Նոր Շիրական կամ Նուշիրական, Մեծ Հայքի թագավորության չորս բդեշխություններից մեկը՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Զարեհավան քաղաքը։ Պարսկահայքի հետ շփոթմունքն առաջացել է այն հանգամանքից, որ Նոր Շիրականի բդեշխության տասը գավառներից յոթը եղել են Պարսկահայքի մաս[2]։

Նոր Շիրական
Պարսկահայք նահանգը և Նոր Շիրականի բդեշխությունը
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էԱյլի, Առնա, Արասխ, Դասն, Զարեհավան, Թրաբի, Մահկերտ տուն, Մարի, Տամբեր և Նիխորական
ՎարչկենտրոնԶարեհավան
Խոշորագույն քաղաքԶարեհավան
Հիմնական լեզուգրաբար
Ազգային կազմհայեր, ասորիներ, մարեր
Կրոնական կազմզրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի, ասորական ուղղափառ եկեղեցի
Պատմական շրջան(ներ)Պարսկահայք, Ադիաբենե
Սահմանակցում էԱդիաբենե և Ատրպատական (Պարթևստան, ապա՝ Սասանյան Պարսկաստան)

Աշխարհագրություն

խմբագրել

Եղել է տարածքով ամենամեծ բդեշխությունը։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Պարսկահայքի Հեր և Զարևանդ գավառներին և Վասպուրականին, հյուսիս-արևմուտքում և արևմուտքում՝ Նպատական և Նիխորական լեռնաշղթաներով՝ Վասպուրականին և Կորճայքին։ Արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր, իսկ հարավում սահմանակցում էր Պարթևստանի (ապա՝ վերջինիս իրավահաջորդ Սասանյան Պարսկաստանի) ենթակայության տակ գտնվող Ադիաբենեին և Ատրպատականին։

Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Արևելյան հատվածում՝ Ուրմիո լճի երկայնքով, ունի դաշտային ռելիեֆ։ Միաժամանակ հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի ներքին ավազաններից մեկի՝ Ուրմիո լճի և Տիգրիս գետի աջակողմյան օժանդակ Մեծ Զաբ գետի վտակների ջրբաժան-ջրաբաշխը։

Պատմություն

խմբագրել

Բդեշխությունը եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության աս բդեշխության կազմ[3]։ Սկզբնական ժամանակներում բդեշխներին նշանակել է թագավորը (սովորաբար մերձավորներից)։ Հետագայում, ավատատիրական հարաբերությունների հաստատմանը և խորացմանը զուգընթաց, նրանք դարձել են ժառանգական իշխողներ։

Ազնվապետական գահնամակում չորս բդեշխները դասվել են թագավորից անմիջաբար հետո՝ իբրև գահերեց իշխաններ։ Նոր Շիրականի բդեշխության մեջ մտնող գավառները վասալական կախման մեջ են եղել բդեշխից՝ վճարել են հարկեր և տրամադրել զորք։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)՝ 428 թվականից առհասարակ վերանալով որպես վարչատարածքային միավոր։

Բնակչություն

խմբագրել

Ինչպես բդեշխությունը, այնպես էլ Պարսկահայք նահանգի կենտրոնական և հարավային բոլոր այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Գավառում կար նաև սակավաքանակ հայ բնակչություն։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։

Բացի վարչատարածքային կենտրոն Զարեհավան քաղաքից՝ հիշատակվում են Նախճավան, Շնավհ, Ամադիա և Մահկերտ քաղաքները, Տամբեր և Զինթա բերդերը, Սաղամաս (Սալմաստ), Որմի (Ուրմիա) և այլ բնակավայրերը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  26-39. — ISSN 0135-0536.
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
  4. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։