Պարարտանյութեր
Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։
Պարարտանյութերի տեսակներ
խմբագրելԸստ ազդման բնույթի՝ պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա), անուղղակի (բարելավում են հողի հատկությունները) և բազմակողմանի ազդեցության։ Ըստ ծագման՝ օրգանական, հանքային և կենսաբանական։ Ըստ կազմության՝ պարզ, բարդ, համակցված։ Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային։ Ըստ կիրառման ձևի՝ հիմնական, նախացանքային, ցանքակից, հետցանքյա (սնուցում)։
Օրգանական պարարտանյութեր
խմբագրելՕրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական ծագման սննդանյութեր, որոնց քայքայման ժամանակ մանրէների կենսագործունեության հետևանքով առաջանում են բույսերին մատչելի ազոտի, ֆոսֆորի, կալիումի, կալցիումի, ծծմբի և այլ տարրերի միացություններ։ Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը, կոմպոստները և այլն։
Գոմաղբ
խմբագրելԳոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։
Բուսահող
խմբագրելԲուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։
Գոմաղբահեղուկ
խմբագրելԳոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։ 5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։
Թռչնաղբ
խմբագրելԹռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։
Տորֆ
խմբագրելՏորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։ Որպես պարարտանյութ՝ պիտանի է չեզոք ռեակցիայով և մեծ քանակությամբ կալցիում պարունակող տորֆը։
Տորֆագոմաղբ
խմբագրելՏորֆագոմաղբային կոմպոստը պատրաստում են տորֆի բոլոր տեսակներից, որոնց խոնավությունը չի գերազանցում 60%-ը։ Տորֆի և գոմաղբի հարաբերությունը 0,75։ 1 է։
Տորֆաֆեկալ
խմբագրելՏորֆաֆեկալային կոմպոստն արագ ներգործող պարարտանյութ է, պարունակում է ազոտ, ֆոսֆոր և կալիում։ Ֆեկալները տորֆի հետ կոմպոստացնելիս նվազում է ազոտի կորուստը, վերանում է տհաճ հոտը, ստացվում է սորուն, կիրառման համար հարմար պարարտանյութ։
Հանքային պարարտանյութեր
խմբագրելՀանքային պարարտանյութերը բույսերին անհրաժեշտ սննդատարրեր պարունակող անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա։ Հողում ենթարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի։ Այդ փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և հանքային պարարտանյութի տեսակից։ Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային պարարտանյութեր։ Միակողմանի ազդեցության պարարտանյութերը (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ համալիրը (ամոֆոս, նիտրոֆոսկա, նիտրոամոֆոսկա)՝ 2 և ավելի սննդատարրեր։
Ազոտական պարարտանյութեր
խմբագրելԱզոտական պարարտանյութեր են ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ) պարունակում է 34-35% ազոտ։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում։ Միզանյութը (կարբամիդ) պարունակում է 46% ազոտ։ Լավ լուծվում է ջրում, գործածվում է որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Ամոնիումի սուլֆատը պարունակում է 20,5-21% ազոտ, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, ուստի այն որպես հիմնական պարարտանյութ հող են ներմուծում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև սնուցման ձևով։ Ամոնիումի սուլֆատը թթվեցնում է հողը, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը։
Ֆոսֆորական պարարտանյութեր
խմբագրելՖոսֆորական պարարտանյութեր են հասարակ սուպերֆոսֆատը, (կալցիումի երկհիդրոֆոսֆատի և կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), որոնք պարունակում են լուծվող ֆոսֆորական թթու։ Հատկապես արդյունավետ են հիմնային և չեզոք հողերում կիրառելիս։ Ֆոսֆորիտային ալյուրը դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30% լուծվող ֆոսֆորական թթու։ Օգտագործվում է որպես հիմնական պարարտանյութ։
Կալիումական պարարտանյութ
խմբագրելԿալիումական պարարտանյութեր են կալիումի քլորիդը, որը պարունակում է մոտ 60% կալիումի օքսիդ։ Նպատակահարմար է հողին տալ աշնանը։ Կալիումական աղը կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl KCl) խառնուրդն է։ Պարունակում է 30-40% կալիումի օքսիդ։ Դրանով հողը պարարտացնում են աշնանը։
Կալիումի սուլֆատը պարունակում է 48% կալիումի օքսիդ, լուծվում է ջրում։
Կալիումի բորակը պարունակում է 44% կալիումի օքսիդ և 14% ազոտ։ Դյուրալույծ ազոտը չկորցնելու համար այն անպայման օգտագործում են գարնանը։ Մոխիրն արժեքավոր պարարտանյութ է. պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և միկրոտարրեր։ Մոխրի մեջ կալիումի մեծ քանակությունը թույլ է տալիս այն օգտագործել հողի չեզոքացման համար։ Այն կիրառում են աշնանը և գարնանը։
Համալիր պարարտանյութեր
խմբագրելՀամալիր պարարտանյութերը հողին տալիս են գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում՝ որպես օժանդակ սնուցում։ Ամոֆոսը պարունակում է 44-52% յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11% ազոտ, նիտրոամոֆոսկան՝ 13-17% ազոտ, 17-19% ֆոսֆորական թթու և 17-19% կալիումի օքսիդ, նիտրոֆոսկան՝ 11% կալիումի օքսիդ։
Միկրոպարարտանյութեր
խմբագրելՄիկրոպարարտանյութերը պարունակում են միկրոտարրեր՝ բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։ Կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ։
Կենսաբանական պարարտանյութեր կամ բիոպարարտանյութեր
խմբագրելՍրանք հողի կենսաբանական հատկությունները բարելավող բակտերիաներ, սնկեր պարունակող պատրաստուկներ են, որոնց կենսագործունեությունը նպաստում է հողի հատկությունների կարգավորմանը և բույսերի սննդառությանը։ Հանդիսանում են անուղղակի ազդեցության պարարտանյութեր, քանի որ բույսերի համար սննդատարրեր չեն պարունակում, այլ պարունակում են կենդանի միկրոօրգանիզմներ, հիմնականում բակտերիաներ, որոնք հողում բազմանում են և կատարում մի շարք կարևոր գործառույթներ, որոնցից է մոլեկուլային ազոտի ֆիքսացիան, ամոնիֆիկացիան, նիտրիֆիկացիան, օրգանական նյութերի տարրալուծումը, պոտենցիալ բերրիության մատչելիացումը (սննդատարրերի մոբիլիզացիա) և այլն։ Այս եղանակով հողը բնական ճանապարհով հարստանում է սննդատարրերով, ինչը միանշանակ ընդունելի է օրգանական երկրագործությունում։ Պետք է նշել, որ կենսաբանական պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը հիմնականում կախված է հողային պայմաններից։ Այս պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը մեծանում է, երբ հողը օդաջրաթափանց է լինում, միջավայրը չեզոք կամ չեզոքին մոտ, իսկ խոնավությունը բավարար է բույսերի և միկրոօրգանիզմների գործունեության համար։ Սկզբնական շրջանում գիտնականները առաջարկում էին բակտերիական պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն մեկ շտամ (միկրոօրգանիզմների գենետիկորեն միատեսակ գաղութ)։ Ներկայումս առաջարկվում է մեկ պատրաստուկի միջոցով հողը վարակել 5-10 տեսակ բակտերիաներով, ինչը անշուշտ, ավելի արդյունավետ է։ Բակտերիական պարարտանյութերը կարող են լինել որոշակի մշակաբույսերի (նիտրագին), ինչպես նաև ընդհանուր կիրառման համար (Բայկալ ԷՄ-1, Ազոտովիտ, ՄՄ, Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն)։ Վերջիններս պարունակում են տարբեր բակտերիաների շտամներ, ուստի կատարում են տարբեր ֆունկցիաներ։ Բակտերիական պարարտանյութերը առանձնանում են նրանով, որ հանդիսանում են շրջակա միջավայրի պարտադիր բաղադրիչ, ուստի էկոլոգիապես մաքուր են և անվտանգ բոլոր տեսակի օրգանիզմների համար։ Այս պարարտանյութերի կիրառման առանձնահատկությունն այն է, որ պահանջում է ճշգրիտ մոտեցում յուրաքանչյուր բակտերիական շտամի պահպանման և կիրառման ժամկետներին, պայմաններին։ Արտադրվում են շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, օրինակ` Նիտրագին, ՄՄ, Ազոտովիտ, Ազոցեովիտ 1-ը Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն։ Նշենք. որ բոլոր բակտերիական պարարտանյութերը կիրառվում են պարարտանյութի լուծույթով` ցանվող մշակաբույսի սերմերը թրջելով, հողը ջրելով (վարակելով)։ Յուրաքանչյուր պարարտանյութի կիրառման առանձնահատկությունները և ազդեցությունը հողում կենսաբանական ազոտի կուտակման և մշակաբույսերի բերքատվության վրա նշված են պիտակում։
Հանքային պարարտանյութերի չարաշահումը հանգեցնում է հողի, բնական և արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական և կենսաբանական պարարտանյութի կիրառումը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Նիտրոգենի ծագումը Արխիվացված 2017-01-11 Wayback Machine
- ԱՄՆ պարարտանյութերի ինստիտուտ Արխիվացված 2008-10-06 Wayback Machine
- Պարարտացման միջազգային ասոցիացիա (IFA)
- Պարարտացնողների եվրոպական միություն Արխիվացված 2013-05-28 Wayback Machine
- Ինչպես կարդալ պարարտանյութերի մասին հոդվածները Արխիվացված 2015-07-01 Wayback Machine
- Գյուղատնտեսական ուղեցույց Արխիվացված 2011-10-06 Wayback Machine
- 4R's Nutrient Stewardship program from The Fertilizer Institute Արխիվացված 2017-01-18 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարարտանյութեր» հոդվածին։ |