Ջեյմս Մեդիսոն (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս Մեդիսոն (այլ կիրառումներ)



Ջեյմս Մեդիսոն (անգլ.՝ James Madison, մարտի 16, 1751(1751-03-16)[1][2][3][…], Port Conway, Վիրջինիա, Բրիտանական կայսրություն - հունիսի 28, 1836(1836-06-28)[1][4][5][…], Մոնպելյե, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի չորրորդ նախագահը, «ամերիկյան Սահմանադրության ճարտարապետ»։

Ջեյմս Մեդիսոն (քաղաքական գործիչ)
անգլ.՝ James Madison
Կուսակցություն՝Դեմակրատական-հանրապետական կուսակյություն
Ծննդյան օր՝ մարտի 16, 1751(1751-03-16)[1][2][3][…]
Ծննդավայր՝Port Conway, Վիրջինիա, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր՝հունիսի 28, 1836(1836-06-28)[1][4][5][…] (85 տարեկան)
Վախճանի վայրը՝Մոնպելյե, Վիրջինիա, ԱՄՆ
Ամուսին ՝Դոլլի Մադիսոն[6]
Հայր՝Ջեյմս Մեդիսոն, Ավագ[6]
Մայր՝Eleanor Rose Conway?[7][6]
Պարգևներ՝
Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

1771 թ. ավարտել է Նյու-Ջերսիի քոլեջը։ Ընտրվել է Վիրջինիայի կոնվենտի պատգամավոր, ակտիվորեն մասնակցել է նահանգի սահմանադրության մշակմանը։ 1787 թ. Մեդիսոնը ընտրվել է Սահմանադրական կոնվենտի անդամ։ 90-ականների սկզբից նա աստիճանաբար անցել է հանրապետականության դիրքորոշմանը։ Ջեֆերսոնի կառավարությունում զբաղեցրել է պետական քարտուղարի պաշտոնը, իսկ 1808 և 1812 թթ. ընտրվել է ԱՄՆ նախագահ։ Պաշտոնաթողությունից հետո Մեդիսոնը հիմնել է գաղութաբնակեցման Ամերիկյան ընկերակցությունը, մասնակցել երկրի հարավում ստրկության հիմնահարցի փուլային լուծմանը, իսկ Թոմաս Ջեֆերսոնի մահից հետո՝ դարձել Վիրջինիայի համալսարանի ռեկտոր։ Կյանքի վերջին տարիներին նա նվիրվել է Հարավի ստրկատերերի դեմ պայքարին, ովքեր կոչ էին անում բոյկոտել իրենց համար անընդունելի դաշնային օրենքները։ Մեդիսոնը կարևոր դեր է ունեցել ԱՄՆ Սահմանադրության հայեցակարգային հիմքերի և Սահմանադրության բուն տեքստի մշակման գործում։ Նրան է պատկանում նաև 1791 թ. իրավունքների մասին Բիլլը։ Քաղաքական ուսմունքի գլխավոր գաղափարները նա շարադրել է "Ֆեդերալիստ" հանդեսի հոդվածաշարում։

Մեդիսոնի քաղաքական հայացքները հիմնված են մարդու՝ որպես սոցիալական շփման ունակ, բայց և սեփական շահերով առաջնորդվող էակի մասին պատկերացման վրա։ Ի բնե օժտված լինելով բանականությամբ և անկապտելի իրավունքներով՝ մարդիկ ինքնին կարող են որոշել պետության ձևը։ Նրա, ինչպես նաև ամերիկյան հեղափոխության այլ գործիչների համար, անգլիական և հատկապես շոտլանդական լուսավորիչների գաղափարները քաղաքական աքսիոմներ էին։ Սակայն, նրան հետաքրքրում էին ոչ այնքան տեսական, որքան պետականության գործնական հիմնահարցերը, մասնավորապես այն, թե ինչպես հաստատել հանրապետություն ամերիկյան իրականության մեջ։ Կառավարման հանրապետական ձևի հայեցակարգում Մեդիսոնը ստեղծագործաբար միավորում է Հարինգտոնի և Դեյվիդ Հյումի գաղափարները։ Նրա նպատակը նահանգների ամուր միության ձևավորումն է, որն ունակ լինի ապահովել և ժողովրդի մեծամասնության կայուն կառավորումը, և փոքրամասնության օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Քանզի թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը ժողովրդի մասն են կազմում, իսկ արդարությունը պետք է ապահովված լինի ողջ ժողովրդի համար։ Արդարության նվաճման գլխավոր խոչընդոտ նա համարում է մեծամասնության բռնատիրությունը։ Նման հնարավորությունը կանխելու համար անհրաժեշտ է ստեղծել մի շարք արգելքներ։ Առաջին արգելքը պետական կառույցի ձևն է, որը Մեդիսոնն անվանել է խառը. ունիտար պետությունները՝ նահանգները, միավորվել են միության՝ դաշնության մեջ։ Այն թույլ է տալիս ապահովել ողջ երկրի և առանձին նահանգների շահերի ներկայացուցչություն, ինչպես նաև կանխել մեծամասնության բռնատիրության հաստատումը շրջաններում։ Երկրորդը ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտն է։ Երրորդը ներկայացուցչական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների սահմանափակումն է որոշակի ժամկետներով։ Սա է հանրապետության և մեծամասնության կառավարման պայմաններում փոքրամասնության իրավունքների ապահովման նրա հայեցակարգի էությունը։

Մեդիսոնը կարևոր ներդրում ունի զսպումների և հակակշիռների մեխանիզմի մշակման գործում։ Նահանգների սահմանադրությունների մեծ մասում առկա էր իրավունքների մասին Բիլլը, սակայն չկար դրանք կենսագործելու մեխանիզմը։ Դա վերաբերում է նաև իշխանությունների բաժանման սկզբունքին։

Մեդիսոնը բավական վատատեսորեն է վերաբերվում իրավունքների մասին Բիլլի գաղափարին, բայց միաժամանակ հաշվի է առնում այն հանգամանքը, որ ամերիկացիների մեծամասնության համար այդ գաղափարն ազատության խորհրդանիշ է։ Ուստի, զիջելով հանրապետականներին, նա ինքը կազմեց Բիլլի տեքստը։ Բայց իշխանությունների բաժանման հարցում, ի տարբերություն հանրապետականների, ովքեր իշխանությունների հավասարակշռությունը պահպանելու նպատակով անհրաժեշտ էին համարում կոնվենտի պարբերական գումարումը, Մեդիսոնը առաջադրում է զսպումների և հակակշիռների մեխանիզմի միջոցով ներքին հսկողության գաղափարը։ Մեդիսոնի կարծիքով՝ գործադիր իշխանությունն իր էությամբ պարզ է, և լիազորությունների շրջանակը՝ նեղ։ Առավել քիչ են դատական իշխանության գործառույթները։ Նա տիրապետող է համարում օրենսդիր իշխանությունը, որը ոչ միայն օրենքներ է ընդունում, այլև մուտք ունի գանձարան։ Այդ պատճառով էլ հենց նրանից է բխում գլխավոր սպառնալիքն իշխանության այլ ճյուղերին։

Հետևաբար՝ հանրապետության պայմաններում գլխավոր խնդիրը օրենսդիր իշխանությունից բխող սպառնալիքի վերացումն է։ Հիմնահարցի լուծումը Մեդիսոնը համարում է բիկամերալիզմը` երկպալատ համակարգը, այսինքն` օրենսդիր մարմինը 2 պալատի բաժանելը։ Հիմնականը նա համարում է ստորին պալատը՝ որպես ամերիկյան ողջ ժողովրդին ներկայացնող մարմին։ Ներկայացուցչական պալատի անդամները պետք է ընտրվեն հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ ձայների գաղտնի քվեարկությամբ։ Վերին պալատը՝ Սենատը, կոչված է հակակշռի դեր խաղալու ստորինի նկատմամբ։ Նրա կարծիքով, Սենատը իշխանության ամենաուժեղ մարմնից ժողովրդին պաշտպանելու միջոց է, այսինքն՝ ժողովրդի պաշտպանությունն իր իսկ սխալներից։ Սակայն, իր կյանքի վերջին, Մեդիսոնը հանգեց այն մտքին, որ սենատորները ևս պետք է ընտրվեն այն նույն կանոններով, ինչ Ներկայացուցիչների պալատի անդամները։ Սահմանադրական կոնվենտում ընդունվեց այլ տեսակետ. սենատորներն ընտրվում են նահանգների օրենսդրական ասամբլեաներում, որը գործեց ընդհուպ Սահմանդրության 17-րդ փոփոխության ընդունումը 1913 թ.։ Այնուամենայնիվ, Մեդիսոնի կարծիքով, երկպալատ օրենսդիր մարմինը շատ ուժեղ էր։ Ուստի կոնվենտում նա առաջարկեց "վերահսկիչ խորհրդի"` իշխանության գործադիր ու դատական ճյուղերի միացյալ մարմնի գաղափարը` օժտված դեռևս օրինագծի քննարկման փուլում Կոնգրեսին հակազդելու իրավունքով։ Սակայն կոնվենտում ընդունվեց դատական սահմանադրական հսկողության մասին Համիլտոնի գաղափարը։ Զսպումների ու հակակշիռների երրորդ միջոցը, ըստ Մեդիսոնի, դատական համակարգի բարձրագույն մարմնի հատուկ դերն է։ Այս գաղափարը խիստ քննադատեցին հանրապետականները՝ որպես ժողովրդավարությանն առավել սպառնացող վտանգավոր իշխանության ինստիտուտ։ Իսկ Մեդիսոնը կարծում էր, որ պատշաճ կազմ հավաքելու դեպքում Գերագույն Դատարանը կարող է դառնալ Սահմանադրության հուսալի երաշխավոր։ Մեդիսոնի գաղափարը, որ պաշտպանեց նաև Համիլտոնը, դարձավ դատական սահմանադրական վերահսկողության հիմքը ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մեդիսոն (քաղաքական գործիչ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մեդիսոն (քաղաքական գործիչ)» հոդվածին։