Նորայր Նուրիկյան
Նորայր Արամի Նուրիկյան (բուլղար․՝ Норайр Нурикян, հուլիսի 26, 1948, Սլիվեն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), հայազգի բուլղարացի ծանրամարտիկ, մարզիչ, Բուլղարիայի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1976), աշխարհի կրկնակի չեմպիոն (1972, 1976) և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1972, 1976), աշխարհի հնգակի ռեկորդակիր։ Արժանացել է Բուլղարիայի Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության առաջին աստիճանի շքանշանով։ 1994 թվականին Նորայր Նուրիկյանի անունը ներառվել է Ծանրամարտի փառքի սրահում[1]։
Նորայր Նուրիկյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Բուլղարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 26, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սլիվեն, Բուլղարիա |
Հասակ՝ | 155 սանտիմետր |
Կենսագրություն
խմբագրելՆորայր Նուրիկյանը ծնվել է 1948 թվականի հուլիսի 26-ին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում հայերի ընտանիքում։ Հաճախել է ջութակի դասերի։ 1958-1959 թվականներին նրա ուսուցիչներից մեկը, նշելով նրա ուժեղ լինելը, ասել է, թե նա պիտի զբաղվի ոչ թե ջութակ նվագելով, այլ բռնցքամարտով[2]։ Հետագայում նա մի որոշ ժամանակ խաղացել է բասկետբոլ, սակայն ոչ այնքան բարձրահասակ լինելու պատճառով հաջողության չի հասել այդ բնագավառում։
1966 թվականին Նորայր Նուրիկյանն սկսել է զբաղվել ծանրամարտով բուլղարացի հայտնի մարզիչ Իվան Աբաջիևի գլխավորությամբ։ 1969 թվականին Նորայր Նուրիկյանը Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ մասնակցելէ Եվրոպայի առաջնությանը, որ անցկացվում էր Վարշավայում, և զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նորայր Նուրիկյանը մեծ հաջողության է հասել 1972 թվականին Մյունխենում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ նա համառ պայքարում հաղթել է ԽՍՀՄ ներկայացնող ծանրամարտիկ Դիտո Շանիձեին ու հռչակվել աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ընդ որում՝ նա սահմանել է աշխարհի նոր ռեկորդ ըստ եռամարտի միավորների գումարի։ 1973 թվականին Նորայր Նուրիկյանը Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում զիջել է Դիտո Շանիձեին, իսկ 1974 թվականին՝ նաև բուլղարացի ծանրամարտիկ Գեորգի Տոդորովին, ինչից հետո որոշել է կիսաթեթև քաշային կարգից անցնել թեթև քաշային կարգ։ 1976 թվականին, հանդես գալով արդեն գերթեթև քաշային կարգում, Նորայր Նուրիկյանը հաղթել է Բեռլինում անցկացվող Եվրոպայի առաջնությունում և Մոնրեալում անցկացվող Օլիմպիական խաղերում՝ կրկին սահմանելով աշխարհի ռեկորդ վարժությունների միավորների գումարով։
1977 թվականին Նորայր Նուրիկյանն սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ։ Երկար ժամանակ նա եղել է Իվան Աբաջիևի օգնականը, իսկ 1990 թվականին գլխավորել է Բուլղարիայի ազգային հավաքականի մարզչական գրասենյակը։ Հետագայում նա եղել է Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը, որպես դատավոր հանդես է եկել միջազգային մրցությունների ընթացքում, այդ թվում՝ 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Weightlifting Hall of Fame:List of Members Արխիվացված 2008-09-13 Wayback Machine(անգլ.)
- ↑ «The Little Big Man From Sevlievo». www.chidlovski.net. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ https://web.archive.org/web/20080907230408/http://results.beijing2008.cn/WRM/ENG/INF/WL/C56B/WLM085A01.shtml#WLM085A01 (անգլ.)