Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս | |
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Լորտուներ (Colubridae) |
Ցեղ | Rhynchocalamus |
Տեսակ | Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս (R. melanocephalus) |
Միջազգային անվանում | |
Rhynchocalamus melanocephalus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս , Սատունինի ռինխոկալամուս, Սատունինի կնճիթաձողիկ (լատին․՝ Rhynchocalamus melanocephalus satunini), լորտուների ընտանիքին պատկանող ռինխոկալամուս ցեղի օձ։ Հայաստանում հանդիպում է Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և հիմնականում չոր կենսավայրերում։ Վարում է գլխավորապես փորող կենսակերպ։ Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հազվադեպ հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում և հողի փխրուն շերտերում։ Մարմինը բավականին բարակ է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (12-40 սմ), իսկ պոչը մոտ 4,5-5 անգամ կարճ է մարմնից։ Գլուխը մարմնից թույլ է տարանջատված և ծածկված է խոշոր վահանիկներով։ Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր։ Միջքթային վահանիկը լայնացած է՝ հարմարված փորելուն։ Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին։ Մեջքային թեփուկները հարթ են և փայլուն։ Մեջքը դեղնավունից նարնջագույն է։ Գլուխը բաց գույնի է։ Վերաչքային վահանիկների վրայով անցնում է դեպի առաջ կորացած, սև լայնակի գիծ։ Ծոծրակային վահանիկների գրեթե ողջ մակերեսը ծածկված է սրտանման սև խալով։ Պարանոցի մեջքային մակերեսին կա առջևից խորը կտրվածքով լայն, սև և վզնոցանման գիծ։ Որովայնը սպիտակ կամ վարդագույն է։ Սնվում է մրջյունների թրթուրներով և հողում ապրող մանր անողնաշարավորներով։ Բազմացումը ուսումնասիրված չէ։ Մարդու և կենդանիների համար անվնաս է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Առաջավոր Ասիայում (մինչև Իրանի արևմտյան հատվածը արևելքում), Հայաստանում և Նախիջևանում։ Հայաստանում տարածված է միայն Արաքս գետի հովտում, որտեղ բարձրանում է նախալեռներ՝ մինչև ծովի մակարդակից 1200 մ բարձրություններ[1]։
Էկոլոգիա
խմբագրելՀանդիպում է միայն օշինդրային կիսաանապատներում, չոր և խիստ քարքարոտ լանջերին, որտեղ կան մերկացած ապարներ և քսերոֆիտ բուսածածկով բազմաթիվ քարաբեկորներ, ինչպես նաև ֆրիգանային գոտում։
Վարում է թաքնված մթնշաղային կենսակերպ և ցերեկային ժամերին հողի մակերես գրեթե դուրս չի գալիս։
Կենսաբանական առանձնահատկությունները գրեթե ուսումնասիրված չեն[1]։
Պահպանություն
խմբագրելՀարավային Կովկասի առավել հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակներից մեկն է։ Հայտնի են շատ քիչ քանակով առանձնյակներ։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Բնության մեջ այս տեսակի թվաքանակը, հավանաբար, կայուն է։ Մինչ այժմ Հարավային Կովկասում հայտնաբերվել են 19 առանձնյակ, որից 17-ը` Հայաստանում և Նախիջևանում։
Սպառնացող վտանգներից է բնորոշ ապրելավայրերի յուրացումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս» հոդվածին։ |