Նռնենի
Նռնենի[1] (լատին․՝ Punica granatum), նռնազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի և ոչ մեծ ծառերի ցեղ, երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։
Նուռ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Punica granatum | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՏերևաթափ փոքր ծառ է 5 մ (երբեմն՝ 10 մ) բարձրությամբ, գնդաձև սաղարթով և մինչև 40 սմ բնի տրամագծով։ Բունը ծածկված է դարչնագորշավուն, ճաքճքված կեղևով։ Հին ճյուղերը ծածկված են բարակ, մոխրավուն կամ դարչնադեղնավուն կեղևով։ Ընձյուղները 4-6 անկյունանի են, դարչնամոխրավուն, ծածկված նոսր, մանր մազմզուկներով և նոսր, դեղին կետանման ոսպնյակներով։ Կարճացած ընձյուղները հաճախ ավարտվում են փշերով։ Բողբոջները մանր են, 2 զույգ արտաքին թեփուկներով ծածկված։ Տերևները հակադիր են, կարճացած ընձյուղների վրա՝ փնջերով, էլիպսաձև են, նշտարաձև (անցողիկ բոլոր ձևերով) 1—8 սմ երկարությամբ և 1—2 սմ լայնությամբ, նեղ, սեպաձև հիմքով, համարյա ամբողջաեզր, կաշվեկերպ, վերևի կողմից փայլուն, ներքևի կողմից դուրս ցցված կենտրոնական ջղով, կարճ կոթուններով։ Ծաղիկները միայնակ են կամ 2-5-ական, ծայրային, 2-5 սմ տրամագծով, կարճ կոթունավոր, տերևածոցային։ Բաժակը 1-2 սմ երկարություն ունի, կարմրավուն է, կաշվեկերպ, 5-7 լայն, եռանկյունի հաստ բլթակներով։ Սերտաճած է սերմնարանի հետ և պահպանվում է պտղի գագաթին։ Պսակը վառ կարմիր է, հազվադեպ՝ սպիտակ կամ դեղնավուն, կազմված է 5-7 հակառակ-ձվաձև, 5 սմ երկարությամբ պսակաթերթիկներից, որոնք բաժակից զգալիորեն երկար են։ Առէջները բազմաթիվ են, սռնակը մեկն է։ Սերմնարանը ցածրադիր է, բների 2 շարքով, 5-7 վերնադիր և 3 ցածրադիր սերմնաբողբոջներով։ Սերմնաբողբոջները բազմաթիվ են։ Ծաղիկները դիմորֆ են (երկձև), որոնցից մեկը անպտուղ է և սափորաձև, իսկ մյուսը՝ երկսռնակավոր, պտղաբերող։ Մյուսները զանգականման են, կարճևռնակավոր, անպտուղ։ Պտուղները կեղծ են, հատապտղանման, այս կամ այն չափով գնդաձև, մինչև 8 սմ (հազվադեպ 18) տրամագծով, երբեմն թույլ անկյունավոր, վառ կարմիր, կանաչավուն կամ սպիտակավուն, կաշվեկերպ պտղապատով։ Սերմերը անկյունավոր են, շրջապատված հյութալի ծածկոցով, պտղի մեջ՝ բազմաթիվ։ Ծաղկում է մայիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով։
Տարածում
խմբագրելՆռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Հարավային Կովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։ Աճում է ժայռուտներում, մանրահող բերվածքներում, կիրճերում, Միջին Ասիայում՝ 300-1000, Հարավային Կովկասում՝ 300-500 մ բարձրությունների վրա։ Առաջացնում է մաքուր մացառուտներ կամ զկեռենու, մասրենու, ցաքու, դրախտածառի և մոշենու հետ խառը։ Քսերոֆիտ է։ Լավ է տանում հողի թեթևակի աղիությունը և մինչև -20 °C սառնամանիքները։
Հայաստանում մշակվել է անհիշելի վաղ ժամանակներից և՛ որպես պտղատու և՛ որպես դեկորատիվ բուսատեսակ։ Հայաստանում մշակվում է Մեղրու շրջանում (որտեղ արդյունաբերական նշանակություն ունի), Զանգեզուրի ցածրադիր շրջաններում։ Այստեղ ոչ միայն առատորեն ծաղկում և պտղաբերում է, այլև վայրիանում է։ Մեղրու ցածրադիր անտառների եզրերին մշտապես հանդիպում են Նռնենու և թզենու վայրիացած մացառուտներ։ Լավ է աճում նաև Հայաստանի հյուսիսարևելյան՝ Նոյեմբերյանի, Թումանյանի, Իջևանի և Շամշադինի շրջաններում, ծովի մակերևույթից մինչև 1000 մետր բարձրությունների վրա։ Այստեղ ճիշտ է, նռնենին արդյունաբերական նշանակություն չունի, սակայն լայնորեն է մշակվում տեղի բնակչության կողմից։ Հանդիպում է նաև Արարատյան դաշտի բնակավայրերում, որտեղ առատորեն ծաղկում և պտղաբերում է միայն ցածրադիր, պաշտպանված ու տաք միկրոշրջաններում։ Երևանում հազվադեպ է հանդիպում, քանի որ ցրտահարվում է։ Այն վայրերում, որտեղ հնարավոր է մշակել նռնենի, խորհուրդ է տրվում մշակել միաժամանակ որպես դեկորատիվ բույս, քանի որ օժտված է անզուգական դեկորատիվ հատկանիշներով, հատկապես ծաղկման և պտղակալման շրջանում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում (400-1100 մ բարձրություններում) և այլն։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու ժամանակ։
Քիմիական կազմ
խմբագրելՆռան հյութը պարունակում է 8-19 % շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։ Արխեոֆիտ է։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց։ Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25–32 % աղաղանյութեր։
Կիրառում և նշանակություն
խմբագրելԾաղկումը տևում է մայիսից-օգոստոսը, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Օգտագործվում են նուրբ կաշիների աղաղման և ներկերի պատրաստման համար։ Գեղազարդիչ է։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։ Հայոց մեջ նռնենին համարվել է առատության խորհրդանիշ։ Հայկական ճարտարապետական հուշարձանների պատերին, խաչքարերի վրա հաճախ կարելի է տեսնել նռան զարդաքանդակներ։
Բազմանում է սերմերով, կտրոններով և անդալիսով, կուլտուրական սորտերը՝ պատվաստով։ Ծաղկում և պտղաբերում է կյանքի 3-4 տարում։ Նռան հյութը հակալնդախտային միջոց է, պարունակում է 8,22-19,7 % մոնոսախարիդներ, 0,20—9,05 % մաքուր կիտրոնաթթու և փոքր քանակությամբ խնձորաթթու, 3—13,6 մգ/տոկոս C վիտամին։ Պտուղներն օգտագործվում են թարմ և մշակված վիճակում, դրանցից գինի և պունշ են պատրաստում։ Պտղակեղևից և ծառի կեղևից ստանում են լիմոնաթթու։ Բնի և բազմամյա ճյուղերի չոր կեղևը պարունակում է 26-32 % դաբաղանյութեր։ Պտղակեղևից և ճյուղերի կեղևից ստացված դաբաղանյութերով մշակում են բարակ կաշիները (սաֆյանա), որից վերջինները սև գույն են ստանում։ Պտղակեղևից դարչնագույն ներկ են պատրաստում, որն օգտագործում են գորգագործության մեջ։ Սերմերից յուղ են ստանում։ Ծաղիկներից ստացված թուրմը օգտագործում են ողողումների համար՝ կոկորդի հիվանդությունների դեպքում։ Պտղակեղևի թուրմը օգտագործում են տենդի, արյունոտ լուծի դեպքում և որպես հակաճիճվային միջոց, քանի որ ալկալոիդներ է պարունակում։ Տերևներից թեյի սուռոգատ են պատրաստում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են սաղարթի ձևով (ցածրաաճ), ծաղիկների գույնով և բնույթով (լիաթերթիկ, բծավոր և շերտավոր, սպիտակ, դեղին), ճյուղերի բնույթով (մոխրագույն, դարչնադեղնավուն) և այլն։ Պարտիզային ձևերը լայնորեն են օգտագործվում կանաչապատման բնագավառում։ Որպես պտղատու և դեկորատիվ տեսակ հեռանկարային է հանրապետության մերձարևադարձային շրջանների համար։ Որպես դեկորատիվ տեսակ կարելի է օգտագործել նաև Արարատյան դաշտի, Վայքի, հյուսիսարևելյան շրջանների ու Զանգեզուրի ցածրադիր շրջաններում (ծ. մ. մինչև 1000 մ բարձրությունների վրա)։ [2]:
Պատկերասրահ
խմբագրելԳեղարվեստական գրականության մեջ
խմբագրել- Նուռ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 112-114։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարավային Աֆրիկայում աճում է Burchellia bubalina, որը տեղացիների առօրյայում կոչվում է նաև «վայրի նուռ» (անգլ.՝ Wild pomegranate), տես. M.M.P.N.D. Sorting Punica names
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 74։
Գրականություն
խմբագրել- Борисова А. Г. Род 921. Гранат — Punica // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XV. — С. 553. — 742 с. — 4000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նուռ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները
- Նուռ - Հազարտերևուկ նախագիծ
- El género Punica en Árboles Ibéricos
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նռնենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նռնենի» հոդվածին։ |