Վրեժի ծարավ
Վրեժի ծարավ (հինդի՝ खून भरी माँग, Khoon Bhari Maang, բառացի` Արյունով ներկված հերաբաժանը), 1988 թվականին նկարահանված հնդկական մելոդրամա հարուստ այրու մասին, որը, քիչ էր մնում` մահանար իր նոր ամուսնու ձեռքով, ինչից հետո որոշում է վրեժ լուծել։ Ֆիլմը ավստրալիական «Վերադարձ դեպի դրախտ» մինի սերիալի վերամշակումն է, որը նկարահանվել է ըստ Ռոզալինդա Լեյքերի վեպի։ 1990 թվականին թողարկվել է ֆիլմի ռիմեյքը թամիլերեն Thendral Sudum վերնագրով, իսկ 2014 թվականին՝ մարաթերեն` Bharla Malwat Rakhtaana վերնագրով։ 1987 թվականին նկարահանվել է նույնատիպ սյուժեով Gowthami վերնագրով ֆիլմը` տելուգու լեզվով։
Վրեժի ծարավ հինդի՝ खून भरी माँग | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | մարտաֆիլմ և դրամա |
Թեմա | վրեժ |
Հիմք | Return to Eden? |
Թվական | 1988 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ռակեշ Ռոշան[1] |
Պրոդյուսեր | Ռակեշ Ռոշան |
Սցենարի հեղինակ | Ravi Kapoor? |
Դերակատարներ | Ռեքհա, Կաբիր Բեդի, Sonu Walia?, Shatrughan Sinha? և Կադեր Խան |
Երաժշտություն | Ռաջեշ Ռոշան |
Տևողություն | 172 րոպե |
Սյուժե
խմբագրելԱյրի Արտին (Ռեքհա) միլիոնատերի (Սաիդ Ջաֆրի) աղջիկ է, և հենց այս հանգամանքը դարձել է նրա դժբախտության պատճառը, քանի որ ամուսնուն կորցրած կնոջ հարստությունը որս է դարձել դաժան շահամոլների աչքում։
Արտին դյուրահավատ է և անփորձ։ Նրա կյանքը անցնում էր երկու երեխաների (դստեր` Կավիտայի և որդու` Բոբիի) դաստիարակությամբ զբաղվելով։ Գործնական փաստաթղթերով հաջողությամբ զբաղվում է նրա աղախինը` Լիլան (Սուլաբհա Դեշպանդե), ում Արտին սիրում է և ընդունում է որպես մայր։ Հիմնական կապիտալով զբաղվում է հայրը։ Կեղծարար Հիրալալը (Կադեր Խան), որը համարվում է նրանց ընտանիքի մտերիմ բարեկամը, օգտվելով տիրոջ մեծ վստահությունից և սրտային հիվանդության փաստից, առանց թույլատվության ֆինանսական մեծ հափշտակումներ է կատարում, որի մասին իմանալուց հետո, զայրացած տերը որոշում է նրան վռնդել տնից և խստագույնս պատժել, սակայն Հիրալալը խեղդելով սպանում է անպաշտպան և հիվանդ տիրոջը անկողնու մեջ` այն հետագայում ներկայացնելով որպես սրտի կաթված։
Հիրալալը հանգիստ չի թողնում որբացած Արտիին և ասում է, որ մահվան մահճում նրա հոր վերջին կամքն է եղել, որ Արտին ամուսնանա, իսկ որպես փեսացու նա առաջարկում է իր զարմիկին՝ նենգ Սանջեյին (Կաբիր Բեդի), որը մեծ վարպետությամբ գրավում է Արտիի և երեխաների սիրտն իր սիրալիրությամբ և հոգատարությամբ։ Սանջեյին այդ հարցում օգնում է նրա վաղեմի սիրեցյալ Նանդինին (Սոնու Վալիա), որը նաև Արտիի ամենամտերիմ ընկերուհին է։ Արտին այդպես էլ գլխի չի ընկնում, որ այդքան նվիրված Սանջեյը, բարի Նանդինին և Հիրալալը միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ խլել իրեն պատկանող հարստությունը։
Ամուսնական պայմանագրից հետո ամուսինները Նանդինի և երեխաների հետ մեկնում են ամառանոց` վայելելու ամուսնական մեղրամիսը։ Զվարճալի որսի ժամանակ սառնասիրտ ամուսինը որոշում է իրագործել իր ծրագիրը և ամուսնությունից երջանկացած անհոգ Արտիին նետում է կոկորդիլոսի երախը։
Ամեն դեպքում, հոշոտված Արտին ողջ է մնում։ Նրա հոշոտված մարմինը գտնում է մի ծեր ձկնորս, որը բուժում է նրա վերքերը։ Արտին հավաքում է իր ուժերը և իր գոյության ողջ նպատակն է համարում վրեժ լուծել դավաճաններից։ Վաճառելով իր զարդը` նա դիմում է պլաստիկ վիրահատության։ Նա ամաչկոտ և անփորձ կնոջից վեր է ածվում համարձակ և գրավիչ գեղեցկուհու։ Ներկայանալով որպես Ջոտի` նա ընդունվում է մոդելայն գործակալություն, որտեղ աշխատում է Նանդինին։ Շուտով նա դուրս է թողնում աշխատանքից իր նախկին ընկերուհուն և գրավում հանրային մոդելի նրա տեղը։ Քիչ ուշ նա գրավում է նաև նրանով հմայլված Սանջեյի սիրտը, որը լիովին մոռացել էր իր նախկին սիրեցյալ Նանդինիին։ Նանդինին կորցնելով աշխատանքը և սիրելի տղամարդուն` տարվում է հարբեցողությամբ։
Ջոտիին (Արտիին) սիրահարվում է նաև նրա լուսանկարիչ Ջեյ Դին (Սինխա Շահրուխ)։ Նա զգում է, որ Ջոտին (Արտին) բոլորից ինչ-որ գաղտնիք է թաքցնում և խնդրում է նրան պատմել իրեն ամեն ինչ, սակայն Ջոտին (Արտին) անհնազանդ է։ Մի անգամ գալով նրա տուն` նա պատահաբար պահարանին տեսնում է երկու երեխաների նկարները։ Իմանալով, որ այդ երեխաները Բոբին և Կվիտան են՝ մահացած Արտիի դուստրը և որդին, նա գալիս է այն եզրահանգմանը, որ Ջոտին հենց Արտին է։
Սանջեյը Ջոտիին (Արտիին) հրավիրում է իր տուն, փորձելով նրան գրավել իր հարստությամբ։ Չկաշկանդվելով իր թանկագին հյուրից` նա կոպիտ և դաժան է վերաբերվում երեխաներին։ Սանջեյի գնալուց հետո Ջոտին (Արտին) արագ գրկում է իր երեխաներին։ Երեխաները, որ վաղուց մոռացել էին խնամքի և հոգատարության մասին, համակվում են տիկին Ջոտիի հանդեպ վստահությամբ։ Երեխաները պատմում են, թե ինչպես են նրանք պատահաբար լսել Հիրալալի և Սանջեյի խոսակցությունը, որում Հիրալալը պարծենում է, թե ինչպես է սպանել իրենց պապիկին։ Այդ խոսակցությունը լսել էր նաև նրանց տանը երկար տարիներ ծառայած և իրենց նվիրված Ռամ պապիկը։ Իմանալով այդ մասին` Սանջեյը և Հիրալարը սպանում են նրան։ Վրիժառու Ջոտին (Արտին) գիշերը գնում է Հիրալալի մոտ, որը ճանաչում է իր վրա հարձակվող Արտիին, և Հիրալալը մահանում է դժբախտ պատահարի պատճառով։
Հաջորդ օրը նա Սանջեյի հետ ուղևորվում է ամառանոց, որտեղ ստոր Սանջեյը փորձել էր սպանել նրան։ Նրանց է հետևում նաև Նանդինին, որի միակ նպատակը Ջոտիին (Արտիյին) ողջ ճշմարտությունը պատմելը և Սանջեյի իրական դեմքը ցույց տալն է։ Բայց Ջոտին (Արտին) ինքն է պատմում Սանջեյին և Նանդինիին իր իրական ինքնության մասին։ Սանջեյը փորձում է հրացանով կրակել Արտիին, բայց Նանդինին իր մարմնով փակում է Արտիինէ իր մահով քավելով դավաճանության մեղքը։
Հազիվ փրկվելով մահվան ճիրաններից երկրորդ անգամ` Արտին հասնում է իր նպատակին` կատարելով վրեժի ծարավի ծիսակատարությունը։ Ջեյ Դիյի օգնությամբ նա Սանջեյին գլորում է դեպի կոկորդիլոսների երախը, և նա մահանում է այնպես, ինչպես ցանկացել էր սպանել Արտիին։ Ֆիլմի վերջին տեսարանում Արտին գրկում է իր երեխաներին, որոնք Ջեյ Դիից իմացել էին, որ Ջոտին իրենց մայրն է։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ռեքհա | Արտի Սաքսենա/Ջոտի պարոն Սաքսենայի դուստրը |
Կաբիր Բեդի | Սանջեյ Վարմա, Արտիի նախկին ամուսինը, Հիրալալի զարմիկը, Նանդինիի սիրեցյալը |
Սոնու Վալիա | Նանդինի, Արտիի նախկին ընկերուհին և Սանջեյի սիրուհին |
Կադեր Խան | Հիրալալ, Սանջեյի մորեղբայրը |
Սաիդ Ջաֆրի | Սաքսենա, Արտիի հայրը |
Ա.Կ. Հանջալ | Ռամ պապիկ |
Ռաքեշ Ռոշան | Վիկրամ, Արտիի առաջին ամուսինը |
Շվետա | Արտիի դուստրը | Կվիտա,
Գուրավ | Արտիի որդին | Բոբի,
Սինխա Շահրուխ | լուսանկարիչ Ջեյ Դի |
Սուլաբխա Դեշպանդե | Լիլա |
Թոմ Օլթեր | պլաստիկ վիաբույժ |
Սաունդթրեք
խմբագրելԲոլոր երգերի տեքստերի հեղինակն է Ինդիվար(անգլ.), բոլոր երգերի հեղինակն է՝ Ռաջեշ Ռոշան(անգլ.)։
# | Անվանում | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Hanste Hanste Kat Jaayen Raaste» | Սադխանա Սարգամ | |
2. | «Jeene Ke Bahaane Lakhon Hain» | Աշա Բհոսլե | |
3. | «Main Haseen Ghazab Ki» | Աշա Բհոսլե, Սադխանա Սարգամ | |
4. | «Main Teri Hoon Jaanam» | Սադխանա Սարգամ |
"Main Teri Hoon Jaanam" երգը վերցված է բրիտանական «Կրակե մարտակառքեր» ֆիլմի համանուն գործիքային երաժշտությունից[2]։
Մրցանակներ
խմբագրել- Filmfare Award` լավագույն դերասանուհի անվանակարգում` Ռեքհա
- Filmfare Award` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում` Սոնու Վալիա
- Լավագույն մոնտաժ` Սանջեյ Վերմա
- Filmfare Awards առաջադրումներ
- Filmfare Award` լավագույն ֆիլմի համար
- Filmfare Award լավագույն ռեժիսուրայի համար` Ռակեշ Ռոշան
- Լավագույն կոմպոզիտոր` Ռաջեշ Ռոշան
- Filmfare Award կանացի լավագույն վոկալի համար` Սադխանա Սարգամ («Main Teri Hoon Jaanam» երգի համար)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0151206/
- ↑ «World Music Day: 10 Hit Songs Bollywood Copied From Abroad». NDTV. 2014 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- «Վրեժի ծարավ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում