Պետրոս Արագոնացի
Պետրոս Արագոնացի (Petrus de Aragonia) (ծննդյան թվականն անհայտ է, մահացել է 1347 թվականին), միջնադարյան Հայաստանի մշակութային–գաղափարական շարժման գործիչ, փիլիսոփա և աստվածաբան, դոմինիկյան քարոզիչ։ Թովմա Աքվինացու փիլիսոփայության հետնորդ։
Պետրոս Արագոնացի | |
---|---|
Մահացել է | 1347 |
Մասնագիտություն | փիլիսոփա |
1318 թվականին Բարդուղիմեոս Բոլոնիացու և Հովհան Անգուիացու հետ Հռոմի պապ Հովհաննես 22-րդն ուղարկել է Արևելք՝ հայերի մեջ կաթոլիկություն տարածելու նպատակով։ Սկզբնապես հաստատվել է Մարաղայի նորաստեղծ դոմինիկյան վանքում, ծավալել գիտական և ուսուցչական աշխատանք։ 1330 թվականին Հովհաննես Քռնեցոեն հրավերով Բարդուղիմեոս Բոլոնիացու հետ տեղափոխվել է Քռնայի վանք, տիրապետել է հայերենին և մինչև կյանքի վերջը զբաղվել գիտական և քարոզչական գործունեությամբ։ Գրել է փիլիսոփայակն մեկնողական աշխատություններ՝ «Համառոտ վերլուծություն Ստորոգութեանցն Արիստոտելի», «Վերլուծություն ի վերայ գրոցն, որ կոչի Պերիարմենիաս», «Համառոտ հավաքումն վերլուծութեան Վեցից սկզբանց գրոց Ջիլբերտոսի Պոռետացւոյ» և այլն, որոնք իր իսկ մասնակցությամբ լատիներենից հայերենի է թարգմանել Հակոբ Քռնեցին։ Վերջինիս հետ հայերենի է թարգմանել Թովմա Աքվինացու, ժիլբեր Պոոետացու, Հուգո Ռիպելինի և արևմտաեվրոպական փիլիսոփայության ու աստվածաբանական այլ երկեր։
Պետրոս Արագոնացին ուշ սխոլաստիկայի ներկայացուցիչ է։ Ունիվերսալիաների խնդիրը լուծել է Թովմա Աքվինացու «չափավոր» ռեալիզմի դիրքերից, քննադատել Պլատոնի և նրան հետևող «ծայրահեղ» ռեալիստների ուսմունքը։ Տրամաբանության և իմացաբանության հարցերում հետևել է Արիստոտելին, նրա հայացքները մեկնաբանել սենսուալիզմի և ուշ սխոլաստիկայի թոմիստական հոսանքի դիրքերից։ Պետրոս Արագոնացին շոշափելի հետք է թողել հայ փիլիսոփայության մտքի պատմության մեջ․ նրա երկերը բազմիցս ընդօրինակել են Տաթևի դպրոցի գործիչները, ազդել Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա։ Պետրոս Արագոնացու գիտական գործունեությունը նպաստել է Հայաստանի և միջնադարյան Եվրոպայի մշակութային-գիտական կապերի խորացմանը, մինչդեռ քարոզչական աշխատանքը (ինչպես և մյուս կաթոլիկ քարոզիչների գործունեությունը), ծառայելով ունիթոռական շարժման նպատակներին, և չտալով որևէ հասարակական-քաղաքական օգուտ, սրել է դավանաբանական վեճերը, խարխլել Արևելյան Հայաստանի ազգային-եկեղեցական միասնությունը։ Պետրոս Արագոնացու աշխատությունները պահպանվել են միայն հայերեն, ձեռագրերի մեծ մասը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Ձեռագրեր
խմբագրելԳրականություն
խմբագրել- Аревшатян С․ С․, К истории философских школ средневековой Армении (XIY в․), Е․, 1980; Oudenr ijn М․ А․ von den, Linguae Haicanae Seri p tores,
Bern, 1960․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |