Ներկանյութեր
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ներկանյութեր, օրգանական միացություններ, որոնք կլանում կամ վերափոխում են տեսանելի (նաև մոտակա ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր) լույսի էլեկտրամագնիսական ճառագայթների էներգիան և օգտագործվում են նրանց այդ հատկությունը այլ նյութերի (մարմինների, իրերի) հաղորդելու նպատակով։
Նկարագիր
խմբագրելՆերկանյութերը, սովորաբար, գունավոր են, երբեմն ունեն լյումինեսցենցող կամ լուսաքիմիական երևույթների վրա ազդող հատկություններ։ Հնում օգտագործվում էին բնական ծագում ունեցող ներկանյութեր, որոնք համարյա լրիվ կորցրել են գործնական նշանակությունը և փոխարինված են սինթետիկ ներկանյութերովով։ Վերջիններիս համաշխարհային արտադրությունը (1980 թվական) մոտ 650 հազար տոննա է։
Հագուստը, բնակարանը, զենքը, մաշկը, սպասքի և պերճանքի առարկաները ներկելու համար հին ժամանակներում օգտագործում էին գունավոր կավեր,մետաղների օքսիդներ, մուր, բուսական և կենդանական նյութեր։
Ինդիգոակիր բույսերի տերևներից ստանում էին ինդիգոն (հայ մատենագրության մեջ անվանվում էր լեղակ), տորոնի արմատներից՝ ալիզարին, միջերկրածովային փափկամորթներից (Murex braudaris)՝ «անտիկ» ծիրանագույնը, մանգոյի տերևներով սնվող կենդանիների մեզից՝ «հնդկական դեղինը»։ Հայկական ձեռագրերում նկարագրված են տեղում օգտագործվող և զգալի քանակներով արտահանվող լեղակի, սև թանաքի, հայկական ծիրանու՝ որդան կարմիրի և այլ ներկանյութերի ստացման եղանակները։
Ստացում
խմբագրելՄանածագործության բուռն զարգացումը (18-րդ դար) խիստ մեծացրեց ներկանյութերի պահանջը։ Սինթետիկ ներկանյութների ստացումը, սակայն, հնարավոր դարձավ Զինինի ռեակցիայի հայտնաբերումից հետո։ 1855 թվականին լեհ քիմիկոս Յա․ Նաթանսոնը Օուրեի (այժմ՝ Տարտու) համալսարանում ստացավ առաջին սինթետիկ ներկանյութը՝ ֆուքսինը (գույնով հիշեցնում է ֆուքսիայի ծաղիկը)։ Անգլիացի քիմիկոս և արդյունաբերող Ու․ Հ․ Պերկինը (ավագ) ստացավ (1856 թվական) մետաքսը կարմրամանուշակագույն ներկող մովեինը (անգլ.՝ mauve- մշավարդ) և կազմակերպեց նրա արտադրությունը։ Դիազոտացման ռեակցիայի (Պ․ Գրիս, 1858 թվական) օգնությամբ սինթեզվեցին նոր ներկանյութեր։
Ավելի ուշ սինթեզվեցին նաև ալիզարինը (Կ․ Գրեբե և Կ․ Լիբերման, 1869 թվական), ինդիգոն (Ա․ Բայեր, 1870 թվական), նաև բնական նմանակը չունեցող ամինաանտրաքինոնային, բազմացիկլային, ծծմբային և այլ ներկանյութեր։ 20-րդ դարում սկզբում սինթետիկ ներկանյութերը կիրառությունից համարյա լրիվ դուրս մղեցին բնական ներկանյութը։ Սինթետիկ ներկանյութի արտադրությունը կենտրոնացավ Գերմանիայում (1913-ին ներկանյութի համաշխարհային արտադրության 90 %-ը)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այն տարածվեց նաև այլ երկրներում։
Աղբյուրներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Химическая технология текстильных материалов։ [Учеб. для вузов по спец. «Хим.-технология и оборуд. отделоч. пр-ва»] / Г. Е. Кричевский, М. В. Корчагин, А. В. Сенахов ; Под ред. Г. Е. Кричевского, 640 с. ил. 22 см, М. Легпромбытиздат 1985
- Венкатараман К., Химия синтетических красителей, пер. с англ., т.1-6, Л., 1956-77.
- Бородкин В. Ф. Химия красителей. М.- Химия 1981 г.
- Гордон П., Грегори П., Органическая химия красителей, пер. с англ., М., 1987;
- Степанов Б. И., Введение в химию и технологию органических красителей, 3 изд., М., 1984;
- ГОСТ 9733.0 - 27.83. Материалы текстильные. Методы испытаний устойчивости окраски.
- ГОСТ 9733.1 - 91. Материалы текстильные. Метод испытания устойчивости окраски к свету.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 247)։ |