Ոսկու տենդ (ֆիլմ)
«Ոսկու տենդ» (անգլ.՝ The Gold Rush), աշխարհահռչակ Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ նկարահանված 1925 թվականին։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1925 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ-ում։ Համարվում է Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը։
Ոսկու տենդ անգլ.՝ The Gold Rush | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | համր կինո, կինոկատակերգություն, ռոմանտիկ կատակերգություն և social comedy film?[1] |
Թվական | հունիսի 26, 1925[2], օգոստոսի 15, 1925[2], սեպտեմբերի 19, 1925[2] և սեպտեմբերի 27, 1925[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Չարլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Մարկ Սուեյն, Tom Murray?, Չարլի Չապլին և Georgia Hale? |
Օպերատոր | Ռոլանդ Թոթերո |
Երաժշտություն | Չարլի Չապլին |
Մոնտաժ | Չարլի Չապլին |
Նկարահանման վայր | Կոլորադո |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 96 րոպե |
Բյուջե | 923 000 $ |
Շահույթ | 4 250 001 $ և 2 500 000 $ |
The Gold Rush Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրել1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ։ Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու։ Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով։ Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում։ Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը որոնվում է ոստիկանության կողմից։ Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ։ Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն։
Փոթորիկը շարունակվում է օրերով և խրճիթի երեք բնակիչները ուժասպառ են լինում սովից։ Սև Լարսենը հեռանում է խրճիթից, որպեսզի առաջինը գտնի կորած ոսկին։ Չառլին ու Մեծ Ջիմը մնում են նույն տեղում և սովից սկսում են խանգարվել։ Սև Լարսենը ճանապարհին երկու ոսկեհանների է սպանում, որոնք գտել էին ոսկին, և գանձի հետ փախչում։
Մեծ Ջիմը որոշում է ճամփա ընկնել ու գտնել հարստությունները։ Նա երկար է դեգերում մինչև որ չի հանդիպում Սև Լարսենին։ Կռիվ է սկսվում ոսկու համար։ Հանցագործը բահով հարվածում է հակառակորդի գլխին, պառկեցնում իրեն ու փախչում ոսկու հետ։ Սակայն ճանապարհին՝ Սև Լարսենը մի մեծ ձնակույտի հետ, ժայռից ցած է գլորվում դեպի անդունդ ու մեռնում։ Ոսկին դարձյալ կորչում է։
Թափառաշրջիկը չի համբերում մոլորված Մեծ Ջիմի վերադարձին ու քաղաք է իջնում։ Մի պանդոկում, նա սիրահարվում է մի գեղեցիկ երգչուհու՝ Ջորջիա անունով։ Աղջկան նույնպես մի երիտասարդ է սիրահարված, որը կռիվ է սկսում Չառլիի հետ։ Վերջինս հանկարծակիորեն հաղթում է հակառակորդին ու հպարտ հեռանում։
Թափառաշրջիկը որոշ ժամանակով հաստատվում է քաղաքին մոտ գտնվող մի խրճիթում։ Նա գումար է վաստակում տարբեր խանութների դիմացներից ձյուն մաքրելով։ Հետո նա հանկարծակիորեն հանդիպում է գեղեցկուհի Ջորջիային իր ընկերուհիների հետ և առաջարկում Սուրբ ծնունդը միասին նշել խրճիթում։ Ջորջիան և իր ընկերուհիները համաձայնվում են, սակայն երեկոյան միամիտ ուշանում են հանդիպումից։ Հուսահատված Չառլին մտածում է, որ աղջիկը ստեց և գնում է քաղաքով զբոսնելու։ Ջորջիան իր ընկերների հետ ուշացած ժամանում է խրճիթ, սակայն չտեսնելով Չառլիին հեռանում է։
Մյուս օրը քաղաք է գալիս Մեծ Ջիմը։ Վերջինս ցանկանում է գտնել թափառաշրջիկ ոսկեհանին, որպեսզի իր հետ բարձրանա լեռներ կորած ոսկին որոնելու։ Չառլին այն նույն պանդոկն է հաճախում։ Այստեղ նա հանդիպում է Մեծ Ջիմին, որի ուրախությանը չափ չկար տեսնելով հին ընկերոջը։ Հանդիպում է նաև Ջորջիային, որի հետ բացատրվում է նախորդ օրվա պատահած զուգադիպություններից։ Թափառաշրջիկը երջանկանում է, սակայն Մեծ Ջիմը բռնի ուժով բռնում է իր ձեռքն ու ճամփա ընկնում դեպի լեռներ։ Չառլին համակերպվում է ու համաձայնվում։
Երկու ոսկեհանները ապաստան են գտնում այն նույն խրճիթում, որից ամեն ինչ սկսվեց։ Գիշերը ուժգին փոթորիկ է սկսվում։ Քամու ուժգնությունից խրճիթը սկսում է շարժվել։ Քամին տանում է խրճիթը անդունդի եզրին։ Չառլին ու Մեծ Ջիմը արթնանում են չգիտակցելով, որ անդունդի եզրին են գտնվում։ Յուրաքանչյուր ավելորդ շարժումը կարող էր ճակատագրական լինել։ Խրճիթը սկսվում է ճոճվել։ Երկու ընկերները տեսնում են, թե ինչ է կատարվում և փորձում են պահպանել հավասարակշռությունը։ Արդյունքում խրճիթն օրորվում ու լրիվ կախվում է դեպի անդունդը։ Այն չի ընկնում միայն տանիքին ամրացված պարանի շնորհիվ, որը խճճվում է քարերի մեջ ու պահում խրճիթը։ Մեծ Ջիմը մի կերպ բարձրանում ու դուրս է գալիս։ Նա մի պարան է վերցնում ու գցում է Չառլիին։ Վերջինս բռնվելով պարանից դուրս է գալիս խրճիթից, որը վերջին պահին անդունդն է ընկնում։ Ձյան մեջ երկու ոսկեհանները հանկարծակիորեն կորած ոսկին են գտնում։
Թափառաշրջիկն ու Մեծ Ջիմը մուլտիմիլիոնատերեր են դառնում։ Նավով նրանք լքում են Ալյասկան։ Տախտակամածին Չառլին շատ պատահական հանդիպում է Ջորջիային։ Ֆիլմն ավարտվում է նրանց համբույրով։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Չառլի Չապլին | թափառող ոսկեհան |
Ջորջիա Հեյլ | Ջորջիա |
Մակ Սուեյն | Մեծ Ջիմ |
Թոմ Մյուրեյ | Սև Լարսեն |
Հենրի Բերգման | Հենկ Քյորտիս |
Մալկոլմ Ուեյթ | Ջեք |
Անվանակարգեր և վարկանիշային ցանկեր
խմբագրել- լավագույն երաժշտություն (Մաքս Թերր)
- լավագույն հնչունավորում (Ջեյմս Ֆիլդս)
- 1992 թվական - ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում՝ 74-րդ տեղում է 1997 թ. ցուցակում, և 58-րդը 2007 թ. ցուցակում։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցուցակում 26-րդն է։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- «Ոսկու տենդ» ֆիլմը Չառլի Չապլինի միակ կատակերգությունն է, որը նկարահանվել է նախօրոք պատրաստ սցենարով։
- Նկարահանման մի օրվա ընթացքում, հատուկ վարձակալվել էին 2500 թափառաշրջիկներ, որոնք պետք է կատարեին ոսկեհանների դեր։
- Չապլինը 27 անգամ մոնտաժել է ֆիլմը, մինչ հասել է վերջնական արդյունքի։
- Երբ ասպարեզ մտավ հնչունային կինոն, Չապլինը ֆիլմի նոր տարբերակ ստեղծեց, որտեղ ներդրեց սեփական երաժշտությունն ու հեղինակային տեքստը։
- Բեռլինյան «Կապիոլե» կինոթատրոնում՝ ֆիլմի առաջին ցուցադրման ժամանակ, մի հետաքրքիր դեպք էր պատահել։ Հայտնի «կարկանդակների պարի» դրվագը այնքան էր դուր եկել հանդիսատեսներին, որ նրանց խնդրանքով՝ ֆիլմի ավարտից հետո, այդ դրվագը ևս մեկ անգամ ցուցադրվեց։
- Աշխարհահռչակ գիտնական՝ Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր դիտել Չառլի Չապլինի ֆիլմերը։ Դիտելով «Ոսկու տենդը» նա որոշեց գրել Չապլինի. «Ձեր՝ «Ոսկու տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և դուք անկասկած հռչակավոր մարդ կդառնաք։ Էյնշտեյն»։ Ինչի վրա Չապլինը արձագանքեց այս կերպ. «Ես ձեզանով ավելի շատ եմ հիանում։ Ձեր հարաբերականության տեսությունը ոչ ոք աշխարհում չի հասկանում, իսկ դուք մեկ է հռչակավոր մարդ դարձաք։ Չապլին»։
Դրվագներ Ֆիլմից
խմբագրել-
Թափառաշրջիկ ոսկեհանը նոր արկածներ է փնտրում
-
Մեծ Ջիմը սովից խելքը գցել է
-
Ոսկեհանը պարում է Ջորջիայի հետ
-
Թափառաշրջիկը հաղթահարել է մրցակցին
-
Թափառաշրջիկն ուրախությունից պատռել է բարձը
-
Ջորջիան իր ընկերուհիների հետ
-
Կարկանդակները պարում են
-
Խրճիթը քիչ է մնում անդունդը գլորվի
-
Երկու ընկերները փորձում են դուրս պրծնել սողացող խրճիթից
-
Ջորջիայի լուսանկարը
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Ոսկու տենդ»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «The Gold Rush»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկու տենդ (ֆիլմ)» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |