Վլադիմիր Ստասով
Վլադիմիր Վասիլևիչ Ստասով (ռուս.՝ Владимир Васильевич Стасов, հունվարի 2 (14), 1824[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 10 (23), 1906[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ։ Համարվում է 19-րդ դարի ռուսական դեմոկրատական մշակույթի խոշորագույն գործիչներից։ Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ (1900 թվական)։
Վլադիմիր Ստասով Владимир Стасов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2 (14), 1824[1][2] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | հոկտեմբերի 10 (23), 1906[2] (82 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | լրագրող, գրող, երաժշտական քննադատ, հրապարակախոս, արվեստագետ, արվեստի քննադատ և արխիվագետ |
Հաստատություն(ներ) | Governing Senate? և Ռուսաստանի ազգային գրադարան[4] |
Գործունեության ոլորտ | երաժշտություն[5], Երաժշտագիտություն[5] և արվեստագիտություն[5] |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Իրավագիտության կայսերական ուսումնարան (1843) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2][5][6] |
Պարգևներ | |
Հայր | Վասիլի Ստասով |
Vladimir Stasov Վիքիպահեստում |
Ճարտարապետ Վասիլի Ստասովի որդին։
1843 թվականին ավարտել է Իրավագիտության ուսումնարանը։ 1872 թվականից՝ Հանրային գրադարանի (այժմ՝ Ռուսաստանի ազգային գրադարան) գեղարվեստական բաժնի վարիչ։ Հիմնականում զբաղվել է գեղարվեստական և երաժշտական քննադատությամբ։ Ունեցել է բազմակողմանի հետաքրքրություններ (1847 թվականից՝ հոդվածներ ռուս և արտասահմանյան գրականության, երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության մասին, հետազոտական և հավաքչական աշխատություններ հնագիտության, պատմության, բանասիրության, բանագիտության հարցերի վերաբերյալ)։ Հենվել է ռուս դեմոկրատ-հեղափոխական գործիչների՝ Վիսարիոն Բելինսկու, Ալեքսանդր Գերցենի, Նիկոլայ Չեռնիշևսկու գեղագիտական սկզբունքների վրա։ Ժամանակակից առաջավոր արվեստի հիմքը համարել է ռեալիզմն ու ժողովրդայնությունը։ Դեմ է արտահայտվել է ակադեմիզմին, հանուն «գեղարվեստական կյանքի դեմոկրատացման»։ Ակտիվորեն մասնակցել է «Հզոր խմբակի», նկարիչների արտելի և Պերեդվիժնիկների ընկերության ստեղծագործական կյանքին։ Առաջինն է գնահատել ու խրախուսել Մարկ Անտոկոլսկու, Վիկտոր և Ապոլինարի Վասնեցովների, Վասիլի Վերեշչագինի, Իվան Կրամսկոյի, Վասիլի Պերովի, Իլյա Ռեպինի և այլոց ստեղծագործությունները։
Հետևողականորեն պաշտպանել է ռուս կոմպոզիտորական դպրոցի զարգացման ազգային ինքնուրույն ուղիները, ազդել «Հզոր խմբակի» գեղագիտական և ստեղծագործական սկզբունքների ձևավորման վրա։ Ուսումնասիրել ու պրոպագանդել է Միխայիլ Գլինկայի ստեղծագործությունը (ավելի քան 30 աշխատություն, այդ թվում՝ մենագրություն, 1857 թվական), մենագրություններ է գրել կոմպոզիտորներ Մոդեստ Մուսորգսկու, Ալեքսանդր Բորոդինի, նկարիչներ Կառլ Բրյուլովի, Վասիլի Պերովի, Իլյա Ռեպինի և ուրիշների, ինչպես և ստեղծագործական դիմանկարներ՝ կատարողական արվեստի վարպետների (Պետրով, Ռուբինշտեյն) մասին։ Առաջիններից է, ով հավաքել ու հրատարակել է ռուս նկարիչների և կոմպոզիտորների (Կրամսկոյ, Իվանով, Գլինկա, Մուսորգսկի և այլոց) նամականին։ Ռուսաստանում պրոպագանդել է Բեթհովենի, Լիստի, Բեռլիոզի, Շոպենի, Գրիգի և ուրիշների երաժշտությունը։
Ստասովի հոդվածները բնույթով հրապարակախոսական են, բանավիճային։ Էական ներդրում ունի ռուս ռեալիստական գեղագիտության կարևորագույն համարվող հարցերի մշակման գործում։
Ստասովը գրել է նաև հայ մանրանկարչության՝ հատկապես զարդարվեստի մասին, անդրադարձել Այվազովսկու և Սուրենյանցի արվեստին, ծանոթ է եղել և նամակագրական կապեր ունեցել Ալիշանի, Լևոնյանի, Էմինի, Շահազիզի, Պատկանյանի հետ։ Սպենդիարյանը գրել է «Ստասովի հիշատակին» կանտատ (1907)։
Գրականություն
խմբագրել- Իրմա Սաֆրազբեկյան, Ղևոնդ Ալիշանի նամակները Վ. Ստասովին, «Գրական թերթ», 1969, № 1:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ф. Стасов (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1217—1219.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Стасов Владимир Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ստասով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 106)։ |