Ազատան
Ազատան (նախկին անվանումը՝ Խլի Ղարաքիլիսա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարաաշրջանում, Մանթաշ գետի աջ ափին։ Գտնվում է մարզկենտրոնից՝ 8 կմ հարավ, մայրաքաղաքից 110 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ։ Վերանվանվել է Ազատան 1945 թ. հունվարի 7-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ազատան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Մակերես | 3,8 կմ² | |
ԲԾՄ | 1490 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 6420 մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ կաթողիկե եկեղեցի Հայ առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ազատանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[1] | |
| ||
Անվանում
խմբագրելՆախկինում ունեցել է Գալդեմա, Գանդմա, Խըլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա Ներքին, Խլի Ղարաքիլիսա, Փոքր Ղարաքիլիսա անվանումները։ Ազատան է վերանվանվել 1945 թվականին։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելԽլի Ղարաքիլիսա անվան վերաբերյալ գոյություն ունի հետևյալ ժողողվրդական ստուգաբանությունը։ V-VI դարերում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ և հնչեղ է լինում, որ տագնապի ժամին հնչեցնելիս դրա ղողանջները տարածվում են ողջ Շիրակով մեկ՝ հասնում Կարս և Անի։ Երբ պարսից Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է իջեցնել զանգը և տեղափոխել այն Իրան։ Ճանապարհին զանգը սայլից շրջվում, գլորվում է բլուրն ի վար և խրվում է Կարկաչան գետի ճահիճների մեջ ու հավիտյան լռում՝ հսկա երախը պարզած դեպի երկինք։ Մի գիշեր գյուղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը և թաքցնում՝ համարելով այն ժողովրդի գոյատևման խորհրդանշան։ Զանգի մասին պատմում են, որ այդ կողմերով անցնող յուրաքանչյուր անցորդ մի-մի քար է նետում նրա երախը նրա արձակված անսովոր ձայնը լսելու համար։ Եվ այսպես քարերից աստիճանաբար ծանրանալով՝ հսկա զանգը խրվում է ճահճուտի մեջ ու անհետանում։ Այս դեպքից հետո Ղարաքիլիսա գյուղի անվան վրա ավելանում է "Խլի" (խուլ) մասնիկը, դառնալով՝ Խլի Ղարաքիլիսա, այսինքն՝ խուլ կամ խլացած Ղարաքիլիսա։ Ղարաքիլիսա թուրքերեն բառ է և նշանակում սև եկեղեցի։ Այսպես են կոչել գյուղը այն պատճառով, որ նրա՝ կարմիր քարով կառուցված եկեղեցու եզրաքարերը եղել են սև։ Զանգի լեզվակը ներկայումս պահվում է գյուղի Սուրբ Ստեփանոս հայ առաքելական եկեղեցում։ Այն ունի 1 մ 37 սմ երկարություն և կշռում է 72 կգ։ Խլի Ղարաքիլիսան ավելի ուշ կոչվեց նաև Փոքր Ղարաքիլիսա՝ տարբերելու համար Փամբակի Ղարաքիլիսայից։
Պատմություն
խմբագրելԱզատան գյուղը Շիրակի լեռնահովտի ամենախոշոր և խիտ բնակեցված բնակավայր է եղել դեռևս XIX դարի սկզբից։ Գյուղի մոտ 1804 թվականին տեղի են ունեցել ռուս-պարսկական խոշոր բախումներ։ 1826 թվականին Խլի Ղարաքիլիսայում տեղի է ունեցել ահեղ ճակատամարտ պարսկական զորամիավորումների և գյուղի ազգաբնակչության միջև։ Պարսից շահ Հասան Խանը գյուղի վրա գրոհել է երկու ուղղություններով։ Գյուղի պաշտպանները թշնամու դեմ են հանել 500 հոգի, որոնք 120 ժամ շարունակ դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Սակայն հերոսական պաշտպանություն ցուցաբերած ազգաբնակչությունը չի կարողացել դիմադրել պարսկական բանակին, և գյուղն ամբողջությամբ վերածվել է ավերակների։ Բնակիչներից շատերը գերեվարվել, շատերն էլ զոհվել են, իսկ տները հրի են մատնվել։ Այս ամենը հիշատակվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում։ Աբովյանն անձամբ է այցելել գյուղ և իր աչքերով տեսել պարսիկների վայրագությունները և ղարաքիլիսեցիների հերոսական պաշտպանությունը։ Ազատանցիները 1918-1920 թվականներին հերոսական ինքնապաշտպանական կռիվներ են մղել թուրքերի դեմ՝ հնարավորություն տալով ազգաբնակչության հիմնական մասին տեղափոխվել առավել ապահով վայրեր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 600-ից ավելի ազատանցիներ, որոնցից 332-ը չեն վերադարձել։ Նկարահանվել է նաև Ազատանի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ։
Կլիմա
խմբագրելԱզատանն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները ցուրտ են և տևական։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 500-600 մմ տեղումներ։
Բնակչություն
խմբագրելԸստ համայնքի վիճակագրական ծառայության տվյալների 2018 թվականին համայնքի բնակչությունը կազմել է 6943 մարդ։ Բնակիչների մի մասը 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո գաղթել և բնակություն է հաստատել Ազատանում։ Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի շրջանից և Կարսի մարզից։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք՝ 56%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 19%[3]։ 1954 թվականից Հայաստանի տարբեր շրջաններից տեղափոխված եզդիները նույնպես հաստատվում են գյուղում։ Ներկայումս գյուղում կա շուրջ 50 եզդի ընտանիք։ Ազգաբնակչության մոտ 25%-ը կաթողիկներ են։ Ազատանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Գյուղատնտեսություն
խմբագրելԲնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։ Գյուղի շրջակայքում կան ավազի, բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1958 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 550 և 624 հա։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի պատճառով գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են[3]։ Ազատանն ունի 1003 տնտեսություն։ Գյուղն ունի կաթնամթերքի և պանրի արտադրություն։
Ազատանի եկեղեցական կյանք
խմբագրելԱզատանում իրար կից գործում են և՛ հայ Առաքելական, և՛ հայ Կաթողիկե եկեղեցիները։ Ազատանում Սուրբ Ստեփանոս հայ Առաքելական եկեղեցին կառուցվել է 1460 թվականին, վերանորոգվել է 1865 թվականին և 1999 թվականին վերածվել է Սուրբ Հարություն։ Այժմ կիրառվում է երկու անվանումն էլ՝ Սուրբ Հարություն և Սուրբ Ստեփանոս։ Գյուղի առաքելական հին եկեղեցին կառուցել են VII դարում, որից միայն պահպանվել է զանգի լեզվակը,որը պահվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Հայ առաքելական եկեղեցուց ոչ հեռու կանգուն է նաև XVIII դարում կառուցված սրբատեղի մատուռ։ Մատուռում է այժմ պահվում մետաղյա հսկա խաչ, որը պատկանել է համայնքի հին եկեղեցու զանգակատանը։ Ներկայումս երկու եկեղեցիներ էլ վերանորոգված են և գործում են։ 1980 թվականին բացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված ազատանցիների հուշակոթողը (ճարտարապետ՝ Հակոբ Ջիվանյան)։
Ազատանի կաթողիկե եկեղեցին կառուցել է Տեր Գրիգորը 1848-1851 թվականից։ Եկեղեղին ունեցել է փայտյան նախատիպ, մոտ 35 տարի անց երկրաշարժից եկեղեցու գմբեթը խոնարհվում է, բայց հետո նորից են կառուցում գմբեթ։ 1946 թվականին եկեղեցին դառցնում են պահեստ և այն վերօծվում է 1998 թ. Տեր Նշան Արքեպիսկոպոսի կողմից, Իսկ մինչև օրս Հայ կաթողիկե համայնքը աշխույժ կատարում է իր գործունեությունը։ Եկեղեցին ունի երիտասարդաց և Տիկնանց Միություն։ Եկեղեցուն կից գործում է Կիրակնորյա դպրոցը։ Եկեղեցու զանգակատունը XIX դարի է։ Եկեղեցին կապեր ունի նաև Աղաջանեան ճամբարի հետ։ Եկեղեցին երիտասարդները Մասնակցում են կազմակերպելիք Երիտասարդական համայնքային օրերին։
Հասարակական կառույցներ
խմբագրելԱզատանն ունի երկու միջնակարգ դպրոց (առաջինն կառուցված 1867 թ.), մշակույթի տուն, գրադարան, պոլիկլինիկա, մանկապարտեզ, անասնաբուժարան և ֆուտբոլի մարզադաշտ։ Գործում է Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցը։ Հիմնովին վերանորոգված մշակույթի տանը գործում են Տիգրան Մեծ պարային համույթը և գոբելենի խմբակը։
Պատկերասրահ
խմբագրել-
Սբ. Ստեփանոս հայ Առաքելական եկեղեցին։
-
Սբ. Աստվածածին հայ Կաթողիկե եկեղեցու զանգակատունը։
-
Հայրենական մեծ պատերազմում զոհված ազատանցիների հուշակոթողը։
-
Ազատանի լիճը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 40
- ↑ 3,0 3,1 http://shirak.mtad.am/about-communities/579/
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 18-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 7. — 184 p.
- ↑ 6,0 6,1 6,2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 97)։ |