Սենսուալիզմ
Սենսուալիզմ (ֆր.՝ sensualisme, լատին․՝ sensus — ընկալում, զգայություն, զգացողություն), իմացաբանության հիմնական ուղղություններից, ըստ որի զգայունակությունը աշխարհի իմացության առաջնային, գլխավոր ձևն է։ Ի հակադրություն ռացիոնալիզմի, սենսուալիզմը ճանաչողության ողջ բովանդակությունը բխեցնում է մարդու զգայարանների գործունեությունից։
Բանականության մեջ չկա ոչինչ, որ նախապես գոյություն չունենար զգայություններում։ Փիլիսոփայության պատմության մեջ նշմարվում են Սենսուլիզմի մատերիալիստական և իդեալիստական ուղղությունները։ Մատերիալիստական սենսուլիզմը (Էպիկուր, Պիեռ Գասենդի, Թ․ Հոբս, Զ․ Լոկ, Ժ․ Լամետրի, Կ․ Հելվեցիուս, Դ․ Դիդրո, Պ․ Հոլբախ, Լ․ Ֆոյերբախ և ուրիշներ) զգայական գործունեությունը համարում է գիտակցության և արտաքին աշխարհի կապ, իսկ զգայարանների տվյալները այդ աշխարհի արտացոլում։ Իդեալիստական սենսուլիզմը (Պրոտագորաս, Զ․ Բերկլի, Դ․ Հյում, ֆենոմենալիզմ, պոզիտիվիզմ, էմպիրիոկրիտիցիզմ և այլն) զգայությունները համարում է վերջին ռեալականություն և գտնում, որ մի այլ սուբստանց բանականությունը չպետք է որոնի։ Այս պարագայում սենուալիզմի հիմնական սկզբունքը վերածվում է ագնոստիցիզմի և սուբյեկտիվ իդեալիզմի հիմնավորման։ «Զգայություններից ելնելով՝ կարելի է գնալ սուբյեկտիվիզմի գծով, որը հասցնում է սոլիպսիզմի (մարմիններն զգայությունների կոմպլեքսներ կամ կոմբինացիաներ են), և կարելի է գնալ օբյեկտիվիզմի գծով, որը հասցնում է մատերիալիզմի (զգայությունները մարմինների, արտաքին աշխարհի պատկերներն են)։ Սենուալիզմի միակողմանիությունն ու սահմանափակությունը հաղթահարել է մարքսիստական փիլիսոփան, որը ելնելով ճանաչողության հասարակական-պրակտիկ բնույթից, տվել է ճանաչողության զգայական և բանական ձևերի միասնականության գաղափարը, բացահայտել դրանց փոխգործողության դիալեկտիկան։ Հայ փիլիսոփայության պատմության մեջ տիրապետող դիրք է գրավել մատերիալիստական սենսուալիզմը՝ Անանիա Շիրակացին, Սիմեոն Զուղայեցին, Գ․ Կոստանդյանը, Ա․ Բագրատունին և ուրիշներ իրենց իմացաբանական ուսմունքներում կարևոր տեղ են հատկացրել զգայություններին, միաժամանակ չանտեսելով բանականության դերը։ Որոշ մտածողներ (Դավիթ Անհաղթ, Հովհաննես Սարկավագ, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ) հանգել են զգայական և բանական իմացության փոխկապակցվածության ու փոխպայմանավորվածության գաղափարին, որն իր մեշ ներաոում էր դիալեկտիկական մոտեցման դրսևորումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 294)։ |