Քրիստոնեության ջատագովություն
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «հոդվածը բացառապես քրիստոնեության մասին է»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Ջատագովություն. (հունարեն՝ ἀπολογία (ապոլոգիա) – միջնորդություն, արդարացում), հայրաբանության վաղագույն տեսակներից, ձևավորվել է 2-րդ դարում։
Ջատագովության ձևավորման սկզբնական փուլը
խմբագրելՍկզբնական փուլում ջատագովության նպատակն էր նախ ցույց տալ հեթանոսների, իմաստասերների, հրեաների և առհասարակ ոչ քրիստոնյաների՝ քրիստոնեության և քրիստոնյաների դեմ հարուցած մեղադրանքների անհիմն լինելը և ապա բացատրել, թե ինչ է քրիստոնեությունը, ում են հավատում քրիստոնյաները, հաստատել քրիստոնեության իրավունքները, որոնք հիմնված են նրա բովանդակած հայտնութենական, աստվածահիմն ճշմարտության վրա։ Քրիստոնյաները մեղադրվել են անաստվածության (որովհետև չեն պաշտում կուռքերին և աստվածներին), Հռոմեական կայսրության դեմ ունեցած կարծեցյալ թշնամանքի (որ հետևանք էր նոր, հոգևոր թագավորության մասին քրիստոնեական վարդապետության սխալ ընկալման), անբարոյականության (իբր քրիստոնյաները պաշտամունքի ժամանակ ուտում են ազգականների միսը, կենակցում նրանց հետ և այլն) մեջ։ Այսօրինակ անհեթեթ մեղադրանքները հերքելու համար հրապարակ են եկել ջատագովները, որոնք, օգտվելով Աստվածաշնչից, ժամանակի արտաքրիստոնեական մշակույթից, փիլիսոփայությունից, մասամբ եկեղեցական իրականությունից, ապացուցում էին, որ քրիստոնեությունը միակ ճշմարիտ, ընդունելի կրոնն է, իսկ քրիստոնյաները՝ կայսրության հուսալի, օրինավոր քաղաքացիները։
Ջատագովական գրականությունը
խմբագրելԵլնելով իր առջև դրված խնդիրների գործնական բնույթից՝ ջատագովական գրականությունը չի արծարծել տեսական աստվածաբանության հարցեր։ Սա պայմանավորված էր հակառակորդների (Փրոնստոն, մահացել է՝ 166, Լուկիանոս Սամոստացի, մահացել է՝ 192, Կելսոս, մահացել է՝ 178, Պորփյուր՝ 232–303, Հուլիանոս Ուրացող կայսր՝ 361–363) հակաքրիստոնեական մեղադրանքները քրիստոնեության ընդհանուր սկզբունքների միջոցով ժխտելու անհրաժեշտությամբ, ինչն ինքնին բացառել է հրամանակարգային (դոգմատիկ) հարցերի քննարկումը։ Աստվածաշնչում (Մարկոսի Ավետարան, Գործք առաքելոց, Պողոս առաքյալի թղթեր) արդեն առկա է հակահրեական ջատագովություն, որն իր շարունակությունն է ունեցել Առաքելական հայրերի ժառանգության մեջ։ Նրանցից առավել նշանավոր են Բառնաբաս առաքյալը (1-ին դար) իր նամակով, Արիստոն Պելլացին (1-ին դար, Ջատագովություն Պապիսկոսի և Յասոնի՝ Քրիստոսի մասին), Հուստինոս Վկան (մահացել է՝ 161, Երկխոսություն Տրիփոնի հետ և Ջատագովություն վերնագրով 2 երկ), Ապողինարիոս Հերապոլսեցին (169–176, Ընդդեմ հրեաների)։
Մեզ հասել են միայն Բառնաբասի և Հուստինոս Վկայի երկերը։ Հակահրեական այդ աշխատությունների հիմքում ընկած է Քրիստոսի աստվածության, մեսիականության գաղափարի հաստատումը և վավերացումն այն իրողության, թե հինկտակարանային մարգարեությունները կատարվել են Քրիստոսով։ 2-րդ դարի երկրորդ քառորդից հանդես են եկել ջատագովներ Կոդրատոսը և Արիստիդես Աթենացին։ 125–126 թվականներին Կոդրատոսը Էլիոս Ադրիանոս կայսրին (117–138) է հանձնել իր Ջատագովությունը, որը մեզ չի հասել։
Արիստիդես Աթենացու երկը
խմբագրելԱյսօր հայտնի հնագույն ամբողջական ջատագովական գործը մոտ 146 թվականին գրված Արիստիդես Աթենացու երկն է, որ նա հանձնել է Ադրիանոս Անտոնիս Պիոս կայսրին (138–161)։ Երկի աստվածաբանությունն ամփոփվում է արարչաբանական և քրիստոսաբանական այն վարդապետության մեջ, ըստ որի Աստված ամեն ինչի արարիչն է, և Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, որ իջել է երկնքից մարդկանց փրկության համար, և մարմնացել սուրբ Կույսից՝ Սուրբ Հոգու միջոցով։
Այլ աշխատություններ
խմբագրելՋատագովություն խորագրով աշխատություն է գրել (մոտ 170 թվականին) Մելիտոն եպիսկոպոս Սարդեցին։ Նա ընդգծել է, որ քրիստոնեության և Հռոմեական կայսրության մեջ պետք է տիրի լիակատար ներդաշնակություն։ Ջատագովական երկերի հեղինակներ են նաև Աթենագորաս Աթենացին (Միջնորդություն քրիստոնյաների համար քրիստոնյա փիլիսոփա Աթենագորաս Աթենացու, գրել է մոտ 170 թվականին), Տատիանոս Ասորին (Ընդդեմ հույների, գրել է 165 թվականից առաջ), Անտիոքի եպիսկոպոս (169–188) Թեոփիլոս Անտիոքացին 180 թվականին գրել է Քրիստոնեական հավատի մասին երկը ուղղված ոմն Ավտոլիկոսի)։
3-5-րդ դարերում քրիստոնեության պաշտպանությամբ հանդես են եկել Որոգինեսը՝ «Ընդդեմ Կելսոսի» երկով (գրել է 246–249 թվականներին), Եվսեբիոս Կեսարացին՝ «Ավետարանական նախապատրաստություն», «Ցույցք ավետարանական», Աթանաս Ալեքսանդրացին՝ «Ճառ ընդդեմ հեթանոսների», «Ճառ Աստված-Բանի մարմնավորման մասին» երկերով, Բարսեղ Կեսարացին իր նշանավոր Վեցօրյակով, Կյուրեղ Ալեքսանդրացին՝ Հուլիանոս Ուրացող կայսրի՝ «Ընդդեմ Գալիլեացու» պարսավագրի ժխտումով և այլն։ Արևմուտքի մեծագույն ջատագովը Տերտուղիանոսն է (2–3-րդ դարեր), որի գրչին են պատկանում «Ջատագովություն», «Խոսք ուղղված հեթանոսներին», «Ընդդեմ հրեաների», «Խոսք ուղղված Սկապուլասին» երկերը։ Նրա աշակերտ Կիպրիանոս Կարթագենացուց (200–258) մեզ են հասել «Խոսք ուղղված Դեմետրիանոսին», «Կուռքերը աստվածներ չեն», «Վկայությունների երեք գիրք ընդդեմ հրեաների» ջատագովական երկերը։
Հռետոր Լակտանտիոսի (մոտ 250–330) անունով հայտնի է հեթանոսական առասպելների դեմ գրված «Աստվածային հրահանգներ» (304–313) աշխատությունը։
«Աստծու քաղաքի մասին» երկը
խմբագրելԱրևմուտքի ջատագովական գրականության լավագույն նմուշներից է Օգոստինոս Երանելու «Աստծու քաղաքի մասին» երկը, որը գրելու շարժառիթը հետևյալն է. 410 թվականին գոթերի հարվածներից Հռոմի խորտակման պատճառը համարվել է քրիստոնեությունը, և իբր միաստվածության կրոնի կողմից բազմաստվածյան կրոնի դուրսմղումը զայրացրել է հավիտենական քաղաքը կառուցած հին աստվածներին։ Օգոստինոսը ժխտել է այդ թյուր մեղադրանքը։ Քրիստոնեության հզորացմամբ աստիճանաբար վերացել է այն պաշտպանելու անհրաժեշտությունը։
Հայ ջատագովական գրականությունը
խմբագրելԹերևս այդ է պատճառը, որ մինչև հայոց գրերի գյուտը (405) հեթանոսական ընդդիմությունը հիմնականում (թեև ոչ լիովին) հաղթահարած հայ իրականության մեջ մեծ թիվ չեն կազմել ջատագովական երկերը։ Դրանցից վաղագույնը «Կանոնագիրք Հայոց»-ի միջնադարյան խմբագրությունների մեջ զետեղված «Երանելույն Մեսրոպայ վարդապետի» խորագրով փոքրածավալ բնագիրն է, որն ուղղված է Մեսրոպ Մաշտոցի օրոք հայոց մեջ տակավին կենսունակ հեթանոսական հմայությունների դեմ ( 1964, էջ 309)։ Ջատագովական բնույթ ունի «Կանոն սրբոյն Գրիգորի Պարթեւի, դարձեալ հարցումն և պատասխանիք նորա» երկը։ Այստեղ ևս խոսվում է հեթանոսական սնահավատության, կախարդությունների, հմայությունների մասին, ապացուցվում դրանց անհեթեթությունը և աստվածաշնչյան վկայություններով հերքվում դրանք։
«Եղծ աղանդոց» երկը
խմբագրելՀայ ջատագովական գրականության պսակը Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» երկն է, որն օտար հայրաբանները համարում են 5-րդ դարի ջատագովական գրականության կարևորագույն երկերից։ Նախորդ համաբնույթ գործերից «Եղծ աղանդոց»-ը տարբերվում է շարադրանքի պարզությամբ, նպատակասլացությամբ, վարդապետական սկզբունքների պաշտպանության առավել տրամաբանվածությամբ։ Իբրև կանոն՝ այդտեղ ջատագովական հերքմանը նախորդում է փաստերի համադրումը, երևույթի հանգամանալից վերլուծությունը։ Իր աշխատությունը Եզնիկ Կողբացին նվիրել է հին հեթանոսական իմաստասիրական ուսմունքների (պյութագորյան, պլատոնական, արիստոտելյան, ստոիկյան, էպիկուրյան), մարկիոնական աղանդի, ինչպես նաև հայոց քրիստոնեությանն ուղղակիորեն սպառնացող պարսից զրադաշտական կրոնի տարատեսակներից մեկի՝ մազդեզականության քննությանն ու հերքմանը։
Իր առջև նպատակ դնելով ապացուցել քրիստոնեական ճշմարտությունների բացարձակ գերագահությունը հեթանոսական իմաստասիրության հանդեպ՝ Եզնիկ Կողբացին անհրաժեշտաբար արծարծում է կամքի ազատության, չարի և բարու ծագման խնդիրներ, հերքում գնոստիկյան աղանդների դուալիստական ընկալումները, չարի սուբստանցիոնալ գոյությունը հաստատող դրույթները։
Հայ ջատագովության այլ երկերը
խմբագրելՀայ ջատագովական աստվածաբանության ավանդները շարունակել են հետագա հեղինակները։ Այս տեսակետից հիշատակելի է Վահրամ Րաբունու «Հարցմունք եւ պատասխանիք ի գիրս Ծննդոց» երկը (հրատարակությունը՝ Եղիշեի անունով, Վիեննա, 1924), որտեղ լայնորեն օգտագործված է «Կանոն սրբոյն Գրիգորի Պարթեւի, դարձեալ հարցումն եւ պատասխանիք նորա» երկը։
Թարգմանված ջատագովական գրականությունը
խմբագրելՀայ ջատագովական աստվածաբանության զարգացմանը նպաստել են թարգմանական ջատագովական երկերը։ Իր երկը շարադրելիս Եզնիկ Կողբացին թարգմանելով օգտագործել է Մեթոդիոս Ոլիմպիացու կամ Պատարացու (մահացել է 312) «Ինքնիշխանության (կամքի ազատության) մասին» երկի մեծ մասը, Արիստիդես Աթենացու «Ջատագովությունը», Եպիփան Կիպրացու «Ընդդեմ հերձվածների» (Պանարիոն) երկը, Բարսեղ Կեսարացու «Վեցօրեայքը», Հիպպոլիտոս Բոստրացու կամ Հռոմեացու (170–236) «Ընդդեմ բոլոր հերձվածների» (Ֆիլոսոֆումենա), Թեոդորոս Մոպսուեստացու (4-5-րդ դարեր) «Ընդդեմ պարսից մոգերի ուսմունքի», Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնություն Ծննդոց» երկերը, ինչպես նաև՝ Օրոգինեսի, Իրենեոսի (2րդ դար), Դիոդորոս Տարսոնացու (4-րդ դար), Եփրեմ Ասորու և այլոց աշխատությունները։
Հետագայում ևս հայերի մեջ չի նվազել ջատագովական երկերի նկատմամբ հետաքրքրությունը։ Ներսես Լամբրոնացին 1197 թվականին Կ. Պոլսում իրականացրել է Բառնաբաս առաքյալի նամակի հունարենից հայերեն թարգմանությունը, որը, սակայն, մեզ չի հասել։ Քրիստոնեական ջատագովական աստվածաբանությունը սկսած 19-րդ դարից վերատեսության է ենթարկել իր մեթոդաբանությունը և կենտրոնացել մարդկային ճանաչողականության արժեքի, արտաքին իրականության մեջ մարդու դերի, ինչպես նաև հավատի ընկալման ու մեկնաբանության հիմնահարցերի շուրջ։ Աստվածաբանության այս բնագավառը՝ ջատագովությունը, այլևս չի զբաղվում լոկ ջատագովելով, այլ իր առանցքային նպատակադրումներից է համարում նաև հավատի նկատմամբ մարդու դիրքն իմացաբանորեն և մեկնողաբար հիմնավորելու պահանջը։