Ծավալված պրոպագանդայի արդյունքում 1970-1980-ական թվականներին խորհրդային հրապարակախոսության մեջ Հոլոքոստը հիշատակվել է գրեթե միայն այն ժամանակ, երբ պահանջվել է յուդենրատներին մեղադրել նացիստների հետ համագործակցելու մեջ։ Խորհրդային մարմինները չեն մտածել հրեաներին՝ «ֆաշիստներին հանցակից» լինելու մեջ մեղադրելու աբսուրդ լինելու մասին, քանզի չնայած մատուցած ծառայություններին՝ նացիստների նպատակը եղել է բոլոր հրեաների լիակատար ոչնչացումը[4]։
Խորհրդային Միությունում «ֆաշիստների հետ յուդենրատների համագործակցության» մասին պատմությունները եղել են հակասեմական պրոպագանդայի անբաժանելի մասը, թեև նրանք ոչ մի կապ չեն ունեցել ո՛չ Իսրայելի, ո՛չ սիոնիզմի հետ։ Դրա համար խորհրդային լրագրողները հատուկ ընտրել են լուսանկարներ, որտեղ յուդենրատի անդամների հագուստի վրա պարտադիր երևացել է վեցաթև աստղը, ինչը ներկայացվել է որպես սիոնիստական գործունեության ապացույց[4]։
Յուդենրատների գործունեության քննադատություն
խմբագրելՅուդենրատների ստեղծման ժամանակից դրանք արժանացել են հակադիր կարծիքների։ Մարդկանց մի մասը յուդենրատների անդամներին համարել է միայն նացիստների հանցակիցներ և աջակիցներ, որոնք ցանկանում են կենդանի մնալ ցանկացած գնով։ Մյուսները հասկացել են, որ յուդենրատում աշխատելը տվել է թեկուզ չնչին հնարավորություն՝ փրկելու հրեաներին ու օգնելու դիմադրությանը։ Կալանավորների մեծ մասը ամեն կերպ ձգտել են վնասել ու խանգարել յուդենրատների աշխատանքին. ոմանք խուսափել են հարկերը վճարելու ու հարկադիր աշխատանքներից, մյուսներն ընդհանրապես հրաժարվել են համագործակցել հրեական խորհուրդների հետ, իսկ որոշ գետտոներում նույնիսկ անցկացվել են գործադուլներ ու ցույցեր ընդդեմ յուդենրատների։ Սակայն յուդենրատներին՝ գերմանացիների հետ կամավոր համագործակցելու համար մեղադրելու հետ պետք է հաշվի առնել այն փաստը, որ յուդենրատներն ստիպված են եղել ղեկավարել համայնքը բոլորովին նոր, նախկինում անծանոթ պայմաններում[1][3]։
Յուդենրատների կազմում հայտնվել են նաև այնպիսի մարդիկ, որոնք ամեն կերպ և այլ կալանավորների հաշվին փորձել են ստանալ անձնական շահ և խուսափել մահվանից։ Յուդենրատներն ամեն դեպքում համագործակցել է նացիստների հետ, իսկ նրա անդամների մի մասն օգնել է կազմակերպել զանգվածային սպանություններ, սատարել է հրեական ոստիկանությանը գետտոյի ներսում, կաշառք է վերցրել ու այլոց կյանքի հաշվին պահպանել իրենը։ Թեև մեծ մասամբ յուդենրատները կատարել են գերմանացիների հրահանգները և որոշում են ընդունել համայնքի մի մասին զոհել հանուն մյուսների՝ «կտրել ձեռքը, որպեսզի փրկեն ողջ մարմինը», և մարդկանց ստիպել են գնալ ծանրագույն աշխատանքի, հավաքել են ռազմատուգանք նացիստների համար, և միշտ չէ, որ կարողացել են օգնել սովյալներին ու հիվանդներին, նրանց շարքերում եղել են և՛ կողոպտիչներ, և՛ գողեր, և՛ անսիրտ մարդիկ, սակայն գետտոյի կալանավորների ճնշող մեծամասնությունը յուդենրատներից ստացել է օգնություն և երախտապարտ է եղել նրանց[1][2][3]։
Յուդենրատների՝ «աշխատանք հանուն կյանքի» գաղափարին կողմ է եղել գետտոյի բնակիչների բացարձակ մեծամասնությունը։ Նույնիսկ գետտոյի ընդհատակայինները, մշտապես կոնֆլիկտի մեջ լինելով յուդենրատների հետ, դեմ չեն եղել դրանց գոյությանն ու հիմնականում նրանց դեմ չեն պայքարել բացահայտորեն, քանի որ հիանալի հասկացել են նրանց աշխատանքի անհրաժեշտությունն ու գետտոն փրկելու նրանց մշտական փորձերի ամբողջ ծանրությունը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Юденрат՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Яд Вашем. Энциклопедия Катастрофы. Юденрат Արխիվացված 2013-12-02 Wayback Machine
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 А. Кардаш. «Юденрат»
- ↑ 4,0 4,1 4,2 А. Каганович. Евреи Речицы в годы немецкой оккупации, 1941—1943 гг. Արխիվացված 2014-12-30 Wayback Machine
- ↑ «Памяць. Шчучынскi раён», 2001, էջ 204
Գրականություն
խմբագրել- Trunk, Isaiah. Judenrat: The Jewish Councils in Eastern Europe Under Nazi Occupation. Lincoln: University of Nebraska Press, 1996 (անգլ.)
- И. Кабанчик. Евреи на Украине. Учебно-методические материалы. Днепропетровск, 2004
- Аб Мише. Черновой вариант. Иерусалим, 1994.
- Аб Мише. Посреди войны. Посвящения. Иерусалим, 1998.
- Weiss А. Judenrat in Enciklophedia of Holocaust. Vol. 3. Tel-Aviv, 1990 (անգլ.)
- Йонас Э. Евреи Львова в годы Второй мировой войны и Катастрофы европейского еврейства 1939—1944. Иерусалим, 1999.
- Dziennik Davida Sierakowiaka. Warszawa, 1960 (լեհ.)
- Г.П. Пашкоў, В.I. Казяк, I.Ю. Сакалоўскi i iнш. (рэдкал.), С.Г. Каспярчук, I.П. Крэнь (укладальнiкi) «Памяць. Шчучынскi раён». — Мн.: «Беларуская энцыклапедыя», 2001. — 592 с. — ISBN 985-11-0218-0(բելառուս.)
- Вольф Э. Воспоминания бывших узников Жмеринского гетто. Иерусалим, 2001.
- Альтман И. А. Жертвы ненависти. Холокост в СССР, 1941—1945 гг. — М.: Фонд «Ковчег», 2002. — 544 с. — (Анатомия Холокоста). — 2000 экз. — ISBN 5-89048-110-X
- Гарфункель Л. Разрушенный еврейский Каунас. Иерусалим, 1959 (եբրայերեն)
- Аrad Y. Ghetto in Flames. Jerusalem, 1980 (անգլ.)
- Ицхак Арад. Уничтожение евреев на оккупированных территориях Советского Союза, 1941—1945 гг. Иерусалим, 2003 (եբրայերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Учебные материалы по истории антисемитизма и Шоа. Юденрат
- Кардаш А. — отрывок из книги«Юденрат». Хроники Иерусалима. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- Steven Spielberg Film and Video Archive Արխիվացված 2008-04-01 Wayback Machine (անգլ.)
- Е. Розенблат. Юденраты в Беларуси: проблема еврейской коллаборации
- Юденраты в Западной Украине Արխիվացված 2013-12-26 Wayback Machine
- М. Румер-Зараев. Союз с дьяволом. Агенты гестапо в Варшавском гетто.
- Judischer ordnungsdienst (Jewish ghetto police, referred to by the Jews as the «Jewish police») Արխիվացված 2018-10-29 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուդենրատ» հոդվածին։ |