Պառկելախոց, պառկելահարուկ, մարդու փափուկ հյուսվածքների մեռուկացումը մշտական ճնշման հետևանքով, ուղեկցվում է արյան շրջանառության և նյարդային սնուցման տեղային խանգարումներով։ Առաջանում է երկարատև անշարժ պառկելու (կոտրվածքների, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, ողնուղեղի վնասվածքների և այլն) հետևանքով։ Պառկելախոց առավելապես լինում է պոչուկի, թիակների, կրունկների և արմնկային հոդերի շրջանում։ Ախտահարվում են մաշկը (մակերեսային պառկելախոց), ենթամաշկային բջջանքն ու մկանները (խորը պառկելախոց)։ Մաշկի վրա պառկելախոց կարող է առաջանալ նաև գիպսակապերի, օրթոպեդիկ պրոթեզների և ապարատի ճնշումից, բերանի լորձաթաղանթի վրա՝ ատամների պրոթեզների ճնշումից և այլն։ Բուժումը․ ուլտրամանուշակագույն ճառագայթում, կալիումի պերմանգանատի քսում, վիրակապեր, օրգանիզմն ամրապնդող միջոցներ, հազվադեպ՝ վիրաբուժական միջամտություն։ Կանխարգելումը․ մաշկի խնամք, հիվանդի դիրքի և սպիտակեղենի հաճախակի փոխում, հատուկ ներքնակների օգտագործում։ Զարգացման աստիճանները. Առաջին աստիճան-նկատվում է տեղային հիպերեմիա(մաշկի կապտապարմիր երանգավորում),կոշտություն։ Երկրորդ աստիճան-հիպերեմիկ հատվածներում նկատվում են ճաքեր,որոնք էլ վերածվում են վերքերի։ Երրորդ աստիճան-վերքերը ընդգրկում են ավելի խորանիստ մակարդակներ`ենթամաշկ,մկաններ,առաջանում է երկրորդային ինֆեկցիաների վտանգ։ Չորրորդ աստիճան-վերքի խորությունը հասնում է մինջև վերնոսկր,ապաքինման հավանականությունը շատ քիչ է։

Պառկելախոց
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
 Pressure ulcers Վիքիպահեստում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 136
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պառկելախոց» հոդվածին։