Ուղեղապատյաններ
Ուղեղապատյաններ, ուղեղաթաղանթներ, շարակցահյուսվածքային թաղանթներ, որոնք կազմում են մարդու և ողնաշարավոր կենդանիների ողնուղեղի և գլխուղեղի պատյանները։ Տարբերում են 3 պատյան, արտաքին՝ կարծրենի, միջին՝ ոստայնենի, և ներքին՝ նրբենի կամ անոթենի։ Կարծրենին սպիտակավուն, ամուր պարկի նման պատում է ողնուղեղը և դեպի վար սուր ծայրով վերջանում է սրբոսկրային խողովակի մեջ։ Վերևում այն կպչում է ծոծրակային մեծ անցքի շրջեզրերին և շարունակվում գանգի խոռոչի մեջ, որտեղ արձակում է 4 ելուններ։ Դրանցից մեծ մանգաղը մտնում է աջ և ձախ կիսագնդերի միջև, իսկ փոքր մանգաղը ծոծրակի շրջանում մտնում է ուղեղիկի երկու կիսագնդերի միջև։ Ելուններից մյուսներն են՝ ուղեղիկի վրանը, որը բաժանում է ուղեղիկի վերին երեսը մեծ կիսագնդերի ծոծրակային բլթից, և թրքական թամբի ստոծանին, որը ծածկում է նրա գոգությունը, իր տակ թողնելով հիպոֆիզը։ Կարծրենին մեծ կարանների շրջանում առաջացնում է երակային ծոցեր։ Ոստայնենին շատ բարակ, թափանցիկ, նուրբ թաղանթ է, որը ներսից հպված է կարծրենուն, իսկ նրբենուց բաժանված է ենթաոստայնային տարածություն կոչվող ճեղքով։ Վերջինս լցված է ուղեղ-ողնուղեղային հեղուկով։ Ոստայնենին առաջացնում է պախիոնյան հատիկներ, որոնք կարևոր են ուղեղ-ողնուղեղային հեղուկի շրջանառության համար։ Նրբենին արյան անոթներով հարուստ բարակ թաղանթ է, շրջապատում է ողնուղեղը և գլխուղեղը, մտնելով վերջինիս ակոսների մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |