Որմիզդես (լատին․՝ Hormisdas PP.; 450, Ֆրոզինոնե, Արևմտյան Հռոմեական կայսրություն[1][2][3] - օգոստոսի 6, 523, Հռոմ[4])` Հռոմի պապ 514 թվականի հուլիսի 20-ից մինչև 523 թվականի օգոստոսի 6-ը։ Կարևոր պաշտոններ է զբաղեցրել Սիմմաքոսի օրոք։ Որմիզդեսին հաջողվել է հաղթահարել Կոստանդնուպոլսի հետ ունեցած երկարատև պառակտումը՝ ակակիոսական հերձվածը՝ հասնելով պատրիարքի կողմից Libellus Hormisdae-ի ստորագրմանը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Բյուզանդիայի կայսր դարձավ Հուստինիանոս I-ը։

Որմիզդես
լատին․՝ Hormisdas PP.
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ 450
Ֆրոզինոնե, Արևմտյան Հռոմեական կայսրություն[1][2][3]
Մահ օգոստոսի 6, 523
Հռոմ[4]
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
Կողակից wife of Hormisdas?
Երեխաներ Սիլվերիոս (Հռոմի պապ)

Կենսագրություն

խմբագրել

Որմիզդեսը ծնվել է իտալական Կամպանիայում, Ֆրոզինոնե քաղաքում, նշանավոր ընտանիքում։ Նախքան հոգևոր աստիճանի ընդունումը ամուսնացած էր, նրա որդին՝ Սիլվերիոսը, նույնպես դարձել է Հռոմի պապ։ Լավրենտևյան հերձվածի ժամանակ Որմիզդեսը Սիմմաքոսի ամենահավատարիմ կողմնակիցներից մեկն էր։ Նա 502 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում կայացած Սինոդի նոտարն էր[5]։

Ի տարբերություն իր նախորդի՝ Սիմմաքոսի, Որմիզդեսի ընտրությունն անցել է առանց միջադեպերի։ Հռոմի պապի աթոռին Որմիզդեսի առաջին գործողություններից մեկը եղավ պառակտման վերջին մնացորդների հեռացումը Հռոմից՝ եկեղեցու գիրկը վերադարձնելով Լավրենտիոսի պատճառով հեռացած հետևորդներին։  «Պառակտումը հիմնականում պահպանվում էր Սիմմաքոսի հանդեպ անձնական ատելության վրա»,- գրում է պատմաբան Ջեֆրի Ռիչարդսը,-«որը Որմիզդեսի վրա, ըստ երևույթին, չտարածվեց»[6]։

Դատելով Liber Pontificalis-ից, ինչպես նաև դրա՝ պահպանված նամակագրության մի մասից, Որմիզդեսի հիմնական ջանքերն ուղղված են եղել Հռոմի և Կոստանդնուպոլսի միջև հաղորդակցության վերականգնմանը, որն ընդհատվել էր Ակակիոսական հերձվածով։ Այս պառակտումը հետևանք էր կայսեր Զենոնի կողմից Հենոտիկոնի ընդունման և նրա իրավահաջորդ Անաստասիոս I-ի, ով ավելի հակված էր մոնոֆիզիտության և հետապնդում էր այն եպիսկոպոսներին, ովքեր հրաժարվում էին ուրանալ Քաղկեդոնի ժողովի որոշումներից, կողմից արժանացող աջակցության։

Կայսր Անաստասիոս I-ը ձեռնարկեց առաջին քայլերը՝ կայսերական հեծելազորի հրամանատար Վիտալիանի ճնշմամբ այդ պառակտումը հաղթահարելու համար, ով՝ ստանձնելով ուղղափառության պաշտպանության լիազորությունները, ապստամբություն սկսեց և գունների ու բուլղարացիների զորքի գլուխ անցած շարժվեց դեպի Կոստանդնուպոլսի դարպասները։ Անաստասիոսը Որմիզդեսին գրեց 514 թվականի դեկտեմբերի 28-ին՝ հրավիրելով նրան խորհրդի, որը տեղի ունեցավ հաջորդ տարվա հուլիսի 1-ին։ Երկրորդ՝ պակաս քաղաքավարի, հրավերը 515 թվականի հունվարի 12-ին նույնպես ուղարկվեց Անաստասիոսի կողմից Պապին. այն հասավ Հռոմ առաջին նամակից ավելի շուտ։ Ապրիլի 4-ին Որմիզդեսը պատասխանեց համաձայնությամբ՝ արտահայտելով իր հիացմունքը խաղաղության հեռանկարի վերաբերյալ, բայց միաժամանակ պաշտպանելով իր նախորդների դիրքորոշումը։ Կայսրի առաջին նամակատարները Հռոմ հասան մայիսի 14-ին։ Պապը զուսպ բանակցություններ վարեց, Հռոմում սինոդ հրավիրեց և հուլիսի 8-ին կասրին գրեց, որ դեսպաններ է նախապատրաստում Կոստանդնուպոլիս ուղարկելու համար։

 
Սբ. Որմիզդես Պապը

Կայսերական պալատ ուղարկված Պապի դեսպանությունը բաղկացած էր երկու եպիսկոպոսներից՝ Պավիայից Էննոդիան և Կատինայից Ֆորտունատան, ինչպես նաև Վենեցիայից մեկ հոգևորական, Վիտալիա սարկավագը և նոտար Հիլարիոսը[7]։ Ըստ պատվարժան Ջ. Բարմբիի տվյալների՝ Որմիզդեսը առաջադրել էր մի քանի պահանջներ՝ 1) կայսրը պետք է հրապարակայնորեն հայտարարի Քաղկեդոնի ժողովում իր որոշումների կայացման մասին, 2) Արևելյան եպիսկոպոսները պետք է հրապարակային հայտարարություն անեն և նզովեն հերետիկոսներին, այդ թվում՝ Ակակիոսին՝ իրենց բոլոր հետևորդների հետ միասին, 3) այս վեճի պատճառով բոլոր աքսորյալները պետք է ներվեն, 4) պաշտոնական եկեղեցու կողմնակիցներին հետապնդելու մեջ մեղադրվող եպիսկոպոսները պետք է ուղարկվեն Հռոմ՝ դատարանի առաջ կանգնելու։ «Այսպիսով, կայսրը առաջարկում էր ազատ քննարկում խորհրդում, իսկ պապը պահանջում էր պաշտոնական դոկտրինի անվերապահ ընդունում և ձգտում էր, որ իր մասին պատկերացում ձևավորվի՝ որպես քրիստոնեական աշխարհի ղեկավար, նախքան նա ընդհանրապես կսկսեր բանավեճը»[8]։

Երկու բարձր քաղաքացիական պաշտոնյաներից կազմված կայսերական դեսպանությունը Հռոմ ժամանեց մի նամակով, որի նպատակն էր համոզել սենատորներին՝ հանդես գալ Որմիզդեսի դեմ։ Սակայն Սենատը, ինչպես նաև Թեոդորիխ թագավորը, հավատարիմ մնացին պապին։ Այդ ընթացքում Որմիզդեսը հաղորդագրություն ստացավ Ավիտ Վիեննացուց առ այն, որ մի շարք բալկանյան եպիսկոպոսներ հարաբերությունների մեջ են մտել Հռոմի հետ, իսկ եպիսկոպոս Հովհաննես Նիկոպոլացին, ով նույնպես Եպիրի արքեպիսկոպոս էր, դադարեցրել է շփումը Կոստանդնուպոլսի հետ և վերսկսել է այն Հռոմի հետ[9]։

Պապական երկրորդ դեսպանությունը, որի կազմում էին Էննոդիոսը և եպիսկոպոս Պերեգրինը՝ Միսենումից, նույնքան անհաջողակ եղավ, որքան առաջինը։ Անաստասիոսը նույնիսկ փորձեց կաշառել դեսպաններին, բայց՝ ապարդյուն[7]։ Այդ ժամանակ Վիտալիանը ջախջախվեց, իսկ նրա կողմնակիցները մահապատժի ենթարկվեցին։ Անաստասիոսը 517 թվականի հուլիսի 11-ին հայտարարեց, որ դադարեցնում է բանակցությունները։ Բայց ավելի քիչ, քան մեկ տարի անց կայսրը մահացավ։ Ըստ Liber Pontificalis-ի՝ նրան հարվածել էր կայծակը[7]։ Նրան հաջորդած Հուստինիանոս I-ը անմիջապես չեղարկեց Անաստասիոսի նորամուծությունները։ Որմիզդեսի բոլոր պահանջմունքները բավարարվեցին նրա կողմից. պատրիարք Ակակիոսի, ինչպես նաև կայսրեր Անաստասիոսի և Զենոնի անունները հանվեցին եկեղեցիական գրատախտակներից, իսկ Կոստանդնուպոլիսի պատրիարք Հովհաննես II-ը ընդունեց Որմիզդեսի բանաձևը։ Ոմանք պնդում են, որ նա դա արել է որոշ վերապահումներով։ Այս փաստարկը հիմնված է հետևյալ մեջբերման վրա՝

  «Ես հայտարարում եմ, որ Պետրոս առաքյալի գահը և այս կայսերական քաղաքի գահը մեկ ամբողջություն են։»  

Ակնհայտ է այս ձևակերպման երկիմաստությունը. միասնությունը չի նշանակում հավասարություն։ Օրինակ, Սուրբ Գիրքն ասում է, որ Քրիստոսը և նրա Եկեղեցու անդամները հոգեպես միասնական են, բայց ո՞վ կարող է ասել, որ Եկեղեցու անդամները հավասար են Քրիստոսին։ Հետևաբար, այս մեջբերումը չի կարող հիմք հանդիսանալ երկու գահերի հավասարության մասին հայտարարություն անելու համար։ Բացի դա, չնայած պահանջների ընդունմանը, Արևելքը շարունակեց անտեսել պապական պահանջները՝ այդպես էլ չդատապարտելով Ակակիոսին[10]։ 519 թվականի մարտի 28-ին Կոստանդնուպոլսի տաճարում, մեծ բազմության ներկայությամբ հայտարարվեց պառակտման վերջը։

Որմիզդեսը դասվել է սրբերի շարքը, կաթոլիկները նրան համարում են ձիապանների հովանավոր[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.almanachdegotha.org/id132.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.translationdirectory.com/sense_of_life/article_en_0301.php
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://pastsearch-archaeo-history.co.uk/on-this-day/august/
  5. John Moorhead, "The Laurentian Schism: East and West in the Roman Church," Church History 47 (1978), p. 131
  6. Richards, Popes and the Papacy, p. 100
  7. 7,0 7,1 7,2 Raymond Davis (translator), The Book of Pontiffs (Liber Pontificalis), first edition (Liverpool: University Press, 1989), p. 47
  8. "Hormisdas, bp. of Rome", Dictionary of Christian Biography and Literature to the End of the Sixth Century A.D., with an Account of the Principal Sects and Heresies, edited by Henry Wace (London, 1911)
  9. Epistulae 2; translated by Danuta Shanzer and Ian Wood, Avitus of Vienne (Liverpool: University Press, 2002), pp. 129–133
  10. Meyendorff, J., (1989) Imperial Unity and Christian Divisions: The Church AD450-680 (St Valdimir's Seminary Press; Crestwood, NY) p215.
  11. «Католический Петербург». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.

Գրականություն

խմբագրել