Ռամիլ Սաֆարով
Ռամիլ Սաֆարով (ադրբ.՝ Ramil Sahib oğlu Səfərov, օգոստոսի 25, 1977, Իշխան, Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի մարդասպան, որը հայտնի է դարձել Բուդապեշտում իր կատարած հանցագործության՝ հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության պատճառով։ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին[1][2]։ Սաֆարովը վերջինիս քնած ժամանակ կացնահարել է և մտադիր է եղել սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մուկուչյանին, սակայն դա չի հաջողվել։
Ռամիլ Սաֆարով ադրբ.՝ Ramil Sahib oğlu Səfərov | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Իշխան, Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Զինվորական լիցեյ. Ջ.Նախիջեւանսկի |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, ռազմական գործիչ, զինվոր և սպա |
Ramil Safarov Վիքիպահեստում |
2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման, 30 տարով առանց ներման թույլտվության։
2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան[3], որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել[4], Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի, բնակարան է ստացել և ֆինանսապես վարձատրվել։
Արտահանձնումից 10 օր անց ռուսական Ռոսիա 1 հեռուստաալիքի հետ զրույցում Սաֆարովն անդրադարձել է հայ սպային սպանելու դրդապատճառներին։ Նա մասնավորապես նշել է, որ դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտում էին գտնվում երկու հայ զինծառայող, որոնց նա անգամ չէր էլ ողջունում, սակայն մի անգամ երկուսին միասին «քչփչալով» տեսնելիս որոշել է սպանել նրանց՝ գլուխները կտրելով։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրորդ սպայի սպանությունը կանխվել է՝ նրա հետ նույն սենյակում բնակվող լիտվացի սպայի շնորհիվ։
2013 թվականի մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ[5]։ Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհումը, ըստ էության` արդարացումը և հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք), 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ REGNUM. Հինգ տարի առաջ դաժանորեն սպանվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանը ՏՎ
- ↑ Հայի սպանության համար ադրբեջանցի զինվորականը ցմահ դատապարտվել է
- ↑ Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան է վերադարձել
- ↑ Ադրբեջանի նախագահի հրամանագիրը Ռ. Ս. Սաֆարովին ներման շնորհման մասին
- ↑ Ազատություն ռադիոկայան, Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմել են ՄԻԵԴ, 01.03.2013
Արտաքին հղումներ
խմբագրել- Բուդապեշտյան գործ Արխիվացված 2011-09-04 Wayback Machine, Սաֆարովի գործին նվիրված հայկական կայք(անգլ.)
- Ռամիլ Սաֆարով. «Եկավ ժամանակն ու նախագահը լուծեց այս հարցը»