Վահան Հովհաննիսյան (հոգեբույժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վահան Հովհաննեսի Հովհաննիսյան (օգոստոսի 18, 1921[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ[1] - հունիսի 18, 1996, Երևան, Հայաստան), խորհրդային շրջանի հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971 թվական), պրոֆեսոր (1972 թվական)։
Ծնվել է | օգոստոսի 18, 1921[1] |
---|---|
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ[1] |
Մահացել է | հունիսի 18, 1996 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1971) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՎահան Հովհաննիսյանը ծնվել է 1921 թվականին Աշտարակ գյուղում։ 1938 թվականին միջնակարգ դպրոցն ավարտել է Երևանում։ 1940-1944 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Երևանի հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես բուժակ։ 1944-1945 թվականներին եղել է Երևանի հանրապետական հոգեբուժական կլինիկական դիսպանսերի հոգեբույժ, 1945-1960 թվականներին՝ նույն դիսպանսերի գլխավոր բժիշկ և դատահոգեբուժական բաժանմունքի վարիչ։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են Գյումրիի և Վանաձորի նյարդա-հոգեբուժական դիսպանսերները։ 1955 թվականին պաշտպանել է թեզ՝ «Մալարիային փսիխոզների կլինիկան և բուժումը» և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1956-1963 թվականներին պրակտիկ աշխատանքին զուգահեռ դասավանդել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ 1960-1963 թվականներին աշխատել է Երևանի հոգեբուժական հիվանդանոցում որպես բաժանմունքի վարիչ։ 1963-1999 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, նախ որպես ասիստենտ, 1964 թվականից՝ դոցենտ, 1972 թվականից՝ պրոֆեսոր։ 1991-1993 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչ, ղեկավարել է ամբիոնի ուսումնական մասը, ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի դասընթացները, ինչպես նաև հոգեբուժական ուսանողական գիտական խմբակը։ 1971 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1970 թվականից եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության չորրորդ գլխավոր վարչության հոոգեբույժ-խորհրդականը։ Երկար տարիներ եղել է դատահոգեբուժական և ռազմահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովների նախագահը։ 1992 թվականից եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դատական հոգեբույժը։ Երկար տարիներ եղել է Հայաստանի նյարդաբույժների և հոգեբույժների ընկերության պատասխանատու քարտուղարը, հոգեբույժների սեկցիայի նախագահը, ՀՀ առողջապահության նախարարության թմրամոլության դեմ պայքարի մշտական հանձնաժողովի անդամ, Հայկական սովետական հանրագիտարանի ճյուղային խորհրդի անդամ։
Պարգևներ
խմբագրել- Առողջապահության գերազանցիկ մեդալ
Աշխատություններ
խմբագրելՀովհաննիսյանի գիտական հետազոտությունները հիմնականում նվիրված են Հայաստանի պայմաններում ծայրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզների, ինչպես նաև հաշիշամոլության ու ալկոհոլամոլության բազմակողմանի ուսումնասիրություններին, բուժման ու կանխարգելման հարցերին։ Հովհաննիսյանը եղել է Հայաստանի նյարդախտաբանների ու հոգեբույժների գիտական ընկերության նախագահության պատասխանատու քարտուղար։
Հեղինակ է շուրջ 90 գիտական հրապարակումների, այդ թվում հոգեբուժության դասագրքի և 6 գիտահանրամատչելի գրքերի։
Երկեր
խմբագրել- Էպիլեպսիայի էպիդեմիոլոգիան Հայաստանում։
- Հոգեբուժություն։ Դասագիրք բժշկական ինստիտուտի ուսանողների համար (համահեղիակ), Երևան, 1994։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 574)։ |