Փիտարեթի վանք
Փիտարեթի վանք (վրաց.՝ ფიტარეთის მონასტერი), XIII դարի գործող վանական համալիր Վրաստանի Քվեմո Քարթլի մարզի Թեթրիծղարոյի շրջանում։ Գտնվում է Քռի վտակ Խրամի կիրճում, Թեթրիծղարո քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, երկրի մայրաքաղաք Թբիլիսիից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա։ Պատկանում է վրացական ուղղափառ եկեղեցու Բոլնիսի թեմին[1]։ Վանքում պահվում է XVII դարի Ավետարան, որը գրչագրել է Բեդիսմծերլիշվիլին[2]։
Պատմություն
խմբագրելՎանքը կառուցվել է 1213—1222 թվականներին՝ վրաց թագավոր Գիորգի Լաշայի օրոք։ Գիորգի Լաշան՝ Կաչաբիձե-Բարաթաշվիլիների իշխանական տոհմի նախահայրերից մեկը[3], սկզբում կառուցել է Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին[4]։ Վանքը եղել է Կաչիբաձե-Բարաթաշվիլիների իշխանական տոհմի սեփականությունն ու հանգստարանը (1536 թվականից փոխանցվել է նրանց տոհմական մի ճյուղը հանդիսացող Օրբելիշվիլիներին (Օրբելիանիներին)։
Խորեզմցիների ու մոնղոլների արշավանքներից վանքը մասամբ ավերվել է, XIV դարի առաջին կեսին՝ վրաց Գիորգի V թագավորի օրոք, վերականգնվել։ XVII դարում Ղափլան Բարաթաշվիլու ջանքերով վանքը նորոգվել ու նորացվել է. կառուցվել են զանգակատունը, պարիսպները, մառանը (թվագրվում է 1696-ով), հանգստարանը, տնտեսական շինություններ։
1750 թվականին վանքը ենթարկվել է լեզգիների հարձակմանը, մեծապես վնասվել և 1752 թվականին փակվել։ Հետագայում Փիտարեթի գյուղում բնակություն են հաստատել օսերը, որոնք էլ սկսել են օգտագործել վանքը։ Պաշտամունքային այս կառույցը վնասվել է նաև 1988 թվականի երկրաշարժից. վնասվել են Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցու գմբեթն ու ծածկերը։
1990-ական թվականներին օսերը լքել են Փիտարեթի գյուղը՝ հիմնականում տեղափոխվելով Հյուսիսային Օսեթիա։
1990-ական թվականների վերջերին վանքը վերականգնվել է, դեկտեմբերի 4-ին վեստին օծվել, դասվել գործողների շարքին։
Մի ժամանակ եկեղեցու ներսն ամբողջությամբ զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից միայն պատառիկներ են տեղ-տեղ պահպանվել։
Վանքի գլխավոր կառույցը՝ Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին, հունական խաչի տեսք ունեցող հատակագծով, գմբեթավոր շինություն է։ Ունի 15 մետր երկարություն, 13 մետր լայնություն, 23 մետր բարձրություն[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցու տեսքը զանգակատան դարպասից
-
Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցու գմբեթն ու թմբուկը
-
Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցու արևելյան պատը
-
Վանքի ընդհանուր տեսքը
-
Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցու տեսքը հարավից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Десять причин посетить регион Квемо Картли». Sputnik Грузия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ თეა ცაგურიშვილი. «გადავარჩინოთ ფიტარეთის უნიკალური ტაძარი თავისი უნიკალური ფრესკებით - კარიბჭე». კარიჭე. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ Джанашия С. Н. Генеалогия рода Бараташвили Արխիվացված 2021-05-03 Wayback Machine // Этнографическое обозрение. — 1999. — № 1. — С. 125—136.
- ↑ Питаретский монастырь // Этнографическое обозрение. — 1999. — В. 1—3.
- ↑ Pitarethi. In: Nodar Janberidze, Irakli Tsitsishwili: Architectural Monuments of Georgia. Strojizdat, Moskau 1996, S. 272–277 ISBN 5-274-02223-5
Գրականություն
խմբագրել- Zakaraia, P. (1990), ქართული ხუროთმოძღვრება XI-XVIII სს. (11-18-րդ դարերի վրացական ճարտարապետությունը). Tbilisi: pp. 96–113.
Արտաքին հղումներ
խմբագրել- Pitareti, Monument.ge. Retrieved on 2008-07-11.
- Pitareti monastery. Parliament of Georgia. Retrieved on 2008-07-11.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիտարեթի վանք» հոդվածին։ |