Նոր ընդհանուր կատալոգ
Նոր ընդհանուր կատալոգ, ընդունված նշանակումը՝ NGC (անգլ. New General Catalogue), մշուշային օբյեկտների աստղագիտական ցուցակ։ 1888 թ. հրատարակել է Ջոն Դրեյերը։ Կատալոգը զգալիորեն լայնածավալ էր՝ ընդգրկում էր 7840 մշուշային օբյեկտ։ Դրեյերն այն անվանեց միգամածությունների և կույտերի նոր ընդհանուր կատալոգ։ Այժմ այս կատալոգից սովորաբար օգտվում են մշուշային օբյեկտները նշանակելու համար։ Օրինակ՝ Դրեյերի կատալոգում 5139 համարը կրող օբյեկտը (տվյալ դեպքում՝ Կենտավրոսի համաստեղության մեջ գտնվող գնդաձև աստղակույտը) նշանակվում է NGC 5139։ 1894 և 1908 թթ. Դրեյերը հրատարակեց իր կատալոգի լրացումները՝ ընդամենը 5386 (1520 օբյեկտ՝ առաջին կատալոգում և 3866 օբյեկտ երկրորդ կատալոգում) մշուշային օբյեկտներ պարունակող այսպես կոչված ինդեքս-կատալոգներ (անգլ. Index Catalogue), որտեղ օբյեկտը նշանակվում է IC։ Հարավային կիսագնդի օբյեկտները ավելի թերի են ներկայացված կատալոգում, սակայն շատերը դիտվել են Ջոն Հերշելի և Ջեյմս Դյունլոպի կողմից։ Նոր ընդհանուր կատալոգում շատ սխալներ կային, որոնք հիմնականում վերացվեցին 1973 թ. հրապարակված Վերանայված նոր ընդհանուր կատալոգում (RNGC, անգլ. Revised New General Catalogue) և 1988 թ. հրապարակված NGC2000.0 կատալոգում։
Աղբյուրներ
խմբագրելԱղեկյան Թադևոս, Աստղեր, Գալակտիկաներ, Մետագալակտիկա, Երևան, Հայաստան, 1971։