Կորդրիք Ներքին

Մեծ Հայքի Կորճայք նահանգի գավառ
(Վերահղված է Ներքին Կորդրիքից)

Կորդրիք Ներքին, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Թման քաղաքը, որը համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Դերիկ Մուստաֆա բնակավայրին, այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Կորդրիք Ներքին
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էԿորճայք
ՎարչկենտրոնԹման
Հիմնական լեզուասորերեն, պահլավերեն, մարերեն
Ազգային կազմասորիներ, մարեր
Կրոնական կազմզրադաշտականություն, ասորական ուղղափառ եկեղեցի

Անվանում

խմբագրել

Կորդրիք անվան ստուգաբանությունը ամենայն հավանականությամբ կապվում է «Կորդուք» անվան հետ, քանի որ դարեր շարունակ Կորդրիք Ներքինը, Կորդրիք Միջինը և Կորդրիք Վերինը դրա մաս են կազմել, ապա՝ անջատվել որպես «Տմորիք» երկրամաս, իսկ հետագայում բաժանվել երեք մասի։ Թման ավանը, որը եղել է գավառի կենտրոնը, թարգմանաբար նշանակում է ութ, և ունի աստվածաշնչյան մեկնաբանություն։

Աշխարհագրություն

խմբագրել

Կորդրիք Ներքինը եղել է Կորճայքի ինը գավառներից մեկը, սահմանային վարչական միավոր։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Կորդուքին, արևելքում՝ Կորդրիք Միջինին։ Հարավում՝ Խաբուր գետի հունով, բաժանվում էր Ադիաբենե երկրից, իսկ արևմուտքում` Տիգրիս գետի հունով՝ Ծավդեք երկրամասին (Հայոց Միջագետք) և Արվաստան երկրին (Միգդոնիա)։ Հելլենիստական շրջանում Ադիաբենեն և Միգդոնիան պատկանում էին Պարթևստանին, ապա՝ դրա իրավահաջորդ Սասանյան Պարսկաստանին։

Ունի մասամբ լեռնային, հիմնական դաշտային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Ամենաբարձր կետը Արարադ լեռն է 2089 մ, որն այժմ կոչվում է «Ջուդի»[2]։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրաքյան Քուրդիստանի Դուհոքի նահանգի Զախոյի շրջանին (քրդ.՝ قەزای زاخۆ` կեզայե Զախո) և մասամբ Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիա տարածաշրջանի Շըրնաքի մարզի Սիլոփի շրջանին (թուրքերեն՝ Silopi ilçe

Պատմություն

խմբագրել

Գավառը Կորճայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի շնորհիվ (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160), որը Կորդուքից ժամանակավորապես նվաճեց Տմորիք երկրամասը, ապա Տիգրան Մեծի (մ․թ․ա․ 95 - մ․թ․ա․ 55) կողմից Կորդուքի նվաճման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Նախքան ավատատիրության հաստատման շրջանը՝ 4-րդ դար, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Կորճայքի կենտրոնական գավառները, այդ թվում Կորդրիք Ներքինը, միավորվել են Տմորիք երկրամասի մեջ։ Տարածքը, Կորճայքի մյուս գավառների հետ միասին, բացի Կորդուքից, շարունակել է մնալ Հայկական մարզպանության, ապա՝ Արմինիա կուսակալության կազմում։

Ինչպես գավառը, այնպես էլ Կորճայք նահանգի կենտրոնական այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Սիրիայում և Միջագետքում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի, մասամբ նաև՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքոմանների ներհոսք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 394 — 992 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։