Տիկնիկային թատրոն, թատերական ներկայացումների տեսակ է, որտեղ գործող անձինք տիկնիկներն են. լինում են տափակ, ծավալային և կիսածավալային. խաղացնում են դերասան-տիկնիկավարները։

«Սեզամի փողոցի» հայտնի հերոսներից մեկը, Էլմոն։

Պատմություն

խմբագրել

Թատրոնի այս տեսակը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների, կրոնական-միստերիալ ներկայացումների հետ։

Տիկնիկային թատրոններ կային դեռևս մ.թ.ա. Հին Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում, Հունաստանում և հին աշխարհի մյուս երկրներում։ Հնում աստվածների (արևի, ջրի, պատերազմի, որսորդության և այլն) արձանիկները պատրաստել են փայտից, ծեփել կավից կամ ձևել կաշվից և ճրագի լույսի տակ՝ ձգված պաստառի վրա ցուցադրել ստվերապատկերներ։ Որոշ, հատկապես Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում շարունակում են ցուցադրել այնպիսի ներկայացումներ, որոնք մասամբ ծիսակատարություններ են, մասամբ՝ տիկնիկային թատրոն։

XI դարից եկեղեցիներում և մենաստաններում տիկնիկներով ներկայացվել են Աստվածաշնչի առանձին տեսարաններ, որտեղ գլխավոր կերպարը Կույս Մարիամն էր. այստեղից էլ՝ մարիոնետ (ռոմանա-գերմանական լեզուներում նշանակում է թատերական տիկնիկ) անվանումը։ XVI դարի վերջին Իտալիայում վերջնականապես կազմավորվել է ժողովրդական երգիծական տիկնիկային թատրոնը՝ Պուլչինելլա հերոսով, XVII դարում նմանօրինակն ունեցել են նաև Ֆրանսիայում (հերոսը՝ Պոլիշինել), Անգլիայում (Պանչ), Գերմանիայում (Հանսվուրստ, հետագայում՝ Կաշպեռլե), Չեխիայում (Կաշպարեկ), Ռուսաստանում (Պետրուշկա) և այլուր։ XVI–XVII դարերում եվրոպական մի շարք երկրներում կազմակերպվել են տիկնիկային թատրոններ, որտեղ մինչև XX դարը ցուցադրվել են հեքիաթներ, առակներ, զվարճալի ու երգիծական տեսարաններ հարուստների, եկեղեցու, իշխանավորների, նաև հանրահայտ դոկտոր Ֆաուստի, Դոն Ժուանի և ուրիշների մասին պատմություններ[1]։

Տիկնիկներ

խմբագրել
 

XX դարի 1-ին քառորդին պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոններ են ստեղծվել մանուկների ու մեծերի համար։ Տիկնիկային արվեստն ակտուալ է նաև այսօր։ Տիկնիկները խաղացնում են 2 դերասան-տիկնիկավարներ՝ հիմնականում 4 եղանակով՝ մատներով, թելերով, ձողերով և ստվերապատկերներով։ Մատներով խաղացվող տիկնիկը դերասանը հագցնում է մատներին և խաղացնում վարագույրի հետևում, որի վրա էլ երևում է նրա ստվերապատկերը։ Թելերով խաղացվող տիկնիկները կոչվում են մարիոնետներ (խամաճիկներ)։ Դերասանի ձեռքում 2, 3, 4 խաչաձև փայտիկներ են, որոնք թելերով ամրացված են տիկնիկի գլխին, ուսերին, արմունկներին և ծնկներին։ Դերասանը ձգում է թելերը կամ պտտում փայտիկները, և տիկնիկը քայլում է, թափահարում ձեռքերը, շարժում գլուխը, նույնիսկ պարում։ Ձողերով տիկնիկը դերասանը պահում է իր գլխավերևում և վարագույրի հետևից նրան խաղացնում այնպես, ինչպես մատներին հագցրած տիկնիկին։ Հանդիսականները սովորաբար չեն տեսնում ձողերը, որովհետև դրանք ծածկված են տիկնիկի հագուստներով։ Ստվերապատկերների համար նախատեսված տիկնիկները տափակ են՝ 15 սմ-ից մինչև մարդահասակ և ավելի մեծության (ձևում են կաշվից և գույնզգույն ներկում)։ Խաղացվում են հատուկ շյուղերի օգնությամբ. լուսավորված էկրանին ցուցադրվում են դրանց ստվերապատկերները։ Ծավալային տիկնիկներ օգտագործում են նաև մուլտիպլիկացիոն կինոյում, հեռուստատեսության գեղարվեստական և էստրադայի տիկնիկային ծրագրերում։

Ստվերային տիկնիկային թատրոնը հայ իրականություն մուտք է գործել ուշ միջնադարում, իսկ կարագյոզ (թուրքերեն է. նշանակում է սևաչյա, նաև ներկայացման տիկնիկ-հերոսն է) անվանմամբ տարածվել է հատկապես XIX դարում՝ ձեռք բերելով իր յուրահատկությունները՝ սեփական ավանդույթների, կենցաղի ու բարքերի հիման վրա։

Դաստիարակչական նշանակությունը

խմբագրել

Երվանդ Մանարյանի խոսքերը տիկնիկային թատրոնի վերաբերյալ.

  Տիկնիկավարը հենց ձեռքը դրեց տիկնիկի մեջ ու բռնեց տիկնիկի թելերը, տիկնիկն արդեն կենդանի արարած է, թողեց թելերը՝ իր է, առարկա է։ Մեծ հրաշք է, երբ երեխան խաղում կամ շփվում է տիկնիկի հետ։ Երեխան հարցեր է առաջադրում, տալիս է տիկնիկին իբրև թե այդ հարցերը տիկնիկից է լսում ու ինքն էլ սկսում է պատասխանել իր տված հարցին։ Այսպիսով, տիկնիկի միջոցով շատ բարդ ու համակողմանի վերլուծություններ են տեղի ունենում երեխայի գիտակցության ու հոգեբանության մեջ։ Տիկնիկը երեխայի համար դառնում է կյանքի հետ շփվելու, շատ հարցերի պատասխանները այդ շփման միջոցով գտնելու միջոց։ Այնպես որ, այն ծնողները, որոնք իրենց երեխաներին հաճախ են բերում տիկնիկային թատրոն, նախ ազատվում են երեխաների բարձրացրած շատ հարցերի պատասխանները տալուց, միաժամանակ օգնելով հետագա կյանքում ինքնուրույն հաղթահարել շատ խոչընդոտներ։ Տիկնիկայինում դաստիարակված երեխան փառավոր պատկերացումներ ունի, հավատ ունի իր գործի նկատմամբ և գիտի, որ իր կողքին կան իր նման մտածող այլ երեխաներ։  

Հայաստանում գործող տիկնիկային թատրոններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկնիկային թատրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 8