Վռամ Հովսեփյան

հայ արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վռամ Միքայելի Հովսեփյան (մայիսի 15, 1925(1925-05-15), Դաշտադեմ, Արագածոտնի մարզ - նոյեմբերի 24, 1991(1991-11-24), Դաշտադեմ, Արագածոտնի մարզ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958

Վռամ Հովսեփյան
Ծնվել էմայիսի 15, 1925(1925-05-15)
ԾննդավայրԴաշտադեմ, Արագածոտնի մարզ
Վախճանվել էնոյեմբերի 24, 1991(1991-11-24) (66 տարեկան)
Վախճանի վայրԴաշտադեմ, Արագածոտնի մարզ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և արձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1925 թվականի մայիսի 15-ին ՀՀ Ներքին Թալին (այժմ՝ Դաշտադեմ) գյուղում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և պարգևատրվել է շքանշաններով։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1955-1974 թվականներին Վռամ Հովսեփյանն աշխատել է «Հայգրքի» վարչությունում, Հայպետհրատում, «Մետաքսագործ» թերթի և «Պիոներ» ամսագրի խմբագրություններում, հանրապետական ժողովրդական ստեղծագործության տանը։ Վռամ Հովսեփյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 66 տարեկանում՝ 1991 թվականի նոյեմբերի 24-ին։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Վռամ Հովսեփյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1950 թվականին «Գրական թերթում», առաջին գիրքը («Արագածի լանջից» խորագրով)՝ 1956 թվականին։ 1958 թվականից Վռամ Հովսեփյանն եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 19 գրքերի հեղինակ է։

Վռամ Հովսեփյանի գրեթե բոլոր, այդ թվում նաև՝ անտիպ ժողովածուների ու գրքերի մասին դրականորեն են արտահայտվել ժամանակի անվանի մտավորականները՝ Գուրգեն Մահարին, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը և ուրիշներ։ Վռամ Հովսեփյանի ծնողներն ու ողջ ազգուտոհմը 1915 թվականին բռնագաղթվել էին Մշո Ծղակ գյուղից։ Խոսում և գրում էր Մշո բարբառով։

Վռամ Հովսեփյանի ստեղծագործությունների բնօրինակները դեռևս կենդանության օրոք՝ 1991 թվականին պահպանության են վերցվել ՀՀ պետական կենտրոնական արխիվի թիվ 145 ֆոնդում։ Նրա բոլոր գրքերի թվայնացված տարբերակներին ընթերցողները կարող են ծանոթանալ Հայաստանի ազգային գրադարանի կայքում[1]։ Վաստակաշատ գրողի մասին կենսագրական տեղեկություններ կան Գրական տեղեկատուներում, Հիշարժան տարեթվերի գրքույկներում և Հայաստանի տեղանունների բառարանում։ Հայաստանի հանրային ռադիոյի արխիվում պահպանվել է Վռամ Հովսեփյանի խոսքերով և կոմպոզիտոր Խաչատուր Ներսիսյանի երաժշտությամբ գրված 3 երգ[2]։

Արևմտյան Հայաստանի ժամանակավոր կորստի ու բնօրրան հայրենիքին վերստին տիրանալու կարոտաբաղձությունն իրենց արտահայտությունն են գտել Հովսեփյանի «Գուռգուռա» , «Ջոջանց տուն» պոեմներում, բանաստեղծությունների «Կանաչ մամուռ», «Տոհմածառ» և «Տեղատարափ», «Արևածագ» արձակ երկերի ժողովածուներում ամփոփված ոտանավորներում, նովելներում, պատմվածքներում, ինչպես նաև «Ճակատագիր» հուշագրության էջերում։ 1968 թվականին «Սովետական գրականություն» ամսագրում Սողոմոն Մկրտչյանը, անդրադառնալով «Գուռգուռա» պոեմին, այն բարձր է գնահատել․ «Հայրենասիրական շնչով է գրված «Գուռգուռա» պոեմը, որն իր ժողովրդական լեզվով ու ոճով, պարզ, սակայն դիպուկ ու բնորոշ պատկերներով ու համեմատություններով Վռամ Հովսեփյանի համար նվաճում է և լավ անակնկալ է ընթերցողների համար։ Պոեմը երկարատև, ծանր ապրումների ու խոհերի արգասիք է, ուր խտացված գույներով պատկերվում է հայ ժողովրդի անցյալից ողբերգական մի դրվագ։ Գրքում եղած մի շարք բանաստեղծություններ և հատկապես «Գուռգուռա» պոեմը հիմք են տալիս ասելու, որ Հովսեփյանը երկար որոնումներից հետո գտել է այն արահետը, որ ընթերցողի սիրտն է տանում» ։ «Ավանգարդ» թերթում տպագրված «Զուլոյի իրավունքը» գրախոսականում նշված էին «Գուռգուռա» պոեմի թերի կողմերը, նաև համոզմունք էր հայտված, որ դրանք բանաստեղծը կարող էր հաղթահարել իր առաջիկա ստեղծագործություններում։ «Նրա գրիչն այս պոեմով սկսում է հարևանել տաղանդին», - գրում էր գրականագետ Ռ․ Համբարյանը։ Նա իրավամբ կարծում էր, որ այս պոեմը Հովսեփյանի ստեղծագործական վերելքի ապացույցն էր։ Ահա թե ինչ ենք կարդում այդ վերլուծականում։ «Պոեմի թեման, լեզուն, պոետական ատաղձը գումարվում են ցանկալի ներդաշնակությամբ՝ ստեղծելով յուրահատուկ կոլորիտ։ Մշո աշխարհն է դա, իր բնությամբ, իր մարդկանցով․․․Հովսեփյանը գրիչ չի վերցրել մի անգամ ևս անհույս ողբով վերհիշելու անցյալը։ Նրա փոքր, բայց արվեստով շնչող ստեղծագործության ոգին դիմադրությունն է․․․Սա շատ սկզբունքային ծրագիր է, 1000 անգամ գերադասելի, քան լալահառաչ ողբը, թուրքական դժնդակությունների հոգեցունց նկարագրությունը» ։ Վռամ Հովսեփյանի պատմվածքների ու նովելների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ցեղասպանությունը վերապրած մշեցի և սասունցի նրա համագյուղացիներն ու ծանոթները։ Նրանց տանջում էին անբացատրելի սերն ու կարոտը հայրենիքի նկատմամբ, որի հողը՝ զավակների արյունով ներծծված, ձգում ու կանչում էր իր վտարված ուստրերին և դուստրերին։ «Ճակատագիր» վերնագրով հուշերի գրքում հանդիպում ենք Քեռի Օհանին, հարյուրհոգանոց գերդաստանից փրկված, Փարիզում կրթություն ստացած, 7 լեզվի տիրապետող մշեցի Ապրո Ղազարին, խիզախ ֆիդայի ալիջանցի Չոփուր Միսակին, որը հանիրավի աքսորվել էր Սիբիր և տուն վերադառնալով՝ գյուղի երիտասարդներին պատմում էր իր երբեմնի մարտընկերների մասին։ Հուշերի շարանում վերհառնում է նաև քաջարի հայդուկ Գոմսա Մելիքը, որը շարունակ մտաբերում էր իր թանկ նահատակ ընկերներին ու հարազատներին և որի շիրիմի մոտ Սմբատ զորավարն ասել էր․ «Առյու´ծ, միայն այս սալը կարող էր զսպել քեզ»։ Այդ գրական կերպարների մեջ շատ էին նախկին ֆիդայիները, որոնք իրենց քաջակորովությամբ թուրքի և քրդի յաթաղանին հակադրել էին ոչ միայն սուր, այլև հույս և հավատ։ Դրանք, ինչպես Հովսեփյանն է գրում, «հայի փառավորյալ, հավիտենական զենքերն էին» ։ Հենց դրանց շնորհիվ էին, որ Վռամ Հովսեփյանի գրքերի հերոսները չէին չարանում մարդկության ու աշխարհի դեմ, ընդհակառակը, ավելի իմաստնանում էին և փորձում էին հնարավորինս հավատարիմ մնալ արմատներին, ինչպես որ ողջ կյանքն ապրեց անձամբ ինքը՝ Վռամ Հովսեփյանը։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Ամպ ու արև։ [Բանաստեղծություններ] /Խմբ.՝ Ս. Տարոնցի.- Երևան։ Հայաստան, 1967.- 76 էջ։
  • Արագածի լանջից։ [Բանաստեղծություններ] /Խմբ.՝ Ս. Տարոնցի.- Երևան ։ Հայպետհրատ, 1956.- 67 էջ.- (Երիտասարդ գրողներ)։
  • Արևածագ։ [Վիպակ] /Խմբ.՝ Վլ. Գ. Դանիելյան.- Երևան։ Արևիկ, 1987.- 127 էջ։
  • Գուռգուռա։ [Պոեմ] /Խմբ.՝ Ա. Քիշոյան; Նկ.՝ Ա. Գասպարյան.- Երևան։ Հայաստան, 1969.- 22 էջ։
  • Դիմանկար։ [Ակնարկներ] /Խմբ.՝ Ա. Վարդազարյան.- Երևան։ Հայաստան, 1988.- 191 էջ։
  • Ինքնահաստատում.- Երևան։ Հայաստան, 1984.- 84 էջ։
  • Խևին խրատ։ [Առակներ] /Խմբ.՝ Հ. Կարապետյան; Նկ.՝ Վ. Մանդակունի.- Երևան։ Հայաստան, 1965.- 48 էջ։
  • Ծափ ու ծիծաղ։ [Բանաստեղծություններ]։ Միջին տարիքի երեխաների համար /Խմբ.՝ Հ. Կարապետյան; Նկ.՝ Կ. Սմբատյան.- Երևան ։ Հայաստան, 1971. - 66 էջ։
  • Կանաչ աշխարհ։ Բանաստեղծություններ դպրոցական միջին տարիքի համար /Խմբ.՝ Էդ. Ավագյան; Նկ.՝ Վ. Հարությունյան.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 88 էջ։
  • Կանաչ մամուռ։ [Բանաստեղծություններ և պոեմներ] /Խմբ.՝ Ա. Ս. Քիշոյան.- Երևան։ Հայաստան, 1975.- 202 էջ։
  • Հանդ ու հովիտ։ [Բանաստեղծություններ]։ Դպրոցական կրտսեր և միջին տարիքի համար /Խմբ.՝ Հ. Մ. Կարապետյան.- Երևան։ Հայաստան, 1976.- 35 էջ։
  • Հրավեր։ [Բանաստեղծություններ]։ Նախադպրոցական տարիքի համար /Խմբ.՝ Վ. Դանիելյան; Նկ.՝ Ց. Ղանդիլյան.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 38 էջ։
  • Ճակատագիր. - Երևան ։ [Ա.հ.], 2012. - 164 էջ[3]։
  • Պայծառ եզերք։ [Բանաստեղծություններ] /Խմբ.՝ Ս. Ումառյան. - Երևան ։ Հայպետհրատ, 1958.- 76 էջ։
  • Ջոջանց տուն։ [Չափածո էջեր].- Երևան։ Ա. հ., 2005.- 72 էջ։
  • Սիրտս քեզ հետ է։ [Բանաստեղծություններ] /Խմբ.՝ Ժ. Ն. Ավետիսյան.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 122 էջ։
  • Տեղատարափ։ [Պատմվածքներ, նովելներ] /Խմբ.՝ Վ. Մուղնեցյան.- Երևան։ Սովետական գրող, 1984.- 159 էջ։
  • Տոհմածառ։ [Բանաստեղծություններ] /Խմբ.՝ Մ. Մկրտչյան.- Երևան ։ Սովետական գրող, 1980.- 104 էջ։
  • Քաջ Գեղամի հեքիաթը /Խմբ.՝ Էդ. Ս. Ավագյան; Նկ.՝ Ռ. Վ. Պետրոսյան.- Երևան։ Հայաստան, 1967.- 32 էջ։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բելոռուսական գրականության անթոլոգիա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 536 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ.- Բովանդ.-ից՝ Սադովսկի Բ. Հայկական բնանկար։
  • Թուրքմեն բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան , 1974.- 90 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ։
  • Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ։
  • Ծաղկած կեռասենի։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1969.- 105 էջ։
  • Կոչևսկի Վիկտոր։ Ցոլքեր.- Երևան։ Հայաստան, 1973.- 212 էջ։
  • Կունանբաև Աբայ։ Հատընտիր.- Երևան։ Հայաստան, 1970.- 124 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Համզատով Ռասուլ։ Զարեմա։ Պոեմ.- Երևան։ Հայաստան, 1969. - 62 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ։ Մանկապարտեզների համար։ 2-րդ հրատ. /Կազմ.՝ Փ. Մ. Պողոսյան.- Երևան։ Լույս, 1967.- 240 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Հին Արևելքի պոեզիա.- Երևան։ Երևանի համալսարանի հրատ., 1982.- 613 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Օտոմո Տաբիտո։
  • Չեխ և սլովակ բանաստեղծներ․- Երևան։ Հայաստան, 1966.- 237 էջ․- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Ջալիլ Մուսա։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1959.- 226 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 416 էջ.- Բովանդ-ից՝ Բելոուս Դմիտրո; Բրովչենկո Վլադիմիր; Իգնատենկո Միխայլո։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Նադիրաձե Նիկոլոզ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ». armunicat.nla.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «ԲՌՆԱԶԱՒԹՈՒԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՕՏՆ ՈՒ ԿԱՆՉԸ ՎՌԱՄ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ».
  3. Հովսեփյան, Վռամ Միքայելի (2012). «Ճակատագիր». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։