Պտտվող մանրակերտերով ձու
«Պտտվող մանրակերտերով ձու» (ռուս.՝ Яйцо с вращающимися миниатюрами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1896 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը նվիրել է կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային[1]։
Պտտվող մանրակերտերով ձու | |
---|---|
Ստեղծման թնական | 1896 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան և Լիլիան Թոմաս Պրաթ |
Հավաքածու | Վիրջինիայի կերպարվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, Քվարց, զմրուխտ, ալմաստ և արծնապակի |
Բարձրություն | 248 միլիմետր |
Լայնություն | 98 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[2] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ)։
Դիզայն
խմբագրելԱյս ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում վարպետ Միխայիլ Պերխինի և մանրանկարիչ Յոհանես Զենգրաֆի կողմից[3]։ Ձվի արտաքին շերտը պատրաստված է լեռնային բյուրեղապակուց։ Երկու մասերն իրար են միանում բարակ ոսկյա շերտով, որը պատված է զմրուխտե կանաչ էմալով, իսկ վերջինիս վրա էլ ագուցված են ադամանդներ։ Ոսկերչական ձվի գագաթը պսակված է 27 կարատանոց սիբիրական զմրուխտով, որը տեղադրված է ոսկե տակդիրի վրա՝ զմրուխտե կանաչ էմալով պատված։ Այս կաբոշային զմրուխտը համարվում է ամենախոշոր թանկարժեք քարերից մեկը, որն օգտագործվել է Ֆաբերժեի կողմից կայսերական ձվեր պատրաստելիս[4]։ Ձվի տակդիրը նույնպես լեռնային բյուրեղապակուց է պատրաստված։ Դրա վրա երկու ոլորտաձև ոսկյա հատվածներ են՝ նկարազարդված էմալով և ադամանդներով եզրավորված։ Դրանք զարդարված են նաև թագուհու միացագրերով։ Յուրաքանչյուր միացագիր պսակված է ադամանդե թագով[4]։
Անակնկալ
խմբագրելՁվի ներսում տեղադրված է ուղղաձիգ ոսկյա սռնի, որի վրա տեղադրված են տասներկու մանրանկար։ Դրանցում պատկերված են զանազան դղյակներ և արքայական կեցավայրեր, որոնք նախատեսված են եղել երիտասարդ կայսրուհու համար։ Դրանցից յուրաքանչյուրը Նիկոլայի և Ալեքսանդրայի համար հիշարժան վայրեր են[5]։
Երբ ձվի ամենավերևում տեղադրված զմրուխտը սեղմում են, գործի է դրվում հատուկ մեխանիզմը, որը պտտում է մանրանկարները։ Ձվի մեջ տեղադրված կեռիկն իջնում է ներքև և թերթում է մանրանկարները, ինչպես գրքի էջերը, որի շնորհիվ տեսանելի են դառնում բոլոր մանրանկարները միաժամանակ[2]։ Յուրաքանչյուր մանրանկար ունի ոսկյա շրջանակ՝ պսակված զմրուխտով։ Շրջանակներն էլ իրենց հերթին ամրացված են ոսկյա սռնուն[4]։
Մանրանկարներում պատկերված են՝
- Նոր պալատ, Պոտսդամ, Գերմանիա՝ թագուհու ծննդավայր։
- Կրանիխշտայն, Հեսսեն՝ թագուհու ամառային ամենասիրելի նստավայրը երիտասարդ տարիներին։
- Բալմորալ ամրոց, Շոտլանդիա. այստեղ է մանկությունն անցկացրել Ալեքսանդրան իր տատիկի՝ Վիկտորիայի մոտ։
- Հին ամրոց, Դարմշտադտ՝ Ալեքսանդրայի հոր՝ Լյուդվիգ IV-ի պաշտոնական նստավայրը։
- Վոլֆսգարտեն դղյակ, Հեսսեն՝ Ալեքսանդրայի մանկության որսորդական տունը։
- Վինձոր ամրոց, Լոնդոնի շրջակայք՝ Վիկտորիա թագուհու նստավայրը, որտեղ անցել է Ալեքսանդրայի մանկությունը։
- Էրենբուրգ ամրոց, Քոբուրգ՝ Ալեքսանդրայի և Նիկոլայի առաջին հանդիպման վայրը։
- Ռոզենաու ամրոց, Քոբուրգ՝ պսակադրության հաջորդող օրվա առաջին այցելության վայրը։
- Օսբորն հաուս, Ուայթ կղզի՝ Ալեքսանդրայի և Նիկոլայի ամուսնությունից հետո այցելված վայր։
- Ձմեռային պալատ, Սանկտ Պետերբուրգ՝ Նիկոլայի և Ալեքսանդրայի պսակադրության վայրը։
- Անիչկովների պալատ, Սանկտ Պետերբուրգ՝ Մարիա Ֆեոդորովնայի նստավայրը, որտեղ Ալեքսանդրան անցկացրել է Ռուսաստանում ապրելու առաջին տարին։
- Ալեքսանդրովի պալատ, Ցարսկոյե Սելո՝ կայսերական ընտանիքի սիրելի ձմեռային նստավայրը[2]
Պատմություն
խմբագրելՆիկոլայ II կայսրը ձուն նվիրել է կնոջը 1896 թվականի մարտի 24-ին[2]։
1909 թվականին ձուն գտնվել է կայսրուհու Ձմեռային պալատի ուսումնական սենյակում։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1930 թվականին ԽՍՀՄ-ը ձուն վաճառում է Նյու Յորքի Վիկտոր Համմերի պատկերասրահին 8000 ռուբլով կամ մոտ 4000 ԱՄՆ դոլարով։ 1945 թվականին ձուն գնում է General Motors ընկերության տնօրենի կինը՝ Լիլիան Թոմաս Պրատը[6]։ Նրա մահից հետո, 1947 թվականին ձուն փոխանցվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին[7]։ Այն ցայսօր էլ գտնվում է այդտեղ[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Яйцо с вращающимися миниатюрами Фаберже 1896». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 David Park Curry (1995). «Faberge». Virginia Museum of Fine Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «VMFA: Fabergé: Imperial Egg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Lowes 2001, pg. 47
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «1896 Egg with Revolving Miniatures». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Lowes 2001, pgs. 47-48
Արտաքին հղումներ
խմբագրել- Virginia Museum of Fine Arts description Արխիվացված 2014-07-07 Wayback Machine
- Պտտվող մանրակերտերով ձուն
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պտտվող մանրակերտերով ձու կատեգորիայում։ |