Այլի

Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի գավառ

Այլի, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Նախճավան բնակավայրը։ Այլ բնակավայրերից հայտնի են Էլին (Այլի) և Կարենիսը[2]։

Այլի
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՊարսկահայք
ՎարչկենտրոնԷլի
Հիմնական լեզուասորերեն, հայերեն, պահլավերեն, մարերեն
Ազգային կազմասորիներ, հայեր, մարեր
Կրոնական կազմզրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի, ասորական ուղղափառ եկեղեցի

Անվանում

խմբագրել

Այլի անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև Այլի քաղաքը, որում գտնվել է համանուն վանքը, ինչպես նաև գետը, որը թափվում է Ուրմիո (Կապուտան) լիճ։ Գավառը հայտնի է եղել նաև որպես «Կուրիճան»։

Աշխարհագրություն

խմբագրել

Այլին եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը[3]։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Տամբեր, հարավում և հարավ-արևելքում՝ Թրաբի գավառներին։ Հյուսիս-արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր, իսկ հարավ-արևմուտքում ընդհանուր սահման ուներ Կորճայք նահանգի Որսիրանք գավառի հետ։

Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Տեղակայված է Էլո ջուր գետի հովտում։ Արևելյան հատվածում ունի դաշտային ռելիեֆ։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիայի շրջանի (պարս.՝ شهرستان ارومیه) մի մասին։

Պատմություն

խմբագրել

Գավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Այլին, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[4]։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի կենտրոնական և հարավային բոլոր այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Գավառում կար նաև սակավաքանակ հայ բնակչություն։ Լեռնային հատվածը 9-րդ դարի սկզբին կարճ ժամանակով անցնում է Վասպուրականի թագավորությանը, ապա՝ վերջինիս ենթակայության Հերի ամիրայությանը։

17-րդ դարի սկզբին, կապված Սեֆյան շահ Աբբասի 1603-1604 թվականների բռնագաղթի հետ, գավառում հայտնվում են հայեր, որոնք հիմնում են մի քանի գյուղեր, այդտեղ բնակվում մինչև հայոց ցեղասպանությունը։ Տեղի հայերը խոսել են Ուրմիայի բարբառով։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։ Հայերի արտագաղթն Ուրմիայից տեղի է ունեցել երեք փուլով՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում պարսկահայերի ներգաղթով, 1946-1948 թվականների հայրենադարձությամբ և 1979 թվականի իսլամական հեղափոխությունից որոշ ժամանակ անց։ Ներկայումս ամբողջ Ատրպատականում բնակվում է շուրջ 2000 հայ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։
  3. Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  26-39. — ISSN 0135-0536.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
  5. Ալիք, Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը. «Ալիք» օրաթերթի խմբագիր Արխիվացված 2019-05-29 Wayback Machine

Գրականություն

խմբագրել
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։