Ցիտրուսայիններ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սատապազգիներ (Rutaceae)
Ենթաընտանիք Aurantioideae
Տրիբա Citreae
Ցեղ Ցիտրուսայիններ (Citrus)
L., 1753

Ցիտրուսայիններ (լատին․՝ Citrus),պատկանում է սատապազգիների (Rudaceae) ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանն է, Ճապոնիան, Արևելյան Հնդկաստանը և Ավստրալիան։

Թուրինջ

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Մերձարևադարձային մշտադալար բույսեր են։ Որոշ տեսակների բարձրությունը հասնում է մինչև 8 մ-ի, ծաղիկները սպիտակ կամ բաց վարդագույն են, շատերի պտուղները ուտվում են, թեթև շփումից արձակում են դուրեկան բուրմունք, հասունացած ժամանակ դեղնաոսկեգույն են, նարնջագույն կամ բաց դեղին։ Կովկասում՝ Սև ծովի ափերին, աճում են բաց գրունտում։ Մեր պայմաններում դրանց մի քանի տեսակները մշակվում են ջերմատներում և սենյակային պայմաններում՝ թաղարների, արկղերի կամ կիսատակառիկների մեջ, իսկ երբեմն նաև՝ ուղղակի ջերմատան գրունտում։

Լիմոն (լատին․՝ Citrus limonia Osb)։ Հաջող մշակության դեպքում լիմոնի ծառի կամ թփի բարձրությունը հասնում է 2,5-3 մ-ից։ Բույսը մշտադալար է, բուրավետ, սպիտակ կամ բաց վարդագույն, կարծես մոմապատ ծաղիկներով։ Պտուղները շատ գեղեցիկ են, դեղնաոսկեգույն կամ դեղին գույնի։

Նշանակություն

խմբագրել

Ունեն բուժիչ հատկություն, քանի որ պարունակում են մի շարք խիստ կարևոր ու անհրաժեշտ վիտամիններ (C,A,B¹B²D), իսկ կեղևում՝ նաև P վիտամին։ Պտուղները պարունակում են նաև 7-8% լիմոնաթթու, 2,5% շաքար և այլն։

Օգտագործում

խմբագրել

Հյութը օգտագործում են զանազան նպատակներով։ Պտղի կեղևից ստանում են լիմոնի յուղ և այլ նյութեր, որոնք օգտագործվում են պարֆումերայի արտադրության մեջ։

Մշակում

խմբագրել

Այս առանձնահատկությունների շնորհիվ լիմոնը մեզ մոտ սենյակային պայմաններում մշակվող այլ բույսերի հետ ամենուրեք լայն տարածում է գտել։ Այդ կուլտուրայի վրա հատկապես մեծ ուշադրություն են դարձնում Մեղրիում, Աշտարակում, Օշականում, մասամբ նաև Երևանում։ Սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում աճեցնել Պավլովյան, Նովոգրուզինսկի, Ջենոա, Լիսբոն, Աշտարակի, Կարճևանի, Նորքի և այլ սորտերը, որոնք շատ հաջող աճում և պտղաբերում են։ Լիմոնը բազմացվում է սերմերով, օդային անդալիսով, կտրոններով և պատվաստով։ Սենյակային պայմաններում լիմոնի մշակության համար անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան հողախառնուրե։ Այդ նպատակի համար խորհուրդ է տրվում վերցնել հավասարաչափ քանակությամբ ճմահող, տերևահող, ձիու լավ փտած աղբ և գետի մաքուր ավազ։ Յուրաքանչյուր վերատնկման ժամանակ անհրաժեշտ է վերցնել ավելի մեծ թաղար կամ կիսատակառ, որպեսզի բույսի արմատային սիստեմը կարողանա նորմալ զարգանալ։ Յուրաքանչյուր վերատնկման ժամանակ պետք է հեռացնել նաև բույսի ջարդված, վնասված կամ հիվանդ արմատները, ձևավորել պսակը և այլն։ Կտրոններով կամ օդային անդալիսից ստացված բույսերը, որոնց պսակը ձևավորված է այս եղանակով, նորմալ աճի դեպքում երկու տարվա ընթացքում կարող են տալ 3-4-րդ կարգի ընձյուղներ և պտղաբերել։ Լիմոնը երկար տարիներ աճելով սենյակային պայմաններում կարծես թե «ծերանում է», պտղատվությունը սկսում է խիստ նվազել։ Հաշվի առնելով այս հանգամանքը, խորհուրդ է տրվում 20-25 տարեկանից ավելի հասակ ունեցող բույսերը երիտասարդացնել, վաղ գարնանը հեռացնելով բույսի մինչև 4-րդ կարգի բոլոր ճյուղերը։ Այս գործողության շնորհիվ բույսի քնած աչքերը բացվում են և սկսում բուռն թափով աճել։ Գարնանը, ցրտահարությունի վտանգն անցնելուց հետո, երբ գիշերները դրսի ջերմությունը 10°-ից բարձր է, բնակարաններում պահված և նախօրոք աստիճանաբար դրսի օդին ու արևին ընտելացած լիմոնները պետք է դուրս բերել պարտեզ և դնել կիսաստվերում կամ պատշգամբում։ Ամռան ընթացքում բույսերը պետք է առատորեն ջրել և ցողել գոլ ջրով։ Բույսի վրա վատ ազդեցություն են թողնում ինչպես խոնավության ավելցուկը, այնպես էլ պակասը։ Խորհուրդ է տրվում բույսը ջրել այնպես, որ հողը լրիվ չափով հագենա խոնավությամբ։ Աշնանը, երբ դրսում օդի ջերմությունը գիշերներն իջնում է մինչև 10°, բույսերը պետք է ներս տանել և տեղավորել սկզբում դեպի հարավ-արևելք կամ հարավ-արևմուտք, իսկ ձմռանը ամիսներին՝ դեպի հարավ ուղղված լուսամուտների մոտ։

Բազմացումը սերմերով

խմբագրել

Բոլոր պայմաններում (թե՛ ջերմատանը և թե՛ բաց գրունտում) լիմոնի ցանքից մինչև ծլումը տևում է 28-35 օր։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերմնաբույսը նույնիսկ հաջող պատվաստի դեպքում պտուղ են տալիս հազիվ 6-7-րդ տարում։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում լիմոնի բազմացումը կատարել հիմնականում կտրոններով և օդային անդալիսով։

Բազմացումը կտրոններով

խմբագրել

20-25° ջերմության պայմաններում լիմոնի կտրոնները արմատակալում են 1-3 ամսում։ Նույնը վերաբերում է նաև օդային անդալիսին։ Արմատակալած կտրոնը կարող է պտղաբերել երկրորդ կամ ամենաուշը՝ երրորդ տարում։ Օդային անդալիսից ստացված բույսերը երբեմն պտղաբերում են դեռ տարին չլրացած։ Որպեսզի բույսը ամրանա, առաջին 1-2 տարում անհրաժեշտ է ծաղիկները հեռացնել դեռևս կոկոն վիճակում։ Պտուղների նորմալ զարգանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է հեռացնել բույսի բոլոր հոռաշիվերը։ Բացի այդ, պտղակալման առաջին տարում խորհուրդ է տրվում ծաղիկների որոշ մասը հեռացնել, մյուսների նորմալ զարգացումը ապահովելու համար։

Սնուցում

խմբագրել

Հանքային պարարտանյութերով բույսերը սնուցելիս խորհուրդ է տրվում 1 լիտր ջրի մեջ լուծել 2-3 գ սելիտրա կամ ծծմբաթթվային ամոնիում, 2,5 գ սուպերֆոսֆատ և 1,5-2 գ կալիումական աղ։ Լիմոնների սկզբնական սնուցման ամենահարմար ժամանակաշրջանը վաղ գարունն է, մինչև բույսերի նոր աճի սկսվելը։ Սնուցումից մի քանի ժամ առաջ բույսը պետք է լավ ջրել։ Գարնան և ամռան ընթացքում բույսերը պետք է սնուցել ամիսը 3-4 անգամ, իսկ աշնանը և ձմռանը՝ 2-3 ամիսը մեկ անգամ։

Նարինջ

խմբագրել

Նարինջ (լատին․՝ C.sinensis Osbeck.), նույնպես մշտադալար բույս է, ունի երկսեռ սպիտակ, բուրավետ ծաղիկներ, որոնք աճում են ընթացիկ տարվա շիվերի վրա։ Ի տարբերություն լիմոնի, նարինջի տերևակոթը կողքերից ունի փոքրիկ հավելուկներ, որոնց առկայությունը կոթին տալիս է փոքրիկ տերևիկի տեսք։ Պտուղները կլոր են, նարնջագույն կամ դեղին։

Բազմացում

խմբագրել

Բույսը բավական ցրտադիմացկուն է՝ 0° ջերմության պայմաններում, աղոտ լույսի տակ կարելի է պահել 2-3 ամիս։ Բազմացման և խնամքի աշխատանքները նույն են, ինչ որ լիմոնինը։ Պատվաստված նարինջը կարող է պտղաբերել 3-5 տարում, իսկ սերմից աճեցրածը՝ 10-12 տարում։

Տեսակներ

խմբագրել
 
 
 

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 GRIN. «Species list in GRIN for genus Citrus». Taxonomy for Plants. National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland: USDA, ARS, National Genetic Resources Program. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  2. P. J. Wester (1915), «Citrus Fruits In The Philippines», Philippine Agricultural Review, 8

Գրականություն

խմբագրել
  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան