Օրենք տեղահանության մասին
Օրենք տեղահանության մասին (թուրքերեն՝ Sevk ve İskân Kanunu), ընդունվել է 1915 թ. մայիսի 14 (27)-ին, Օսմանյան կայսրության սուլթանի հատուկ հրամանագրով։ Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «պատերազմի ժամանակ բանակային կորպուսների, բանակների և դիվիզիաների հրամանատարներին հանձնարարվում և հրամայվում է անհապաղ և խստագույնս զենքի ուժով պատժել բոլոր նրանց, ովքեր որևէ ձևով կհակառակվեն ազգային պաշտպանության և կարգ ու կանոնի պահպանման նպատակով կառավարական հրամաններին ու միջոցառումներին»։ 2-րդ հոդվածով զինվորական հրամանատարությանը թույլատրվում էր «գյուղերի և քաղաքների բնակչությանը տեղափոխել այլ վայրեր և նրանց բնակեցնել, անհատապես կամ հավաքականորեն, ռազմական պահանջներին համապատասխան»։
Օրենքը ուժի մեջ էր մտնում հրապարակման պահից, կիրառումը դրվում էր ոազմական նախարար Էնվերի վրա։ Թեպետ օրենքն ընդունվել էր մայիսի 14-ին, բայց դեռևս 1915 թ. ապրիլին երիտթուրքական Հատուկ կազմակերպության նախագահ Բեհաեդդին Շաքիրը զինվորականներից ու տեղական իշխանություններից տեղեկություններ էր պահանջում հայ բնակչության տեղահանման ու ոչնչացման ընթացքի մասին։ 1915 թ. հունիսին թուրքական բանակի հրամանատարությունը տեղական իշխանություններին հատկապես նախազգուշացրել է, որ նրանք պատասխանատվություն են կրում օրենքի գործադրման համար, եթե մուսուլմանները համարձակվեն իրենց տներում ապաստան տալ հայերին, «ապա նրանք պետք է կախաղան հանվեն իրենց տների առջև, իսկ տները՝ հրդեհվեն»։ Հրամանատարությունը տեղական իշխանություններից պահանջում էր ջերմեռանդություն հանդես բերել, որպեսզի «ոչ մի հայ զերծ չմնա արտաքսումից»։ Ամենայն խստությամբ նախազգուշացվում էր, որ այն մուսուլմանները, ովքեր կփորձեն պաշտպանել հայերին, «եթե զինծառայող են, կզրկվեն զինվորական կոչումից և անհապաղ կկանգնեն դատարանի առջև, իսկ եթե նրանք քաղաքացիական ծառայողներ են, ապա անհապաղ կազատվեն ծառայությունից և կկանգնեն զինվորական դատարանի առջև»։ Այդ օրենքի համաձայն՝ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Թուրքիայի այլ հայաբնակ վայրերի հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին դեպի երկրի խորքերը, Միջագետքի անապատները։ Հայերի տեղահանությունը իրականում նրանց բնաջնջումը եղավ, տեղահանված բնակչության միայն չնչին մասը հասավ տեղ և տեղաբաշխվեց համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նույնպես ենթարկվեց կանոնավոր ոչնչացման, մատնվեց սովի և համաճարակների։
Գրականություն
խմբագրել- Liba rid ian G„ The Ideabgy of the Young Turk Movement. In։ A Crime of Silence. The Armenian Genocide, Cambr.Mass., 1985, p. 37-52.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |