Վիլիկ Հարությունյան

հայ ֆիզիկոս

Վիլիկ Մարգարի Հարությունյան (մարտի 5, 1936(1936-03-05)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 19, 2000(2000-08-19)[2], Երևան, Հայաստան[2]), հայ ֆիզիկոս-տեսաբան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974)։ XX դարի համաշխարհային ճանաչում ունեցող հայ ականավոր գիտնական, մանկավարժ, կրթության և գիտության համակարգի հմուտ ղեկավար։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981):

Վիլիկ Հարությունյան
Ծնվել էմարտի 5, 1936(1936-03-05)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էօգոստոսի 19, 2000(2000-08-19)[2] (64 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտ[1][2] և Երևանի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտֆիզիկա
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1972)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Վիլիկ Մարգարի Հարությունյանը ծնվել է Երևանում, 1936 թվականի մարտի 5-ին։ Հայրը՝ Մարգար Հարությունյանը, վաստակաշատ շինարար էր, մայրը՝ Արմիկ Շահապունին, մաթեմատիկայի ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի N26 դպրոցը՝ ոսկե մեդալով։ Ուսումը շարունակել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Համալսարանական կյանքի առաջին իսկ օրերից աչքի է ընկնել բարձր առաջադիմությամբ։ 2-րդ կուրսում արդեն հասնել է այնպիսի հաջողությունների, որ նրան թույլ են տվել դասերին հաճախել ազատ ժամանակացույցով՝ ըստ իր հայեցողության։ Համալսարանն ավարտել է գերազանցության դիպլոմով։

Համալսարանն ավարտելուց հետո Վիլիկ Հարությունյանը ասպիրանտուրայի և աշխատանքի բազմաթիվ հրապուրիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից, հանրահայտ Կուրչատովի անվան միջուկային էներգիայի և Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտներից։ Սակայն Վիլիկ Հարությունյանը նախընտրել է վերադառնալ հայրենիք և ծառայել ազգային գիտության զարգացմանը։ Հետագայում էլ՝ իր ողջ գիտական և կազմակերպչական գործունեության ընթացքում, նա ամենատարբեր երկրների գիտական կենտրոններից շարունակել է ստանալ աշխատանքի գրավիչ առաջարկներ, բայց ընդմիշտ մնացել է Հայաստանում՝ հավատարիմ մնալով գիտնականի և հայրենասերի իր առաքելությանը։

1963 թվականին Վիլիկ Հարությունյանը ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան, 1972 թվականին՝ դոկտորի, 1974 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

1967 թվականին նշանակվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների նորաբաց ինստիտուտի՝ գիտական գծով տնօրենի տեղակալ։

1972 թվականին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) հիմնադրել է Քվանտային էլեկտրոնիկայի և բյուրեղների աճի ամբիոնը, որը կարևոր դեր է խաղացել նոր, արագ զարգացող քվանտային էլեկտրոնիկայի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։ Միաժամանակ, ամբիոնին կից, նա հիմնել է «Ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիան», որն արագորեն զարգանալով, 1979 թվականին վերակազմավորվել է «Կոնդեսացված միջավայրերի ֆիզիկայի» գիտահետազոտական ինստիտուտի (ԳՀԻ)՝ հանդիսանալով ԵՊՀ-ին կից առաջին գիտահետազոտական ինստիտուտը և Հայաստանում առաջին բարձրագույն կրթություն-գիտություն—նորարություն ինտեգրման արդյունավետ մոդելը։ Վիլիկ Հարությունյանը դարձել է այդ ԳՀԻ տնօրեն։ Լինելով հիանալի կազմակերպիչ և փայլուն գիտնական՝ Վիլիկ Հարությունյանը կարողացել է ընդամենը 5 տարում Ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային գիտական լաբորատորիան դարձնել հետազոտական մեծ ներուժ ունեցող գիտական կենտրոնի, որը միաժամանակ դարձել է լազերային համակարգերի, բյուրեղների աճեցման ու այլ տեխնոլոգիաների մշակման և արտադրման կենտրոն։

Շարունակական զարգացնելով և ընդարձակելով գիտահետազոտական ինստիտուտի գիտական և արտադրական ներուժը՝ 1988 թվականին Վիլիկ Հարությունյանը այն դարձրել է «Լազերային Տեխնիկա» գիտաարտադրական միավորում («ԼՏ» ԳԱՄ)։ Իր հիմնած լազերային ֆիզիկայի այդ կարևոր գիտական միավորումը Վիլիկ Հարությունյանը ղեկավարել է որպես գլխավոր տնօրեն՝ դարձնելով այն միջազգային համբավ ունեցող կենտրոն։

Հանրապետության ճգնաժամային տարիներին, իրեն հատուկ համառությամբ և ապագայի հանդեպ իր անկոտրում հավատի շնորհիվ, Վիլիկ Հարությունյանին հաջողվել է պահպանել ինստիտուտի գիտաարտադրական միջուկը, չկորցնել տարիների ձեռքբերումները և պահպանել կազմակերպության նկատմամբ գործընկերների հավատը։ Արդյունքում 1999 թվականին «ԼՏ» ԳԱՄ-ը, ՀՀ նախագահի աջակցությամբ, վերահիմնադրվել է հայ-հունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկության։ Վիլիկ Հարությունյանը ընտրվել է ԼՏ-Պիրկալի նախագահ և գլխավոր տնօրեն, որը ղեկավարել է մինչև իր կյանքի վերջին օրը։

Վիլիկ Հարությունյանը մեծ ավանդ ունի նաև անկախ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի զարգացման գործում։ 1990-1991 թվականներին նա եղել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի առաջին նախագահը։ Այդ կարճ ժամանակահատվածում նա շրջադարձային բարեփոխումներ է կատարել կրթության բնագավառում, մասնավորապես՝ մշակել և ներդրել է բուհերի ընդունելության կենտրոնացված համակարգը։

Կարևորելով հանրապետության կրթական համակարգում միջազգային չափանիշներով նոր համալսարան ունենալու անհրաժեշտությունը, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի նախագահ աշխատելու ժամանակահատվածում, Վիլիկ Հարությունյանը ամենգործուն մասնակցությունն է ունեցել 1991 թվականին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնադրամի գործում և ընդգրկվել համալսարանի հոգաբարձուների խորհրդում։ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ նա հետմահու պարգևատրվել է համալսարանի առաջին մեդալով։

Վիլիկ Հարությունյանը հաջողությամբ համատեղել է գիտական, կազմակերպչական և հասարակական գործունեությունը մանկավարժական գործունեության հետ։ 1960 թվականից դասախոսելով ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում՝ նա պատրաստել է գիտության 25 թեկնածու և 7 դոկտոր, ինչպես նաև հարյուրավոր երիտասարդ, տաղանդավոր մասնագետներ, որոնցից շատերը այսօր հաջողությամբ աշխատում են աշխարհի առաջատար համալսարաններում՝ բարձր պահելով Հայաստանի գիտնականների վարկանիշը։

Նա հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատությունների, որոնց մեծ մասը լույս են տեսել արտասահմանյան գիտական ամսագրերում և պարբերակններում։ 1996 թվականին Բելգիայում, «Physics reports» ամսագրում լույս է տեսել նրա «Laser radiation free electron interaction» աշխատությունը։ 1999 թ. Նոբելյան մրցանակների կոմիտեն, բացառության կարգով, առաջարկել է ներկայացնել այդ աշխատությունը ավելի ծավալուն տպագրության, որը նա, ցավոք, չի հասցրել ավարտել։

Եղել է ԽՍՀՄ ԳԱ «Օպտիկա» միացյալ գիտական խորհրդի «Կոհերենտ և ոչ գծային օպտիկա» բաժանմունքի գիտական խորհրդի անդամ, ԽՍՀՄ ժողկրթության պետական կոմիտեի «Լազերներ» ամսագրի գիտական խորհրդի նախագահի տեղակալ, իսկ այնուհետ նախագահ։

2000 թվականի օգոստոսի 19-ին, 64 տարեկան հասակում, Վիլիկ Հարությունյանը հանկարծամահ է եղել իր աշխատատեղում՝ թողնելով տեսական և գործնական հսկայածավալ գիտական ժառանգություն։

Ընտանիք

խմբագրել

Վիլիկ Հարությունյանը ծանոթացել է իր կնոջ՝ Լենա Թորգոմյանի հետ ուսանողական տարիներին։ Լենա Թորգոմյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։ Նա երկար տարիներ աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, իսկ հետագայում ՀԽՍՀ «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունում»՝ որպես գլխավոր ճարապետ։ Նա հեղինակել է մի շարք մշակութային հուշարձանների և ճարտարապետական կոթողների վերականգման նախագծային աշխատանքները կամ մասնակցել դրանց (Կեչառիսի վանական համալիր, Հառիճավանք, Աշտարակի ժողովրդական տներ և այլն )։ Լենա Թորգոմյանը Հայաստանի ճարտարապետների միության անդամ էր։ Նա մահացել է 2018 թվականի նոյեմբերին։

Վիլիկ Հարությունյանն ունի երկու դուստր՝ Գայանե Հարությունյանը և Կարինե Հարությունյանը։ Երկուսն էլ մասնագիտությամբ ֆիզիկոսներ են՝ լավագույնս հարստացնելով ընտանեկան ավանդույթները։ Գայանե Հարությունյանն 2005 թվականից «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրենն է։ Կարինե Հարությունյանը 1996 թվականից շուրջ 20 տարի աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, որից վերջին 8 տարին նախարարի տեղակալի պաշտոնում։ Ներկայումս նա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորն է։

Մրցանակներ, պարգևներ

խմբագրել

Վիլիկ Հարությունյանը արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ ՀԽՍՀ լենինյան կոմերիտմիության մրցանակի (1967), Աշխատանքային կարմիր դրոշի (1976), Պատվո նշան շքանշանի (1986), Բրատիսլավայի Կամենսկու անվան համալսարանի ոսկե մեդալի։ 1981 թվականին նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։

Հիմնականա աշխատություններ

խմբագրել
  • Ֆիզիկայի խնդիրներ։ Բարձրագույն ուս. հաստատ. ընդունվողների համար, Երևանի պետական համալսարան, Երևան, «Միտք», 1966։
  • Քվանտային մեխանիկա։ Դասախոսություններ, Պրակ. 1, ԵՊՀ, Տեսական ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Լույս», 1968 (համահեղինակ)։
  • Отражение электронов от плоской электромагнитной волны в среде. В. М. Арутюнян, Г. К. Аветисян, Институт физических исследований АН Арм ССР. Ереван, 1971.
  • Поляризационные эффекты при прохождении излучения через резонансную среду. В. М. Арутюнян, Е. Г. Канецян, В. О. Чалтыкян, Институт физических исследований АН АрмССР. Ереван, Б. и., 1971.
  • Индуцированная оптическая анизотропия газа в поле резонансного лазерного излучения / В. М. Арутюнян, А. Ж. Мурадян, Ереванский государственный университет. Ереван, Б. и., 1977.
  • Коэффициент поглощения атома в поле резонансных встречных волн. В. М. Арутюнян, А. Ж. Мурадян, ЕГУ. Ереван, Б. и., 1977.
  • Исследование индуцированной оптической анизотропии в парах натрия: Препринт ПЛРФ-78-12 / В. М. Арутюнян, А. Ж. Мурадян, А. В. Карменян, ЕГУ. Ереван, Арус, 1978.
  • Поляризационная методика исследования релаксационных времен атомных уровней: Препринт ПЛРФ 78-13 / В. М. Арутюнян, Г. Г. Адонц, Т. А. Папазян и др., Ереван, Б. и., 1978.
  • Брэгговское отражение в газе в резонансном поле лазерного излучения: Препринт ПЛРФ-78-11 / В. М. Арутюнян, А. Ж. Мурадян, ЕГУ. Ереван, Арус, 1978.
  • Квантовая электродинамика: Курс лекций Арутюнян, В. М., Ереванский государственный университет. Ереван, ЕГУ, 1981.
  • Теория тонкопленочного квазиволноводного усилителя-генератора. Редкол.: В. М. Арутюнян и др, МВиССО АрмССР, ЕГУ, НИИ физики конденсир. сред. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1988.
  • Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու։ Բուհ ընդունվողների համար, ԵՊՀ, Կիսահաղորդիչների դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1989 (համահեղինակ)։
  • Газовые лазеры: Сборник научных трудов / Ерев. гос. ун-т, Науч.-произв. об-ние Лазер. техника, [Редкол.: В. М. Арутюнян и др.]. Ереван, ЕГУ, 1989.
  • LabVIEW սկսնակների և մասնագետների համար։ Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլիկ Հարությունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 323