Աբու Հանիֆա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբու Հանիֆա (սեպտեմբերի 5, 699 / 80 հիջրա – հունիսի 14, 767 / 150 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو حنيفة النعمان بن ثابت الكوفيّ , Աբու Հանիֆա ալ-Նուման իբն Սաբիթ ալ-Քուֆի, արաբ մուսուլման իրավագետ էր և աստվածաբան, սուննի իսլամի 4 իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանիֆիականության հիմնադիր։
Աբու Հանիֆա أبو حنيفة | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 699[1] |
Ծննդավայր | ալ-Քուֆա, Օմայյան խալիֆայություն[2][3][4] |
Մահացել է | հունիսի 18, 767 (67 տարեկան) |
Մահվան վայր | Բաղդադ, Աբասյան խալիֆայություն |
Գերեզման | Բաղդադ |
Կրոն | իսլամ |
Երկեր | Մուսնադ Աբու Խանիֆա և Al-Fiqh al-Akbar? |
Մասնագիտություն | 'ālim, վաճառական և ֆաքիհ |
Երեխաներ | Hammad ibn Abu Hanifah? |
Abu Hanifa Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱբու Հանիֆան (699-767) աստվածաբան է, ֆակիհ, մուհադդիս և հանաֆիական մազհաբի հիմնադիրն ու անվանատուն։ Ծնվել է Քուֆայում՝ հարուստ մետաքսավաճառի ընտանիքում (իրանական մավալիներից)։ Աբու Հանիֆան ստացել է փայլուն ընդհանուր և աստվածաբանական կրթություն, երիտասարդ տարիքում լսել է վերջին ասհաբներին, 22 տարեկանում դարձել է հայտնի իրաքյան աստվածաբան Համմադ իբն Աբի Սուլեյմանի աշակերտը, որի գրական շրջանակում անցկացրել է 18 տարի մինչև հիմնադրի մահը, իսկ այնուհետև 10 տարի ինքն է գլխավորել այդ շրջանակը՝ համարվելով Քուֆայի և Բասրայի ամենահեղինակավոր ֆաքիհը։
747-748 թթ. Աբու Հանիֆան գնաց Մեքքա՝ փախչելով Իրաքի կուսակալ Իբն Խուբայրայի հետապնդումներից, որը փորձում էր նրան հարկադրել պետական ծառայության։ Իշխանությունում Աբբասյանների ամրապնդումից հետո Աբու Հանիֆան վերադարձավ Իրաք, որտեղ շարունակեց հարուստ առևտրականի և գիտնականի իր կյանքը։ Խալիֆա ալ-Մանսուրը (754-775) նրան առաջարկեց նոր մայրաքաղաք Բաղդադում զբաղեցնել կադիի կամ ցանկացած այլ բարձր պաշտոն, սակայն Աբու Հանիֆան վճռականորեն հրաժարվեց։ Խալիֆան հրամայեց նրան բանտ նետել և նույնիսկ դաժանորեն ծեծել՝ չնայելով նրա տարիքին և դիրքին։ Շուտով դրանից հետո Աբու Հանիֆան մահացավ։
Գործունեություն
խմբագրելԱբու Հանիֆան սկսում է իսլամական աստվածաբանության գրավոր ավանդույթը։ Նրան է վերագրվում իսլամական դոգմատիկայի վերաբերյալ գրի առնված առաջին ստեղծա-գործությունը՝ «Մեծագույն իրավունքը» (արաբ․՝ الفقه الأكبر, ալ-Ֆիկհ ալ-աքբարը) կամ «Միաստվածության հիմքը» (արաբ․՝ أصل التوحيد, ասլ ալ-Թաուհիդ), որը, երևում է, իսկապես իր հիմքում ունի Աբու Հանիֆայի տեքստերից մեկը։ Նրանում ձևակերպված են իսլամական դոգմատիկայի հիմնական դրութները՝ միաստվածության, Ալլահի ատրիբուտների, Ղուրանի՝ որպես Աստծո խոսքի, Ալլահի ամենակարողության, կամքի ազատության, մարգարեական արժանապատվության, մարդկանց մեղսագործ էության, բարի գործերի և դրանց համար փոխհատուցելու, հավատքի (արաբ․՝ الإيمان՝ իման), նախասահմանման, բարեպաշտության, Ղուրանում հիշատակվածների արժանիքների մասին։ Այս ստեղծագործությունում հստակորեն երևում է մուրջիների և մութազիլիների հայացքների դեմ պայքարը։
Աբու Հանիֆան կազմել է նաև հադիսների ոչ մեծ հավաքածու (արաբ․՝ مسند, մուսնադ)։ Աբու Հանիֆան համարվում է առաջինը, ով կիրառեց իրավական հարցերի կազուիստական հետազոտության մեթոդներն այնպես, որ հնարավոր դարձավ ֆաքիհների սքոլաստիկական աշխատանքների մերձեցումն ամենօրյա կյանքի պահանջների հետ։ Աբու Հանիֆան և նրա հետևորդները մշակել են անալոգիայով (արաբ․՝ قياس, կիյաս) դատելու ռացիոնալիստական սկզբունքների և իրավական հարցերի լուծման ժամանակ նախընտրության (արաբ․՝ استحسان, իսթիհսան) օգտագործման մեթոդիկա։ Նա հիմնավորեց սովորույթի (արաբ․՝ عُرف, 'ուրֆ) նորմաների՝ որպես իրավունքի աղբյուրներից մեկի օգտագործման հնարավորությունը։ Աբու Հանիֆայի ժառանգությունը մեջբերումների և հղումների տեսքով պահպանվել է Աբու Յուսուֆի «Քիթաբ ալ-խարաջում» (արաբ․՝ كتاب الخرج), ինչպես նաև Մուհամմադ աշ-Շայբանիի բոլոր ստեղծագործություններում, հատկապես «ալ-Մաբսուտում» (արաբ․՝ المبسوط)։ Աբու Հանիֆային վերագրվող «Քիթաբ ա'ալիմ վա-լ-մութա'ալլիմը» (արաբ․՝ كتاب العالم والمتعلم) և «Վասիյաթ Աբի Հանիֆան» (արաբ․՝ وصية الإمام أبي حنيفة) ստեղծվել են նրա հայացքների հիման վրա։
Աբու Հանիֆայի քաղաքական հայացքները բնորոշվում են բարձրագույն իշխանության, որը գտնվում էր մուսուլմանական հասարակության բազմակողմանի հսկողության ներքո, լեգիտիմության սկզբունքի հանդեպ ձգտումներով։ Աբու Հանիֆան քաղաքային առևտրա-արհեստագործական շրջանակների ամենավաղ և վառ ներկայացուցիչներից մեկն է, որը պաշտպանում էր վերջիններիս շահերը՝ արտահայտված կրոնա-իրավական ուսմունքի ձևով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Encyclopaedia of Islam — Leiden: Brill.
- ↑ Абу-Ханифа (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 56.
- ↑ Али-заде А. Абу Ханифа (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — С. 38.
- ↑ D. B. Ma. Abū Ḥanīfa an-Nu‛mān ibn Thābit // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 78—79.
Օգտագործված գրականություն
խմբագրել- Ислам: Энциклопедический Словарь. Москва, 1991
Արտաքին հղումներ
խմբագրել- Աբու Հանիֆայի մասին Իրանիկայում, անգլերեն
- Իմամ Հանիֆա. էլեկտրոնային գիրք, անգլերեն
- Իմամ Հանիֆա, անգլերեն
- Իմամ Աբու Հանիֆա, ռուսերեն Արխիվացված 2014-03-26 Wayback Machine
- Աբու Հանիֆա ալ-Նուման, ռուսերեն Արխիվացված 2016-03-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Հանիֆա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |