Սպիտակապոչ եղտյուրիկ
Սպիտակապոչ եղտյուրիկ | |
Սպիտակապոչ եղտյուրիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Քարադրներ (Charadriidae) |
Ցեղ | Vanellus |
Տեսակ | Սպիտակապոչ եղտյուրիկ (V. leucurus) |
Միջազգային անվանում | |
Vanellus leucurus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Սպիտակապոչ եղտյուրիկ (լատին․՝ Chettusia leucura), քարադրների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և հազվագյուտ թռչուն։ Մարմնի երկարությունը 26-29 սմ է, թևերի բացվածքը՝ 67-70 սմ։ Պոչը սպիտակ է, ոտքերը՝ երկար և դեղին։ Վիզն ու մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն են, գլուխը՝ միատարր բաց մոխրագույն։ Կուրծքը մոխրագույն է, գոտկատեղը, պոչը և մարմինը՝ ներքևից սպիտակավուն։ Բազկաթևի և սև առաջնային փետուրների վրա կա սպիտակավուն լայնակի շերտ։ Կերակրվում է քայլելով կամ վազքի ընթացքում, կանգ է առնում զոհին բռնելու համար։ Բնակվում է ծանծաղ և խոնավ տարածքներում, լճակների տղմոտ ափերին։ Որպես բնադրող տեսակ՝ Հայաստանում հայտնաբերվել է 1980-ական թվականներին՝ Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում, Սուրենավան գյուղի (Արարատի մարզ) շրջակայքում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանը վերադառնում են ապրիլ-մայիս ամիսներին։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջին տասնօրյակին։ Հուլիսի 3-րդ տասնօրյակից հայտնվում են վտանգի դեպքում ինքնուրույն թաքնվող ձագեր։ Ծնող թռչուններն այդ ընթացքում խիստ աղմկարար են և շարունակ անհանգիստ թռիչքով աշխատում են հեռացնել ձագերին սպառնացող վտանգը։ Որպես հազվագյուտ տեսակ անհատական պաշտպանության կարիք ունի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Պակիստանում և Հյուսիսարևմտյան Հնդկաստանում, Կենտրոնական Թուրքիայից, Իրաքից և Իրանից դեպի արևելք։
Վերջին տարիներին Հայաստանի տարածքում առաջացնում է գաղութներ։ Բնադրավայրերը հայտնաբերված են Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է ջրավազանների մոտ գտնվող կավային աղուտային տեղամասերում։
Հայաստանում չվող տեսակ է։ Բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր։ Ձվադրում է տարեկան մեկ անգամ՝ ապրիլին և մայիսի սկզբին, բնադրում՝ հողի վրա՝ դնելով 3, հազվադեպ՝ 4 ձու։ Ձարգացումը տևում է 22-24 օր[1]։
Պահպանություն
խմբագրելՀայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Քիչ մտահոգ կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում։ Պոպուլյացիայում հաշվառվում է հավանաբար 30-40 զույգ։
Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ բնադրավայրերի ոչնչացումը, անմիջապես բնադրավայրերի մոտ անասունների արածեցումն ու որսագողությունը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Տեսակը խիստ պահպանման կարիք ունի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակապոչ եղտյուրիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակապոչ եղտյուրիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |