Սլաջյանա Գոլիչ (սերբ.՝ Слађана Голић / Slađana Golić, փետրվարի 12, 1960(1960-02-12), Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի սերբ բասկետբոլիստուհի, ով հանդես է եկել Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում 1980-ական թվականներին և 1990-ական թվականների սկզբին։ Սեուլի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության երկու արծաթե մեդալների դափնեկիր, Զագրեբի ամառային Ունիվերսիադայի չեմպիոն, ազգային ու հանրապետական բազմաթիվ մրցությունների մրցանակակիր։

Սլաջյանա Գոլիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Слађана Голић
Ազգություն՝սերբ
Մասնագիտացում՝բասկետբոլիստուհի
Երկիր՝ ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 12, 1960 (64 տարեկան)
Ծննդավայր՝Հարավսլավիա Բանյա Լուկա, Հարավսլավիա
Ակումբ՝ŽKK Mladi Krajišnik? և ŽKK Vršac?
Հասակ՝189 սմ
Քաշ՝75 կգ

Կենսագրություն

խմբագրել

Սլաջյանա Գոլիչը ծնվել է 1960 թվականի փետրվարի 12-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Բանյա Լուկա քաղաքում (ներկայում՝ Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա)։ Բասկետբոլով զբաղվել սկսել է վաղ տարիքում։ Սկզբում խաղացել է տեղի «Մլադի Կրաիշնիկ» բասկետբելային ակումբում, ավելի ուշ հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Սանտակլերը», սերբական «Վրշաց» ակումբը համանուն քաղաքից։ Սլաջյանա Գոլիչն իր մարզական կարիերան ավարտել է «Պամպլոնա» ակումբում։

Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 1981 թվականին՝ մասնակցելով ԽՍՀՄ-ում անցկացվող Եվրոպայի առաջնությանը, որի ժամանակ Հարավսլավիայի հավաքականը հասել է մինչև կիսաեզրափակիչ և պարտվել ԽՍՀՄ հավաքականին։ Միջազգային մակարդակում մեծահահասակների առաջնություններում Սլաջյանա Գոլիչի առաջին նշանակալի ձեռքբերումը եղել է 1983 թվականին, երբ նա, լինելով ուսանող, մասնակցել է Կանադայի Էդմոնտոն քաղաքում անցկացվող ամառային Ունիվերսիադային և արժանացել բրոնզե մեդալի։ Դրանից բացի՝ նույն մրցաշրջանում նա ԽՍՀՄ-ում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, իսկ Բրազիլիայում՝ աշխարհի առաջնությանը, սակայն մրցանակային տեղեր չի զբաղեցրել։

Հաջողությամբ հանդես գալով մի շարք հանդիպումներում՝ Սլաջյանա Գոլիչն իրավունք է ստացել Հարավսլավիայի հավաքականի կազմում մասնակցել 1984 թվականին Լոս Անջելեսում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերին, սակայն հավաքականը իր խմբում կարողացել է հաղթել հինգ խաղերից միայն մեկում և Ավստրալիայի հավաքականի հետ զբաղեցրել է վերջին տեղը։

1987 թվականին Իսպանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Սլաջյանա Գոլիչն իր թիմի հետ արժանացել է արծաթե մեդալի․ եզրափակչում նրանք պարտվել էին ԽՍՀՄ հավաքականի դեմ խաղում։ Նույն թվականին Զագրեբում ացկացվող ամառային Ունիվերսիադայի ժամանակ Սլաջյանա Գոլիչն արժանացել է ոսկե մեդալի։ Լինելով Հարավսլավիայի կանանց բասկետբոլի հավաքականի առաջատար խաղացողների շարքում՝ հաջողությամբ անցել է 1988 թվականին Սեուլում ացկացվելիք Օլիմպիական խաղերի որոկավորման փուլը։ Այս անգամ Հարավսլավիայի հավաքականը հասել է մինչև եզրափակիչ, սակայն պարտություն է կրել ԱՄՆ հավաքականի դեմ խաղում և արժանացել է արծաթե մեդալի։

Սեուլի Օլիմպիական խաղերից հետո Սլաջյանա Գոլիչը շարունակել է խաղալ ազգային հավաքականի կազմում և մասնակցել միջազգային մրցությունների։ 1990 թվականին նա ներկայացրել է իր երկիրը Կուալա Լումպուրում անցկացվող աշխարհի առաջնությունում․ այս անգամ ևս նրանք հասել են մինչև եզրափակիչ և կրկին պարտվել են ԱՄՆ հավաքականի դեմ խաղում։ 1991 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Սլաջյանա Գոլիչն արժանացել է արծաթե մեդալի։

Սլաջյանա Գոլիչը Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում խաղացել է 11 տարի՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 465 հանդիպման[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. D. ADŽIĆ. «Košarka mi je dala sve» (սերբերեն). NID Novi pečat. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել